Կենդանիները տիեզերքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերքի ռահվիրա միսս Բեյքեր, տիեզերք է ուղարկվել 1859 թվականի մայիսի 28-ին

Մինչև մարդկանց տիեզերք թռչելը կենդանի օրգանիզմի վրա ուղեծրային և ենթաուղեծրային թռիչքների կենսաբանական ազդեցությունն ուսումնասիրելու նպատակով տիեզերք են ուղարկվել կենդանիներ, այդ թվում նաև ֆիզիոլոգիական տեսանկյունից մարդուն ամենամոտը համարվող կապիկներ։ Նախքան դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքը տիեզերք կենդանիների ուղարկումը նպատակ ուներ ստուգել, թե կենդանի կմնան արդյոք ապագա տիեզերագնացները թռիչքից հետո, իսկ եթե այո, ապա թռիչքն ինչպես կազդի նրանց առողջության վրա։ Հետագայում կենդանիներ տիեզերք ուղարկել են կենսաբանական տարբեր գործընթացների, միկրոձգողականության էֆեկտների ուսումնասիրման և գիտահետազոտական այլ նպատակներով։

Շներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փոստային նամականիշ, 1966: Ուգոլյոկն ու Վետերոկը տիեզերքում

Շների միջոցով կենսաբանական գիտափորձերի շարքը ներառում էր գեոֆիզիկական և տիեզերական հրթիռներով կենդանի էակների թռիչքի հնարավորության ուսումնասիրությունները, բարձր կազմավորում ունեցող կենդանիների վարքի դիտումը այդպիսի թռիչքի պայմաններում, ինչպես նաև բարդ երևույթների հետազոտումը երկրամեր տարածքում։

Գիտնականները հետազոտել են ֆիզիկական և տիեզերական բնութագրերի մեծ մասի՝ ծանրության ուժի, թրթռումների և գերբեռնվածության փոփոխությունների, տարբեր ինտենսիվության ձայնային և աղմկային գրգռիչների, տիեզերական ճառագայթման ազդեցության, հիպոկինեզիայի և թերշարժունակության ազդեցությունը կենդանիների վրա։ ԽՍՀՄ-ում այդպիսի գիտափորձերի անցկացման ժամանակ լրացուցիչ փորձարկել են հրթիռի գլխամասն ուղևորների հետ վթարային փրկարարական համակարգը[1][2]։

20-րդ դարում շների հետ կատարված հետազոտությունների ճնշող մեծամասնությունն անցկացվել են ԽՍՀՄ-ում 50-60-ական թվականներին։ Միևնույն ժամանակ 60-ական թվականներին մթնոլորտի վերին շերտեր շներով մի քանի հրթիռներ են արձակվել Չինաստանում[3]։

Կապիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակակ-ռեզուս Սեմը, որ տիեզերքում եղել է Little Joe 2 տիեզերանավով

Ֆիզիոլոգիական տեսանկյունից մարդուն ամենամոտը համարվող կապիկները բազմիցս ենթարկվել են ուղեծրային և ենթաուղեծրային թռիչքների ինչպես մարդու՝ տիեզերք առաջին անգամ թռչելուց առաջ, այնպես էլ հետո։ ԱՄՆ-ում սկզբնական շրջանում կապիկներին տիեզերք են ուղարկել 1958-1961 թվականներին, մեկական թռիչք էլ կատարվել է 1969 և 1985 թվականներին։ Ֆրանսիայում կապիկներով ենթաուղեծրային թռիչքներ են կատարվել 1967 թվականին, Արգենտինաում՝ 1969-1970 թվականներին, Իրանում՝ 2011 թվականից սկսած, ԽՍՀՄ-ում ու Ռուսաստանում՝ 1983-1996 թվականների ընթացքում։ Ընդհանուր առմամբ տիեզերք է ուղարկվել 32 կապիկ, նրանցից յուրաքանչյուրն ուներ միայն մեկ առաքելություն։ Օգտագործվել են մի քանի տեսակների կապիկներ, այդ թվում՝ մակակ-ռեզուսներ (մեծամասնությունը), լայնաքիթ կապիկներ և սովորական սկյուռ-կապիկներ, ինչպես նաև խոզապոչ մակակներ։ ԱՄՆ-ում «Մերկուրի» ծրագրի շրջանակներում թռել են Հեմը և Էնոսը։

Սկզբնական շրջանում փորձարկվող կապիկների մահացության մակարդակը շատ բարձր էր. 1940-1950-ական թվականներին ԱՄՆ-ից տիեզերք ուղարկված կենդանիների կեսից ավելին մահացել են առաջադրանքի կատարման կամ էլ դրանից կարճ ժամանակ անց։ Հետագայում թռիչքների անվտանգությունն զգալիորեն աճեց. 1980-ական թվականներին և ավելի ուշ ԽՍՀՄ-ից և ԱՄՆ-ից տիեզերք ուղարկված կապիկները, որպես կանոն, ողջ էին մնում։

Կատուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստատված է միակ կատվի տիեզերք ուղարկելու փաստը։ Այն իրականացվել է 1963 թվականի հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայում։ Ենթաուղեծրային թռիչքով տիեզերք է ուղարկվել Ֆելիսեթ կատուն, որը հասել է 100 կմ բարձրության վրա և բարեհաջող վերադարձել երկիր[4]։

Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիան փորձել է տիեզերք ուղարկել երկրորդ կատվին, սակայն հրթիռը վթարի է ենթարկվել[4]։

Բազմաթիվ պնդումներ կան այն մասին, որ տիեզերքում իր տեսակի առաջին ներկայացուցիչը եղել է Ֆելիքս կատուն։ Դա իր արտացոլումն է գտել փոստային մի քանի նամականիշներում՝ նվիրված տիեզերական հետազոտություններին։ Սակայն ըստ Ֆրանսիայի տիեզերական ծրագրում անմիջականորեն ներգրավված վիրաբույժ Ժերար Շատելյեի՝ այդպիսի կատու երբեք էլ գոյություն չի ունեցել[4]։

1958 թվականին ամերիկյան թերթերը գրել են, որ Բրազիլիան նախապատրաստվում է 1959 թվականի հունվարի 1-ին տիեզերք կատու ուղարկել, սակայն այդ թռիչքի իրագործման ոչ մի ապացույց չի գտնվել[4]։

Իրանը 2013 թվականին՝ տիեզերք կապիկներ բարեհաջող ուղարկելուց հետո, հայտարարել է երկրի խորհրդանիշ պարսկական կատու տիեզերք ուղարկելու պլանների մասին[4]։

Կրիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«ԽՍՀՄ լուսնային ծրագրի» շրջանակներում 7К-Л1 օդանավի թռիչքա-նախագծային փորձարկումներով նախատեսվում էր ուսումնասիրել, թե ինչպես է ծանրաբեռնվածությունն ազդում կենդանի օրգանիզմների վրա։ 7К-Л1 № 9 օդանավը բարեհաջող բաց է թողնվել 1968 թվականի սեպտեմբերի 15-ին։ Տիեզերանավում, որ մամուլում անվանված էր «Զոնդ-5», գտնվում էին կենդանի օբյեկտներ՝ միջինասիական 2 կրիաներ, դրոզոֆիլաներ, աղորեպաններ, կոկոններով տրադեսկանցիաներ, HeLa բջիջներ, բարձրագույն բույսերի՝ ցորենի, սոճու, գարու սերմեր, քլորելա ջրիմուռ սնուցիչ տարբեր միջավայրերում, լիզոգենային բակտերիաների տարբեր տեսակներ և այլն։

1968 թվականի սեպտեմբերի 21-ին արձակված «Զոնդ-5» կայանը մտել է բալիստիկական հետագիծով Երկրի մթնոլորտ և ջրէջք կատարել Հնդկական օվկիանոսի ջրատարածությունում։ Երբ խորհրդային նավի նավաստիները պատրաստվում էին բաց թողնված սարքը տախտակամած բարձրացնել, լսեցին, որ նրա ներսում ինչ-որ բան է խշխշում, իսկ հետո հաջորդել է հարվածի ձայնը։ Նորից խշխշոց և նորից հարված... Ենթադրվել է, որ կայանում, ըստ երևույթին, ինքնալիկվիդատոր է տեղադրված։ Աշխատանքները դադարեցվել են մինչև այն պահը, քանի դեռ կապ չեն հաստատել «Զոնդ-5» կայանի վրա աշխատող գիտնականների հետ։ Նավաստիները նրանցից իմացել են, որ խշխշացնում են կրիաները, որոնք որպես փորձարարական կենդանիներ գտնվում էին փորձարկվող մեկուսախցում։ Արձակված կայանը բարձրացվել է խորհրդային օվկիանոսագրական արշավախմբի «Վասիլի Գոլովին» նավը և 1968 թվականի հոկտեմբերի 3-ին հասցվել Բոմբեյ, որտեղից էլ ինքնաթիռով տարվել է Մոսկվա։ Կրիաները սարքավորումից դուրս են բերվել Մոսկվայում՝ ՓՄԿՆԲ արտադրամասում և հանձնվել գիտնականների տնօրինությանը։ Թռիչքից կրիաները վերադարձել են նորմալ, սակայն, ըստ որոշ տվյալների, գերբեռնվածության պատճառով, որ վայրէջքի ժամանակ հասնում էր 20 միավորի, նրանցից մեկի ակնակապիճից աչքը դուրս է եկել։

Երկիր վերադառնալուց հետո կրիաներն ակտիվ էին՝ շատ էին շարժվում, ուտում էին ախորժակով։ Փորձի ժամանակ նրանք կորցրել էին իրենց զանգվածի 10 %-ը։ Արյան ուսումնասիրությունն էական ոչ մի տարբերություն չբացահայտեց։ «Զոնդ-5» կայանն աշխարհում առաջին անգամ իրականացրեց թռիչք դեպի Լուսին և 7 օր անց վերադարձավ Երկիր՝ մթնոլորտ մտնելով տիեզերական երկրորդ արագությամբ[5]։

ԽՍՀՄ-ը 1975 թվականի նոյեմբերի 17-ին «Սոյուզ-20» անօդաչու տիեզերանավով ուղեծրային թռիչքի է ուղարկել կրիաների (այդ ժամանակ սահմանվել է 90 օր տիեզերքում կենդանի գտնվելու ռեկորդ), իսկ 1976 թվականի հունիսի 22-ին արձակվել է «Սալյուտ-5» ուղեծրային կայանը։

2010 թվականի փետրվարի 3-ին 2 կրիաներ Իրանից արձակված հրթիռով ենթաուղեծրային բարեհաջող թռիչք են կատարել։

Տիեզերքում եղած այլ կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրիտոնը Սփեյս Շաթլ տիեզերանավում

Ինչպես օդաչուով ղեկավարվող, այնպես էլ անօդաչու բիոարբանյակներով կատարվող փորձերի ընթացքում տիեզերքում եղել են ծովախոզուկներ[6], առնետներ, մկներ, լորեր[7], տրիտոններ, գորտեր, փորոտանիներ և ձկների որոշ տեսակներ։ Հայտնի են նաև համստերների[8] և գեկոնների[9]՝ տիեզերք ուղարկման փորձեր։

Երկրի առաջին կենդանիները, որ ծնվել են տիեզերքում, խավարասերներն են՝ Նադեժդայի ձագերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. П. В. Васильев, Г. Д. Глод. «Научное обоснование возможности космических полётов человека и их медико-биологическая подготовка». Космическая энциклопедия «ASTROnote». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  2. Б. Кантемиров. «Цыган, Дезик и проект ВР-190». Журнал «Новости космонавтики». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  3. «На георакетах — Китай». Тематический сайт «Космические просторы». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Félicette, the space cat» (անգլերեն). Purr-n-Fur UK. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Полёты животных в космос. Дмитрий Рогозин, «Вселенная, пространство, время»; № 7-9; 2007». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  6. CNN.com — Timeline: China’s space quest — Jan. 5, 2004
  7. «Эксперимент 'Перепел' на орбитальной станции 'МИР'». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
  8. Beischer, DE; Fregly, AR (1962). «Animals and man in space. A chronology and annotated bibliography through the year 1960». US Naval School of Aviation Medicine. ONR TR ACR-64 (AD0272581). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 14 Июня 2011-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Гекконы научились играть в невесомости: Наука: Наука и техника: Lenta.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McDowell, Jonathan (2000 թ․ հունվարի 26). «The History of Spaceflight: Nonhuman astronauts». The History of Spaceflight. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 31-ին.
  • L. W. Fraser and E. H. Siegler, High Altitude Research Using the V-2 Rocket, March 1946 – April 1947 (Johns Hopkins University, Bumblebee Series Report No. 8, July 1948), p. 90.
  • Kenneth W. Gatland, Development of the Guided Missile (London and New York, 1952), p. 188
  • Capt. David G. Simons, Use of V-2 Rocket to Convey Primate to Upper Atmosphere (Wright-Patterson Air Force Base, AF Technical Report 5821, May 1949), p. 1.
  • Lloyd Mallan, Men, Rockets, and Space Rats (New York, 1955), pp. 84–93.
  • Henry, James P.; և այլք: (1952). «Animal Studies of the Subgravity State during Rocket Flight». Journal of Aviation Medicine. 23 (5): 421–432. PMID 12990569.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]