Լյուքսո կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուքսո կրտսեր
անգլ.՝ Luxo Jr.
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն[1] և ընտանեկան ֆիլմ[1]
ՌեժիսորՋոն Լեսսետեր
ՍցենարիստՋոն Լեսսետեր
ՊրոդյուսերՋոն Լեսսետեր և William Reeves?
ԵրաժշտությունՉիկ Կորեա
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորՊիքսար և Դիսնեյ+
Տևողություն2 րոպե
Թվական1986
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
MPAA վարկանիշG
pixar.com/luxo-jr

Լյուքսո կրտսեր (անգլ.՝ Luxo Jr.), կարճամետրաժ մուլտֆիլմ՝ ստեղծված «Pixar» ընկերությունում 1986 թվականին։ Ֆիլմը անիմատոր Ջոն Լասետերի ռեժիսորական առաջնելույթն է։ Մուլտֆիլմում ներկայացված է երկու սեղանի լամպ՝ մեկը մյուսից մեծ։ Փոքր լամպը՝ Լյուքսո կրտսերը, խաղում է ռետինե խաղալիք գնդակով, իսկ մեծը՝ Լյուսքոն, հետևում է խաղին։ Ավելի ուշ մուլտֆիլմը դարձել է «Pixar»-ի խորհրդանիշը։

Մուլֆիլմի ստեղծումը սկսվել է բիզնեսմեն Սթիվ Ջոբսի՝ «Pixar»-ի գնումից հետո։ Մուլտֆիլմը պետք է ամբողջ աշխարհին ցույց տար երիտասարդ ընկերության հնարավորություններն ու ներուժը։ Այդ պատճառով Լասսետերը որոշեց ստեղծել փոքրիկ մուլտֆիլմ երկու լամպերի մասին։ Նրանց տեսքը հիմնված էր «Luxo L1» մոդելի սեղանային լամպերի վրա, որոնցից մեկը դրված էր ռեժիսորի աշխատանքային սեղանին։

«Լյուքսո կրտսեր» մուլտֆիլմն առաջին անգամ ներկայացվել է 1986 թվականին SIGGRAPH կոնֆերանսում[2]։ Ցուցադրությունից հետո այն մեծ տպավորություն է թողել համակարգչային գրաֆիկայի արտադրության մասնագետների վրա։ Նույն տարում այն ներկայացվել է «Օսկարի»՝ «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ Այս մուլտֆիլմն առաջին համակարգչային անիմացիոն ֆիլմն է, որը ներկայացվել է բարձրագույն կինոմրցանակի։ 2014 թվականի դեկտեմբերին «Լյուքսո կրտսեր» մուլտֆիլմն ընդգրկվել է ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային ցուցակում՝ ունենալով մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակություն[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճամետրաժ ֆիլմում Լյուքսո անունով փոքր լամպը խաղում է փոքր գնդակով[3]։ Խաղին հետևում է Լյուքսո ավագը։ Լյուքսո կրտսերը, ռետինե գնդակով խաղալով, որոշում է ցատկել նրա վրա, բայց լամպի ծանրության տակ խաղալիքը պայթում է։ Նա հուսահատված և վշտացած հեռանում է մեծ լամպից։ Բայց մի քանի վայրկյան անց փոքր Լյուքսոն վերադառնում է մեկ այլ, ավելի մեծ գնդակով և շարունակում գլորել այն սեղանի վրայով[4]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի ռեժիսոր Ջոն Լասսետերը

Մուլտֆիլմը ստեղծվել է 1986 թվականին այդ ժամանակ երիտասարդ «Pixar» ընկերությունում։ Ընկերության շատ աշխատակիցներ, այդ թվում՝ նաև ռեժիսոր Ջոն Լասսետերը աշխատում էին «Lucasfilm The Graphics Group» բաժնեհատվածում, որը զբաղվում էր լիամետրաժ ֆիլմերի համար համակարգչային անիմացիաներ ստեղծելով։ Թեև Էլվի Ռեյ Սմիթի գլխավորած խումբը կարողացել էր ստեղծել կարճամետրաժ «Անդրեի և մեղու Ուոլլի արկածները» մուլտֆիլմը, բայց ընկերությունն ուզում էր թողարկել այնպիսի ֆիլմ, որն ամբողջովին ստեղծված կլիներ համակարգչով[2]։ «Lucasfilm»-ի տեր Ջորջ Լուկասը մեծ ծախսերի պատճառով հետաքրքրված չէր այս ծրագրով։ Բացի այդ, ընկերությունը ֆինանսական խնդիրներ ուներ 1983 թվականին Լուկասի և կնոջ ամուսնալուծությունից հետո[2]։ «Lucasfilm»-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում ընդունեց կրճատել ծախսերը և վաճառել իր բաժնեհատվածը 30 միլիոն դոլարով։ Միակ գնորդը բիզնեսմեն և «Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսն էր, որը քույր ձեռնարկության համար առաջարկեց ընդամենը 5 միլիոն դոլար[5]։ Ռեժիսորը համաձայնվեց գնորդի պայմանների հետ և 1986 թվականի հունվարին վաճառեց ընկերությունը[6]։ Գնումից հետո «The Graphics Group»-ը վերանվանվեց «Pixar»[7]։

Ի սկզբանե Սթիվ Ջոբսը պլանավորել էր, որ «Pixar»-ը կզբաղվի համակարգիչների արտադրությամբ և անիմացիաների համար ծրագրային ապահովմամբ։ Մուլտֆիլմերը նրանք դիտարկում էին որպես տեխնիկայի հնարավորությունների ցուցադրման կողմնակի արդյունք։ Հենց այս նպատակով Ջոն Լասսետերը որոշեց ստեղծել կարճամետրաժ ֆիլմ[6]։ Աշխատանքային սեղանի վրա դրված լամպը տեսնելով և այն շարժելով՝ ռեժիսորը ցանկացավ երկու լամպերին մուլտֆիլմ ձոնել և նրանց կոչեց Լյուքսո[8]։ Կերպարներին էմոցիաներ հաղորդելու համար օգտագործվեցին անիմացիաների 12 սկզբունքները, որոնք նկարագրված են «Կյանքի պատրանք․ Դիսնեյի անիմացիա» (անգլ.՝ «The Illusion of Life: Disney Animation») գրքում։ Լասսետերից բացի, թիմում աշխատում էին անիմատորներ Ուիլյամ Ռիվսը և Էբեն Օստբին, որոնք օգնում էին ռեժիսորին լամպերի համակարգչային մոդելների ստեղծման գործում[8]։

Սկզբում նախատեսվում էր ստեղծել առանց սյուժետային գծի ֆիլմ[4]։ Բրյուսելում կայացած անիմացիաների փառատոնում, որտեղ ցուցադրվեցին մուլտֆիլմի նախնական աշխատանքները, Լասսետերին մոտեցավ բելգիացի անիմատոր Ռաուլ Սերվեն և երիտասարդ ռեժիսորին ասաց, որ ֆիլմում, անկախ նրա տևողությունից, պետք է սյուժե լինի[7]։ Չնայած «Pixar»-ի աշխատակիցը դեմ էր այս մտքին, բայց հետո հաշվի նստեց փորձառու անիմատորի կարծիքի հետ[3]։ Կերպարների բնավորությունների ստեղծման համար «Pixar»-ում ոգեշնչվեցին «Tony de Peltrie» մուլտֆիլմով, որը ցուցադրվել է 1985 թվականին «SIGGRAPH»-ի կոնֆերանսում։ Մուլտֆիլմում պատկերված էր դաշնակահար, որը, հասարակությանը զվարճացնելով, հիշում էր իր լավագույն օրերը[7]։

Մուլտֆիլմում ցուցադրվում է ստվերների խաղը, որն առաջանում է երկու լամպերի լույսից։ Բոլոր օբյեկտների մակերևույթները հաշվարկվել են «RenderMan» հատուկ ծրագրով` մակերևույթների շեյդերների հիմքով[8]։ Բայց մշակման ժամկետի և չնչին բյուջեի պատճառով Լասսետերը ստիպված եղավ չստեղծել հատուկ հետին ֆոն` այն թողնելով սև, և կարիք չեղավ փոխելու լուսանկարչական ապարատների ռակուրսները[7]։ Կերպարները չհնչյունավորվեցին, բայց ռեժիսորը որոշեց «մարդկայնացնել» նրանց՝ փոքր սյուժեին ուրախության և տխրության զգացմունքներ ավելացնելով[6]։ Երաժշտական ուղեկցության համար օգտագործվեցին բրիտանացի կոմպոզիտոր Բրայան Բեննետի «BRD 17» ալբոմի մեղեդիները[7]։

Կարճամետրաժ ֆիլմը ժամանակին հանձնելու համար ռեժիսորը տեխնիկական տնօրեն Էդ Քեթմելի հետ օրեր շարունակ անցկացնում էր «Pixar»-ի գրասենյակում[4]։ Աշխատավայրը չլքելու նպատակով նրանք քնում էին հենց աշխատանքային սեղանների տակ՝ ներքնակների վրա, իսկ հանգստից կամ քնից հետո շարունակում էին աշխատել։

Պրեմիերա և ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լյուքսո կրտսեր» մուլտֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1986 թվականի օգոստոսի 17-ին SIGGRAPH-ի կոնֆերանսում, որտեղ էլ հանդիսատեսի վրա մեծ տպավորություն է թողել[2]։ Դեվիդ Պրայսը «Pixar-ի կախարդություն» գրքում գրում է, որ ֆիլմի դիտման ժամանակ հանդիսատեսը մոռացել էր, որ դիտում է համակարգչով ստեղծված պատկեր[7]։ Առանձնահատուկ գովեստի են արժանացել լամպերի հաղորդած ֆոտոռեալիզմը և էմոցիաները[7]։ Կոնֆերանսից հետո Լասսետերին է մոտեցել ՆԱՍԱ-յի աշխատակից Ջիմ Բլիննը և հարցրել, թե ով է մեծ լամպը Լյուքսո կրտսերի համար՝ հայրը, թե մայրը։ Ռեժիսորը, իրեն տրված հարցից զարմացած, պատասխանել է, որ Լյուքսո կրտսերի համար Լյուքսո ավագը, այնուամենայնիվ, հայր է[7]։ Կերպարների զգացմունքները, որոնք նկարագրված են Դիսնեյի գրքերում, Լասսետերը հաջողությամբ փոխանցել է։ Էդ Կետմելլը «Computer Animation: A Whole New World» գրքում գրել է, որ մեծ ընկերությունները նախքան «Լյուքսո կրտսեր» և ուրիշ համակարգչային մուլտֆիլմերի թողարկումը վախենում էին իրենց նախագծերում օգտագործել համակարգչային գրաֆիկա, քանի որ այնտեղ աշխատող անիմատորները վախենում էին աշխատանքից հեռացումից։ «Pixar»-ի կարճամետրաժ ֆիլմի թողարկումը բեկումնային էր անիմացիաների պատմության մեջ։

Մուլտֆիլմը ներկայացվել է նաև «Օսկար» մրցանակի[9]։ Թեև այն չի արժանացել մրցանակի, սակայն հենց առաջադրումը ոգեշնչել է «Pixar»-ի աշխատակիցներին և, մասնավորապես, տնօրեն Սթիվ Ջոբսին[6]։ Թողարկումից հետո Լասսետերը շարունակել է նկարահանել կարճամետրաժ մուլտֆիլմեր, իսկ «Լյուքսո կրտսեր» մուլտֆիլմը երիտասարդ ընկերության համար դարձել է խորհրդանիշ։ Կերպարը բազմիցս հայտնվել է նաև «Disney» և «Pixar» ընկերությունների այլ ֆիլմերում[4]։

1999 թվականին մուլտֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում՝ «Խաղալիքների պատմություն 2» մուլտֆիլմից առաջ[10]։ Կարճամետրաժ մուլտֆիլմը ներառվել է «Tiny Toy Stories» և «Pixar Short Films Collection, Volume 1» հավաքածուներում[11][12]։ Մուլտֆիլմից որոշ հատվածներ օգտագործվել են նաև «Մանկական ժամ» ծրագրի սկզբնական դրվագում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Янг Дж. С., Саймон В. Л. іКона. Стив Джобс = iCon. Steve Jobs. — М.: Эксмо, 2007. — С. 115-116; 121-122. — 448 с. — ISBN 978-5-699-21035-0
  3. 3,0 3,1 3,2 «New Films Added to National Registry» (անգլերեն). Library of Congress. 17 декабря 2014. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 ««Pixar»'s Luxo Jr» (անգլերեն). Computer History Museum. 2013. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  5. ««Pixar» Founding Documents» (անգլերեն). Alvyray.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Айзексон У. Стив Джобс = Steve Jobs: A Biography. — М.: Астрель, 2012. — С. 161-165. — 688 с. — ISBN 978-5-271-39378-5
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Прайс Д. Корпорация «Pixar» // Магия «Pixar» = The «Pixar» Touch. — М.: Манн, Иванов и Фербер, 2012. — С. 105-110. — 351 с. — ISBN 978-5-91657-278-0
  8. 8,0 8,1 8,2 A. M. Buckley The Making of Luxo Jr. // «Pixar»: The Company and its Founders. — Minnesota.: ABDO Publishing Company, 2011. — С. 6-14. — 114 с. — ISBN 978-1-61714-810-1
  9. «The 59th Academy Awards (1987) Nominees and Winners». Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). AMPAS. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «Luxo Jr. Joins Toy Story 2» (անգլերեն). Animation World Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. «Tiny Toy Stories [VHS]» (անգլերեն). Amazon. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  12. Robinson, Tasha. (7 ноября 2007). ««Pixar» Short Films Collection: Volume 1» (անգլերեն). A.V.Club. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  13. ««Детский час»» (ռուսերեն). Энциклопедия нашего детства. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Прайс Д. Корпорация Pixar // Магия Pixar = The Pixar Touch. — М.: Манн, Иванов и Фербер, 2012. — 351 с. — ISBN 978-5-91657-278-0
  2. A. M. Buckley The Making of Luxo Jr. // Pixar: The Company and its Founders. — Minnesota.: ABDO Publishing Company, 2011. — 114 с. — ISBN 978-1-61714-810-1
  3. Айзексон, Уолтер Стив Джобс = Steve Jobs: A Biography. — М.: Астрель, 2012. — 688 с. — ISBN 978-5-271-39378-5
  4. Янг Дж. С., Саймон В. Л. іКона. Стив Джобс = iCon. Steve Jobs. — М.: Эксмо, 2007. — 448 с. — ISBN 978-5-699-21035-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]