Զինամթերք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տ-72 տանկի 2Ա46-1 տանկային հրանոթի 125մմ տրամաչափի բեկորա-ֆուգասային արկեր։ Սովորական պայթուցիկ նյութով, հրետանային, հիմնական զինամթերքի օրինակ

Զինամթերքը սպառազինության բաղկացուցիչ մասն է, որը օգտագործվում է հակառակորդի կենդանի ուժի, ամրաշինական կառույցների, նյութատեխնիկական բազայի ոչնչացման ու նաև այլ հատուկ նպատակների համար[1][2]։ Զինամթերքների թվին են պատկանում հրետանային արկերը, հրետանային ականները հրթիռների մարտական մասերը, տորպեդները, փամփուշտները, նռնակները, ինժեներական ցամաքային և ծովային ականները, ավիացիոն ռումբերը և խորքային ռումբերը, պայթուցիկ լիցքերը, ծխագլանիկները։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ զորատեսակային պատկանելիության զինամթերքները բաժանվում են հինգ հիմնական խմբի, այն է՝ հրետանային, ավիացիոն, ծովային, հրազենային և ինժեներական[1]։ Հրետանային զինամթերքներ են հրթիռների մարտագլխիկները և արկերի այն բոլոր տեսակները, որոնք կիրառվում են ցամաքային հրետանային զորքերում խոշոր տրամաչափի կրակային միջոցների, ինչպես նաև տանկային հրանոթների համար։ Հրետանային զինամթերք են համարվում նաև ականանետերի ականները ու հակատանկային միջոցների զինամթերքները, ինչպիսիք են ՀՏԿՀ-ները, հակատանկային նռնականետների նռնակները, և անհետգլոր հակատանկային թնդանոթների արկերը։ Ավիացիոն զինամթերքներն են բոլոր տեսակի ավիառումբերը, ռմբային կասետները, ավիացիոն հրթիռների ու տորպեդների մարտագլխիկները, ավիահրանոթների արկերը, ավիացիոն ականները ու թռչող սարքերի վրա տեղակայված գնդացիրների փամփուշտները։
Ծովային զինամթերք են համարվում այն բոլոր տեսակի արկերը որոնք նախատեսված են ծովային և ափային հրետանու համար, ինչպես նաև ստորջրյա ականները, խորքային ռումբերը, ծովային հրթիռների և տորպեդների մարտական մասերը և այլն։ Ծովային զինամթերքները նախատեսված են հակառակորդի ցամաքային և ծովային(վերջրյա և ստորջրյա) նշանակետերը խոցելու ոչնչացնելու համար։
Հրազենային զինամթերքներ են համարվում բոլոր տեսակի փամփուշտները, որոնք կիրառվում են հրազենների համար։ Ինժեներական զինամթերքներն են բոլոր տեսակի(հակատանկային, հակահետևակային, ազդանշանային, ծխագոյացնող և այլն) ականները, պայթուցիկ նյութերի բոլոր տեսակները, պայթուցիկ լիցքերը(նաև ականազերծման), դետոնատորները և պայթեցման այլ միջոցներ։
Ըստ իրենց գործելու սկզբունքի զինամթերքները լինում են չորս տիպի, այն է՝ սովորական պայթուցիկ նյութով, միջուկային, քիմիական և կենսաբանական-բակտերոլոգիական։ Սովորական պայթուցիկ նյութերով զինամթերքներն են բոլոր այն տեսակի զինամթերքները որոցում օգտագործվում են վառոդ (ծխացող և անծուխ), բրիզանտային պայթուցիկ նյութեր և հրկիզող նյութեր։ Ներկայումս հատուկ կարևորության օբյեկտների խոցման համար առավելագույնս ավերման էֆեկտ ստանալու համար, ոչ միայն հրթիռների մարտագլխիկները այլ նաև համարյա բոլոր տեսակի արկերի, ականների, նռնակների, ռումբերի ու տորպեդների համար կիրառվում են միջուկային մարտական մասեր։ Նմանապես թշնամու թիկունքում կամ զորքերի տեղակայման շրջաններում հիվանդություններ ու թունավորումներ առաջացնելու համա օգտագործում են քիմիական մարտական մասերով զինամթերքներ։ Կենսաբանական-բակտերոլոգիական զինամթերքները օգտագործվում են հակառակորդի թիկունքում բնապահպանական և գյուղատնտեսական աղետներ առաջացնելու համար։
Զինամթերքները ըստ նշանակության լինում են հիմնական, հատուկ և օժանդակ։ Հիմնական զինամթերքները նախատեսված են նպատակակետի խոցման, ոչնչացման և ավերման համար։ Հատուկ զինամթերքները կատարում են այլ խնդիրներ, ինչպիսիք են գիշերը տեղանքի լուսավորում, ծխավարգույրների և ծխաքուրաների ստեղծում, ագիտացիոն թերթիկների տարածում, լուսածրող էֆեկտով նշանառում և այլն։ Օժանդակ զինամթերքները օգտագործվում են ուսումնական և հատուկ փորձարկումների նպատակներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986
  2. "Советская Военная энциклопедия", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза А.А. Гречко, Москва Воениздат-1976