Լուիզա Կատերինա Բրեսլաու
Լուիզա Կատերինա Բրեսլաու | |
---|---|
Ի ծնե | գերմ.՝ Maria Luise Katharina Breslau |
Ծնվել է | դեկտեմբերի 6, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական միություն |
Վախճանվել է | մայիսի 12, 1927[1][4][5][…] (70 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6][7] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա և Գերմանիա |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր, նատյուրմորտ և իմպրեսիոնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Chez soi, Հենրի Դևիսոն, Gamines (Երեխաներ), Portrait de Jean Carriès dans son atelier?, Self-portrait?, Ընկերուհիների դիմանկար, Self-portrait?, Tea at Five (Contre-jour)?, Selfportrait (1886), Louise Catherine Breslau? և Under the lamp (Breslau)? |
Ուսուցիչ | Էդուարդ Պֆայֆեր |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Մադլեն Ցիլլհարդ |
ստորագրություն | |
Louise-Catherine Breslau Վիքիպահեստում |
Լուիզա Կատերինա Բրեսլաու (ֆր.՝ Louise Catherine Breslau, ծննդյամբ՝ Մարիա Լուիզա Կատերինա Բրեսլաու, դեկտեմբերի 6, 1856[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական միություն - մայիսի 12, 1927[1][4][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6][7]), գերմանական ծագումով շվեյցարացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզան մանկությունն անցկացրել է Ցյուրիխում, ապա տեղափոխվել է Փարիզ։ Նա ամբողջ կյանքում տառապել է ասթմայից։ Նկարել է մանկուց՝ գամված լինելով անկողնուն։ Լինելով իր ժամանակի ամենահայտնի դիմանկարիչներից մեկը՝ մահից հետո գրեթե մոռացության է մատնվել։
Լուիզա Բրեսլաուն ծնվել է ունևոր ծնողների ընտանիքում։ Լուիզայի հայրը հայտնի գինեկոլոգ է եղել։ 1858 թվականին դարձել է Ցյուրիխի համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ և պրոֆեսոր։ Շվեյցարիան դարձել է Բրեսլաու ընտանիքի տունը։ 1866 թվականին պրոֆեսոր Բրեսլաուն անսպասելիորեն մահացել է ստաֆիլոկոկային վարակից՝ վարակվելով դիահերձման ժամանակ։
Հոր մահից հետո Լուիզային ուղարկել են սովորելու Բոդենի լճի աղջիկների դպրոցում՝ հույս ունենալով, որ դա կթեթևացնի նրա ասթման։ Ենթադրվում է, որ աղջիկների դպրոցում երկար մնալն է արթնացրել նրա տաղանդը։ 19-րդ դարի վերջում ունևոր ընտանիքի երիտասարդ աղջկա համար տնային կրթությունը հարմար է համարվել, այդ թվում՝ նկարելն ու դաշնամուր նվագելը։ Այդ պարապմունքները խրախուսվում և պատշաճ էին համարվում նրա համար՝ որպես արժանի կնոջ և ընտանիքի մոր։ Մասնագիտական կարիերան հազվադեպ երևույթ է եղել և հաճախ հետապնդվել է։ Լուիզան նկարչության դասեր է ստացել շվեյցարացի նկարիչ Էդուարդ Պֆայֆերից (1836-1899) և մինչև 1874 թվականը եկել այն եզրակացության, որ պետք է հեռանա Շվեյցարիայից, եթե ցանկացել է իրականացնել իրական նկարիչ դառնալու իր երազանքը։ Այն սակավաթիվ ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ կանայք կարող էին սովորել այդ ժամանակ, Փարիզի Ժյուլիանի ակադեմիան էր։
Ակադեմիայում Բրեսլաուն արժանացել է ուսուցիչների ուշադրությանը և նախանձ է առաջացրել որոշ դասընկերների, օրինակ՝ Մարիա Բաշկիրցևայի մոտ։ 1879 թվականին Լուիզան Ժյուլիանի ակադեմիայի միակ ուսանողն է եղել, ում թույլատրվել է դեբյուտով հանդես գալու Փարիզյան սալոնում։ Շուտով Բրեսլաուն փոխել է անունը՝ դառնալով Լուիզա Կատերինա, բացել է իր սեփական արվեստանոցը և դարձել ամենամյա Սալոնի մշտական մասնակիցն ու մեդալակիրը։ Հաջողությունը և քննադատների բարենպաստ ակնարկները նրա համար ապահովել են բազմաթիվ պատվերներ ունևոր փարիզեցիներից։ Հետագայում նա դարձել է երրորդ կինը և առաջին օտարերկրացին, ով արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի։ Ժամանակի ընթացքում Լուիզան ճանաչում է ստացել այնպիսի հայտնի դեմքերից, ինչպիսիք են Էդգար Դեգան և Անատոլ Ֆրանսը (հայտնի է գրողի դիմանկարը)։
Լուիզայի կյանքում մեծ դեր է խաղացել Մադլեն Ցիլլհարդը, ում հետ ապրել են շուրջ քառասուն տարի։ Մադլենը՝ Լուիզայի դասընկերուհին, դարձել է նրա մուսան, մոդելը և այլն։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Բրեսլաուն և Ցիլլհարդը շարունակել են ապրել Փարիզի արվարձաններում գտնվող իրենց տանը։ Չնայած իր գերմանական ծագմանը, Բրեսլաուն հավատարիմ է մնացել Ֆրանսիային, նկարել է ճակատ մեկնող ֆրանսիացի զինվորների բազմաթիվ դիմանկարներ։ Պատերազմից հետո Բրեսլաուն հեռացել է հանրային կյանքից՝ շարունակելով նկարել իր այգում ծաղիկների նատյուրմորտներ։
Լուիզա Բրեսլաուն մահացել է 1927 թվականին՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո։ Նրա կարողության մեծ մասը ժառանգել է Մադլեն Ցիլլհարդը։ Բրեսլաուն թաղված է մոր կողքին՝ Բադեն (Շվեյցարիա) փոքրիկ քաղաքում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարչի անունով է կոչվում 1912 թվականին ֆրանսիացի սելեկցիոներ Ժոզեֆ Պեռնե-Դուշեի կողմից բուծված «Լուիզա Կատերինա Բրեսլաու» վարդի տեսակը[8],
- Լուիզա Բրեսլաուի և Մադլեն Ցիլլհարդի անունով է կոչվում Փարիզի վեցերորդ օկրուգում գտնվող PlaceLouise-Catherine-Breslau-et-Madeleine-Zillhardt հրապարակը[9],
- Բրեսլաուի անունով է կոչվում «Լուիզա Կատերինա» լաստանավը Փարիզում։ 1928 թվականին Մադլեն Ցիլլհարդը, Singer ընկերության ժառանգորդուհի Վինարետա Զինգերի աջակցությամբ, գնել է լաստանավը և այն հանձնել Փրկության բանակին՝ որպես անօթևանների ապաստարան։ Ճարտարապետ Լե Կորբյուզիեն վերանախագծել է նավը 1929 թվականին՝ ստեղծելով երեք ննջասենյակներ՝ 160 մահճակալներով, ճաշարաններ, բաղնիքներ, զուգարաններ և անձնակազմի սենյակներ։ Լե Կորբյուզիեի մտահղացման համաձայն՝ ենթադրվել է, որ լաստանավը ձմռանը կհանգրվաներ Լուվրի դիմաց՝ որպես անօթևանների ապաստարան, իսկ ամռանը այն կօգտագործվեր որպես լողացող մանկական ճամբար։ 2018 թվականի փետրվարին Սեն գետի ջրհեղեղի ժամանակ լաստանավը խորտակվել է և առաջիկայում նախատեսվում է այն բարձրացնել և վերականգնել[10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քանդակագործ Ժան Կարիեսը
ստուդիայում -
Մտերմություն (Լուիզա Կատերինա Բրեսլաուի մայրը և քույրը)
-
Հարդարվելիս (Մադլեն Զիլլհարդ)
-
Ընթերցողը
-
Լուիզա Կատերինա Բրեսլաուն իր ստուդիայում
-
Լուիզա Կատերինա Բրեսլաուի «La Vie Pensive» գծանկարը Մադլեն Զիլհարդի հետ
-
«Gamines»-ը, որը գնել է Ֆրանսիայի կառավարությունը 1890 թվականին:
-
'Paresse matinale' («Առավոտյան ծուլություն»)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Krüger, Anne-Catherine. Die Malerin Louise Catherine Breslau 1856–1927. Diss. U. Hamburg, 1988. Biographie u. Werkanalyse zur Erlangung der Würde des Doktors der Philosophie der Universität Hamburg. Hamburg, 1988.
- Weisberg, Gabriel P and Jane R. Becker, editors. Overcoming All Obstacles. The Women of the Académie Julian. The Dahesh Museum of Art, New York, New York and Rutgers University Press, New Brunswick, New Jersey, 1999.
- Zillhardt, Madeleine. Louise Breslau und Ihre Freunde. Editions des Portiques 1932. In's Deutsche übertragen von Ernst v. Bressensdorf. Starnberg, 1979.
- Zillhardt, Madeline. Louise Catherine Breslau et ses amis. Paris: Éditions des Portiques, 1932.
- Becker, Jane R. “Nothing Like a Rival to Spur One On: Marie Bashkirtseff and Louise Breslau at the Académie Julian.” In Overcoming All Obstacles: The Women of the Académie Julian, edited by Gabriel P. Weisberg and Jane R. Becker, 69-113. New Brunswick, NJ: Rutgers University Press, 1999.
- Lepdor, Catherine, Anne-Catherine Krüger, and Gabriel P. Weisberg. Louise Breslau: de l'impressionnisme aux années folles. Lausanne: Musée cantonal des beaux-arts de Lausanne, 2001.
- Laurence Madeline ; with Bridget Alsdorf, Richard Kendall, Jane R. Becker, Vibeke Waallann Hansen, Joëlle Bolloch "Women artists in Paris, 1850-1900" New Haven, Connecticut : Yale University Press, 2017
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Marie Louise Catherine Breslau (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Marie Louise Catherine Breslau — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Marie Louise Catherine Breslau (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Louise Catherine Breslau — 2006.
- ↑ 6,0 6,1 6,2 http://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjAtMDQtMzAiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjY2MTg5O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=130%2C-577&uielem_rotate=F&uielem_islocked=0&uielem_zoom=150
- ↑ 7,0 7,1 7,2 մահվան վկայական
- ↑ «Роза Луиза Катерина Бреслау».
- ↑ «Délibération». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 30-ին.
- ↑ Кэтрин МакГрат (2018 թ․ փետրվարի 21). ««Баржа, отремонтированная Ле Корбюзье, трагически затонула в Париже на прошлой неделе»».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Կատերինա Բրեսլաու» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 6 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Մյունխեն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 12 մահեր
- 1927 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Շվեյցարացի նկարչուհիներ
- Գերմանացի դիմանկարիչներ
- Լեսբուհի արվեստագետներ
- Ֆրանսիացի իմպրեսիոնիստներ
- Գերմանացի նկարչուհիներ
- Գերմանիայի հրեաներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ
- Շվեյցարացի արվեստագետներ
- Կին արվեստագետներ
- ԼԳԲՏ արվեստագետներ
- Հրեա նկարչուհիներ