Մալայան կղզեխումբ
'
| ||
Կոորդինատներ | 0°58′01″ հվ. լ. 119°33′50″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | Ինդոնեզիա Մալայզիա Արևելյան Թիմոր Ֆիլիպիններ Բրունեյ | |
Տեղագրություն | Խաղաղ օվկիանոս, Հնդկական օվկիանոս | |
Բնակչություն (2010) | 335 000 000 մարդ | |
Բնակչության խտությունը | 167,5 մարդ/կմ2 | |
'
| ||
Վիքիպահեստում |
Մալայան կղզեխումբ[1] (մալայերեն՝ Kepulauan Melayu), երկրագնդի ամենամեծ կղզեխումբն է։ Ներառում է Մեծ Զոնդյան, Փոքր Զոնդյան, Մոլուքյան, Ֆիլիպինյան և այլ մանր կղզիներ (չի ներառում Նոր Գվինեան, որը պատկանում է Օվկիանիային)։ Ամենամեծ կղզիներն են Կալիմանտանն ու Սումատրան։ Ամենախիտ բնակեցված կղզին Ճավան է։
Մալայան կղզեխմբի կղզիները առանձին մասերի բաժանված մեծ ցամաքի մնացորդներ են։ Նրանցից ոչ հեռու ընկած են Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ամենախոր իջվածքները։ Շատ կղզիներում լեռներն առաջացել են Ալպ-Հիմալայան լեռնագոյացման ժամանակաշրջանում։ Նրանք բաժանված են բեկվածքներով։ Բեկվածքների գծերի երկարությամբ կան ավելի քան 330 հրաբուխներ, որոնցից ավելի քան հարյուրը գործող են։ Ամենահայտնին Կրակատաու հրաբուխն է։ Հաճախ լինում են երկրաշարժեր։ Նախալեռնային կտրվածքներում կա նավթ։ Կղզիների մի մասը կազմված է ավելի հին լեռնային ապարներից և հայտնի է անագի հանքաքարերի խոշոր պաշարներով։
Կղզեխմբի հասարակածային դիրքի հետ են կապված բարձր ջերմաստիճանները և առատ տեղումներն ամբողջ տարվա ընթացքում։ Դաշտավայրերում ջերմաստիճանը պահպանվում է մոտավորապես +25° +28 °C-ի սահմաններում։ Տարվա ընթացքում լինում են 2000 մմ տեղումներ, լեռներում ` մինչև 5000 մմ։
Խոնավ դաշտավայրերում և նախալեռներում տարածված են հասարակածային անտառները, որտեղ աճում են արմավենիներ, ֆիկուսներ, հնդկեղեգ։ Խիտ բնակեցված շրջաններում անտառները ոչնչացված են, նրանց տեղում առաջացել են սավաննաներ։ Անտառներից նվաճված ազատ տարածություններում տարածվում են բրնձի, շաքարեղեգի դաշտեր, բանանի, կաուչուկատու ծառերի, մեխակի, պղպեղի ծառերի, թեյի թփի պլանտացիաներ։ Դրանցից բարձր վայրերում աճում են արմավենիներ (կոկոսյան և այլն)։ Լեռներում աճում են մառախուղի մեջ կորած խոնավ անտառներ։
Ճավա կղզու մի մասը և հասարակածից դեպի հարավ ընկած մանր կղզիները մտնում են հարավային մերձհասարակածային գոտու մեջ։ Այդ շրջաններում տարածված են մշտադալար և տերևաթափ լինող անտառներ ու սավաննաներ։ Հյուսիսային մերձհասարակածային գոտում գտնվում է Ֆիլիպինյան կղզիների մեծ մասը։
Մալայան կղզեխմբում տարածվում են հետևյալ պետությունները` Ինդոնեզիա (գրեթե ամբողջովին), Մալայզիա (մասամբ), Բրունեյ, Արևելյան Թիմոր և Ֆիլիպիններ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 52. ISBN 99941-56-03-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալայան կղզեխումբ» հոդվածին։ |
|