Մաթիլդայի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաթիլդա Ջոսլին Գեյջ

Մաթիլդայի էֆեկտ, գիտության մեջ կանանց ներդրման համակարգված ժխտում, նրանց աշխատանքի նշանակության նվազեցում և կանանց աշխատանքների վերագրում իրենց տղամարդ գործընկերներին: Այս էֆեկտն առաջին անգամ նկարագրել է սուֆրաժիստ և աբոլիցիոնիստ Մաթիլդա Ջոսլին Գեյջը (1826-1898) իր «Կինը որպես գյուտարար» էսսեում: «Մաթիլդայի էֆեկտ» տերմինը 1993 թվականին ներմուծել է գիտության պատմաբան Մարգարետ Ռոսիստերը[1]:

Ռոսիստերը նշել է այդ էֆեկտի մի քանի օրինակներ: 12-րդ դարի իտալացի բժշկուհի Տրոտուլա Սալերնսկայան գրել է գրքեր, որոնք նրա մահից հետո վերագրվել են արական սեռի հեղինակների: 19-րդ և 20-րդ դարերում տեղի ունեցած և Մաթիլդայի էֆեկտը ներկայացնող դեպքերից են նաև Նեթի Սթիվենսի[2], Մարի Կյուրիի, Լիզա Մեյտների, Մարիետա Բլաուի, Ռոզալինդ Ֆրանկլինի և Ջոսելին Բելլ Բեռնելի հետ պատահած դեպքերը:

Մաթիլդայի էֆեկտը կապված է Մատթեոսի էֆեկտի հետ, որի համաձայն ականավոր գիտնականը հաճախ ավելի մեծ ճանաչում է ստանում, քան համեմատաբար անհայտ հետազոտողը, նույնիսկ եթե նրանք միասին են գրել այդ գործը կամ նրանց գործերը նման են:

Սթենֆորդի համալսարանի Բժշկական դպրոցի նյարդաբան, պրոֆեսոր Բեն Բարրեսը, որն իր սեռն իգականից փոխել է արականի, պատմել է իր գիտական նվաճումների մասին, որոնք տարբեր կերպ էին ընկալվում՝ կախված այդ ժամանակվա իր սեռից[3]:

Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-2005 թվականների ավելի քան հազար գիտական հրապարակումներ վերլուծելով՝ պարզվել է, որ արական գիտնականներն ավելի հաճախ մեջբերում են տղամարդ հեղինակների հրապարակումները, քան կանանց[4]: 2012 թվականին Նեյմեյխենի համալսարանի երկու կին հետազոտողներ ապացուցել են, որ Նիդեռլանդներում պրոֆեսորի պաշտոնի թեկնածուների սեռն ազդում է նրանց գնահատման վրա[5]: Նմանատիպ դեպքեր նկարագրվել են իտալական հետազոտությունների մեջ[6], որոնք հաստատվել են ամերիկյան և իսպանական ուսումնասիրությունների կողմից[7][8]:

Շվեյցարացի հետազոտողները պարզել են, որ ԶԼՄ-ները ցուցահանդեսներին մասնակցելու խնդրանքով ավելի հաճախ դիմում են տղամարդ գիտնականներին, քան նրանց կին գործընկերներին[9]:

Չնայած համանման ձեռքբերումներին՝ ամերիկացի տղամարդ գիտնականները, ինչպես միշտ, կին գիտնականների համեմատ ավելի շատ ճանաչում և պարգևներ են ստանում: Հիմա այդ տարբերությունը նվազում է, դա ավելի ցայտուն էր 1990-ական թվականներին, քան 2000-ականներին[10]:

Մինչ շատ կանայք տուժում են Մաթիլդայի էֆեկտից, կան մի քանի դեպքեր, երբ նրանք ստացել են արժանիորեն ճանաչում, ինչպես Մարիա Գյոպերտ-Մայերը, որն արժանացել է Նոբելյան մրցանակի, չնայած նա մի քանի տարի չի աշխատել հականեպոտիզմի օրենքների պատճառով[11], բայց նրա ներդրումը, միևնույն է, նշանավորվել է:

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց օրինակներ, որոնք ենթարկվել են Մաթիլդայի էֆեկտին.

  • Տրոտուլա Սալերնսկայա (12-րդ դար), իտալացի բժշկուհի, աշխատությունների հեղինակ, որոնք նրա մահից հետո վերագրվել են արական սեռի հեղինակների: Բժշկուհիների և ուսուցչուհիների հանդեպ թշնամանքը հանգեցրել է նրա գոյության ժխտմանը: Սկզբում նրա աշխատանքները վերագրվել են ամուսնուն և որդուն, այնուհետև, ըստ տեղեկությունների փոխանցման, վանականը նրա անունը շփոթել է տղամարդու անվան հետ: Այդ պատճառով էլ նա «Գիտական կենսագրությունների բառարանում» չի հիշատակվում[12]:
  • Նեթի Սթիվենս (1861-1912), XY սեռի որոշման համակարգի հայտնագործող: Ալյուրի որդերի նրա քննադատական ​​ուսումնասիրություններով նախ պարզվել է, որ օրգանիզմի սեռը որոշվում է նրա քրոմոսոմներով, այլ ոչ թե էկոլոգիական կամ այլ գործոններով: Սթիվենսը մեծապես ազդել է գիտական հանրության՝ հետազոտության նոր ուղու՝ քրոմոսոմային սեռի սահմանմանը անցնելու վրա[13]: Այնուամենայնիվ, այս հայտնագործությունը սովորաբար վերագրվել է ժամանակի նշանավոր գենետիկ Թոմաս Հանթ Մորգանին[14]: Չնայած գենետիկայի ոլորտում Սթիվենսի ունեցած բազմաբովանդակ աշխատանքին՝ Մորգանի աշխատանքներում նրա ներդրումը հաճախ անտեսվում է[15]:
  • Մերի Ուիտոն Կալկինս (1863-1930), սովորելով Հարվարդի համալսարանում՝ առաջինն է առաջարկել հոգեբանության մեջ զույգ ասոցիացիաների մեթոդը, որը հետագայում օգտագործել են Գեորգ Էլիաս Մյուլլերը և Էդվարդ Բրեդֆորդ Տիտչեները, առանց Կալկինսի որևէ հիշատակման:
  • Գերտի Կորի (1896-1957), կենսաբան, Նոբելյան մրցանակի դափնեկիր, երկար տարիներ աշխատել է որպես ամուսնու օգնական, չնայած հավասար որակավորումներին, քանի որ պրոֆեսոր էր:
  • Ռոզալինդ Ֆրանկլին (1920-1958), 1953 թվականին ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնաբերման գործում նրա ներդրումն այժմ ճանաչվել է որպես առավել նշանակալից: Ֆրենսիս Քրիքի և Ջեյմս Դյուի Ուոթսոնի հայտնագործության ժամանակ, որի համար նրանք 1962 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի, Ֆրանկլինի աշխատանքը պատշաճորեն հաշվի չի առնվել (չնայած Ուոթսոնը նրա ներդրման վճռական կարևորությունը 1968 թվականին նկարագրել է իր «Կրկնակի պարույր» գրքում):
  • Մարտ Գոթյե (ծնվել է 1925 թվականին), այժմ ճանաչվել է Դաունի համախտանիշ առաջ բերող քրոմոսոմային անոմալիայի հայտնաբերման գործում իր նշանակալի ներդրման համար, բացահայտում, որը նախկինում վերագրվել է բացառապես Ժերոմ Լեժյոնին:
  • Մարիան Դայմոնդ (ծնվել է 1926 թվականին), աշխատելով Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանում՝ փորձարարությամբ հայտնաբերել է նեյրոպլաստիկության ֆենոմենը, որը հակասել է նյարդաբանական նախորդ դոգմային: Երբ Դայմոնդի բնօրինակ հոդվածը 1964 թվականին[16] պետք է հրատակվեր, նա բացահայտել է, որ իր երկու երկրորդական համահեղինակների՝ Դեյվիդ Կրեչի և Մարկ Ռոզենցվեյգի անունները տեղադրվել են իր անունից առաջ (բացի դրանից, Դայմոնդի անունը գրվել էր փակագծերի մեջ): Դայմոնդը հակաճառել է, որ կատարել է փաստաթղթում նկարագրված հիմնական աշխատանքը, և այդ ժամանակ նրա անունը գրվել է առաջին տեղում (առանց փակագծերի): Միջադեպը նկարագրված է 2016 թվականի «My Love Affair with the Brain: The Life and Science of Dr. Marian Diamond» վավերագրական ֆիլմում[17]:
  • Հարրիետ Ցուկերման (ծնվել է 1937 թվականին), Մաթիլդայի էֆեկտի արդյունքում նրա ամուսինը՝ Ռոբերտ Քինգ Մերտոնը, գրվել է որպես Մատթեոսի էֆեկտի նրա հայեցակարգի համահեղինակ[18]:
  • ԷԹԻՀ-ի (ENIAC) ծրագրավորողներ (1946 թվական), մի քանի կանայք, այդ թվում՝ Ադել Գոլդստայնը, Քեյ ՄաքՆալիտին, Բեթի Սնայդերը, Մերլին Մելցերը, Ֆրան Բիլասը և Ռութ Տեյտելբաումը, զգալի ներդրում են ունեցել նախագծում, բայց ԷԹԻՀ-ի պատմությունն այդ ներդրումը չի ներառում և ավելի շատ կենտրոնանում է ապարատային ձեռքբերումների, այլ ոչ թե համակարգչային ապահովման նվաճումների վրա: Այդ մասին ներկայացված է Ջենիֆեր Ս. Լայթի «When Computers Were Women» էսսեում[19] և ԷԹԻՀ նախագծի ծրագրավորողների մասին 2014 թվականին նկարահանված վավերագրական ֆիլմում[20]:

Օրինակներ այն մասին, թե ինչպես են արական սեռի գիտնականներն աջակցել կանանց Նոբելյան մրցանակ ստանալու գործում.

  • 1903 թվականին Մարի Կյուրին (1867-1934) ֆիզիկայի Նոբելյան մրցանակի հավակնորդների ցանկում ընդգրկվել է միայն Նոբելյան հանձնաժողովի անդամների՝ շվեդ մաթեմատիկոս Մագնուս Միտտագ-Լեֆլերի և Կյուրիի գործընկեր դափնեկիր, ամուսին Պիեռ Կյուրիի խնդրանքով, որոնք կին գիտնականների պաշտպանն էին: Մարին Նոբելյան մրցանակ ստացած առաջին կինն է: Նա այդպես էլ չի ընդունվել Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիա, նրա աշակերտուհի Մարգարիտա Պերեյը եղել է այդ պատվին արժանացած առաջին կինը (1962 թվականին):
  • 1934 թվականին բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակով են պարգևատրվել Ջորջ Ուիպլը, Ջորջ Մայնոտը և Ուիլյամ Մերֆին: Նրանք հասկացել են, որ իրենց կին գործընկեր Ֆրիդա Ռոբշիտ-Ռոբինսը բացառվել է սեռի պատճառով: Այնուամենայնիվ, Ուիպլը նրա հետ մրցանակային գումարը կիսել է, որովհետև գտել է, որ Ռոբշիտ-Ռոբինսն արժանի է Նոբելյան մրցանակի, քանզի եղել է Ուիպլի բոլոր հրապարակումների համահեղինակ:
  • 1944 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակ է տրվել Օտտո Գանին՝ որպես միակ ստացող: Լիզա Մեյտներն աշխատել է Գանի հետ և սկիզբ է դրել միջուկի ճեղքման տեսական հիմքերի համար (նա է առաջ քաշել «միջուկի ճեղքում» տերմինը): Մեյտները Նոբելյան հանձնաժողովի կողմից չի ճանաչվել մասամբ սեռի, մասամբ էլ նացիստական ​​Գերմանիայում հրեական հետապնդումների պատճառով: Դրա վրա ազդել է Քաղաքացիական ծառայության մասնագիտական գործունեության վերականգնման օրենքը, որը հրեաներին արգելում էր պետական պաշտոններ զբաղեցնել, ներառյալ զբաղվել հետազոտություններով: Սկզբում Ավստրիայի քաղաքացիությունը նրան պաշտպանել է հետապնդումներից, բայց նա 1938 թվականին՝ Ավստրիայի նացիստական բռնակցումից հետո, փախել է Գերմանիայից[21]:
  • 1950 թվականին Սեսիլ Փաուելն ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում՝ միջուկային գործընթացներն ուսումնասիրելու լուսանկարչական մեթոդ մշակելու և արդյունքում պիոնների (պի-մեզոններ) հայտնաբերման համար: Մարիետա Բլաուն այդ բնագավառում զբաղվել է նորարարական աշխատանքով: Էրվին Շրյոդինգերը նրան Հերտա Վամբախերի հետ առաջադրել է մրցանակի, բայց երկուսն էլ մերժվել են[22]:
  • 1956 թվականին ամերիկացի երկու ֆիզիկոսներ Ցզուն Դաո Լին և Չժեննին Յանգը թույլ փոխազդեցություններում կանխատեսել են հավասարության օրենքի խախտում և առաջարկեց փորձարկել այն: 1957 թվականին Վու Ցզյանսյունը Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի հետ համատեղ անցկացրել է անհրաժեշտ փորձ և ցույց տվել զույգության խախտումը բետա-տրոհման դեպքում: 1957 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը տրվել է երկու տղամարդ ֆիզիկոսներին, իսկ Վուն անտեսվել է: 1987 թվականին նա ստացել է Վոլֆի մրցանակ՝ ի նշան նրա աշխատանքի ճանաչման[23]:
  • 1958 թվականին Ջոշուա Լեդերբերգը բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը բաժանել է Ջորջ Բիդլի և Էդուարդ Տեյտեմի հետ: Մանրէաբաններ Ջոշուա Լեդերբերգը և նրա կին Էսթեր Լեդերբերգը Բիդլի ու Տեյտեմի հետ մշակել են ռեպլիկացիա՝ բակտերիաների գաղութը Պետրիի մի թասից մյուսը տեղափոխելու միջոց, ինչը կենսական նշանակություն ունի հակաբիոտիկների դիմադրության ժամանակակից ընկալման համար[14]: Սակայն Էսթեր Լեդերբերգը չի ճանաչվել այս հետազոտական նախագծի վրա կատարած աշխատանքի համար, չնայած նրա ներդրումն առաջնային նշանակություն է ունեցել տեսության հաջող իրականացման համար[24]: Բացի այդ, նա ճանաչում չի գտել լամբդա ֆագի հայտնաբերման և F-պլազմիդի ուսումնասիրությունների համար, որոնք հիմք են հանդիսացել հետագա գենետիկական և բակտերիալ ուսումնասիրությունների համար[14][25]:
  • 1960-ական թվականների վերջին Ջոսելին Բելլ Բեռնելը (ծնվել է 1943 թվականին) հայտնագործել է առաջին ռադիոպուլսարը: Այդ հայտնագործության համար 1974 թվականին ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվել է նրա ղեկավար Անտոնի Հյուիշին և Մարտին Ռայլին՝ վկայակոչելով Հյուիշի և Ռայլի նորարական աշխատանքը ռադիոաստղաֆիզիկայի բնագավառում: Ջոսելին Բեռնելը մոռացվել է: Փիլիսոփայության դոկտորի աստիճանով ուսանողուհին իր հայտնագործության ժամանակ զգացել է, որ մտավոր ջանքերը հիմնականում գործադրվել են իր ղեկավարի կողմից, բայց Նոբելյան մրցանակից նրա բացառումը քննադատության է ենթարկվել մի շարք նշանավոր աստղագետների, այդ թվում Ֆրեդ Հոյլի կողմից: Իոսիֆ Շկլովսկին, որը 1972 թվականին ստացել է Քեթրին Բրյուսի մեդալը, 1970 թվականին Բելլին փնտրել է Միջազգային աստղագիտական միության Գլխավոր ասամբլեայում, որպեսզի նրան ասի. «Օրիորդ Բելլ, Դուք արեցիք քսաներորդ դարի աստղագիտական ​​ամենամեծ հայտնագործությունը»:
  • Բեն Բարես, արական սեռի նյարդաբան, որը ժամանակին կին է եղել: Կիսվելով իր աշխատանքով որպես տղամարդ՝ նա ստացել է մի քանի դիտողություն, որոնցում իր աշխատանքը համեմատվել է «քրոջ» (որը նրա կանացի տարբերակն էր) աշխատանքի հետ՝ նշվելով, որ քրոջ աշխատանքն այնքան էլ հաջող չի եղել[26]:

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Za ścianą («Պատի հետևում»). ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի՝ 1971 թվականի լեհական հեռուստատեսային ֆիլմը, որտեղ Աննայի դերակատարը Մայա Կոմորովսկայան է, իսկ Յանայի դերակատարը՝ Զբիգնև Զապասևիչը: Հարևան բազմաբնակարան տներից երկու հոգի աշխատում են ակադեմիական շրջանում: Յանը դոցենտ է: Աննան, որը ցանկանում էր մտերմանալ նրա հետ, կարող էր հասնել համարժեք ակադեմիական կարգավիճակի, և այդպիսով ստեղծել կապվածություն, եթե նրա տղամարդ գործընկերը չյուրացներ նրա հետազոտությունների արդյունքները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rossiter Margaret W. (1993), «The Matthew/Matilda Effect in Science», Social Studies of Science (London: Sage Publ.) 23: 325–341, doi:10.1177/030631293023002004, ISSN 0306-3127 
  2. Resnick Brian (2016-07-07)։ «Nettie Stevens discovered XY sex chromosomes. She didn't get credit because she had two X’s.»։ Vox 
  3. Shankar Vedantam, (13 July 2006). Male Scientist Writes of Life as Female Scientist: Biologist Who Underwent Sex Change Describes Biases Against Women. Washington Post
  4. Silvia Knobloch-Westerwick; Carroll J. Glynn (2013), «The Matilda Effect—Role Congruity Effects on Scholarly Communication A Citation Analysis of Communication Research and Journal of Communication Articles», Communication Research (Sage Publ.) 40 (1): 3–26, doi:10.1177/0093650211418339, http://crx.sagepub.com/content/40/1/3.abstract 
  5. Marieke van den Brink; Yvonne Benschop, «Gender practices in the construction of academic excellence: Sheep with five legs», Organization 19 (4): 507–524, doi:10.1177/1350508411414293, http://org.sagepub.com/content/19/4/507.abstract  Արխիվացված է Սեպտեմբեր 3, 2015 Wayback Machine-ի միջոցով:
  6. Andrea Cerroni; Zenia Simonella, «Ethos and symbolic violence among women of science: An empirical study», Social Science Information 51 (2): 165–182, doi:10.1177/0539018412437102, http://ssi.sagepub.com/content/51/2/165.abstract (չաշխատող հղում)
  7. Peter Hegarty; Zoe Walton, «The Consequences of Predicting Scientific Impact in Psychology Using Journal Impact Factors», Perspectives on Psychological Science 7 (1): 72–78, doi:10.1177/1745691611429356, http://pps.sagepub.com/content/7/1/72.abstract 
  8. María Luisa Jiménez-Rodrigo1; Emilia Martínez-Morante; María del Mar García-Calvente; Carlos Álvarez-Dardet (2008), «Through gender parity in scientific publications», Journal of Epidemiology & Community Health, doi:10.1136/jech.2008.074294, http://jech.bmj.com/content/62/6/474.extract 
  9. Fabienne Crettaz von Roten (2011), «Gender Differences in Scientists’ Public Outreach and Engagement Activities», Science Communication 33 (1): 52–75, doi:10.1177/1075547010378658, http://scx.sagepub.com/content/33/1/52.abstract 
  10. Anne E. Lincoln; Stephanie Pincus; Janet Bandows Koster; Phoebe S. Leboy (2012), «The Matilda Effect in science: Awards and prizes in the US, 1990s and 2000s», Social Studies of Science 42 (2): 307–320, doi:10.1177/0306312711435830, http://sss.sagepub.com/content/42/2/307.abstract 
  11. «Anti-Nepotism» 
  12. Rossiter Margaret W. [www.jstor.org/stable/285482. “The Matthew Matilda Effect in Science.”] // Social Studies of Science.. — 1993. — № Vol. 23, No. 2. — С. 325–341..
  13. Hagen Joel Doing Biology. — Harper Collins. — Glenview, IL, 1996. — С. 37–46.
  14. 14,0 14,1 14,2 «6 Women Scientists Who Were Snubbed Due to Sexism» 
  15. «Nettie Maria Stevens (1861-1912) | The Embryo Project Encyclopedia»։ embryo.asu.edu 
  16. Diamond MC, Krech D, Rosenzweig MR,"The Effects of an Enriched Environment on the Histology of the Rat Cerebral Cortex","J Comp Neurol 1964;123:111-120", retrieved 9 February 2017
  17. My Love Affair with the Brain: The Life and Science of Dr. Marian Diamond
  18. «Эффект Матфея» 
  19. Light Jennifer S. When Computers Were Women // Technology and Culture. — 1999. — Т. 40. — № 3. — С. 455–483.
  20. http://eniacprogrammers.org/
  21. «ScienceWeek»։ 2013-04-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-14-ին։ Վերցված է 2017-10-31 
  22. Marietta Blau in the history of cosmic rays: Physics Today: Vol 65, No 10
  23. Wolf prize goes to particle theorists – Physics World
  24. «CensorshipIndex»։ www.esthermlederberg.com 
  25. «Esther Lederberg, pioneer in genetics, dies at 83»։ Stanford University 
  26. «Matilda Effect» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]