Կապույտ կամ սպիտակ զգեստի ֆենոմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապույտ-սև/սպիտակ-ոսկեգույն զգեստ (անգլ.՝ thedress, dressgate)[1][2], համացանցային ֆենոմեն և մեմ, որն առաջացել է այն բանից հետո, երբ 2015 թվականի փետրվարի 26-ին Tumblr սոցիալական կայքում հրապարակվել է դիզայներ Roman Originals ժանյակավոր զգեստի լուսանկարը[3]։ Գրեթե անմիջապես սկիզբ է առել բուռն քննարկում այն մասին, թե ինչ գույնի է լուսանկարում պատկերված զգեստը՝ սև շերտերով կապույտ զգեստ, թե ոսկեգույն շերտերով սպիտակ։ Հետագայում բացահայտվել է, որ լուսանկարում պատկերված զգեստն իրականում կապույտ ու սև է[4], սակայն քննարկումն այն մասին, թե ինչ գույնի են տեսնում զգեստը տարբեր օգտատերեր, շարունակվել է բազմաթիվ ֆորումներում։ Ֆենոմենով հետաքրքրվել են նեյրոկենսաբանները, որոնք պարզել են, որ դրա պատճառը ոչ ճիշտ լուսատվության արդյունքում առաջացած տեսողական պատրանքն է, ինչը մասամբ լուսանկարի մշակման հետևանք է։ Այն բանից հետո, երբ լուսանկարը դարձել է հայտնի, շատերը հետաքրքրվել են այդպիսի զգեստների գնումով, և դրանց վաճառքն աճել է մի քանի անգամ։

Ֆենոմենի առաջացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Tumblr սոցիալական կայքում առաջինը լուսանկարը նկատել է շոտլանդական ազգային երգեր կատարող երաժշտական խմբի անդամ Քեյթլին Մակնիլը, երբ հարսանեկան զգեստ էր փնտրում իր ծանոթներ Գրեյսի և Քեյնի համար։ Քեյթլինը պատրաստվում էր իր խմբի հետ ելույթ ունենալ նրանց հարսանիքին, որը տեղի էր ունենալու Կոլոնսեյ կղզում։ Գրեյսն իր հերթին լուսանկարն ուղարկել է իր մորը, որից հետո նրանց միջև վիճաբանություն է ծագել, թե ինչ գույնի է զգեստը՝ կապույտ և սև, թե սպիտակ և ոսկեգույն։ Գրեյսը լուսանկարն ուղարկել է կայքի այլ օգտատերերի, ինչը քննարկման նոր ալիք է բարձրացրել[5][6]։

Նույնիսկ այն բանից հետո, երբ Մակնիլը հարսանիքի ժամանակ զգեստը տեսել է և համոզվել, որ այն կապույտ ու սև է, նա շարունակել է լուսանկարը հրապարակել համացանցում՝ ծավալելով նոր քննարկուներ։ 2015 թվականի փետրվարի 26-ին Մակնիլը Tumblr կայքի իր անձնական բլոգում տեղադրել է նկար, որտեղ հարց է առաջադրել իր հետևորդներին, թե ինչ գույնի է զգեստը։ Այն հանգեցրել է քննարկումների և սկիզբ է դրել համացանցային նոր մեմի տարածմանը[5][6]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 27-ից սկսած լուսանկարը համացանցում մեծ ճանաչում է ձեռք բերել և սկսել է տարածվել սոցիալական բազմաթիվ կայքերում, ներառյալ Թվիթթերում։ Ի հայտ են եկել այնպիսի հեշթեգներ, ինչպիսիք են #whiteandgold, #blueandblack և #dressgate, որոնց հաջորդել են վիճաբանություններ այն հարցի շուրջ, թե ինչ գույնի է զգեստը։ Ֆենոմենը գրավել է լրատվական հայտնի որոշ հրատարակությունների ուշադրությունը, ներառյալ Վաշինգտոն Փոստ օրաթերթի[5][7][8]։ Որոշ հոդվածներ ֆենոմենը բացատրել են որպես էքզիստենցիալ ճգնաժամի արգասիք և կանխատեսել, որ այն կարող է վնասել միջանձնային հարաբերությունները[5][9]։

Լուսանկարն առավել հայտնի է դարձել Buzzfeed նորությունների պորտալում հրապարակվելուց հետո, որը մարտի 2-ի դրությամբ դիտվել է 37 միլիոն անգամ[10][11]։

Buzzfeed պորտալի օգտատերերի 68 %-ը որոշել է, որ զգեստը սպիտակ է՝ ոսկեգույն շերտերով[12]։ Որոշները նշել են, որ զգեստն ինքն իրեն գույնը փոխում է։ Լուսանկարին արձագանքել են նաև բազմաթիվ հռչակավոր մարդիկ, այսպես, օրինակ, Թեյլոր Սվիֆթը, Ջեյդեն Սմիթը, Ֆրենկի Մյունիզը, Դեմի Լովատոն, Մինդի Կալինգը և Ջասթին Բիբերը եկել են այն եզրակացության, որ զգեստը կապույտ-սև է, իսկ միևնույն ժամանակ Աննա Քենդրիկը, Ջոզեֆ Նովակը, սենատոր Քրիստոֆեր Մերֆին, Ջուլիան Մուրը և Սառա Հայլենդն զգեստը տեսել են սպիտակ և ոսկեգույն։ Քիմ Քարդաշյանն իր թվիթթերում նշել է, որ ինքն զգեստը տեսել է սպիտակ, իսկ իր ամուսինը՝ Քանյե Ուեսթը՝ կապույտ։ Լյուսի Հեյլը, Ֆիբի Թոնքինը և Քեթի Նոլանը նկատել են գունային տարբեր երանգներ։ Լեդի Գագան նշել է, որ զգետն ունի ավազի և փերվանշի գույն, իսկ Դևիդ Դուխովնին զգեստին վերագրել է ծովային գույն։ Հայտնիների մեկ այլ խումբ, ինչպիսիք են, օրինակ, Էլեն Դեջեներեսը և Արիանա Գրանդեն, այդպես էլ չեն կարողացել եզրակացության հանգել, թե զգեստն ինչ գույնի է[1][13][14][15][16][17]։

Զանգվածային լրատվության միջոցներում նշվել է, որ լուսնկարի գունային տոնը վերամշակվել է, ինչը խախտել է սպիտակի հաշվեկշիռը։ Այն արդյունքում խանգարել է զգեստի գույների ճիշտ ընկալմանը և մոլորության մեջ է գցել[5][18]։

Հագուստն իրականում վառ կապույտ է՝ սև ժանյակներով։ Բացի այդ, արտադրողը ներկայացրել է զգեստի գունային այլ լուծումներ՝ կարմիր ու վարդագույն երանգներով և սև ժանյակներով։ Ոսկեգույն ժանյակներով սպիտակ զգեստ վաճառքում չի եղել։ Մակնիլի կողմից լուսանկարը հրապարակելու հաջորդ օրն զգեստները վաճառվել են 30 րոպեում[19]։

Գիտական բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար, որը ցույց է տալիս, թե մարդու քրոմատիկ ադապտացիան ինչպես է ձևավորում բոլորովին տարբեր գույների պատրանքներ տարբեր լուսավորությամբ երկու զգեստների օրինակով

Նեյրոկենսաբան Բևիլ Կոնուեյը և Ջեյ Նեյտցը նշել են, որ նկարը տեսողական պատրանք է, քանի որ շատ մարդկանց շփոթեցնում է քրոմատիկ ադապտացիան, որ մշակվել է էվոլյուցիայի ընթացքում նրա համար, որպեսզի ավելի լավ կողմնորոշվեն տարածության մեջ և տարբերակեն առարկաները[20]։ Հետևի պլանի վառ լույսի պատճառով մարդը կապույտ գույնը կարող է ընկալել որպես չլուսավորված կողմ, և ուղեղը ենթագիտակցաբար անտեսում է կապույտ գույնը, ինչի հետևանքով մարդուն թվում է, թե ինքն սպիտակ գույն է տեսնում։ Նույնն է նաև սև շերտերի դեպքում. լուսանկարի վատ որակի պատճառով սևի որոշ մասեր ձեռք են բերել ոսկեգույն երանգ, ինչի հետևանքով մարդիկ ենթագիտակցորեն անտեսում են սև գույնը և մտածում են, որ դա ոսկեգույն է։ Հաառակ էֆեկտն է նկատվում այն մարդկանց մոտ, որոնք զգեստը տեսնում են սև-կապույտ, քանի որ նրանք ենթագիտակցորեն անտեսում են ոսկեգույնը[21]։ Այլ գիտնականներ ենթադրում են, որ բոլոր մարդիկ նույն կերպ են ընկալում գույները, բայց շատերն իրենց համար կարող են սխալ եզրակացություն անել, այդպիսով դրսևորվում է թագավորի նոր զգեստի էֆեկտը[22]։ Նեյրոֆիզիոլոգ Բևիլ Կոնուեյը նաև ենթադրում է, որ զգեստի գույնի ընկալումը կապված է այն բանի հետ, թե մարդն ինչ է ուզում տեսնել, ինչպես նաև այն փաստի հետ, որ շատերի մոտ հարսանեկան զգեստը զուգորդվում է սպիտակ գույնի հետ։ Այն մարդիկ, որոնք գիշերային կենսակերպ են վարում, ավելի մեծ հավանականությամբ կապույտ գույն են տեսնում է[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «#Dressgate: The white and gold dress making our mind work until it's black and blue». Sydney Morning Herald. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  2. Klassen, Anna (2015 թ․ փետրվարի 26). «What Colors Are This Dress? White & Gold or Black & Blue? The Internet Is Going Insane Trying To Find Out — PHOTO». Bustle. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  3. Spargo, Chris (2015 թ․ փետրվարի 27). «What colors are this dress? White and gold or blue and black? Fierce internet debate is sparked by two-tone outfit - and even Kim and Kanye are divided!». Daily Mail Online. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  4. «Optical illusion: Dress colour debate goes global». bbc.co.uk. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «The inside story of the 'white dress, blue dress' drama that divided a planet». Washington Post. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  6. 6,0 6,1 «The Dress Is Blue And Black, Says The Girl Who Saw It In Person». BuzzFeed. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Color Bind: This Dress is White and Gold, Right?». Boston.com. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  8. «The Official Live Blog: Is This Dress Blue and Black or White and Gold?». Slate. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  9. King, Kirsten (2015 թ․ փետրվարի 26). «This Dress Is Ruining People's Lives». BuzzFeed. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  10. Fischer, Ben (2015 թ․ փետրվարի 27). «The Dress phenomenon didn't happen by accident. It took big money». New York Business Journal. American City Business Journals. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  11. Holderness, Cates (2015 թ․ փետրվարի 26). «What Colors Are This Dress?». BuzzFeed. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  12. Holderness, Cates (2015 թ․ փետրվարի 26). «What Colors Are This Dress?». Buzzfeed. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  13. Iyengar, Rishi. «The Dress That Broke the Internet, and the Woman Who Started It All». Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  14. Jinks, Caitlin. «'I feel like it's a trick somehow': Taylor Swift and Kim Kardashian join other celebrities in dress debate taking over the internet». Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  15. Sanchez, Josh. «'What color is this dress' confused celebrities, too». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  16. Mahler, Jonathan. «A White and Gold Dress Overloads the Internet». The New York Times. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  17. Iyengar, Rishi (2015 թ․ փետրվարի 26). «Taylor Swift Says The Dress is Black and Blue». Time. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  18. «Why that dress looks white and gold: It's overexposed». Mashable. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  19. «'The Dress' flying off racks following Internet sensation: 'We sold out in the first 30 minutes of our business day'». New York Daily News. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  20. «Viewpoint: Blue and black or white and gold?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  21. «The Science of Why No One Agrees on the Color of This Dress». Wired. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  22. «The Emperor's New Dress: #thatDress: A Case of Crowd syndrome?». Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  23. Ученые: несовершенство глаз породило интернет-скандал вокруг платья

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]