Մայքլ Թիլսոն Թոմաս
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մայքլ Թիլսոն Թոմաս Michael Tilson Thomas | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1944[1][2][3][…] (78 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց, Idyllwild Arts Academy?, North Hollywood High School? և Colburn School? |
Մասնագիտություն | դիրիժոր, դաշնակահար, կոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Կայք | michaeltilsonthomas.com |
![]() |
Մայքլ Թիլսոն Թոմաս (անգլ.՝ Michael Tilson Thomas), ամերիկացի երաժիշտ, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է, Նոր աշխարհի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը և գեղարվեստական տնօրենը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժորը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Լոս Անջելեսում (դեկտեմբերի 21, 1944), ընտանիքում երրորդ սերնդի արվեստագետն է։ Պարոն Թիլսոն Թոմասն իր պաշտոնական ուսումը սկսել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, որտեղ դաշնամուր է ուսանել Ջոն Քրոունի, իսկ դիրիժորական և կոմպոզիտորական արվեստ՝ Ինգոլֆ Դալի մոտ։ Տասնինը տարեկանում նա դարձել է Պատանի երաժիշտների հիմնադրամի ՙԴեբյուտ՚ նվագախմբի երաժշտական տնօրեն։ Աշխատել է Ստրավինսկիի, Բուլեզի, Շտոկհաուզենի և Քոփլանդի հետ՝ Լոս Անջելեսի «Երկուշաբթի երեկոյան համերգների» ընթացքում վերջիններիս ստեղծագործությունների առաջին կատարումների ժամանակ։ Այս նույն ժամանակահատվածում որպես դաշնակահար և դիրիժոր համագործակցել է Գրեգորի Պյատիգորսկու և Յաշա Հեյֆեցի հետ։
1969 թվականին, Թենգլվուդում Կուսևիցկիի մրցանակը ստանալուց հետո նշանակվել է Բոսթոնի սիմֆոնիկ նվագախմբի օգնական դիրիժոր։ Այնուհետև նշանակվել է Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր, որտեղ մնացել է մինչև 1974-ը։ Եղել է Բաֆալոյի ֆիլհարմոնիայի երաժշտական տնօրենը (1971–1979) և Լոս Անջելեսի ֆիլհարմոնիայի գլխավոր հրավիրյալ դիրիժորը (1981–1985)։ Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել Եվրոպայի և ԱՄՆ-ի մեծ նվագախմբերի հետ։
Ստեղծագործական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնագրել է ավելի քան 120 սկավառակ, որոնք ներառում են Բախի, Բեթհովենի, Մալերի, Պրոկոֆևի և Ստրավինսկու ստեղծագործությունները, ինչպես նաև նրա հետ աշխատած երգահաններ Չարլզ Այվզի, Կարլ Ռագլզի, Սթիվ Ռայխի, Ջոն Քեյջի, Ինգոլֆ Դալի, Մորթոն Ֆելդմանի, Ջորջ Գերշվինի, Ջոն Մքլաֆլինի և Էլվիս Կոստելլոյի գործերի առաջին կատարումները։ Վերջերս ավարտել է Գուստավ Մալերի բոլոր նվագախմբային գործերի ձայնագրությունը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Թիլսոն Թոմասի հեռուստատեսային աշխատանքը ներառում է մի շարք Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ Բի Բի Սի հեռուստատեսության համար, Նյու Յորքի ֆիլհարմոնիկի երիտասարդների համերգների հեռուստաշարքը (1971–1977) և բազմաթիվ նկարահանումներ Փի Բի Սիի ՙՄեծ կատարումներ՚ շարքով։
1988 թ. փետրվարին նա կատարել է Նոր աշխարհի սիմֆոնիկ նվագախմբի բացումը, որը նվագախմբային ակադեմիա է հեղինակավոր երաժշտական ծրագրերի շրջանավարտների համար։ Մայամի Բիչում ունեցած իրենց պարբերական համերգաշրջանից բացի, նրանք հյուրախաղերով հանդես են եկել Ավստրիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Ամերիկայում, Ճապոնիայում, Իսրայելում, Հոլանդիայում, Իտալիայում և ԱՄՆ-ում։ Նոր աշխարհի սիմֆոնիկ նվագախմբի շրջանավարտները կարևոր պաշտոններ են զբաղեցրել ամբողջ աշխարհի նվագախմբերում։ 1991 թ. ԱՄՆ-ում Թիլսոն Թոմասը և նվագախումբը հանդես են եկել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կազմակերպած համերգաշերում, որոնց ընթացքում Օդրի Հեփբըրնն ընթերցել է Թիլսոն Թոմասի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնարարությամբ գրած ՙԱննա Ֆրանկի օրագիրը՚ երաժշտական ստեղծագործության տեքստային մասը։ Այս գործը թարգմանվել և ներկայացվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։
Թիլսոն Թոմասը որպես 1988–1995 թթ. Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր հյուրախաղերով բազմիցս հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում, ինչպես նաև Զալցբուրգի փառատոնում։ Լոնդոնում նա և նվագախումբը մասնակցել են փառատոների, որոնք կենտրոնացած են Սթիվ Ռայխի, Ջորջ Գերշվինի, Յոհաննես Բրամսի, Տորու Տակեմիցուի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի և նրա պետերբուրգյան դպրոցի, Կլոդ Դեբյուսիի և Գուստավ Մալերի երաժշտության վրա։ Նրա տասնյոթամյա պաշտոնավարումը որպես Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրեն լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում։ Այդ նվագախմբի հետ բազմիցս հանդես է եկել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և Հեռավոր Արևելքում։
Ստացած պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիլսոն Թոմասը Ֆրանսիայի արվեստների և գրականության ասպետ է, ՙԵրաժշտական Ամերիկա՚ հանդեսի կողմից ճանաչվել է Տարվա երաժիշտ և Տարվա դիրիժոր, ՙԳրամոֆոն՚ ամսագրի կողմից՝ Տարվա արվեստագետ և ներկայացվել Սի Բի Էսի ՙ60 րոպե՚ և Էյ Բի Սիի ՙՆայթլայն՚ հաղորդումներում։ Իր ձայնագրությունների համար արժանացել է տասնմեկ ՙԳրեմի՚ պարգևների։ 2008 թ. ստացել է Փիբոդի մրցանակը Էս Էֆ Էս մեդիայի իրականացրած ՙՄայքլ Թիլսոն Թոմասի արխիվը՚ ռադիոշարքի համար։ 2010-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նրան պարգևատրել է ամերիկյան կառավարության կողմից արվեստագետներին տրվող բարձրագույն պարգևով՝ Արվեստի ազգային մեդալով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Discogs — 2000.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.allmusic.com/artist/michael-tilson-thomas-mn0000381882
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքը Archived 2014-11-02 at the Wayback Machine. (կենսագրություն)
- Morley Safer. The Passion Of Michael Tilson Thomas // CBS News, Feb. 5, 2006.
- Michael Tilson Thomas Archived 2005-01-24 at the Wayback Machine. // Allmusic.com
|