Լունա 21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունա 21
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լավոչկինի անվ. բյուրո
Այլ нանվանումներԵ-8 համար 204
COSPAR ID[1] 1973-001A[1]
NSSDCA ID1973-001A
SCN06333
Գործարկման ամսաթիվ1973 հունվարի 8, 06:55:38 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՊրոտոն-Կ[1]
Աշխատանքի ավարտ1973 հունիսի 4
Զանգված5700 կգ[2]
Կայքlaspace.ru/rus/luna21.html

Լունա-21, կամ Ե-8 համար 204 (ռուս.՝ Луна 21), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Լուսնի մակերևույթին հասցնել ռոբոտացված ամենագնաց։ Արձակվել է 1973 թվականի հունվարի 8-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Առաքելության հաջող ավարտի արդյունքում Լուսնի մակերևույթ է իջեցվել Լունոխոդ-2 ռոբոտացված ամենագնացը, որը իր հերթին կատարել է Լուսնի հետազոտություններ ավելին քան 4 ամիս, և ճանապարհորդել Լուսնի մակերևույթով մոտ 42 կմ։

Լունա կայանը նրա վրա տեղադրված Լունոխոդով

Կայանի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լունա 21-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8։ Այն բաղկացած էր երկու մասերից՝ վայրէջքի հարթակից, և նրա վրա տեղադրված ռոբոտացված ամենագնացից։ Վայրէջքի հարթայի վրա նաև տեղադրված էին երկու թեքահարթակներ, Լունոխոդի մակերևույթ իջեցնելը ապահովելու համար։

Կայանի վրա տեղադրված սարքավորումներով կատարվել է մերձլուսնային տարածության, Լուսնի գրավիտացիոն դաշտի, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծության հետազոտություններ։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով նաև կատարվել են Լուսնի նկարահանումներ։

Լունոխոդ սարքը ուներ 836 կգ զանգված։ Նրա անիվներից ամեն մեկը կարող էր կառավարվել անկախ մյուսներից չորս արագություներով, երկու դեպի առաջ և երկու դեպի ետ։ Առավելագույն հնարավոր արագությունը կազմում էր 100 մ/ժ։ Ղեկավարող անձնակազմը գտնվում էր Երկրի վրա, և կազմված էր հինգ օպերատոր-վարորդներից, նրանք ստիպված էին վարել ամենագնացը 5 վայրկյան ուշացումով։ Ամենագնացի վրա տեղադրված գիտական սարքավորումները և շարժիչները սնվում էին արևային մարտկոցներով, որոնք տեղադրված էին բացվող ծածկի վրա, ինչպես նաև քիմիական մարտկոցներով։ Ի տարբերություն Լունոխոդ-1-ի, Լունոխոդ-2-ի վրա տեղադրված արսեն-գալիումային արևային մարտկոցներ, սիլիկատայինի փոխարեն, ինչպես նաև ավելացվել էր երրորդ տեսախցիկը, որը տեղակայված էր սարքի պատյանից դուրս մարդու աչքի բարձրության վրա։ Սա արվել էր ամենագնացի կառավարելիության բարելավման համար[3]։

Թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լունա 21» կայանը արձակվեց 1973 թվականի հունվարի 8-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր հունվարի 12-ին։ Երկու ուղեծրի կարգաբերումներից հետո հունվարի 15-ին ժամը 23:35-ին կայանը վայրէջք կատարեց Լուսնի Լեմոնյե խառնարանում։

Լունոխոդ-2-ը, լուսանկարվել է ամերիկյան ԼՌՕ կայանից 2010 թվականին

Վայրէջքից երեք ժամ անց, ժամը 01:14-ին ամենագնացը իջավ Լուսնի մակերևույթին։ Ամենագնացի կառուցվածքային բարելավումների հաշվին նրա շարժունակությունը զգալիորեն բարելավվել էր, միայն առաջին լուսնային օրվա ընթացքում այն արդեն անցել էր ավելի մեծ ճանապարհ, քան Լունոխոդ-1-ը 11 ամիսների ընթացքում։

Աշխատանքի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի մայիսի 9-ին ամենագնացը մտավ լուսնային փոշով ծածկված խառնարանի մեջ և նրա անիվները սկսեցին սահել։ Ամենագնացի վարորդին ի վերջո հաջողվեց դուրս բերել մեքենան խառնարանից հետադարձ ուղղությամբ։ Այս մանյովրի արդյունքում հետ բացված արևային մարտկոցներով ծածկը դիպավ խառնարանի եզրին և հավաքեց լուսնային փոշի, որը ծածկի փակման արդյունքում թափվեց Լունոխոդի գագաթին, ծածկելով հովացման համակարգի հովացման խողովակները։ Սա հանգեցրեց ամենագնացի լիցքավորման անհնարինությանը և հերմետիկ պատյանի տակ գտնվող սարքավորումների գերտաքացմանը։ Այս ամենի արդյունքում Լունոխոդ-2-ի հետ կապն ընդհատվեց, և հետագա կապ հաստատելու փորձերը չհաջողվեցին։

Հունիսի 3 ԽՍՀՄ ՏԱՍՍ գործակալությունը հայտարարեց, որ Լունոխոդ-2-ի առաքելությունը ավարտվել է։

Մինչ աշխատանքների ավարտը ամենագնացը հաջողությամբ փոխանցել էր 80,000 հեռուստալուսանկարներ, 86 համայնապատկերային լուսանկարներ և կատարել էր Լուսնի մակերևույթի հարյուրավոր մեխանիկական և քիմիական հետազոտություններ։

Ներկայիս սեփականությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի դեկտեմբերին Լունա 21-ը և Լունոխոդ-2-ը գտնվելով Լուսնի վրա, վաճառվել են Սոթբիս աճուրդում Լավոչկինի անվ. ԳԱՄ-ի կողմից 1993 թվականի դեկտեմբերին։ Գնորդն էր աստղագնացի որդի Ռիչարդ Գարիոթը, գործարքի արժեքը կազմել էր 68 500 ԱՄՆ դոլլար[4][5], ով հետագայում, 2008 թվականի հոկտեմբերին ռուսական Սոյուզ ՏՄԱ-13-ով կատարեց թռիչք դեպի Միջազգային տիեզերական կայան տիեզերական զբոսաշրջիկի կարգավիճակով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Luna 21». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
  2. 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. Маров М. Я., Хантресс У. Т. (2013). Советские роботы в Солнечной системе: Технологии и открытия. М: Физматлит. էջ 612. ISBN 978-5-9221-1427-1.
  4. Джефри Клюгер «Соцлагерь с молотка» Արխիվացված 2017-09-24 Wayback Machine // журнал Discover, апрель 1994(անգլ.)
  5. After 17 Years, a Glimpse of a Lunar Purchase Արխիվացված 2018-01-17 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]