Լունա-8, կամ Ե-6 համար 12 (ռուս.՝ Луна 8), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը[2][3], որով նախատեսվում էր իրականացնել Լուսնի մակերևույթին փափուկ վայրէջք։ Արձակվել է 1965 թվականի դեկտեմբերի 3-ին Բայկոնուր տիեզերակայանից, Մոլնիա-Մ (8Կ78Մ)կրող հրթիռով։
Սա 11-րդ փափուկ վայրէջք կատարելու փորձն էր, որը համարյա ստացվեց։ Դեկտեմբերի 4-ին կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին առանց խնդիրների։ Արգելակման շարժիչների գործարկումից անմիջապես առաջ համաձայն Երկրից տրված հրամանի փչվեցին վայրէջքի կատարման համար նախատեսված բարձերը։ Բարձերից երկուսի կափարիչները դուրս թռան, որի արդյունքում արտաժայթքող օդի շիթերը առաջացրին կայանի պտույտ մոտ 12 աստիճան րոպեյում արագությամբ։ Կայանը կարողացավ ուղղել իր դիրքը և արգելակմանն շարժիչների աշխատանքը սկսեց ճշգրիտ, սակայն կարճ ժամանակ անց կայանը կրկին դարձավ ոչ կայուն թույլ չտալով ավարտել արգելակման գործընթացը։ Արդյունքում կայանը կոշտ վայրէջք կատարեց Մրրիկների օվկիանոսի արևմտյան մասում[1]։