Լուիշ դի Կամոենս
Լուիշ դի Կամոենս պորտ.՝ Luís Vaz de Camões | |
---|---|
Ծննդյան անուն | Luís Vaz de Camões |
Ծնվել է | դեկտեմբեր 1524[1] կամ հունվար 1525[1] |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա[1] |
Վախճանվել է | հունիսի 10, 1580[2][1][3] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Լիսաբոն, Պորտուգալիա[1] |
Գերեզման | Ժերոնիմուշ |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող և ռազմական գործիչ |
Լեզու | պորտուգալերեն և իսպաներեն |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Կրթություն | Կոիմբրի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Լուզական |
Ազգականներ | Vasco Pires de Camões? |
Ներշնչվել է
| |
Luís de Camões Վիքիպահեստում |
Լուիշ դի Կամոենս (պորտ.՝ Luís Vaz de Camões, դեկտեմբեր 1524[1] կամ հունվար 1525[1], Լիսաբոն, Պորտուգալիա[1] - հունիսի 10, 1580[2][1][3], Լիսաբոն, Պորտուգալիա[1]), պորտուգալացի բանաստեղծ, պորտուգալական Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչ։ Բանաստեղծական բարձր արվեստի համար նրան համեմատում են Շեքսպիրի, Վոնդելի, Հոմերոսի, Վիրգիլիուսի, Դանթեի հետ։ Բազմաթիվ քնարական բանաստեղծությունների, թատերգությունների հեղինակ է, բայց փառաբանվել ու փառաբանվում է հատկապես իր,,Լուզական,, էպիկական պոեմի համար։ Այդ գլուխգործոցի ազդեցությունն այնքան մեծ է, որ պորտուգալերենը երբեմն անվանում են,,Կամոենսի լեզու,,։
Կամոենսին համաշխարհային հռչակ բերած «Լուզական» (1572) էպիկական պոեմը այդպես է կոչվել ի պատիվ դիցաբանական Լուզի, որից, առասպելի համաձայն, սերում են պորտուգալացիները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամոենսի ապրած կյանքի մասին քիչ բան է հայտնի։ Ենթադրվում է, որ նա ծնվել է մոտավորապես 1524 թվականին։ Որպես բանաստեղծի ծննդավայր ենթադրաբար նշվում են չորս տարբեր բնակավայրեր՝ Լիսաբոնը, Կոիմբրան, Ալենքերը, Կոնստանցիան։
Կամոենսը ծնվել է մի ընտանիքում, որ ծագումով Հյուսիսային Պորտուգալիայից՝ Գալիցիային մերձակա Չավես տարածաշրջանից էր։ Նա Շիմաո վաժ դե Կամոենսի և Անա դե Սյա դե Մասեդոյի միակ զավակն է եղել։ Երբ տղան դեռ շատ փոքր էր, հայրը հարստություն գտնելու հույսով մեկնել է Հնդկաստան, բայց իր մահն է գտել այնտեղ։ Մայրը ամուսնացել է երկրորդ անգամ։
Տղան ունեցել է կիսաարտոնյալ վիճակ, կրթվել դոմինիկյան, ապա՝ ճիզվիտ վանականների մոտ, ընտանեկան կապերի շնորհիվ ընդունվել և որոշ ժամանակ սովորել Կոիմբրայի համալսարանում (նրա հորեղբայրը՝ Բենիտու դե Կամոենսը, վանահայր էր Սանտա Կրուսում և միաժամանակ՝ Կոիմբրայի համալսարանի վարիչը, բնագրով կարդացել էր հին հույն և հռոմեացի դասական գրողների երկերը, բանաստեղծություններ էր գրում իսպաներեն)։
Կամոենսի սիրային բանաստեղծություններից կարելի է հետևություն անել, որ նա ռոմանտիկ էր և իդեալիստ։ Խոսակցություններ կան, որ նա սիրահարված է եղել թագուհու մերձավոր իշխանուհիներից Կատերինե Աթաիդացուն, ինչպես նաև՝ Պորտուգալիայի արքա Ժուան Երրորդի քրոջը՝ իշխանուհի Մարիային և իր այդ հանդգնության համար բախվելով պալատական խարդավանքների՝ վտարվել է Լիսաբոնից։ Արտաքսված բանաստեղծը գնացել է Ռաբատեխո, որտեղ ընկերները ապաստան են տվել նրան, կերակրել, պահել մոտավորապես կես տարի։
Այնուհետև կամավորագրվել է անդրծովյան միլիցիային, 1549 թվականի աշնանը մեկնել Սեուտա, որտեղ մավրերի դեմ կռվում կորցրել է աջ աչքը։ 1951 թվականին, արդեն լիովին փոխված մարդ դարձած, վերադարձել է Լիսաբոն և սկսել է բոհեմական կյանք վարել։ 1552 թվականին Լարգո դու Ռոսիուում եկեղեցական մի տոնախմբության ժամանակ մենամարտի է հրավիրել և վիրավորել բարձրաստիճան պալատական Գոնսալո Բորժեշին, որի համար բանտ է նետվել։ Նրան բանտից ազատելու նպատակով մայրը խնդրանքներով դիմել է արքայի նախարարներին, Բորժեշ ընտանիքին։ Ընդառաջել են՝ պայմանով, որ Կամոենսը որպես տուգանք վճարի 4000 ռեիշ և միլիցիայի կազմում երեք տարի ծառայի Արևելքում։
1553 թվականին, վեց ամիս տևած նավարկությունից հետո, հասել է Հնդկաստանի Գոա նավահանգիստը, որը, նրա խոսքով՝ «խորթ մայր էր դարձել ազնիվ մարդկանց համար»։ Այստեղ նրան դարձյալ բանտ են նետել պարտքերի համար։ Այդուհանդերձ, Կամոենսը հաջողեցրել է ուսումնասիրել տեղի բարքերը, ծանոթանալ պատմությանը։ Մասնակցել է Մալաբար ծովածոցի մոտ տեղի ունեցած մարտին։ Մարտերից ու ծառայությունից ազատ ժամերին աշխատում էր «Լուզական»-ի վրա, իր անգրագետ նավընկերների խնդրանքով նամակներ էր գրում։
Պարտադրված ծառայության ավարտին Կամոենսին նշանակել են Մակաուում գլխավոր լիազոր սպա, որի պարտականությունն էր ըստ հարկի տնօրինել Արևելքում կորած կամ ծանր հիվանդ զինվորների ունեցվածքը։ Որոշ ժամանակ անց նրան մեղադրել են չարաշահումների մեջ, և նա մեղադրանքներին պատասխանելու համար մեկնել է Գոա։ Վերադարձին նրան բերող նավը Կամբոջայի ափերի մոտ՝ Մեկոնգի գետաբերանի մերձակայքում խորտակվել է։ Նավաբեկության ժամանակ Կամոենսր կորցրել է չինուհի սիրուհուն, բայց գերագույն ճիգերի գնով կարողացել է փրկել իր՝ դեռևս անավարտ մեծ պոեմի ձեռագիրը /բանն այն է, որ նա ստիպված էր մի ձեռքով լողալով ափ հասնել, քանի որ մյուս ձեռքով՝ ջրից վեր պահել էր իր ձեռագիր մատյանը/:
1570 թվականին Կամոենսը վերջապես վերադարձել է Լիսաբոն, ավարտի հասցրել պոեմը, զգալի ջանքեր գործադրել արքայի մեկենասությունն ու իր մեծ ստեղծագործության հրատարակումն ապահովելու համար։ 1572 թվականին,,Լուզական,,-ը վերջապես լուս է տեսել, և նրա հեղինակը հռչակվել է իբերական ամենանշանավոր բանաստեղծներից մեկը։ Անհայտ է՝ պոեմի՝ թե՝ Հեռավոր արևելքում Կամոենսի մարտական ծառայությունների համար նրան շնորհվել է արքայական մի ոչ մեծ կենսաթոշակ, որը քառակի փոքր էր հյուսնի միջին վաստակից։
1578 թվականին Ալկասարի ճակատամարտում պորտուգալական բանակը ծանր պարտություն կրեց, մարտում զոհվեց նաև Սեբաստիան թագավորը /իշխել է 1557-1578 թթ./: Կաստիլիական զորքերը գրեթե անարգել մոտենում էին Լիսաբոնին։ Այդ ճակատագրական պահին Կամոենսը գրեց գեներալ Լամեգոյին.,,Թող բոլորը տեսնեն, որ հայրենիքս ինձ համար այնքան թանկ է, որ ես պատրաստ եմ գոհունակությամբ մեռնել ոչ միայն նրա հողում, այլև նրա սուրբ հողի համար,,։
Կամոենսը զոհվեց 1580 թվականին, 56 տարեկան հասակում։ Նրա մահվան օրը՝ հունիսի 10-ը ամբողջ Պորտուգալիայում առ այսօր նշվում է որպես հիշատակման ազգային օր։ Մեծ բանաստեղծը թաղվել է Սուրբ Ժերոնիմո վանքի գերեզմանատանը՝ Վասկո դա Գամայի շիրմի մոտ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Adamson. Memoirs of the life and writings of Luis de Camoens (Лонд.)
- A. F. de Castilho. Camões, Estudo histórico-poético (Лиссаб., 1863)
- J. M. Latino Coelho. Luiz de Camões (Лиссаб., 1880)
- С. Castello Branco. Luiz de Camões (Порто-э-Брага, 1880)
- Garett. Memórias Biográphicas. (Лисс., 1881—1884)
- С. v. Reinhardstoettner. L. von С. (Лпц., 1877)
- Th. Braga. Bibliographia Camoniana (Лиссаб., 1880)
- Clovis Lamarre. Camoens et les Lusiades (П., 1878)
- Burton. Camoens, his Life and the Lusiades (1886)
- Loiseau. Histoire de la littérature portugaise (1886)
- Wilhelm Storck. Luis de Camoens Leben (Петерб., 1890)
- Жуковский В. А. Сочинения в трёх томах. — М.։ Худ. литература, 1980. (Т. 2. — драматическая поэма «Камоэнс»)
- Камоэнс в русской литературе։ Писатели о писателях / Сост. и автор вступ. ст. Т. В. Балашова; Отв. ред. Ю. Г. Фридштейн. — М.։ Рудомино, 2002. — 245 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Плавскин З. И. Камоэнс // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 3.
- ↑ 2,0 2,1 2,2 Catholic Encyclopedia — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 E. Pr. Camoens, Luis Vaz de // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 5. — P. 115—119.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիշ դի Կամոենս» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 208)։ |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- 1524 ծնունդներ
- 1525 ծնունդներ
- Լիսաբոն քաղաքում ծնվածներ
- Հունիսի 10 մահեր
- 1580 մահեր
- Լիսաբոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Պորտուգալացի բանաստեղծներ
- Պորտուգալացի գրողներ
- Պորտուգալացի դրամատուրգներ
- Ռազմական գործիչներ