Մթնշաղային կապտաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մթնշաղային կապտաթիթեռ
Մթնշաղային կապտաթիթեռ (արու)
Մթնշաղային կապտաթիթեռ (արու)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Կապտաթիթեռներ (Lycaenidae)
Ցեղ Phengaris
Տեսակ Մթնշաղային կապտաթիթեռ (P. nausithous)
Միջազգային անվանում
Phengaris nausithous
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մթնշաղային կապտաթիթեռ (լատին․՝ Maculinea nausithous), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

13-16 մմ (արուներ) և 12-15 մմ (էգեր) առջևի թևի երկարությամբ, ոչ խոշոր չափի թիթեռներ են։ Արուի թևերը, որոնք ունեն խիտ մգացված արտաքին եզր, վերևից մուգ կապույտ են՝ լավ արտահայտված են դիսկալ և հետդիսկալ պտերի շարքերով։ Թույլ արտահայտված դիսկալ պուտով էգը վերևից միատարր մուգ շագանակագույն է։ Դիսկալ և հետդիսկալ սև պտերի լավ արտահայտված նախշով թևերի ստորին մակերեսը միատարր մուգ շագանակագույն է[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում են Եվրոպայում, դեպի արևելք` մինչև Կենտրոնական Սիբիր, Փոքր Ասիայում, Կովկասում, Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է ոչ շատ տեղերից՝ Ստեփանավան քաղաքի շրջակայքից (Լոռու մարզ), Սեմյոնովկա և Շորժա գյուղերից (Գեղարքունիքի մարզ) և Ծաղկաձորից (Կոտայքի մարզ)[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են մարգագետիններում, անտառի վերին եզրերի տափաստանացած հատվածներում՝ 2000-2300 մ ծովի մակարդակից բարձր։ Հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը տալիս են մեկ սերունդ։ Երկրորդ-երրորդ հասակի թրթուրները մրջյունների միջոցով տեղափոխվում են մրջնանոց, որտեղ էլ ձմեռում են։ Ուտելով մրջյունների թրթուրներին և հարսնյակներին՝ ձմեռումից հետո ավարտում են սնվելը։ Հարսնյակավորվում են մրջնանոցում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհատված արեալով, ոչ բարձր թվաքանակով հազվագյուտ տեսակ է, որը Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Տեսակը ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում համեմատաբար բարվոք վիճակում գտնվող, սակայն կարող է հայտնվել վտանգված տեսակների թվում կարգավիճակով և Բեռնի կոնվենցիայի Հավելված երկուսում։

Թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գուծոններն են հանդիսանում հողերի հերկումը, կերաբույսի ծաղկման շրջանում իրականացվող խոտհունձը, անասունների գերարածեցումը, ինքնաթիռներով անտառային տարածքների թունաքիմիկատներով մշակումը։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթնշաղային կապտաթիթեռ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մթնշաղային կապտաթիթեռ» հոդվածին։