Ժան դը Դյունուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան դը Դյունուա
ֆր.՝ Jean de Dunois
Դիմանկար
Ծնվել էփետրվար 1403
ԾննդավայրՖրանսիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 24, 1468 (65 տարեկան)
Մահվան վայրՖրանսիայի թագավորություն
ԳերեզմանBasilica of Our Lady, Cléry
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինMarie Louvet? և Marie d'Harcourt?
Ծնողներհայր՝ Լյուդովիկոս Օռլեանացի, մայր՝ Mariette d'Enghien?
Զբաղեցրած պաշտոններGrand Chamberlain of France?
ԵրեխաներFrançois I, Duke of Longueville? և Catherine d'Orléans?
 Jean de Dunois Վիքիպահեստում

Ժան, Օռլեանի բաստարդ(ֆր.՝ Jean le Bâtard d'Orléans), հետագայում՝ Ժան դը Դյունուա, հայտնի է նաև որպես ուղղակի Դյունուա (ֆր.՝ Jean de Dunois; փետրվար 1403, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 24, 1468, Ֆրանսիայի թագավորություն)՝ կոմս դը Դյունուա և դը Լոնգվիլ, ֆրանսիացի հայտնի զորահրամանատար Հարյուրամյա պատերազմի տարիներին, Ժաննա դ՛Արկի զինակիցը։ 1694 թվականին ընդհատված Օռլեան-Լոնգվիլ տան հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանը Օռլեանի դուքս Լյուդովիկոս I-ի և դ’Ավրի սենյոր Ժակ դ’Էնգիենի և Ժակլին դը Սենտ-Օբերի դստեր՝ Մարիետա դ’Էնգիենի արտամուսնական որդին էր։ 1389 թվականին Մարիետան դառնում է Լյուդովիկոս Օռլեանցու խորհրդատու և սենեկապետ, դը Կաննի և դը Վարեննի սենյոր Օբեր լե Ֆլամենկի կինը։

Մինչև կոմսական՝ դը Դյունա տիտղոսը ստանալը նրան կոչում էին Օռլեանի Բաստարդ։

Սկզբում Ժանը մեծացել է իր հոր ընտանիքում, մասնավորապես, առաջին տարիներին հոր կնոջ՝ Վալենտինա Վիսկոնտիի ղեկավարությամբ։ Այն ժամանակներում դա տարածված պրակտիկա է եղել ազնվականական ընտանիքներում:

Դյունուայի զինանշանը։ Օռլեանի զինանշանի վրայի՝ աջ անկյունից դեպի ձախ անկյունը գնացող սպիտակ զոլը ցույց է տալիս, որ դրա տերը ապօրինածին է

Հինգ տարեկանում կորցրել է հորը, մեկ տարի անց մահացել է նաև Վալենտինա Վիսկոնտին, և Օռլեանի Բաստարդը սկսել է դաստիարակվել ապագա թագավոր Շառլ VII-ի՝ դոֆին Շառլի հետ միասին, ով ավելի ուշ հիշում է[1]՝

Ուշադրության արժանացնելով մեր սիրելի և թանկագին զարմիկ Ժանի, Օռլեանի Բաստարդի, կոմս Դյունուայի և Ֆրնասիայի մեծ սենեկապետին՝ բոլոր ժամանակներում մեզ մատուցած ծառայությունները՝ և՛ այն ժամանակ, երբ նա մեզ հետ էր ապրում պալատում, որտեղ և կերակրվում էր, և՛ մեր հին թշնամիների և հակառակորդների դեմ պատերազմի ժամանակ... ամենաերիտասարդ տարիներից, երբ կարողացել է զենք և մարտական զրահ կրել, նա մասնակցել է բազմաթիվ կռիվների և մարտերի, և մի՛շտ ազնվորեն, մեծ հոգատարությամբ և ջանասիրությամբ ներդրել է իր ողջ կարողությունները՝ ի շահ մեր սենյորության վերականգնման...

Պատանի Ժանը դարձավ անգլիացիների դեմ պայքարող ֆրանսիական ռազմական և ազգային կուսակցության ղեկավարը։ Նրա առաջին խոշոր ռազմական հաջողությունը Մոն Սեն Միշելի պաշտպանությունն էր (1425 թվական)։ 1427 թվականին նա հանկարծակի հարձակմամբ անգլիացիներին ստիպեց թողնել Մոնտարժիի պաշարումը, իսկ հետո առաջինը օգնության հասավ պաշարված Օռլեանին և դարձավ նրա պաշտպանության հոգին։ Քանի որ դրսից օգնություն ստանալու հույս չկար, ապա Դյունուան կարողացավ կայազորում և բնակչության մեջ արթնացնել գերբնական օգնության հանդեպ հավատը, որն ուղարկվել էր Ֆրանսիային՝ ի դեմս Ժաննա դ' Արկի։ Դրանից հետո ֆրանսիացիները, Ազենկուրի (1415 թվական) և Վեռնեյի (1424 թվական) պարտություններից հետո առաջին անգամ համարձակվում են հարձակվել և հաղթանակ են տանում Պատեի մոտ։ Այդ օրվա պատիվը ամբողջովին պատկանում է Ժաննա դ' Արկին և Դյունուային[2]։

Ժաննայի գերությունն ու մահը կասեցրեցին ազգային կուսակցության հաջողությունները։ Շառլ VII-ը անգործության էր մատնվել, խանդավառություն չկար, և զորքերը զբաղված էին անպաշտպան գյուղերը թալանելով։ Միայն Դյունուան չկորցրեց ոգին և շարունակեց երկարաձգվող պատերազմը։ Հատկապես կարևոր էր նրա կողմից Փարիզի՝ անգլիացիների պաշտպանության վրա ազդող ռազմավարական կետի՝ Շարտրի առումը։ Դյունուայի փոքրաթիվ զորքը մոտեցավ Շարտրին, բայց չհամարձակվեց գրոհել։ Այդ ժամանակ Դյունուան որոշեց այն վերցնել խորամանկությամբ։ Օգտվելով այն հանգամանքից, որ քաղաքին է մոտեցել ձկով բեռնված մի մեծ տրանսպորտ, Դյունուան կաշառեց դրա տիրոջը, իր մարդկանց վերահանդերձավորեց որպես փոխադրողներ ու բանվորներ, յուրաքանչյուր տակառի մեջ մեկական մարդ նստեցրեց ու շարժվեց քաղաք։ Երբ պահակախումբը իջեցրեց կամուրջը, և տրանսպորտը մտավ քաղաք, Դյունուայի զինվորները ձեռքներն առան թաքցրած զենքը և գրավեցին կամուրջը։ Միևնույն ժամանակ, Դյունուայի կողմից Շարտր ուղարկված վանականը քաղաքի մյուս ծայրում իր քարոզով շեղել էր բնակիչների հիմնական զանգվածի ուշադրությունը, և Դյունուան հեշտությամբ կարողացավ հաղթել կայազորին[2]։

Շարտրի գրավումից հետո Դյունուան Լանյի մոտ ջարդեց Բեդֆորդին և գրավեց Փարիզին որպես փրկօղակներ ծառայող մի քանի ամրակետեր։ Նրա հաջողությունները քաջալերեցին Շառլ VII-ի կուսակցությանը, և անգլիացիները վտարվեցին Փարիզից, որի կորստով անգլիացիների ձեռքին մնացին միայն Նորմանդիան և Գիենը[2]։

Պատկեր հոդվածից «Դյունա»
(«Ռազմական հանրագիտարան»)

Տիրապետելով Ֆրանսիային՝ Շառլ VII-ը սկսեց կազմակերպել բանակը և կրճատել վասալների ինքնուրույնությունը։ Այս նորարարություններից դժգոհ՝ ֆեոդալական արիստոկրատիան 1440 թվականին ապստամբություն բարձրացրեց։ Դյունուան սկզբում միացավ ապստամբներին, սակայն անգլիացիների մի քանի հաջողությունները, միևնույն ժամանակ նրան դրդեցին կրկին ծառայության ներկայանալ թագավորին, ով նրան նշանակեց Նորմանդիայի գլխավոր հրամանատար։ Այս արշավը, որը եռանդուն կերպով իրականացրեց Դյունուան, գրեթե ամենապայծառն է նրա ողջ գործունեության մեջ։ Ճիշտ կազմակերպված և խիստ կարգապահ բանակի՝ թվով մոտ 18 հազար մարդու գլուխ անցած, Դյունուան արագ շարժվեց դեպի Ռուան և վեցօրյա պաշարումից հետո գրավեց այն։ Այնուհետև նրանք գրավեցին նաև Գարֆլերը և Շերբուրգը։ Նորմանդիայի այս ամբողջ արշավանքը տևեց մեկուկես տարի[2]։

Այժմ պետք է տիրեին Գիենին, և գլխավոր հրամանատար կրկին նշանակվեց Դյունուան։ Նա խստացրեց կարգապահությունը բարձրացնելու միջոցառումները, հաստատեց մարդկանց բնակեցման և պարենավորման կանոնները, որոնք բնակիչներին պետք է սահմանված տուրք վճարեին այն ամենի համար, ինչ ստանում էին։ Գիենի արշավանքը դժվարին էր. ազնվականությունը, որն արդեն երեք դար Անգլիայի ենթակայության տակ էր գտնվում, գործնականում մոռացավ իր ֆրանսիական ծագումը և համառորեն պաշտպանում էր իր ամրացված դղյակները։ Հատկապես երկար ժամանակ դիմադրեց Բլայ քաղաքը, որը գրոհով վերցվեց միայն այն բանից հետո, երբ ֆրանսիական նավատորմը ոչնչացրեց քաղաքի պատերի տակ կանգնած բրիտանական նավերը։ Տիրելով Բլային՝ Դյունուան վերցրեց նաև Ֆրոնսակ քաղաքը և հայտնվեց Բորդոյի մոտ՝ 20 հազար ռազմիկների գլուխ անցած։ Բորդոն օգնություն էր սպասում անգլիացիներից, բայց չստանալով՝ 1451 թվականի հունիսի 30-ին հանձնվեցՔաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag։

Դյունան, Բրեզեն և Ժակ Կերը Գիենի ռազմական արշավանքի ժամանակ։ Մանրանկար «Շառլ VII թագավորի մահվան վիգիլիաներից»

Անգլիացիների ձեռքում Ֆրանսիայի ամբողջ տարածքից մնացել էր միայն Բայոննան, որը Դյունուային հանձնվեց 1451 թվականի հուլիսի 7-ին[3]՝ պաշարումից երեք օր անց։ Այսպիսով, Դյունուան համարվում է Ֆրանսիայից անգլիացիներին վտարելու և նրա անկախությունը վերականգնելու գլխավոր գործիչը։ Այդ վաստակի համար մրցանակի համար Շառլ VII-ը Դյունուային շնորհել է թագավորական տան անդամի կոչում՝ գահաժառանգության իրավունքով։ Այս հանգամանքը, կապված ժողովրդի մեջ Դյունուային ժողովրդականության բարձրացման հետ, վերջինիս հանդեպ անվստահություն առաջացրեց Շառլ VII-ին հաջորդած Լյուդովիկոս XI-ի մոտ, և Դյունուան Փարիզից ուղարկվեց Նորմանդիա՝ որպես փոխանորդ։ Վիրավորված Դյունուան ցանկանում էր գնալ Իտալիա, որպեսզի վերականգնի Միլանի դքսության հանդեպ իր մոր՝ Վիսկոնտիի՝ որպես իրավահաջորդի իրավունքը, սակայն Լյուդովիկոս XI-ը նրան արգելեց։ Այդ ժամանակ Դյունուան միացավ ազնվականության ընդդիմությանը՝ ընդդեմ թագավորի, և նրա անունից բանակցություններ սկսեց վարել թագավորի հետ, որոնք հաջողությամբ պսակվեցին։ Ինքը՝ Դյունուան, վերականգնեց իր կոչումները ու պաշտոնները[2]։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի մեծ սենեկապետ (1403—1468)
  • կոմս Դյունուա (1439—1468), կոմս դը Լոնգվիլ (1443—1468), կոմս դը Մորտեն (1424—1425), կոմս դը Պորսյեն (1428 թվականից), կոմս դը Գին, Պերիգորի կոմս (1430—1439) և այլն
  • Վիկոնը դը Սեն-Սովեր
  • Բարոն դը Պարտենե
  • Սենյոր դը Վալբոնե, դը Պարտենե, դը Շատոդեն, դը Ռոմորանտեն և այլն։

Ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1-ին կինը՝ (1422 թվականից, Բուրժ) Մարիա Լուվե (մահացել է 1426 թվականին), Պրովանսի խորհրդարանի նախագահ և դոֆին Շառլի ֆավորիտ Ժան Լուվեի դուստրը։ Երեխաներ չեն ունեցել։
  • 2-րդ կինը՝ (1439 թվականի հոկտեմբերի 26-ից, Ռուան) Մարիա դ’Արկուր (1420—1464 թվականներ), տիկին դը Պարտենե, դը Մոնտգոմերի բարոն Ժակ II դ’Արկուրի և դը Տանկարվիլի կոմսուհի Մարգարիտա դը Մելենի դուստրը։ Ունեցել են 4 երեխա՝
  1. Ժան (ծնվել է 1441 թվականին) կոմս դը Լոնգվիլ,
  2. Մարի (ծնվել է 1444 թվականին), Լուի սենյոր դը Բոմոնի կինը,
  3. Ֆրանսուա II դը Լոնգվիլ (1447-1491), կոմս դը Դյունուա, դը Տանկարվիլ, դը Լոնգվիլ և դը Մոնտգոմերի, Ֆրանսիայի մեծ սենեկապետ, Նորմանդիայի և Դոֆինեի նահանգապետ, Նորմանդիայի կոնետաբլ և սենեկապետ, ամուսնացել է 1466 թվականի հուլիսի 2-ին Ագնեսա Սավոյացու (1445-1508 թվականներ) հետ,
  4. Եկատերինա Օռլեանցի (1449-1501), ամուսնացել է 1468 թվականի մայիսի 14-ին Հովհան VII Զաարբրյուքենցու (մոտ 1430-1492 թվականներ) հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. цитируется по книге Перну Р., Клен М. «Жанна д’Арк».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ДЮНУА, граф, Жан
  3. Caffin de Merouville M. Le beau Dunois et son temps: chroniques de Charles VI, Charles VII, Louis XI. — Paris: Nouvelles Editions Latines, 2003. — С. 462. — ISBN 2-7233-2038-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան դը Դյունուա» հոդվածին։