Հովհաննես Դևեջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Դևեջյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Տէվէճեան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1892(1892-01-15)
ԾննդավայրՄաշկերտ, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 4, 1976(1976-05-04) (84 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա
ԿրթությունՆերսեսյան վարժարան և Պերպերյան վարժարան
Մասնագիտությունհասարակական գործիչ, քաղաքական գործիչ, գրող, լրագրող և մանկավարժ
ԿուսակցությունՀՅԴ

Հովհաննես Հակոբի Դևեջյան (Տևեճյան, Արմեն Սևան (հունվարի 15, 1892(1892-01-15), Մաշկերտ, Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 4, 1976(1976-05-04), Բուենոս Այրես, Արգենտինա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, մանկավարժ։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Հրանտ Դևեջյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Դևեջյանը ծնվել է 1892 թվականի հունվարի 15-ին, Մաշկերտ (Խարբերդի գավառ) գյուղում։ 1903 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Հալեպ։ Ավարտել է տեղի Ներսեսյան (1908), Կ. Պոլսի Պերպերյան (1911) վարժարանները, Կ. Պոլսի իրավաբանական համալսարանը (1914), Պահեստի սպայական վարժարանը (1915): Խուսափելով թուրքական բանակ զորակոչվելուց՝ Առաջին աշխարհամարտի (1914-1918) տարիներին ապաստանել է Բուլղարիայում։ 1918 թվականին՝ «Հայաստան» (Սոֆիա) թերթի խմբագիր։ 1919 թվականին Երևանում մասնակցել է ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովին, ապա նշանակվել ՀՀԴ բյուրոյի քարտուղար, միաժամանակ վարել է ՀՀ (1918-1920) Նախարարների խորհրդի քարտուղարության հայերենի բաժինը։ 1921 թվականի Փետրվարյան հակախորհրդային ապստամբության (փետրվարի 18 - ապրիլի 2) ժամանակ եղել է Ախտայի (Հրազդան) շրջանի Հայրենիքի փրկության կոմիտեի նախագահը։ Ապստամբության պարտությունից հետո անցել է Զանգեզուր, նշանակվել Լեռնահայաստանի Հանրապետության (1920 թվականի դեկտեմբեր-1921 թվականի հուլիս) արդարադատության ու կրթության նախարար։ Ապա Գարեգին Նժդեհի, Սիմոն Վրացյանի և այլոց հետ անցել է Պարսկաստան։ 1925-1934 թվականներին Սոֆիայում դասավանդել է Մեսրոպյան ճեմարանում, խմբագրել է «Արաքս» օրաթերթը, 1934-1944 թվականներին՝ Բուխարեստում ազգային վարժարանների տնօրեն, կատարել է նաև հասարակական-քաղաքական աշխատանք։ 1947 թվականի ապրիլին ձերբակալվել է Բուխարեստի շրջակայքում, տեղափոխվել Մոսկվա, ապա՝ Երևան։ Դաշնակցական և հակախորհրդային գործունեության համար դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, պատիժը կրել է ՌԽՖՍՀ Վլադիմիր քաղաքում՝ Գարեգին Նժդեհի հետ նույն բանտախցում[1]։ Եղել է Գարեգին Նժդեհի գաղափարական ու մարտական ընկերը։

Կու գայ օրը, երբ պատմութեան դատարանով, իր ոսկերոտիքը կ՚երթան իրենց հարազատ հանգստարանը գտնելու այնքան սիրած ու պաշտած իր Սիւնիքի ծաղկուն հովիտներուն մէջ, հայրենի լեռներու բուք ու բորանին կողմէ շեփորուած հերոսական քայլերգին ունկնդիր...
- Հ. Դևեջյան

1956 թվականի սեպտեմբերին ազատվել է և մեկնել ընտանիքի մոտ՝ Բուենոս Այրես։ Զբաղվել է հասարակական, կուսակցական և մանկավարժական գործունեությամբ, վարել է «Արմենիա» օրաթերթի խմբագրությունը։ 1963-1976 թվականին՝ Խրիմյան կրթական հիմնարկության տնօրեն։ Հեղինակ է արձակ և չափածո ստեղծագործությունների։ Ուշագրավ է «Բանտարկեալի մը յուշերը. Տառապանքի տարիներ Գ. Նժդեհի հետ» (1970) հուշագրությունը[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նահատակ գրողներ, Սոֆիա, 1931։
  • Երգեր բանտէն, Բուենոս Այրես, 1959։
  • Նահատակ գրագէտներ, Բուենոս Այրես, 1961։
  • Բանտարկեալի մը յուշերը. Տառապանքի տարիներ Գ. Նժդեհի հետ, Բուենոս Այրես, 1970։
  • Վերջալոյսի տաղեր, Բուենոս Այրես, 1972։
  • Կեանք եւ երազ, Բուենոս Այրես, 1973։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թիվ 13 բանտախուցը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 715։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]