Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ20

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անրի Անտուան Ժյուլ-Բուա (հայտնի նաև Ժյուլ-Բուա գրական անունով (ֆր.՝ Henri Antoine Jules-Bois)), ֆրանսիացի գրող, գրաքննադատ, լրագրող, օկուլտականության ջատագով, ֆեմինիզմի տեսաբան: Նա սկանդալային ճանաչում է ստացել փարիզեցի սատանիստների և անկումային արվեստի ներկայացուցիչների հետ ունեցած կապի շնորհիվ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Անտուան Ժյուլ-Բուան ծնվել է 1868 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում: Դեռ երիտասարդ տարիներին ներգրավված է եղել գրական կյանքում և ակտիվորեն շփվել է մարսելյան բոհեմների՝ սոցիալիստների, ֆեմինիստների և պոետների հետ: 1888 թվականին Ժյուլ-Բուան բնակություն է հաստատել Փարիզում, որտեղ շուտով դարձել է Կատյուլ Մենդեսի անձնական քարտուղարը[1]: Հենց այս շրջանում էլ Ժյուլ-Բուան հետաքրքրվել է օկուլտականությամբ և ծանոթացել այն ժամանակի հանրաճանաչ միստիկներ Պապուսի, Ստանիսլաս դե Գուայտոյի, Ժոզեֆ Պելադանի և Ռենե Կայեի հետ: Սկզբնապես նա համագործակցել է թեոսոֆիայի և մարտինիզմի հետևորդների հետ՝ միաժամանակ խորհրդապաշտական թերթերում հոդվածներ հրապարակելով:

1889 թվականին Ժյուլ-Բուան ծանոթացել է դեկադենտ գրող Ժորիս Կարլ Գյուիսմանոսի հետ՝ հետագայում դառնալով նրա մտերիմը: Մասամբ Կարլ Ժորիսի ազդեցությամբ է նա դադարեցրել «քրիստոնեական օկուլտիստների» հետ համագործակցությունը: 1893 թվականին, երբ Ժյուլ-Բուան և Ժորիս Կարլը բացեիբաց պաշտպանել են ֆրանսիացի հոգևորական Ժոզեֆ Անտուան Բուլյանին, որին Կաթոլիկ եկեղեցին դատապարտել էր սատանիստ լինելու համար, նրա հարաբերությունները նախկին ընկերների հետ վերջնականապես խզվել են: Ժյուլ-Բուան իր հոդվածներից մեկում Գուայտոյին մեղադրել է Բուլյանի սպանության մեջ, ինչից հետո դուելի է հրավիրվել և՛ Գուայտոյի, և՛ Պապուսի կողմից[1]: Լրագրողը ընդունել է երկուսն էլ. այն փաստը, որ նա երկու դուելներից էլ անվնաս է դուրս եկել, իսկ Գուայտոյի ատրճանակը այդպես էլ չի կրակել, նա հետագայում մեկնաբանել է որպես «մոգական միջամտություն»[2]: Դրան հաջորդել է ևս մեկ սկանդալային դուել. այս անգամ իր հին ուսուցիչ Մենդեսի հետ: Պատճառը 1893 թվականի հունիսին «Գիլ Բլաս» պարբերականում Ժյուլ-Բուայի հրապարակած «Մեսիայի վերջը» հոդվածն էր, որը Մենդեսը անձնական վիրավորանք էր ընդունել, քանզի այն հակաքրիստոնեական գաղափարներ էր արծարծում[1]: Այս բոլոր իրադարձություններից հետո Ժյուլ-Բուան այնքան չարագուշակ համբավ է ձեռք բերել, որ նույնիսկ ժամանակակից որոշ հետազոտություններում նա նկարագրվում է որպես «չհայտարարված սատանիստ»[3]: Ըստ ամենայնի՝ նա այդ շրջանում իսկապես Փարիզի սատանիստներից է եղել, և, հավանաբար, սատանայական ծիսակատարությունների որոշ մանրամասներով աջակցել է Գյուիսմանսին, երբ վերջինս գրում էր իր «Այնտեղ՝ ներքևում» վեպը[4]: 1894 թվականի հունվարի 6-ին Ժյուլ-Բուան Սեմյուել ՄակԳրեգորի կողմից պարգևատրվել է «Ոսկե արշալույս» շքանշանով[1][3]:

Բուլյանի գործին մասնակցելուց հետո Ժյուլ-Բուան զբաղվել է գրական ստեղծագործությամբ՝ հրապարակելով «Երկնքի հերոսական դարպասները» դրաման, որի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Էրիկ Սատին, «Հավերժական տիկնիկ» վեպը, որում ֆեմինիստական գաղափարներ էին արծարծվում, և «Փարիզի փոքրիկ կրոնները» խորագրով հետազոտությունը՝ նվիրված Փարիզի օկուլտային խմբակների գործունեության վերլուծությանը՝ լյուցիֆերականներից մինչև միստիկ հումանիստներ[5]: Այդ աշխատանքում նա գովաբանել է Էժենա Վենտրային և Բուլյանին[6]: 1895-1898 թվականներին նա ակտիվորեն տպագրվում է, հրատարակում է ֆեմինիստական վեպեր և պիեսներ, մասնակցում է օկուլիստների կոնվենցիաներին և Սվամի Վիվեկանանդայի առաջնորդությամբ ուսումնասիրում է արևելյան միստիկա[1]: 1895 թվականին նրա հրատարակած «Սատանիզմ և մոգություն» գիրքը, որը սկսվում էր Գյուիսմանսից մեջբերմամբ, միանգամից հայտնվել է Վատիկանի արգելված գրքերի ցանկում[1]: Որոշ հետազոտողներ կարծում են, որ այդ գիրքը մեծամասամբ էքսցենտրիկ բովանդակություն ունի և չի կարող ինֆորմացիայի հավաստի աղբյուր համարվել[7]: 1900 թվականին Բուան Վիվեկանանդայի հետ ուղևորվել է Հնդկաստան, սակայն արդյունքում մերժել է Արևելյան պրակտիկան և դիմել կաթոլիկության։ Ծանր հիվանդությամբ նա վերադարձել է Եվրոպա, որտեղ կրկին գրական գործունեություն է ծավալել և հրատարակել է «Անտեսանելի աշխարհ» գիրքը (1902), որտեղ շատ սուր է արտահայտվել այն բոլոր օկուլտիստների մասին, որոնց հետ ժամանակին մոտ էր:

Մկանաթիռ

1906 թվականին Ժյուլ-Բուան Ֆրանսիայի Ժողովրդական լուսավորության նախարարության ներկայացմամբ դարձել է Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ: Ավելի ուշ նա սկսել է դիվանագիտական գործունեությունը, հատուկ այցով եղել Իսպանիայում և ԱՄՆ-ում: 1928 թվականի օգոստոսի 1-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացմամբ ստացել է Պատվո լեգեոնի սպայի կոչում[1]։ Կյանքի վերջին տարիները Ժյուլ-Բուան անց է կացրել ԱՄՆ-ում, որտեղ ակտիվորեն տպագրվել է «New York Magazine», «Նյու Յորք Թայմս» և այլ պարբերականներում: Իր ավելի ուշ շրջանի աշխատանքներում նա քննադատել է ֆրեյդիզմը և պրոպագանդել ազատական գաղափարներ: 1909 թվականին «Նյու Յորք Թայմս»-ում հրատարակված իր ապագայաբանական էսսեներից մեկում նա ճշտությամբ կանխատեսել է գենդերային հավասարության հաստատումը, քաղաքային բնակչության հոսքը արվարձաններ և մի շարք տեխնիկական հայտնագործություններ, ինչպիսին օրինակ մկանաթիռն է[8]: Հանրային սարքի մասին իր հոդվածներում և էսսեյի մեջ Ժյուլ-Բուան ֆեմինզիմ է պրոպագանդել՝ նկարագրելով «ժամանակակից կնոջ» իր իդեալը, որն անկախ է տղամարդուց, պատկանում է ինքն իրեն, որի համար կնոջ և մոր պարտականությունները երկրորդ պլանում են[9]: Անրի Անտուան Ժյուլ-Բուան մահացել է 1943 թվականի հուլիսի 2-ին Նյու Յորքի ֆրանսիական հոսպիտալում: Մահվան պատճառը քաղցկեղն է եղել:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հավերժական տիկնիկ» (1894)
  • «Նոր ցավ» (1900)
  • «Գաղտնիք և կիրք» (1901)
  • «Քնքշանքների նավ» (1908)
  • «Հավերժական վերադարձ» (1914)

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քաղցր և դաժան սեր» (1913)

Պոեմներ և բանաստեղծությունների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խնդրանք» (1895)
  • «Աստվածային մարդկություն» (1910)

Դրամատիկական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սատանայի հարսանիքը» (1892)
  • «Երկնքի հերոսական դարպասները» (1894)
  • «Պսակված Հիպոլիտը» (1904)
  • «Ֆուրիա»(1907)
  • «Երկու Ելենաներ» (1911)
  • «Նեղոս» (1912)

Օկուլտականության վերաբերյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պետք չէ մեռնել» (1891)
  • «Փաիզի փոքր կրոնները» (1894)
  • «Սատանիզմ ու մոգություն» (1895)
  • «Հանդերձյալ կյանք և չտեսնված ուժեր» (1902)
  • «Անտեսանելի աշխարհ» (1902)
  • «Ժամանակակից հրաշք» (1907)

Սոցիոլոգիայի վերաբերյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սիրո ցավը» (1896)
  • «Նոր Եվա» (1896)
  • «Կինն անհանգստանում է» (1897)
  • «Մի բարոյականություն երկու սեռերի համար» (1899)
  • «Ապագա զույգ» (1912)
  • «Էսսե ժողովրդավարության մասին» (1924)

Ճանապարհորդական ռեֆերատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հնդկական տեսլականներ» (1903)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Dominique Dubois. Jules Bois (1868—1943): le reporter de l’occultisme, le poète et le féministe de la belle époque. — 2006.
  2. Кавендиш, Ричард The black arts. — Penguin, 1968. — P. 34. — 373 p. — ISBN 9780399500350
  3. 3,0 3,1 Бейджент, Майкл|Michael Baigent, Ли, Ричард|Richard Leigh and Линкольн, Генри|Henry Lincoln.The Holy Blood and the Holy Grail. — 1982.
  4. Jean-Baptiste Martin, François Laplantine & Massimo Introvigne. Le défi magique. — Lyon: Presses Universitaires Lyon, 1994. — P. 25. — 364 p. — ISBN 9782729704964
  5. Richard Ellmann. Yeats: the man and the masks. — Penguin, 1987. — P. 92. — 336 p. — ISBN 9780140113648
  6. Michel Garçon. Vintras: Hérésiarque et prophète. — Grenoble: Editions Jérôme Millon, 2007. — P. 20. — 222 p. — ISBN 9782841372096
  7. Стэблфорд, Брайан Glorious perversity: the decline and fall of literary decadence. — Wildside Press, 1998. — P. 51. — 152 p. — ISBN 9780809509089
  8. Cathal Kelly. 100 years on, thinker’s predictions mostly true. Toronto Star, 17.09.2009
  9. Patricia Townley Mathews. Passionate discontent: creativity, gender, and French symbolist art. — Chicago: University of Chicago Press, 1999. — P. 69. — 313 p. — ISBN 9780226510187

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]