Իտալական գայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալական գայլ
Իտալական գայլ
Իտալական գայլ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ինֆրակարգ Cynoidea
Ընտանիք Շնազգիներ (Canidae)
Ցեղ Գայլեր (Canis)
Տեսակ Գորշ գայլ (C. lupus)
Ենթատեսակ Իտալական գայլ (C. l. italicus)
Միջազգային անվանում
Canis lupus italicus
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Իտալական գայլ (Canis lupus italicus), մոխրագույն գայլի ենթատեսակ։ Հայտնի է նաև ապենինյան գայլ անվամբ։ Տարածված է Իտալիայի Ապենինյան լեռներում։ Առաջին անգամ նկարագրվել է 1929 թվականին, իսկ 1999 թվականին ճանաչվել է ենթատեսակ[1]։ Աճող պոպուլյացիայի արդյունքում այս ենթատեսակը հանդիպում է նաև Շվեյցարիայում։ Վերջին տարիներին իտալական գայլերը հաստատվել են նաև Հարավային Ֆրանսիայում, մասնավորապես՝ Մերկանտուր ազգային պարկում։ Բոլոր երեք երկրներում էլ գայլերը պաշտպանված են։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական գայլերն ունեն միջին չափեր։ Արուների միջին քաշը կազմում է 24-40 կիլոգրամ, իսկ էգերը սովորաբար 10%-ով ավելի թեթև են։ Մարմնի երկարությունը 100-140 սանտիմետր է[2]։ Մորթին սովորաբար գորշ կամ մոխրագույն է, թեև Մուգելոյի շրջանում և Տոսկանա-Էմիլյան Ապենիններում հանդիպում են նաև սև առանձնյակներ[3]։

Իտալական գայլերի, եվրասիական գայլերի և վայրի շների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ գայլերի իտալական պոպուլյացիաներն ամենամաքուրն են և ամենաքիչն են տուժել տնային շների հետ հիբրիդացումներից[4]։ Սակայն 2004 թվականին Սիենայի հարավկենտրոնական Տոսկանա նահանգում հայտնաբերվել է երեք գայլ՝ հետևի թաթերի վրա ընձյուղներով, ինչը վկայում է գենոֆոնդի աղտոտման մասին։ Թեև դա մտահոգություն է առաջացրել այն վտանգի պատճառով, որը սպառնում է գայլերի գենետիկ մաքրությանը, որոշ կենսաբաններ և բնապահպաններ ոգեշնչվել են նման ակնհայտ ախտանիշով, քանի որ այդ գործոնը պոտենցիալ օգտակար է ախտորոշման համար[5]։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալական գայլը գիշերային որսորդ է, հիմնականում սնվում է միջին չափերի կենդանիներով (քարայծ, վարազ, ազնիվ եղջերու, այծյամ)։ Այս կենդանիների բացակայության դեպքում կարող է սնվել նաև մանր կենդանիներով՝ նապաստակներով, ճագարներով։ Իտալական գայլն օրական կարող է ուտել մինչև 1,5-3 կիլոգրամ միս։ Երբեմն, որպես սննդային մանրաթելեր, գայլն ուտում է հատապտուղներ և խոտաբույսեր[2]։

Իտալական գայլը լավ հարմարվել է որոշ քաղաքային վայրերում և նման դեպքերում չի հրաժարվում նաև ընտանի կենդանիներից։

Վարք և բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր որսի սակավության պատճառով Իտալիայում գայլերի ոհմակները հիմնականում փոքր են։

Ոհմակները սովորաբար սահմանափակվում են նուկլեար ընտանիքներով, որոնք բաղկացած են սերունդներ տվող գերիշխող զույգից և երիտասարդ գայլերից, որոնք մնում են ծնողների հետ, մինչև հասնեն այն տարիքին, երբ կարող են ցրվել և բազմանալ։ Այնուամենայնիվ, այն տարածքներում, որտեղ կան բազմաթիվ խոշոր խոտակերներ, ինչպիսիք են եղջերուները, օրինակ՝ Աբրուցցո ազգային պարկում, կարելի է հանդիպել 6-7 անհատից բաղկացած հոտեր[2]։

Զուգավորումը տեղի է ունենում մարտի կեսերին և ուղեկցվում է երկամսյա հղիությամբ։ Ձագերի թիվը կախված է մոր տարիքից և սովորաբար տատանվում է 2-8-ի միջև։ Ձագերը ծնվում են 250-350 գրամ կշռով, իսկ աչքերը բացում են 11-12 օր հետո։ Մոր կաթից հրաժարվում են 35-45 օր հետո և ի վիճակի են լիովին մարսել միսը 3-4 ամսական հասակում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի վերջը գայլերի պոպուլյացիաները լայնորեն տարածված էին Իտալիայի լեռնային շրջաններում։ 20-րդ դարի սկզբին սկսվել են հետապնդումները։ Շատ կարճ ժամանակում գայլերն անհետացել են Ալպերում, Սիցիլիայում, և նրանց թվաքանակը կտրուկ նվազել է Ապենինյան շրջաններում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը վատացել է, և գայլերի պոպուլյացիաները 1970-ականներին հասել են իրենց պատմական նվազագույնին։ 1972 թվականին Լուիջի Բոյթանին և Էրիկ Ցիմենը հանձնարարություն են ստացել գլխավորել Իտալիայում գայլերի վիճակի առաջին համակարգված հետազոտությունը։ Ուսումնասիրելով հարավում՝ Սիլա սարավանդի, և կենտրոնական Ապենինների Սիբիլին լեռների միջև գտնվող շրջանները՝ նրանք եզրակացրել են, որ գայլերի պոպուլյացիաները բաղկացած են առավելագույնը 100 առանձնյակներից։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապենինյան գայլերի ոհմակ

Canis lupus subspecies range Eurasia

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 1970-ական թվականներից՝ քաղաքական բանավեճերը լուծվել են գայլերի պոպուլյացիաների ավելացման օգտին։ 1930-ական թվականների սկզբում իրականացվել է նոր ուսումնասիրություն, որի համաձայն՝ այդ ժամանակ գայլերի թվաքանակն արդեն 220-240 էր և աստիճանաբար աճում էր։ Ըստ 1990-ական թվականներին տրված նոր գնահատականների՝ գայլերի պոպուլյացիաները կրկնապատկվել են, և որոշ անհատներ բնակություն են հաստատել Ալպերում՝ գրեթե մեկ դար գայլերով բնակեցված տարածաշրջանում։ Վերջին տվյալները վկայում են, որ այժմ ազատության մեջ ապրում է 500-600 իտալական գայլ։ Նրանց պոպուլյացիաները տարեկան աճում են 7 տոկոսով[5]։

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլերն Իտալիայից գաղթել են Ֆրանսիա 1992 թվականին։ Գայլերի ֆրանսիական պոպուլյացիաների թիվը չի գերազանցում 40-50-ը,սակայն կենդանիները մեղադրվում էին գրեթե 2200 ոչխարների մահվան մեջ։ Համեմատության համար, 1994 թվականին մահացել է ավելի քիչ, քան 200 ոչխար։ Տարաձայնություններ են առաջացել նաև 2001 թվականին, երբ Մերկանտուր ազգային պարկի ծայրամասում ապրող հովիվը դարձել է գայլերի զոհը[6]։

Համաձայն Բեռնի կոնվենցիայի՝ այս գայլն անհետացող տեսակ է, և նրա որսն արգելվում է։ Պաշտոնական վերահսկողությունն ավարտվում է, եթե դա վտանգ չի հանդիսանում վաճառողի համար[7]։

Բանահյուսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտոլիական գայլը Ռոմուլի և Ռեմոնի հետ։ Կապիտոլիական թանգարան, Հռոմ

Իտալական մշակույթում գայլը հիշատակվում է Հռոմուլոսի և Հռեմոսի՝ Հռոմի լեգենդար հիմնադիրների մասին պատմող հայտնի առասպելում։ Երկվորյակ տղաներին հրամայել էր սպանել իրենց պապը, որը վախենում էր, որ նրանք իրենից կխլեն Ալբա Լոնգայի իշխանությունը։ Բայց ծառան, որին հրամայված էր սպանել նրանց, խղճացել է նրանց և դրել օրորոցում՝ թողնելով այն Տիբեր գետի ափին, և հեռացել։ Գետը հեղեղվել է, բարձրացել և զգուշորեն տարել երկվորյակների օորորոցը հոսանքն ի վար, որտեղ գետի աստվածայնության՝ Տիբերինի պաշտպանության տակ նրանք հայտնվել են գայլի մոտ (լատիներեն հայտնի է որպես "Lupa"), որը որդեգրել է նրանց։ Նրանք մեծացել են թզենու տակ և կերակրվել փայտփորիկի օգնությամբ։ Երկու կենդանիներն էլ նվիրված էին Մարսին։

Ըստ Ֆիորետիի՝ Գուբիո քաղաքը պաշարվել էր Գուբիո գայլի կողմից, որը խժռում էր անասուններին և մարդկանց։ Ֆրանցիսկ Ասսիզեցին, որն այն ժամանակ ապրում էր Գունիոյում, խղճաց քաղաքացիներին և բարձրացավ լեռները՝ գայլին գտնելու նպատակով։ Շուտով նրա բոլոր ուղեկիցները վախից ստիպված նահանջեցին, բայց սուրբը շարունակեց իր ճանապարհը և երբ տեսավ գայլին, խաչի նշան արեց և հրամայեց գայլին մոտենալ իրեն և այլևս չվնասել ոչ ոքի։ Գայլը փակեց երախը և պառկեց Սբ. Ֆրանցիսկի ոտքերի տակ. «Եղբայր Գայլ, դու շատ վնասներ ես տալիս այս վայրերում և մեծ չարիք ես գործել...», - ասաց Ֆրանցիսկը։ «Բոլոր այս մարդիկ մեղադրում և անիծում են քեզ... Բայց, եղբայր գայլ, ես կցանկանայի, որ հաշտվես մարդկանց հետ»։ Այնուհետև նա ուղեկցեց գայլին քաղաք, որտեղ, շրջապատված զմայլված քաղաքացիներով, նա խաղաղություն կնքեց գայլի և մարդկանց միջև։ Քանի որ գայլը «չարիք էր գործում սովից», քաղաքացիները պետք է պարբերաբար կերակրեին նրան, իսկ վերջինս պետք է դադարեր հարձակումները նրանց վրա։ Այսպիսով, Գուբիոն ազատվեց գիշատչի սպառնալիքից։ Ֆրանցիսկը՝ կենդանիների սիրահարը, նույնիսկ խաղաղություն է կնքել քաղաքային շների հետ, ըստ որի՝ նրանք այլևս չեն անհանգստացրել գայլին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. European Mammal Assessment — Canis lupus Արխիվացված 2009-01-14 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 2,3 «GENERALITA' SULLA SPECIE». CSDL: Centro per lo Studio e la Documentazione sull Lupo. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. ciale&id=88 — provediemozioni.com — fotografia naturalistica
  4. BBC News | SCI/TECH | Wolves find haven in Italy
  5. 5,0 5,1 «Claws reveal wolf survival threat». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 2-ին.
  6. BBC News | MEDIA REPORTS | French shepherd 'mauled by wolves'
  7. Wolf Song of Alaska: France’s Bardot Demands EU Action on Wolf Cull Արխիվացված 2011-09-29 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալական գայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալական գայլ» հոդվածին։