Հովհաննես Հովսեփյան (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովսեփյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովսեփյան
Ծնվել էօգոստոսի 10, 1926(1926-08-10)[1]
ԾննդավայրՄալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ
Մահացել էնոյեմբերի 11, 2010(2010-11-11) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1955)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1981)
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Հովհաննես Արամի Հովսեփյան (օգոստոսի 10, 1926(1926-08-10)[1], Մալիշկա, Շարուր-Դարալագյազի գավառ - նոյեմբերի 11, 2010(2010-11-11), Երևան, Հայաստան), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հովսեփյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 10-ին, Եղեգնաձորի շրջանի Մալիշկա (այժմ՝ Վայոց ձորի մարզ) գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատել է կոլտնտեսությունում։ 1945 թվականի փետրվարին զորակոչվել է բանակ և ծառայել մինչև 1950 թվական։

1950 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան, որն ավարտել է 1955 թվականին։ Անցել է կուսակցական աշխատանքի դեռևս ուսանողական տարիներից, եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Եղեգնաձորի և Արարատի շրջկոմի առաջին քարտուղար։ 1958-1970 թվականներին եղել է ՀԿԿ Եղեգնաձորի, 1970-1976 թվականներին՝ Արարատի շրջկոմների առաջին քարտուղար[2]։ Հովսեփյանի աշխատած տարիներին մեծ զարգացում են ապրել Եղեգնաձորի և Արարատի շրջանների գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, կրթամշակութային կյանքը։ Հովսեփյանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ կառուցվել են Եղեգնաձորի պահածոների, ռելեի, Երասխի հանքային ջրերի գործարանները, Արարատի ոսկու կորզիչ գործարանը և բանակը, 100-ից ավելի ջրամղիչներ Արարատի շրջանի մի շարք գյուղերում, մշակույթի պալատներ, կինոդահլիչներ։ Կառուցապատվել են նոր Ռինդ, նոր Մալիշկա գյուղերը, Արփի ավանը և այլ բնակավայրեր։ Եղեգնաձորի շրջանում աշխատած տարիներին Հովսեփյանի նախաձեռնությամբ Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների կոթող հուշարձանի համակիրում, պատվանդանի վրա կանգնեցվել է Տ-34 մարտական տանկը։

Հովհաննես Հովսեփյանը քանիցս ընտրվել է Հայկական ԽՍՀ ԳԽ պատգամավոր, եղել է Հայկական ԽՍՀ ԳՀ նախագահության անդամ։ 1976-1989 թվականներին աշխատել է արտասահմանից վերադարձվող հայերի ընդունման և տեղավորման, 1989-1991 թվականներին՝ վերադարձվող հայերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

Միաժամանակ Հովսեփյանը կատարել է գիտահետազոտական աշխատանքներ։ 1969 թվականին դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու, 1981 թվականին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր։ 1970 թվականից Հովսեփյանը կատարել է մանկավարժական աշխատանք։ Հովսեփյանն իր ուսումնասիրությունների հիման վրա հայ իրավաբանական գիտության մեջ ստեղծել է նոր ճյուղ՝ «Հայ քաղաքական և իրավական մտքի պատմություն»։ Հովհաննես Հովսեփյանը ստեղծել է նաև «Հայ իրավաբանական հուշարձաններ» դասընթացը, որը տարիներ շարունակ վարել է իրավաբանական ֆակուլտետում։ Հովսեփյանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ միջազգային իրավունքի ասոցիացիայի, ԽՍՀՄ քաղաքագետների ասոցիացիայի անդամ։

Հովսեփյանը մտերմիկ կապեր է ունեցել Անաստաս և Անտոն Միկոյանների, Սուրեն Թումասյանի, Յակով Զարոբյանի, Անտոն Քոչինյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հետ։

Աշխատությունները վերաբերում են հայ քաղաքական և իրավական մտքի, Հայաստանի պետության և իրավունքի պատմությանը։ Հովսեփյանը Մոսկվայում լույս տեսած «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» քառահատորյակի (ռուսերեն, 1986-1993), «Հայ քաղաքական և իրավական մտքի պատմություն» բաժնի հեղինակն է[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփյանը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանի, «Պատվո նշան» շքանշաններով, արժանացել է կառավարական բարձրագույն պարգևների՝ շքանշաների, մեդալների, պատվոգրերի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական իրավական հարցերը Ստեփան Շահումյանի աշխատություններում, Երևան, 1973:
  • Իրավաքաղաքական հարցերը Բոգդան Կնունյանցի և Ալեքսանդր Մյասնիկյանի աշխատություններում, Երևան, 1979:
  • «История политических и правовых учений. Средние века и Возрождение»,М., «Наука», 1986г., часть «Политико-правовая мысль Армении» (в разделе II гл. 2.,стр.108-116)
  • Հայ քաղաքական և իրավական մտքի պատմությունից, Երևան, 1990:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11635
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Մեզ հետ, մեր կողքին»։ Հայացք ամսագիր, սեպտեմբերի 8, 2006։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հովսեփյան (իրավաբան)» հոդվածին։