Ինքնապաշտպանական մարտեր (1915)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Չնայած 1915 թվականին ստեղծված օրհասական դրությանը՝ Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի մի շարք հայաբնակ վայրերում տեղի հայությունը դիմում է ինքնապաշտպանության։ Դա հնարավորություն է տալիս բնակչության մի մասին փրկվելու, իսկ մնացածին՝ զենքը ձեռքին պատվավոր մահ ընդունելու։
Վանի ինքնապաշտպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջարդարարներին առաջին դիմադրությունը ցույց տվեց Վանի վիլայեթի հայությունը։ Հայերը դիմագրավում են թուրք և քուրդ հրոսակներին Շատախում, Հայոց ձորում, Գավաշում, Թիմարում և այլ վայրերում։ Մոկսի հայությունը փրկվում է շնորհիվ տեղի ցեղապետ Մուրթուլլա բեյի։
Առավել կատաղի և անզիջում դիմադրություն է ցույց տրվում թուրք և քուրդ հրոսակներին Վան քաղաքում Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացած էր Այգեստան (20 հազար հոգի) և Քաղաքամեջ (2000 հոգի) կոչվող թաղամասերում։
Ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Այգեստանում ստեղծվում է Զինվորական մարմին։ Նրա մեջ ընդգրկվում են տարբեր կուսակցությունների անդամներ և ոչ կուսակցություններ՝ Արմենակ Եկարյանը (ղեկավար), Արամ Մանուկյանը, Կայծակ Առաքելը, Բուլղարացի Գրիգորը, Փանոս Թերլեմեզյանը և ուրիշներ։ Քաղաքամեջի Զինվորական մարմնի ղեկավար է ընտրվում Հայկակ Կոսոյանը։ Երկու թաղամասերն էլ բաժանվում են պաշտպանական շրջանների։ Փորվում են խրամատներ, կառուցվում են պաշտպանական ամրություններ։ Կանայք և աղջիկները զբաղված էին մարտիկների, հայ և ասորական գաղութականների համար հագուստ և պարեն հայթայթելով։ Երեխաները հանդես էին գալիս որպես կապավորներ Զինվորական մարմնի և դիրքերի միջև։ Նրանցից ոմանք մասնակցում էին մարտերին։ Կազմակերպվել էր զինծառայողական արհեստանոց, որտեղ վերանորոգում էին զենքը և լիցքավորում փամփուշտները։ Այգեստանում ներքին կարգուկանոնը վերահսկելու համար կազմակերպվել էր ոստիկանություն։ Վանի ողջ բնակչությունը մեկ մարդու նման դուրս էր եկել կենաց և մահու կռիվ մղելու թշնամու դեմ։ Վանի նահանգապետ Ջևդեթ բեյը քաղաքի հայության դեմ կենտրոնացրել էր հրետանիով և գնդացիրներով զինված 12 հազարանոց զորք։ Այգեստանի և Քաղաքամեջի հայությանն այս ահռելի ուժին կարող էր հակադրել միայն վատ զինված և 10 անգամ քիչ մարտիկներ։
1915 թվականի ապրիլի 7-ին թուրքերի հարձակումով սկսվում են Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Երկուստեք կատաղի հրաձգություն է սկսվում։ Վանեցիները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի գրոհները։ Հայերը կարողանում են ոչնչացնել թշնամու մի շարք դիրքեր և ամրություններ։ Թուրք-քրդական ուժերը ծանր պարտություններ են կրում և լուրջ կորուստներ ունենում։ Հայկական թաղամասերի պաշարմանը մասնակցած գերմանացի սպան վկայում է «Հայերը հուսահատորեն պաշտպանվում էին բոցավառվող տների ավերակներում` մինչև վերջին շունչը կռվելով ազատ Հայաստանի և Սուրբ Խաչի հաղթանակի համար։ Ես հազվադեպ եմ հանդիպել կամ ենթադրել, թե երբևիցե կրկին կտեսնեմ այդպիսի կատաղի կռիվ, ինչպիսին ականատես եղա Վանի պաշարման ժամանակ»։
Ռուսական բանակի առաջխաղացումը և Վանի հայության դիմադրությունը հարկադրում են թշնամուն դադարեցնել քաղաքի պաշարումը։ Մայիսի սկզբներին քաղաք են մտնում հայ կամավորները և ռուսական բանակը։
1915 թվականի մայիսին կազմվում է Վանի և շրջանի ժամանակավոր վարչություն։ Ռուսական հրամանատարությունը Արամ Մանուկյանին նշանակում է Վասպուրականի նահանգապետ։
Աստիճանաբար քաղաքը և ազատագրված գավառները բնականոն հունի մեջ մտան։ Սակայն 1915 թվականի հուլիսի կեսերին ռուսական զորքն անակնկալ նահանջում է։ Նահանգի և քաղաքի հայությունը, չունենալով անհրաժեշտ միջոցներ հակառակորդին դիմագրավելու համար, ստիպված է լինում հետևել ռուսական բանակին։ Իրենց օջախներն են լքում մոտ 200 հազար վան-վասպուրականցիներ։ Նրանց պահպանությունն իրականացնում էին հայ կամավորները, ինչպես նաև ռուսական որոշ զորամասեր։
Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտթուրք ջարդարարներին կատաղի դիմադրություն է ցույց տալիս Շապին-Գարահիսար քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Այստեղ ինքնապաշտպանական մարտերը սկսվում են 1915 թվականի հունիսին։ Կազմվում է Զինվորական խորհուրդ, որը գլխավորում է Ղուկաս Տեովլեթյանը։ 5000-ի հասնող հայ բնակչությունն ամրանում է քաղաքից ոչ հեռու գտնվող բերդում, որը շրջապատվում է թշնամու կողմից։
Ինքնապաշտպանակաան մարտերին մասնակցում էին նաև հայ պատանիները։ 14 ամյա Հայկ Թևեքելյանը կյանքի գնով կարողանում է ձախողել թուրքական գրոհը և փախուստի մատնել թշնամուն։ Զինամթերքի, պարենի և հատկապես ջրի սպառվելու վտանգը ստիպում է գարահիսարցիներին փորձել հանդուգն գրոհով դուրս գալու շրջապատումից։
1915 թվականի հունիսի 29-ի գիշերը մոտ 1000 հոգուց բաղկացած հայկական ջոկատը, մի քանի ուղղություններով գրոհելով, ծանր մարտերից հետո ճեղքում է հակառակորդի օղակը։ Դրանից հետո թուրք զինվորները ներխուժում են բերդ և գազանաբար հաշվեհարդար տեսնում մնացած բնակչության հետ։
Ինքանապաշտպանական մարտեր տեղի ունեցան Մուշում և Սասունում, որտեղ բնակչությունը մի քանի ամիս շարունակ համառ դիմադրություն էր ցույց տալիս թշնամուն։
Սուետիայի հայության գոյամարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]1915 թվականի ինքնապաշտպանական ինքնատիպ մարտերից էր Սուետիայի հայության նշանավոր գոյամարտը։ Սուետիան գտնվում էր Միջերկրական ծովի առափնյա շրջանում և ընդգրկում էր յոթ հայկական գյուղեր։
1915 թվականի հուլիսի վերջին, ստանալով գաղթելու հրամանը, տեղի հայության մեծ մասը որոշում է չենթարկվել, այլ դիմել ինքնապաշտպանության։ Դիմադրությունը ղեկավարելու համար ստեղծվում է Զինվորական խորհուրդ։ Նրա մեջ ընդգրկվում են Տիգրան Անդրեասյանը, Հաբեթ Իսկենտերյանը, Մուսա լեռը։ Լեռ է բարձրանում ավելի քան 4 հազար մարդ։
Օգոստոսին տեղի է ունենում առաջին մարտը։ Հայերը հետ են շպրտում հակառակորդին։ Այդ պարտությունից հետո թուրքական հրամանատարությունն ավելի մեծ ուժեր է կենտրոնացնում։ Բերվում է հրետանի, որը սկսում է ռմբակոծել հայկական դիրքերը։
Թշնամին մեծ ուժերով, հրետանու աջակցությամբ, կատաղի մարտերից հետո կարողանում է մոտենալ հայկական դիրքերին և գրավել դրանցից մի քանիսը։ Հայ մարտիկները, սակայն, հավաքելով իրենց ուժերը, անակնկալ հարձակում են ձեռնարկում և հետ շպրտում հակառակորդին։
Մի շարք անհաջողություններից հետո թուրքական հրամանատարությունն այլևս ակտիվ մարտական գործողությունների չի դիմում։ Նա ավելի ու ավելի է սեղմում պաշարման օղակը՝ սուետիահայերին դատապարտելով դանդաղ սովամահության։ Չնայած ծանր դրությանը՝ հայերը պահպանում էին ոգու արիությունը։ Լեռան բարձր գագաթների վրա նրանք երկու մեծ դրոշներ էին ամրացրել։ Մեկի վրա ասեղնագործված էր կարմիր խաչ, իսկ մյունի վրա գրված էր. «Քրիստոնյաները վտանգի մեջ են»։
Սեպտեմբերի 5-ին հորիզոնում մի ռազմանավ է երևում։ Դիտորդները սկսում են աղդանշան տալ։ Դա ֆրանսիական «Գիշեն» հածանավն էր, որ պարեկություն էր կատարում Միջերկրական ծովի այդ մասում։ Հայերը նավապետից օգնություն են խնդրում։
Սեպտեմբերի 10-ին սկսվում է սուետիահայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրանում կանայք, երեխաները և ծերունիները։ Տղամարդիկ այդ ժամանակ շարունակում էին մնալ դիրքերում՝ ապահովելով յուրայինների անվտանգ տեղափոխումը։ Ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայեր հասնում են Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ։
Սուետիայի ինքնապաշտպանությունն իր արտացոլումն է գտել ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում։
Թուրք ջարդարարների դեմ վերջին գոյամարտն է մղում Ուրֆա (Եդեսիա) քաղաքի հայկական թաղամասի բնակչությունը։ Ուրֆայի հայության ինքնապաշտպանությունը սկսվում է 1915 թվականի սեպտեմբերին։ Դիմադրությունը կազմակերպելու համար կազմվում է Զինվորական խորհուրդ։ Ղեկավար է ընտրվում Մկրտիչ Յոթնեղբայրյանը։ Մարտերին մասնակցում էին նաև կանայք և աղջիկներ։
Չնայած հայերի հերոսական դիմադրությանը՝ հակառակորդն աստիճանաբար կարողանում է նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Թուրքական հրետանին մեկը մյուսի ետևից քանդում է հայկական ամրությունները։ Մարտիկների մեծ մասը կամ վիրավորվում, կամ զոհվում է։ Դա հնարավորություն է տալիս թշնամուն ներխուժելու հայկական թաղամաս, ավելի ճիշտ՝ նրա փլատակները։ 2300 տներից կանգուն էր մնացել միայն 50-ը։ Սակայն տների փլատակներում թաքնված հայ մարտիկները շարունակում են դիմադրել մինչև 1915 թվականի նոյեմբերի կեսերը։ 15 հազար կանայք ու երեխաներ թուրքական իշխանությունների կողմից աքսորվում են Միջագետքի անապատային շրջանները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սահակյան Ռ. Օ., Ուրֆայի 1915 թվականի հերոսամարտի պատմությունից, Պատմա-բանասիրական հանդես, 1988, № 3, էջ 103-113
- Սահակյան Ռ. Օ., 1915 թ. Վանի հերոսամարտը օտար աղբյուրներում, Լրաբեր հասարակական գիտությունների, 1989, № 8, էջ 54-63
- Սահակյան Ռ. Օ., Վասպուրականի հայության գոյամարտը 1915 թվականին, Պատմա-բանասիրական հանդես, 1995, № 1, էջ 19-30
- Սահակյան Ռ. Օ., Վան քաղաքի հայության ինքնապաշտպանությունը 1915 թվականին, Հայկական բանակ, 1996, № 1, էջ 15-24
- Սահակյան Ռ. Օ., Շապին-Գարահիսարի ինքնապաշտպանությունը 1915 թվականին, Հայկական բանակ, 2005, № 1, էջ 13-18
- Սահակյան Ռ. Օ., Արևմտահայության ցեղասպանությունը և ինքնապաշտպանական կռիվները 1915 թվականին, Երևան, 2005
- Саакян Р. О., Самооборонительные бои западных армян в 1915 году, см.: Боевое братство и национальное единство Кавакза в годы Первой мировой войны: материалы международной конференции (Пятигорск 28-30 ноября 2014г.), Ставрополь, 2015, с.55-62.