Մարս-1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարս-1
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներՀԿԲ-1
Այլ нանվանումներ1962 Beta Nu 1, Mars 2MV-4 և Sputnik 23
COSPAR ID1962-061A
SCN00450
Գործարկման ամսաթիվ1962 նոյեմբերի 1, 16:14:16 UTC
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա
Զանգված893,5 կգ

Մարս-1 (ռուս.՝ Марс 1, կամ՝ 1962 Beta Nu 1, Mars 2MV-4, Sputnik 23), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի հետազոտություններ իրականացնելու համար։ Խորհրդային Միության Մարս ծրագրի շրջանակներում արձակված չորրորդ կայանը և պաշտոնապես հայտարարված առաջին ԱՄԿ-ն։ Կայանը կառուցվել է 2ՄՎ միջմոլորակային կայանների հենքի վրա։

Կայանը արձակվել է 1962 թվականի նոյեմբերի 1-ին[1][2]։ Նախատեսվում էր, որ կայանը պետք է անցնի մոլորակի մոտով 11000 կմ հեռավորության վրա, ընթացքում կատարելով հետազոտություններ՝ լուսանկարել մակորևույթը, չափել տիեզերական ճառագայթումը, գնահատել միկրոմետեորոիդների ազդեցությունները, ինչպես նաև Մարսի մագնիսական դաշտի, ճառագայթային միջավայրի, մթնոլորտի կառուցվածքի և հնարավոր օրգանական միացությունների հետազոտություններ[1][2]։

Երկրի ուղեծրից հեռանալուց հետո կայանը անջատվեց կրող հրթիռի չորրորդ աստիճանից, և բացեց արևային մարտկոցները։ Կայանից ստացված տվյալները ցույց տվեցին, որ կողմնորոշման համակարգի գազի փականներից մեկում արտահոսք է սկսվել, ուստի կայանը անցկացվեց գիրոսկոպիկ կայունացման համակարգի վերահսկողությանը։ Մարս 1-ից ստացվել է ընդհանուր առմամբ վաթսունմեկ ռադիոհաղորդում, սկզբում երկու օրվա ընդմիջումներով, իսկ ավելի ուշ՝ հինգ օրվա ընդմիջումով, արդյունքում հաղորդելով մեծ քանակությամբ միջմոլորակային միջավայրի մասին տվյալներ[1]։

1963 թվականի մարտի 21-ին, երբ Կայանը գտնվում էր Երկրից 106760000 կմ հեռավորության վրա, հաղորդակցությունը դադարեցվեց, հավանաբար տիեզերանավի ալեհավաքի կողմնորոշման համակարգի սխալի պատճառով[1][2]։ Մարս 1-ի ամենամոտ մոտեցումը Մարսին հավանաբար տեղի է ունեցել 1963 թվականի հունիսի 19-ին մոտավորապես 193000 կմ հեռավորության վրա, որից հետո տիեզերանավը մտավ Արեգակի շուրջ ուղեծիր[2]։

Կայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարս 1-ը մոդիֆիկացված Վեներա տիպի ԱՄԿ էր՝ 3,3 մ երկարությամբ և 1 մ տրամագծով գլանաձև տեսքով[1][2]։ Տիեզերանավը ուներ 4 մ լայնություն՝ բացված արևային մարտկոցներով և ռադիատորներով։ Գլանը բաժանված էր երկու բաժանմունքի։ Վերինը, ուղեծրային մոդուլը պարունակում էր հիմնական և ուղղորդող շարժիչների համակարգեր և ուներ 2,7 մ բարձություն։ Ստորին մոդուլը պարունակում էր գիտական գործիքներ, և ուներ 0,6 մ բարձրություն։ Հաղորդակցության համար օգտագործվել է 1,7 մ տրամագծով պարաբոլիկ բարձր հզորությամբ ալեհավաք, ինչպես նաև բազմակողմանի և կիսաուղղորդված ալեհավաք։ Էլեկտրաէներգիան մատակարարվում էր 2,6 մ² ընդհանուր մակերեսով արևային մարտկոցներով, որոնք բաժանված էին երկու թևերի, և ամրացված էին կայանի երկու հակադարձ կողմերին։ Էլեկտրաէներգիան պահվում էր 42 ամպեր-ժամանոց կադմիում-նիկելային մարտկոցում[2]։

Մարս 1-ը համալրված էր երեք ռադիոհամակարգերով, որոնք գործում էին 1,6 մետր, 32 սանտիմետր ալիքի երկարություններում և սանտիմետային տիրույթում (5 և 8 սանտիմետր)[3]։ 32 սանտիմետր ալիքի երկարություն ունեցող հաղորդիչը տեղադրված էր ուղեծրային մոդուլի վրա[4] և ապահովում էր ուղղորդված կապ։ Երկրորդ ալեհավաքը 1,6 մետր ալիքի երկարությամբ հաղորդիչով, տեղակայված էր երկու արեգակնային վահանակների վրա և ապահովում էր ոչ ուղղորդված կապ, այս ալեհավաքը օգտագործվում էր ինչպես կայանի տվյալների փոխանցման, այնպես էլ որպես պահուստային կապի համակարգ առաջնայինի վթարման դեպքում[3]։

Մանրամասն դիտարկումներ կատարելու համար նախատեսված 8 սանտիմետր ալիքի երկարությամբ հաղորդիչը տեղակայված էր ստորին մոդուլի վրա և հիմնականում նախատեսված էր հեռուստատեսային պատկերների փոխանցման համար[3]։ Բացի դա, կայանի ստորին մոդուլում տեղադրվածխ էր նաև իմպուլսային հաղորդիչը, որն աշխատում էր 5 սանտիմետր տիրույթում[4]։ Այս համակարգը նախագծված էր պատկերի տվյալները փոխանցելու համար մոտավորապես 90 պիքսել/վրկ արագությամբ[3]։

Մարս 1 կայանը ի սկզբանե ծրագրավորվել էր յուրաքանչյուր երկու օրը մեկ անգամ տվյալների ավտոմատ փոխանցման համար, ավելի ուշ այս պարբերությունը ճշգրտվել է դառնալով հինգ օրը մեկ անգամ դեկտեմբերի 13-ից հետո։ Երկրից ստացված հրահանգները նույնպես կարող էին գործարկել տվյալների ստացում, ըստ պահանջի[4]։

Ջերմության վերահսկումը իրականացվում էր երկու գազ-հեղուկ ռադիատորներով համակարգի միջոցով, որոնք տեղադրված էին արևային մարտկոցների ծայրերին։ Կայանի վրա տեղադրված էին տարբեր գիտական գործիքներ, ներառյալ՝ մագնիսաչափ զոնդ, հեռուստատեսային լուսանկարչական սարքավորում, սպեկտրոռեֆլեքսոմետր, ճառագայթման սենսորներ, սպեկտրոգրաֆ՝ օզոնի կլանման գոտիները ուսումնասիրելու համար և միկրոմետեորոիդների տվիչ[1][2]։

Արձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարս-1 կայանը արձակվել է 1962 թվականի նոյեմբերի 1-ին Մոլնիա (8Կ78) կրող հրթիռով։ Արձակումը տեղի է ունեցել Բայկոնուր տիեզերակայանից։ Արձակումն անցել է բարեհաջող։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայանը յուրաքանչյուր երկու րոպեն մեկ անգամ գրանցում էր մեկ միկրոմետեորիտի հարված Երկրի մակերևույթից 6000-ից 40000 կմ բարձրությունների վրա՝ Տաուրիդների ասուպային հոսքի միջով անցնելիս, նույնաչափ խտություն գրանցվեց նաև Երկրից 20-ից 40 միլիոն կիլոմետր հեռավորության վրա[1][2]։
  • Միջմոլորակային տարածությունում չափվել է 3–4 նանոտեսլա մագնիսական դաշտի ինտենսիվություն՝ 6–9 նՏ պիկային արժեքներով։
  • Հայտնաբերվել է արևային քամի։
  • Հայտնաբերվել են Երկրի շուրջ գտնվող ճառագայթման գոտիները[5][6] և հաստատվել է դրանց մեծությունը[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Robbins, Stuart (2008). «"Journey Through the Galaxy" Mars Program: Mars ~ 1960-1974». SJR Design. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Mihos, Chris (2006 թ․ հունվարի 11). «Mars (1960-1974): Mars 1». Department of Astronomy, Case Western Reserve University. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Grahn, Sven. «Radio systems of Soviet Mars and Venus probes». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Mars 1». NSSDCA Master Catalog. NASA. 1962-061A. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 14-ին.
  5. «Mars 1 (2MV-4 #1, 2)». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Brian Harvey; Olga Zakutnyaya (2011). Russian Space Probes: Scientific Discoveries and Future Missions. Springer Science & Business Media. էջ 266. ISBN 978-1-4419-8150-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]