Թագավորի նոր զգեստը
Թագավորի նոր զգեստը դան․՝ Kejserens nye Klæder | |
---|---|
![]() Վիլհելմ Պեդերսենի նկարազարդում | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գրական հեքիաթ |
Հեղինակ | Հանս Քրիստիան Անդերսեն |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | դանիերեն |
Հրատարակվել է | ապրիլի 7, 1837[1] |
![]() |
Թագավորի նոր զգեստը (դան․՝ Kejserens nye klæder), դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից։ Առաջին անգամ տպագրվել է 1837 թվականի ապրիլի 7-ին «Հեքիաթներ, որ պատմվել են երեխաներին» (դան․՝ «Eventyr fortalte for Børn») մանկական պատմությունների ժողովածուում։
Սյուժեն փոխառնվել է Խուան Մանուելի՝ 1335 թվականին տպագրված «Կոմս Լուկանոր» գրքի առաջին մասում տպագրված նովելից։ Այդ փաստը նշված է Անդերսենի օրագրի մեջ, որտեղ նա Կարլ ֆոն Բյուլովի նովելների ժողովածուն հիշատակում է որպես այս պատմության աղբյուր։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավորը (բնագրում՝ կայսրը) շատ էր սիրում նոր զգեստներ հագնել և ամբողջ փողը հագուստի վրա էր ծախսում։ Նա վարձում է երկու խաբեբաների, որոնք խոստանում են թագավորի համար զգեստ կարել այնպիսի նուրբ կտորից, որ հիմարները չեն կարող տեսնել։ Որոշ ժամանակ անց խաբեբաները ջուլհակի դատարկ հաստոցից թագավորին են հանձնում «անտեսանելի զգեստը»։
Թագավորը և իր պալատականները նկատում են, որ իրենք չեն կարողանում տեսնել նոր զգեստը, բայց հիմար չթվալու համար վախենում են դա խոստովանել։ Այսպիսով, թագավորը քայլում է մերկ, և բոլորը հիանում են նրա հոյակապ նոր զգեստով։ Միայն մի փոքրիկ տղա է խաբեությունը մերկացնում՝ գոռալով մի նախադասություն, որը հետագայում դարձել է թևավոր․
«Թագավորը մե՜րկ է։» (դան․՝ «Men han har jo ikke noget paa.»)
Նմանատիպ պատմություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համանման, բայց ավելի ծավալուն սյուժե է հիշատակվում 14-րդ դարի ժողովրդական բանահյուսության դրական հերոս Թիլ Ուլենշպիգելի մասին հոլանդական ժողովրդական լեգենդներում։ Ըստ լեգենդի՝ հմուտ գեղանկարիչ Ուլենշպիգելը վարձվում է մի լանդգրաֆի կողմից, որպեսզի նկարի վերջինիս անվանի մերձավորներին։ Սակայն բոլոր այն մարդիկ, ում պետք է նկարեր և որոնք ունեին ֆիզիկական արատներ, Ուլենշպիգելին սպառնում են մահացու պատիժներով, եթե նա իրենց գեղեցկացված չնկարի, այն դեպքում, երբ լանդգրաֆն էլ իր հերթին խոստանում է Ուլենշպիգելին մահապատժի ենթարկել, եթե նա նույնիսկ մի փոքր խեղաթյուրի խմբային նկարը։ Արդյունքում Ուլենշպիգելը, 60 օր անցկացնելով խնջույքներում ու շքեղության մեջ և այդպես էլ ոչինչ չնկարելով, դիմում է մերկ թագավորի մասին հեքիաթից հայտնի խորամանկության։ Ուլենշպիգելն ասում է, որ նկարը կարող են տեսնել միայն ազնվազարմները։ Արդյունքում բոլորը ազնվազարմ պարոնները և տիկինները հիանում են դատարկ պատերով, իսկ Ուլենշպիգելին հաջողվում է իրեն տրված պարգևներով անհետանալ[2]։ Վերջում կատակը բացահայտվում է․ բոլորը, հասկանալով իրենց «հիմարությունը», հայտարարում են, որ ոչինչ չեն տեսնում, և այդ ժամանակ Ուլենշպիգելը գերադասում է վարվել հետևյալ կերպ․ «Երբ խոսում են հիմարները, խելացիներն ավելի լավ է թաքնվեն»։
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թագավորի նոր զգեստը (Յուրի Ժելյաբուժսկի, 1919)
- Das Kleid (ԳԴՀ, 1961)
- Թագավորի նոր զգեստը (ԱՄՆ, 1984)
- Թագավորի նոր զգեստը (ԱՄՆ/Իսրայել, 1987)
- Թագավորի նոր զգեստը (մուլտֆիլմ) (ԽՍՀՄ, 1990, տիկնիկային)
- Des Kaisers neue Kleider (չեխ․՝ Cisárové nové šaty, իսպ.՝ Los vestidos nuevos del emperador, ԳՖՀ/Չեխիա/Իսպանիա, 1992)
- Թագավորի նոր զգեստը (Císarovy nové saty, Չեխիա/Գերմանիա, 1994)
- The Emperor’s New Clothes (ԱՄՆ/Իտալիա, 2001)
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տղայի՝ թագավորի «զգեստը» բացահայտող «Թագավորը մե՜րկ է։» արտահայտությունը դարձել է թևավոր խոսք։ Այն օգտագործում են, երբ բացահայտվում է քննարկվող անձի կամ օբյեկտի ինչ-որ անդուրեկան կամ անհամապատասխան գործունեության բնույթը։
- Անգլերենում կա նույն ծագմամբ համանման դարձվածք՝ «The emperor has/wears no clothes»[3]։
- Պորտուգալերենում կա նույն ծագմամբ համանման դարձվածք՝ «O rei está nu e a rainha é louca» (Թագավորը մերկ է, իսկ թագուհին՝ խենթ։)[3]։
- Եվգենի Շվարցը գրական հեքիաթը վերափոխել է պիեսի, որտեղ խաբեբաները ներկայացված են որպես դրական կերպարներ[4]։
- Շախմատում թագավորին մերկ կամ միայնակ են անվանում, երբ նա ուրիշ ոչ մի խաղաքար չի ունենում։
- Հեքիաթը վերամշակվել է Լեոնիդ Ֆիլատովի կողմից[5]։
- Անդերսենի հայրենիքում՝ Օդենսեում, տեղադրվել է հեքիաթը պատկերող արձանախումբ։
- Մեջբերում «Երկնային դատարան» ռուսական սերիալի երկրորդ մասից․ «1334 թվականի փետրվարի 12։ Երկնային դատարանի մանկական սենյակ։ Քննվում է Խուան Ռամիրեսի գործը, որի վերջին արարքը եղել է "Թագավորը մե՜րկ է։" բացականչելը (Հեքիաթում դա տղայի համար լավ է վերջանում, իսկ իրականում երեխային մեղադրել են սրբերին ծաղրելու համար)»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://andersen.sdu.dk/vaerk/register/info.html?vid=17
- ↑ Легенда о Тиле Уленшпигеле
- ↑ 3,0 3,1 «Фразеологизмы современного английского языка»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-05-ին։ Վերցված է 2016-08-19
- ↑ Голый король
- ↑ ««Новое платье короля»»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-02-ին։ Վերցված է 2016-08-19
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пётр Вайль Сказки народов севера // Иностранная литература. — 1997. — № 12.