Հարոլդ Ռոբինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբինս (այլ կիրառումներ)
Հարոլդ Ռոբինս
անգլ.՝ Harold Robbins
Ծնվել էմայիսի 21, 1916(1916-05-21)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 14, 1997(1997-10-14)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՓալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանForest Lawn Cemetery
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ժանրերվեպ
Պարգևներ
 Harold Robbins Վիքիպահեստում

Հարոլդ Ռոբինս (անգլ.՝ Harold Robbins), իսկական անունը` Հարոլդ Ռուբին (Harold Rubin), հայտնի է նաև Ֆրենսիս Քեյն անունով, մայիսի 21, 1916(1916-05-21)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 14, 1997(1997-10-14)[1][2][3][…], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայտնի ամերիկացի գրող։ Նրա գրքերը թարգմանվել են 32 լեզվով։ Ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 750 մլն օրինակ։ Ռոբինսի գրքերը կարելի է բնութագրել որպես սուր գործողություններով լի վեպեր, որտեղ գերիշխող են սեքսը, փողը և իշխանությունը, դրանցում լայնորեն օգտագործվում են աշխարհիկ բամբասանքները և հայտնի մարդկանց կենսագրություններից քողարկված փաստերը։ Նրա յուրաքանչյուր նոր վեպ մեծ արձագանք է գտել հասարակության մեջ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարոլդ Ռոբինսը (Հարոլդ Ռուբին) ծնվել է Նյու Յորքում, չորս երեխաներից ավագն էր լավ կրթված ռուս և լեհ ներգաղթյալների ապահովված ընտանիքում։ Նրա հայրը հաջողակ դեղագործ էր Մանհեթենում։ Ռոբինսը կրթություն է ստացել George Washington High School-ում։ Ավարտելով դպրոցը` նա մի քանի աշխատանք է փոխել։

Ըստ տարածված, բայց հիմնականում նրա սարքած կենսագրական պատմությունների` մանկությունն անցկացրել է մանկատանը։ Նա պնդում էր, որ ինքը հրեա որբ է` Մանհեթենի կաթոլիկ որբանոցի աստիճաններին նետված[4][5], և որ իր առաջին միլիոնը վաստակել է 20 տարեկանում շաքարավազի մեծածախ առևտրում ու կորցրել այն պատերազմից առաջ։

Այսպես թե այնպես, 1937 թվականին Ռոբինսը մնացել է առանց ապրուստի միջոցների և տեղափոխվելով Հոլիվուդ` աշխատանքի է անցել «Յունիվերսալ» կինոընկերությունում սկզբում որպես էքսպեդիտոր։ Այդ նույն թվականին նա ամուսնացել է առաջին անգամ. ամուսնությունն անզավակ էր, բայց այդ ամուսնությունից դուրս նա մի քանի երեխա ուներ։

«Երբեք մի' սիրիր օտարականին» (Never Love A Stranger) առաջին գիրքը հրատարակվել է 1948 թվականին և հիմնված էր մանկության հիշողությունների վրա։ Այս գիրքը բռնության և սեքսի տեսարանների պատճառով արգելվել է ամերիկյան որոշ նահանգներում, օրինակ Ֆիլադելֆիայում դատական վեճեր է առաջացրել, և գրողին անվճար գովազդ ապահովել։ Այդ ժամանակ Հարոլդն արդեն աշխատել է կինոընկերության սցենարական բաժնում, և նրա հաջորդ գիրքը` «Երազանքի վաճառականները» (The Dream Merchants, 1949), պատմում էր ամերիկյան կինոյի կայացման ու զարգացման մասին։ Հոլիվուդի թեմային` որպես «երազների ֆաբրիկայի», և մի վայրի, որտեղ ողբերգական կերպով փլվում են մարդկանց հույսերն ու ճակատագրերը, նվիրված են նրա բազմաթիվ գրքեր, այդ թվում` «Ուր է գնացել սերը» (Where Love Has Gone, 1962), «Ժառանգները» (The Inheritors, 1969), «Միայնակ տիկինը» (The Lonely Lady, 1976):

1957 թվականից Հարոլդ Ռոբինսը դառնում է պրոֆեսիոնալ գրող և սովորաբար օրական գրում է 5000 բառ։

Ռոբինսի խմբագիրների թվում էին Սինտիա Ուայթն ու Մայքլ Կորդան, իսկ նրա գրական գործակալը Փոլ Գիթլինն էր[6]։

Ամերիկացի գրողների երեք սերունդ Հարոլդ Ռոբինսին համարում են իրենց ուսուցիչը։ 50-ական, 60-ական և 70-ական թվականներին այս գրողն ամերիկյան գրականության նորաձևության գլխավոր օրենսդիրն էր։ Նրա յուրաքանչյուր նոր վեպ մեծ արձագանք է գտել հասարակության մեջ, իսկ դրանցից շատերն էկրանավորված են։

Ինսուլտից հետո, որը թմրանյութերի չարաշահման հետևանք էր, 1982 թվականից Ռոբինսը գամված էր հաշմանդամի սայլակին, սակայն շարունակում էր գրել և սահմանել էր երկաթե կանոններ. նա փակվում էր մեկուսացած վայրում, որի հեռախոսահամարը միայն կինն ու փաստաբանը գիտեին, և տնից դուրս էր գալիս միայն այն բանից հետո, երբ ավարտում էր աշխատանքը։

Նրա մահից հետո հրապարակվել են մի քանի նոր գրքեր, որոնք գրել են ուրվական գրողները, և հիմնված են Ռոբինսի սեփական գրառումների ու անավարտ պատմությունների վրա։ Այդ գրքերից մի քանիսում Յունիուս Պոդրուգը նշված է որպես համահեղինակ։

Նրա այրին` Յանն Ռոբինսը, Հարոլդի մահից հետո վերահրատարակել է նրա 12 ամենահայտնի գրքերը, իսկ 2016 թվականին պայմանագիր է կնքել Oghma Creative Media-ի հետ` նրա երեսուներեք գրքերի վերահրատարակման համար։ Oghma-ն կհրատարակի նաև նրա և Հարոլդի համատեղ կյանքի մասին գեղարվեստական գիրք` «Հարոլդը և ես» վերնագրով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինի Ասմանի հետ, 5 նոյեմբերի 1979 թվական

Ընդհանուր առմամբ, Ռոբինսն ամուսնացած է եղել երեք, ոչ թե հինգ կամ վեց անգամ, ինչպես պատմում էր ժամանակ առ ժամանակ, իսկ նրա առաջին կինը (ինչպես ինքն էր պնդում) չինացի պարուհի չէր, որը պսիտտակոզից մահացել էր իր հարսանիքի օրը թութակի խայթոցից հետո։ Նա` Լիլիան Մախնիվիցը, Ռոբինսի մանկության ընկերուհին էր[7], ում հայրը և օգնել է Ռոբինսին աշխատանք ստանալ Հոլիվուդում։

Նրա երկրորդ կինը` Գրեյս Պալերմո Ռոբինսը, որի հետ ամուսնացել է 1965 թվականին[8] և ամուսնալուծվել 1990-ականների սկզբին, 2013 թվականին հրապարակել է Ռոբինսի հետ իր կյանքի պատմությունը[9]։

Հետագայում` 1992 թվականին, նա ամուսնացել է Յանն Սթափփի հետ, և նրանք միասին են մնացել մինչև Ռոբինսի մահը[10]։

Նա շատ ժամանակ է անցկացրել Ֆրանսիական Ռիվիերայում և Մոնտե Կառլոյում մինչև մահը` 1997 թվականի հոկտեմբերի 14-ը (նա 81 տարեկան էր) Կալիֆոռնիայի Փալմ Սփրինգսում սրտի անբավարարության նոպայից[10]։

Ռոբինսը Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղ ունի. 6743:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբինսի կյանքն իր գրքերի հերոսների նման նույնքան շռայլ ու անխոհեմ էր։ Կար ժամանակ, երբ նա ուներ գեղանկարչական նրբաճաշակ հավաքածու (Պիկասո, Շագալ, Լեժե և այլն), 14 ավտոմեքենա, 85 ֆուտանոց զբոսանավ և Բեվերլի Հիլզում, Ակապուլկոյում ու Ֆրանսիայի հարավում գտնվող տներ։ Սիրում էր աչքի ընկնել իր գույնզգույն գծավոր շալվարներով, վառ գլխարկով և արևային հսկա ակնոցներով։ Ամբողջ կյանքի ընթացքում Ռոբինսը գումարը ծախսել է այնքան արագ, որքան ձեռք է բերել. ինչպես գրում են նրա կենսագիրները, նա 50 մլն դոլարը քամուն էր տալիս խմիչքից և թմրանյութերից մինչև զբոսանավեր ու մարմնավաճառներ։
  • Հայտնի է Ռոբինսի «Կարպետբեգերներ» (The Carpetbaggers, 1961) վեպը, որն ավիացիայի և Հոլիվուդի պատմության, խոշոր ֆինանսական խաբեությունների, ինչպես նաև Հովարդ Հյուզի կենսագրության փաստերի և ասեկոսեների շառաչուն խառնուրդ է։ Ժամանակակիցները հեշտությամբ գուշակում-ճանաչում էին և որոշ այլ հայտնի մարդկանց` նկարագրված վեպում բավականին թափանցիկ կեղծանուններով։ Վեպը հիմք է ծառայել «Կարպետբեգերներ» (The Carpetbaggers, 1964) և «Նևադա Սմիթ» (Nevada Smith, 1966) երկու ֆիլմերի համար, իսկ 1995 թվականին գրողը գրել է «Կարպետբեգերների» պատմության շարունակությունը` «The Raiders»:
  • Հարոլդ Ռոբինսի շատ գրքեր դարձել են վաճառքի առաջատարներ ու հիմք են դրել 15 կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի։ Չորս հեռուստասերիալներում Հարոլդ Ռոբինսը նկարահանվել է ինքը, «Never Love a Stranger» (1958) ֆիլմի պրոդյուսերն է եղել։
  • «Քար Դենի Ֆիշերի համար» (A Stone for Danny Fisher, 1952) գրքի հիման վրա նկարահանվել է «Կրեոլի արքան» (King Creole, 1958) ֆիլմ-մյուզիքլը, գլխավոր դերում` Էլվիս Փրեսլի։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեք մի' սիրիր օտարականին (Never Love A Stranger, 1948)

Երազանքի վաճառականները (The Dream Merchants, 1949)

Քար Դենի Ֆիշերի համար (A Stone for Danny Fisher, 1952)

Երբեք մի' լքիր ինձ (Never Leave Me, 1953)

Պարկ Ավենյու 79 (79 Park Avenue, 1955)

Ստիլետ (Stiletto, 1960)

Կարպետբեգերներ (The Carpetbaggers, 1961), հայտնի է նաև Հաջողության որսորդները կամ Սակվոյաժնիկներ անուններով

Եթե սերը գնացել է (Where Love Has Gone, 1962), ռուսերեն թարգմանության մեջ` Ուր է գնացել սերը

Արկածախնդիրներ (The Adventurers, 1966)

Ժառանգները (The Inheritors, 1969)

Բեթսի (The Betsy, 1971)

Ծովահենը (The Pirate, 1974)

Միայնակ տիկինը (The Lonely Lady, 1976)

Երազանքներն առաջինն են մահանում (Dreams Die First, 1977)

Հիշողություններ ուրիշ օրվա մասին (Memories of Another Day, 1979)

Մնաս բարով, Ժանետ (Goodbye, Janette, 1981)

Պատմողը (The Storyteller, 1982), ռուսերեն թարգմանության մեջ` Հորինողը

Կախարդը (Spellbinder, 1982)

Վայրէջք Խանադուից (Descent from Xanadu, 1984)

Պիրանյաները (The Piranhas, 1986)

Թալանչիները (The Raiders, 1995)

Հովատակ (Stallion, 1996)

Օտարը (Stranger,1996)

Մագնատ (Tycoon, 1997)

Գիշատիչները (The Predators, 1998)

Գաղտնիք (The Secret, 2000)

Երբեք բավարար չէ (Never Enough, 2001)

Մեղքի քաղաքը (Sin City, 2002)

Կրքերի բորբոքումը (Heat of Passion, 2003)

Դավաճաններ (The Betrayers, 2004)

Թագավորական արյուն (Blood Royal, 2005)

Վճարում է սատանան (The Devil to Pay, 2006)

Մարոդերներ (The Looters, 2007)

Խաբեբաները (The Deceivers, 2008)

Թիկնոցը (The Shroud, 2009)

Անեծք (The Curse, 2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pallardy R. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gale R. L. Robbins, Harold (21 May 1916–14 October 1997), novelist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1603410
  4. Wilson, Andrew (2011 թ․ հունվարի 11). Harold Robbins: The Man Who Invented Sex. Bloomsbury Publishing. էջ 7, 14. ISBN 978-1608196586. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 16-ին.
  5. Liukkonen, Petri. «Harold Robbins». Books and Writers (kirjasto.sci.fi). Finland: Kuusankoski Public Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Korda, Michael (1999). Another life: a memoir of other people (1st ed.). New York: Random House. ISBN 978-0679456599.
  7. Morrison, Blake (2007 թ․ նոյեմբերի 10). «The Pleasure Principle». The Guardian. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  8. The Guardian
  9. Robbins, Grace (2013). Cinderella and the Carpetbagger: My Life as the Wife of the "World's Best-Selling Author," Harold Robbins. Bettie Youngs Books. ISBN 978-0988284838.
  10. 10,0 10,1 Severo, Richard (1987 թ․ հոկտեմբերի 15). «Harold Robbins, 81, Dies; Wrote Best Sellers Brimming With Sex, Money and Power». The New York Times. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Ռոբինս» հոդվածին։