Հայաստանի ազգային կամերային նվագախումբ
Հայաստանի ազգային կամերային նվագախումբ, գործունեություն, սկսվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում։ Հիմնադրվել է 1962 թվականին Երևանում որպես անսամբլ․ հիմնադիր գեղարվեստական ղեկավարը եղել է ջութակահար Զարեհ Սահակյանցը։
1997 թվական այն միավորվել է Երևանի կամերային նվագախմբի հետ, և կազմավորվել է Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1975-1983 թվականներին գեղարվեստական ղեկավարը եղել է Կ. Բաղդասարյանը, 1983-1997 թվականներին՝ Ռուբեն Ահարոնյանը։ Նվագախմբի հիմքը լարային գործիքների խումբն է. պայմանավորված ստեղծագործության բնույթով՝ ընդգրկվում են նաև փայտե և պղնձե փողային գործիքներ։ Նվագացանկում՝ բարոկկոյի վարպետների, եվրոպացի և հայ կոմպոզիտորների երկեր, հայկական ժողովրդական երգերի ու միջնադարյան մեղեդիների մշակումներ, փոխադրումներ և այլն։
Նվագախմբի համար գործեր են գրել Ա. Հարությունյանը, Է. Հովհաննիսյանը, Ա. Աճեմյանը, Է. Խաղագործյանը, Ռ. Սարգսյանը և ուրիշներ։
Կատարողական արվեստին բնորոշ են պրոֆեսիոնալ բարձր մակարդակը, երկերի ինքնատիպ մեկնաբանությունը։ Նվագախմբի հետ ելույթներ են ունեցել հայ և այլազգի անվանի երաժիշտ-կատարողներ Գ. Գասպարյանը, Լ. Զաքարյանը, Շ. Արծրունին, Ա. Գավաֆյանը, Ժ. Տեր-Մերգերյանը, Վ. Սպիվակովը, Յ. Բաշմետը և ուրիշներ։
Նվագախումբը համերգներով շրջագայել է ԱՊՀ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մերձբալթյան երկրներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում և այլուր։
1997 թվականին նվագախումբը միավորվել է Երևանի կամերային նվագախմբի հետ, վերակազմավորվել Արամ Ղարաբեկյանի (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ 1997 թվականից), երբ նույն թվականի ապրիլին Հայաստանի մշակույթի նախարարը հատուկ հրավեր է ուղարկել ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանին և նրան նշանակել նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր։ Փաստորեն նոր գլխավոր դիրիժորը կազմել է նորացված Հայաստանի ազգային կամերային նվագախումբը։ Քսանհինգ բարձրակարգ կամերային երաժիշտներ, որոնք բոլորն էլ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտներ էին, ընդգրկվել են նվագախմբի կազմում։
2011 թվականին գեղարվեստական ղեկավար է դարձել Վահան Մարտիրոսյանը։
Հայաստանի ազգային կամերային նվագախումբը թողարկել է ձայնասկավառակներ, ունի ֆոնդային ձայնագրություններ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 141)։ |