Մուսա լեռան քառասուն օրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսա լեռան քառասուն օրը
գերմ.՝ Die vierzig Tage des Musa Dagh[1]
ՀեղինակՖրանց Վերֆել[1]
Անվանվել էՄուսա լեռան հերոսամարտ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն և Մուսա լեռան հերոսամարտ
Բնօրինակ լեզուգերմաներեն[1]
Նկարագրում էՄուսա լեռ
Երկիր Ավստրիա[1]
Հրատարակման տարեթիվ1933[1]
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/werfel/musadagh/musadagh.html
ՎիքիքաղվածքՄուսա լեռան քառասուն օրը

«Մուսա լեռան քառասուն օրը» (գերմ.՝ Die vierzig Tage des Musa Dagh), ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը՝ գրված իրական փաստերի հիման վրա։

Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ)։ Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս[2]։

1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված որոշում է գրել վեպ Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ[3]։

Գրքի ստեղծման գաղափարը Վրանց Վերֆելի մտքում ծագել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էր, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի գնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներենով, իսկ մինչ այդ Վերֆելն ուսումնասիրել է ամբողջ հայոց պատմությունը։

Գիրքը լույս է տեսել 1933 թվականին՝ շուտով արժանանալով ընթերցասերների ջերմ ընդունելությանը։ Դրա վառ ապացույցն է այն, որ գիրքը թարգմանվել է 34 լեզուներով։ ԱՄՆ-ում 1934 թվականին գրքի լույս ընծայումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում վաճառվել է 34 000 օրինակով[4]։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը գիրքը համարել է ամսվա գիրք։

Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ այս վեպը հայերեն է թարգմանել բանաստեղծ և թարգմանիչ Պարույր Միքայելյանը։ Լույս է տեսել 1964 թվականին, Երևանում։ Վեպն այնուհետև ունեցել է հայերեն ևս երեք հրատարակություն (1987, 1990 և 2015 թվականներին)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը տեղի են ունենում Մուսա Լեռան վրա, ցեղասպանության ժամանակահատվածում։ Մուսա լեռը գտնվում է պատմական Կիլիկյան Հայաստանի ծայրամասում (այժմյան Թուրքիայի Հաթայի մարզում)՝ Միջերկրական ծովի ափին։ Հեղինակը վեպի սկզբում նկարագրում է Գաբրիել Բագրատյանի ընտանիքը։ Նկարագրում է, թե ինչպես մի հասարակ մարդու հաջողվեց հիանալի կյանք կառուցել Ֆրանսիայում, ապրել որպես գիտնական և գեղարվեստասեր, որպես հնէաբան և փիլիսոփա։

1914 թվականի հուլիսն էր, Գաբրիելը վճռում է իր հետ Հայաստան տանել իր կնոջը` Ժուլիեթին և իր որդուն։ Նա մեծ ցանկություն ուներ նրանց ծանոթացնել իր ժողովրդի և հայրենիքի հետ։ Շաբաթներ են տևում, և վերջապես ընտանիքը հասնում է Յողունօլուք՝ Բագրատյանի ծննդավայր։ Գաբրիելը կարծես ամեն քարի տեղ հիշում էր, բայց նրա հիշողության մեջ ամենաշատը տպավորվել էր այդ միստիկ լեռը` Մուսա լեռը։ Ընտանիքը բարեհաջող տեղավորվում է և կարծես սովորում է այդտեղի կյանքին, բայց ահա սկսվում են Զեյթունի ջարդերը։ Մազապուրծ եղած ժողովրդին տեղահանում են, վռնդում իրենց բնակավայրերից։ Հազարանոց ժողովուրդը, ծանր փորձությունների միջով անցնելով, վերջապես հասնում է Յողունօլուք։ Ապա սկսվում են նրանց սպառնալիքները և որոշվում է նրանց տեղահանության օրը։ Յոթ գյուղերի ժողովուրդը իրենց համար ղեկավար են ընտրում Բագրատյանին, Կիլիկյանին և Տեր-Հայկազնունուն։ Ղեկավարները, որպես ժողովրդի փրկության միակ միջոց ընտրում են Մուսա լեռ բարձրանալը։ Ամեն ինչ պլանավորում են և թուրքերից թաքուն ժողովրդին բարձրացնում են լեռը։

Սկզբի օրերը շատ հանդարտ են անցնում, բանակը պատրաստվում է հակառակորդի հարձակմանը։ Եվ ահա վերջապես տեղի է ունենում այդքան սպասված առաջին հարձակումը։ Հայերը պարտության են մատնում թուրքական զորքին։ Այդ դեպքից հետո Էնվերն ու Թալեաթը սկսում են մտածել մուսալեռցիների ամբողջովին բնաջնջման մասին։ Երկրորդ հարձակմանը հայերը կարողանում են նույնպես դիադրել։ Եվ կարծես փրկությունը արդեն մոտ էր, բայց ահա սկսվում է համաճարակ և տարածվում է տենդ հիվանդությունը։ Ժողովուրդը հայտնվում է շատ ծանր վիճակում։ Մեծ մասը ինչպես և ֆրանսուհի Ժուլիեթը սկսում են տառապել տենդով։ Հայկազնունը մի խեղճ ամիի որդու նամակ է տալիս և ուղարկում է Հալեպ օգնություն գտնելու համար[5]։

Պարզվում է, որ Ժուլիեթը դավաճանում է Գաբրիելին մի երիտասարդ օտարական հույնի հետ, ով թողնելով նրան փախուստի է դիմում Հալեպ։ Նրա դավաճանությունը բացահայտվում է, և դա դառնում է մեծ ատելության պատճառ։ Ստեփանի հասակակից տղաները սկսում են նրան հալածել, և տղան ատելության մեծ զգացումով փախնում է Հայկի հետ Հալեպ։ Սակայն տղան չի կարողանում փրկվել և ընկնելով թուրքերի ձեռքը սպանվում է։

Գեներալ Բագրատյանի որդու դին ուղարկում են Մուսա լեռը։ Հայրը շատ ծանր է տանում միակ որդու կորուստը և մեկուսանում է բոլորից։ Իսկ մայրը՝ Ժուլիեթը հիվանդության հետևանքով անդադար անգիտակից վիճակում է լինում և չի իմանում պատանի որդու մահվան մասին։

Թուրքերը հարձակվում են երրորդ, ապա չորրորդ անգամ։ Լիովին ուժասպառ եղած ժողովրդին փրկության են հասնում ֆրանսիացիները Ժաննա դ`Արկ նավով և տեղափոխում են բոլորին Ֆրանսիա։

Գաբրիելը չի կարողանում իր հետագա կյանքը պատկերացնել առանց որդու։ Նա մնում է լեռան վրա և մահանում որդու գերեզմանաքարի մոտ։

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Վերֆելն իրադարձություններն ընտրելիս, իմաստավորելիս և պատկերելիս առաջնորդվել է իր հիմնական գաղափարագեղարվեստական սկբունքներով։ Վերջնականապես մի կողմ նետելով չդիմանալու պասիվ քրիստոնեական կանխադրույթները, Վերֆելը կանգնում է չարին ակտիվ, գործուն, հերոսական դիմադրություն ցույց տալու դիրքերում։ Վեպի հիմնական գաղափարն այն է, որ բռնության դեմ միայն զինված պայքարով ժողովուրդները կարող են ձեռք բերել իրենց ազատությունը։ Կարևոր է նշել նաև, որ Գաբրիել Բագրատյանի հերոսի նախատիպ է հանդիսացել Մովսես Տեր-Գալստյանը։

Սկզբնական ընդունելությունն ու գրաքննությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերֆելի վեպի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին են վկայում նրա բազմաթիվ վերահրատարակությունները ու թարգմանությունները։ Միայն երկու տարում՝ 1934-1935 թվականներին, վեպը թարգմանվեց աշխարհի 36 լեզուներով[6]։ Այդ գիրքը իրոք նրա վիթխարի աշխատանքն էր։ Այն անջնջելի տպավորություն է թողել այն մարդկանց վրա, ովքեր ընդհանրապես ոչինչ չգիտեին հայոց ցեղասպանության մասին։

Ամերիկայում վեպն առաջին անգամ երևաց 1933 կամ 1934 թվականի նոյեմբերին[7]։ Ավելի քան 30 տարի այդ վեպը տարբեր երկրներում որպես դասական գործ վերահրատարակվել է Ժամանակակից վեպի գրադարան շարքով։ Գիրքը այնպիսի տարածում էր գտել, որ 1965 թվականին նրա տպաքանակն անցավ մեկ միլիոն օրինակից, իսկ 1979-1981 թվականներին այն Ավստրիայում լույս տեսավ որպես գրպանի գիրք, մեծ տպաքանակով։

Ընդհանուր առմամբ Վերֆելի ստեղծագործությանը նվիրված հետազոտություններն ու մեկնաբանություններն ստեղծեցին մի գրականություն, ուր դրսևորվում են տարբեր կարծիքներ, դատողություններ։ Սակայն Վերֆելի ստեղծագործության գագաթը հանդիսացավ այս վեպը, որը միշտ էլ ծնել է համընդհանուր հիացմունք։

Սա է վեպի հիմնական նշանակությունը։ Դա գեղարվեստական վկայություն է տառապանքների ու հերոսության և, դրա հետ մեկտեղ, մարմնավորում է ամենաբարձր բարոյական արժանիքների՝ վեհ հայրենասիրության, բռնության ու բարբարոսության դեմ անզիջում պայքարը։

1982 թվականին ռեժիսոր Սարգիս Մուրադյանը նկարել է համանուն գեղարվեստական ֆիլմ՝ Ալեքս Հակոբյանի սցենարով[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #4547510-6 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Ինքնապաշտպանական կռիվների վայրը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  3. Կռվի սկիզբը և այլ տեղեկություններ(չաշխատող հղում)
  4. Երկու շաբաթում վեպը վաճառվել է...
  5. Սուրհանդակները ուղարկվեցին Հալեպ
  6. «Մուսա լեռան 40 օրը» վեպ
  7. Գիրքը առաջին անգամ լույս է տեսել
  8. ««Մուսա լեռան 40 օրը» ֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.