Հայկական դեկորատիվ-կիրառական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայկական կերպարվեստի հետաքրքրական բնագավառներից է «Դեկորատիվ-կիրառական արվեստը»։ Այն լայն զարգացում ստացավ 17-18-րդ դարերում։ Դեռ հնագույն ժամանակաշրջաններից Հայաստանը հանդիսացել է Առաջավոր Ասիայի և Անդրկովկասի մետաղամշակման կարևորագույն կենտրոններից մեկը։ Այդ մասին են վկայում Գեղամա, Բզնունյաց, Կապուտան լճերից հայտնաբերված մետաղյա իրերը։ Պատմական Հայաստանը ոսկու, արծաթի, պղնձի և երկաթի մետաղամշակման կենտրոն է եղել։ Լճաշենի, Արմավիրի, Մեծամորի, Կարմիր Բլուրի, Սիսիանի, Դվինի, Անիի պեղումներից հայտնաբերված իրերը մետաղի գեղարվեստական մշակման բարձր մակարդակի վկայություններն են։ Մետաղի գեղարվեստական մշակման, զարդերի ու սպասքերի կենտրոններից էին Վասպուրականը, հատկապես Վանը, Կիլիկիան, Սեբաստիան, Կեսարիան, Կարինը, Շիրակը, Սյունիքը, Արցախը և Արարատյան աշխարհը։ Մետաղի գեղարվեստական մշակման համար Հայաստանում օգտագործվել են բազմատեսակ մետաղներ՝ երկաթ, պղինձ, բրոնզ, ոսկի, արծաթ, վարշաղ։ Հատկապես կիրառվել են ձուլման, դրվագման, դրոշմազարդման ձևերը, որոնց զուգընթաց լայն կիրառում են ստացել նաև թելքաշ, հատիկավոր, ցանցավոր և արծնապատման եղանակները։ Մետաղա գեղարվեստական իրերից պահպանվում են Ս. Էջմիածնում։ Դրանք բաժանվում են երեք խմբի. Դեկորատիվ արվեստը միջավայրի, տոնակատարությունների, հանդիսությունների, ցուցադրությունների և այլ միջոցառումների գեղարվեստական ձևավորման, ինչպես նա գեղարվեստական կենցաղային իրերի պատրաստման արվեստն է։ Դեկորատիվ-կիրառական արվեստը դեկորատիվ արվեստի և ժողովրդական ստեղծագործության նյութական ու հոգևոր արժեքներ ստեղծող ոլորտ է։

Դեկորատիվ արվեստն սկզբնավորվել է հասարակության զարգացման վաղ շրջանում։ Դարերի ընթացքում այն կրել է տարբեր ոճերի և ուղղությունների ազդեցությունը։ Մ. թ. ա. II հազարամյակում Չինաստանում ստեղծվել են բրոնզե գեղարվեստական կերտվածքներ, ոսկրե և նեֆրիտե քանդակազարդ առարկաներ, մ. թ. ա. V-III դարերում՝ բարձրորակ մետաքսե գործվածքներ, խեցեղեն, մ. թ. VIII–X դարերում ծաղկման է հասել ճենապակու, իսկ XIV–XVIII դարերում՝ խեցեգործական արտադրությունը։ Միջնադարյան Եգիպտոսի դեկորատիվ-կիրառական արվեստում տարածված էին դաջածո գործվածքները, նկարազարդ խեցեգործությունը, ընդելուզված կահույքի պատրաստումը, փայտի փորագրությունը և այլն։ Դեկորատիվ արվեստի գանձարանում իրենց ծանրակշիռ ավանդն ունեն նաև հայ վարպետները։ Կարի, ոսկերչության, դրվագման, խեցեգործության և արհեստների այլ տեսակներ Հայաստանում հայտնի էին մ.թ.ա. III հազարամյակից։ Հայկական ոսկերչությունն ու ակնագործությունը զարգացել են ոչ միայն Դվինում, Անիում, Արծնում, Վասպուրականում, Արցախում, Ախալցխայում, այլև Կոստանդնուպոլսում, Լվովում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում, Նուխիում, Շամախիում և այլուր։ Վաղ միջնադարից մինչև XIX դարը պատրաստվել են թանկարժեք մետաղներով, (Գրակալ (1272 թ, Անի, փայտափորագրություն)) քարերով զարդարված, դրվագված, ընդելուզված գրքերի նրբագեղ կազմեր ու մասնատուփեր։ Միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեին փորագրված ոսկրե իրերը, կարմիր կաշվե առարկաները, փայտե քանդակազարդ կերտվածքները։ IX–XIII դարերում Հայաստանում զարգացման բարձր մակարդակի են հասել կարը, կտորեղենի ձևավորումը, արտահանվել են բրդե, մետաքսե ինքնատիպ գործվածքներ։ Ֆրանսիայում չթի մեծ պահանջարկի ժամանակ հայերը 1677 թ-ին Մարսելում ստեղծել են դաջածո կտորների ֆաբրիկա, որն առաջինն էր Եվրոպայում, իսկ 1699 թ-ին անգլիացիները դաջածո գործվածքներ են պատվիրել Սպահանի հայ վարպետներին։ XVII– XVIII դարերում լեհ ազնվականության զգեստի պարտադիր տարր էր «Սլուցկի գոտին», որը պատրաստում էին Սլուցկի հայերը և արտահանում եվրոպական երկրներ։ ՀՀ-ում դեկորատիվ-կիրառական արվեստը շարունակում է նորովի զարգանալ ազգային ավանդույթների հենքի վրա։ Այդ ոլորտի հայ վարպետներն զբաղվում են ապակու տարատեսակների (հախճապակի, ճենապակի) գեղարվեստական մշակմամբ, արծաթագործությամբ, ոսկերչությամբ, մետաղագործությամբ, փայտագործությամբ, խեցեգործությամբ և այլն…