Հովհաննես Հովսեփյան (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հովսեփյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Հովսեփյան
Ծնվել էօգոստոսի 10, 1926(1926-08-10)
ԾննդավայրՄալիշկա, Վայոց ձորի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 11, 2010(2010-11-11) (84 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1981)
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Հովհաննես Արամի Հովսեփյան (օգոստոսի 10, 1926(1926-08-10), Մալիշկա, Վայոց ձորի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - նոյեմբերի 11, 2010(2010-11-11), Երևան, Հայաստան), հայ իրավաբան: Իրավաբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1988):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հովսեփյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 10-ին, Եղեգնաձորի շրջանի Մալիշկա (այժմ՝ Վայոց ձորի մարզ) գյուղում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կարճ ժամանակ աշխատել է կոլտնտեսությունում։ 1945 թվականի փետրվարին զորակոչվել է բանակ և ծառայել մինչև 1950 թվական։

1950 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան, որն ավարտել է 1955 թվականին: Անցել է կուսակցական աշխատանքի դեռևս ուսանողական տարիներից, եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Եղեգնաձորի և Արարատի շրջկոմի առաջին քարտուղար։ 1958-1970 թվականներին եղել է ՀԿԿ Եղեգնաձորի, 1970-1976 թվականներին՝ Արարատի շրջկոմների առաջին քարտուղար[1]: Հովսեփյանի աշխատած տարիներին մեծ զարգացում են ապրել Եղեգնաձորի և Արարատի շրջանների գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, կրթամշակութային կյանքը։ Հովսեփյանի նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ կառուցվել են Եղեգնաձորի պահածոների, ռելեի, Երասխի հանքային ջրերի գործարանները, Արարատի ոսկու կորզիչ գործարանը և բանակը, 100-ից ավելի ջրամղիչներ Արարատի շրջանի մի շարք գյուղերում, մշակույթի պալատներ, կինոդահլիչներ։ Կառուցապատվել են նոր Ռինդ, նոր Մալիշկա գյուղերը, Արփի ավանը և այլ բնակավայրեր։ Եղեգնաձորի շրջանում աշխատած տարիներին Հովսեփյանի նախաձեռնությամբ Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների կոթող հուշարձանի համակիրում, պատվանդանի վրա կանգնեցվել է Տ-34 մարտական տանկը։

Հովհաննես Հովսեփյանը քանիցս ընտրվել է Հայկական ԽՍՀ ԳԽ պատգամավոր, եղել է Հայկական ԽՍՀ ԳՀ նախագահության անդամ։ 1976-1989 թվականներին աշխատել է արտասահմանից վերադարձվող հայերի ընդունման և տեղավորման, 1989-1991 թվականներին՝ վերադարձվող հայերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։

Միաժամանակ Հովսեփյանը կատարել է գիտահետազոտական աշխատանքներ: 1969 թվակնաին դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու, 1981 թվականին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր։ 1970 թվականից Հովսեփյանը կատարել է մանկավարժական աշխատանք։ Հովսեփյանն իր ուսումնասիրությունների հիման վրա հայ իրավաբանական գիտության մեջ ստեղծել է նոր ճյուղ՝ «Հայ քաղաքական և իրավական մտքի պատմություն»։ Հովհաննես Հովսեփյանը ստեղծել է նաև «Հայ իրավաբանական հուշարձաններ» դասընթացը, որը տարիներ շարունակ վարել է իրավաբանական ֆակուլտետում։ Հովսեփյանը երկար տարիներ եղել է ԽՍՀՄ միջազգային իրավունքի ասոցիացիայի, ԽՍՀՄ քաղաքագետների ասոցիացիայի անդամ։

Հովսեփյանը մտերմիկ կապեր է ունեցել Անաստաս և Անտոն Միկոյանների, Սուրեն Թումասյանի, Յակով Զարոբյանի, Անտոն Քոչինյանի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի և Համազասպ Բաբաջանյանի հետ։

Աշխատությունները վերաբերում են հայ քաղաքական և իրավական մտքի, Հայաստանի պետության և իրավունքի պատմությանը: Հովսեփյանը Մոսկվայում լույս տեսած «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն» քառահատորյակի (ռուսերեն, 1986-1993), «Հայ քաղաքական և իրավական մտքի պատմություն» բաժնի հեղինակն է[2]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփյանը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանի, «Պատվո նշան» շքանշաններով, արժանացել է կառավարական բարձրագույն պարգևների՝ շքանշաների, մեդալների, պատվոգրերի։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական իրավական հարցերը Ստեփան Շահումյանի աշխատություններում, Երևան, 1973:
  • Իրավաքաղաքական հարցերը Բոգդան Կնունյանցի և Ալեքսանդր Մյասնիկյանի աշխատություններում, Երևան, 1979:
  • «История политических и правовых учений. Средние века и Возрождение»,М., «Наука», 1986г., часть «Политико-правовая мысль Армении» (в разделе II гл. 2.,стр.108-116)
  • Հայ քաղաքական և իրավական մտքի պատմությունից, Երևան, 1990:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  2. «Մեզ հետ, մեր կողքին»: Հայացք ամսագիր, սեպտեմբերի 8, 2006: