Jump to content

Էթել Մայերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթել Մայերս
Ի ծնեանգլ.՝ Lillian Cochran
Ծնվել էօգոստոսի 23, 1881(1881-08-23)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 24, 1960(1960-05-24) (78 տարեկան)
Մահվան վայրCornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓարսոնս դիզայնի դպրոց
Մասնագիտությունքանդակագործ, նկարչուհի, նորաձևության դիզայներ և արվեստագետ
ՈճԱղբամանների դպրոց
Թեմաներքանդակագործություն
ՈւսուցիչՌոբերտ Հենրի, Walter Satterlee? և Վիլյամ Չեյզ
ԱմուսինՋերոմ Մայերս
ԶավակներVirginia Janet Mayer?
 Ethel Myers Վիքիպահեստում

Էթել Մայերս (անգլ.՝ Mae Ethel Klinck Myers, ի ծնե՝ Lillian Cochra, օգոստոսի 23, 1881(1881-08-23), Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 24, 1960(1960-05-24), Cornwall, Օրենջ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի և քանդակագործ, նկարիչ Ջերոմ Մայերսի կինը։ Հարել է Աղբամանների դպրոցին, ճանաչման հասել է ամուսնությունից հետո։ Եղել է նաև արվեստի մասնավոր ձեռնարկու և մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էթելը դստեր՝ հինգամյան Վիրջինյայի հետ

Ծնվել է 1881 թվականի օգոստոսի 23-ին Բրուքլինում, Նյու Յորք։ Նրա 20-ամյա մայրը Էթելի ծնվելու ժամանակ ծանր հիվանդ է եղել և մահացել է, երբ լրացել է աղջկա չորս տարին։ Այդ ժամանակներում հայրը ևս մահացել է, և աղջիկը որբացել է։ Որոշ ժամանակ անց նրան իրենց հարկի տակ ընդունել է ունևոր Մայքլ և Ալֆիատա Կլինկ զույգը, աղջկան տվել Մայ Էթել Կլինկ անունը[1]։ Մահացել է նրա խորթ հայրը, և աղջիկը խորթ մոր հետ ապրել է Բրուքլինում և Օրանժում, Նյու Ջերսիում Էթելը սովորել է մասնավոր դպրոցներում։ Նրա խորթ մայրը դաշնամուր է նվագել, աղջկան ևս սովորեցրել այն հույսով, որ կդառնա դաշնակահարուհի։

Այդ ընթացքում նրանք ապրում էին Նյուարկ քաղաքում, որտեղ Էթելը շարունակել է սովորել դպրոցում։ Դաշնամուր նվագելով զբաղվելը նրան հետաքրքիր չէր և նա սկսել է սովորել Նյու Յորքի Ազգայն ակադեմիայում, այնուհետև 1898 թվականից շարունակել ուսումը Նյու Յորքի Արվեստի դպրոցում։ Միաժամանակ սովորել է Վիլյամ Չեյզի մասնավոր դպրոցում և 1904 թվականին ավարտել Արվեստի դպրոցը։ Չեյզի դպրոցում նա ծանոթացել է ամերիկացի բազում նկարիչների հետ, որոնցից էին Ջոն Սլոունը, Ուիլյամ Գլակենսը և ուրիշներ[2]։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է Ռոբերտ Հենրին, որը մեծ ազդեցություն է ունեցել աղջկա արվեստի վրա։

Իր ապագա ամուսնու՝ նկարիչ Ջերոմ Մայերսի հետ Էթելը հանդիպել է 1904 թվականին արվեստի գործակալ Ուիլյամ Մակբեթի պատկերասրահում[3]։ Ջերոմը և Էթելը ամուսնացել են 1905 թվականին փոքրիկ եկեղեցում և սկսել են միասին ապրել 59-րդ փողոցում գտնվող նրա արվեստանոցում[3]։ Աղջկա մայրը չի ողջունել Մայերսի հետ ամուսնությունը՝ համարելով նրան խեղճ նկարիչ, նախընտրելով աղջկա վաղ նշանադրությունը գործարարի հետ։ Հետագայում նա զրկել է Էթելին ժառանգության մասից, որը խոստացվել էր։ Ամուսնությունից մեկ տարի անց՝ 1906 թվականի հոկտեմբերի 21-ին, Էթելն աղջիկ է ունեցել՝ Վիրջինյային, որը հետագայում դարձել է ամերիկացի հայտնի պարուհի։

Աղջկա ծննդից կարճ ժամանակ անց Էթելը որոշել է հեռանալ գեղանկարչությունից՝ արվեստանոցի տարածքն ազատելով ամուսնու համար, իսկ ինքն զբաղվել է փոքր քանդակներ ստեղծելով։ Սկզբում ստեղծել է մարդկանց ծաղրանկարային բրոնզե քանդակներ, որոնցից շատերը զվարճալի դիրքերով էին։ 1913 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի Արսենալյան ցուցահանդեսում, որտեղ նրան նկատել է արվեստաբան Շառլոտա Ռուբինշտեյնը։ Շատ թերթեր և հանդեսներ գրել են նրա արվեստի մասին։

Ամերիկացի նկարիչ և գրող Ռոջեր Ֆրայը (Մետրոպոլիտեն թանգարան) գնել է Ջերոմ Մայերսի մի շարք աշխատանքներ և առաջարկել նրան գնալ Լոնդոն, որտեղ Ֆրայի կարծիքով նա իր աշխատանքների համար կգտներ հարուստ շուկա։ Այդ պատճառով Մայերս ընտանիքն ամբողջ կազմով 1914 թվականին գնացել է Լոնդոն։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մնացել էր մեկ ամիս։ Լոնդոն հասնելուց հետո ընտանիքն իրենց արվեստի գործակալի հետ գնացել է Փարիզ, որտեղ բնակարան են վարձել և կահույք գնել՝ պատրաստվելով իրենց կյանքի նոր փուլին։ Ջերոմն արագ աշխատանք է գտել, Էթելն իմացել է իր անելիքը՝ մեծ հույսեր տածելով աղջկա հանդեպ։ Սակայն սկսված պատերազմը խառնել է նրանց պլանները։ Ամերիկայի դեսպանությունը խորհուրդ է տվել Ջերոմին և Էթելին հեռանալ Փարիզից։ Հավաքելով իրենց իրերը, ներառյալ անավարտ նկարները՝ գրեթե առանց միջոցների նրանք բռնել են դեպի Ամերիկա իրենց հետադարձի ճանապարհը[4]։

ԱՄՆ վերադառնալուց հետո դժվար ժամանակներում լրացուցիչ եկամուտ ստանալու համար Էթելն ուշադրություն է դարձրել կարի ձեռնարկությանը, որոնք կանանց համար արտադրանք էին ստեղծում։ Նա զբաղվել է հագուստի և գլխարկների դիզայնով, ինչպես նաև դասավանդմամբ՝ չթողնելով նաև քանդակագործությամբ զբաղվելը։ Նա հագուստներ է ստեղծել հայտնի մարդկանց համար, Նյու Յորքում ունեցել է խանութ։ Որպես գործարար կին նրա կյանքը տևել է 25 տարի՝ 1915-ից մինչև 1940 թվականը, երբ մահացել է ամուսինը։ Ամուսնու մահից հետո Էթելն իր ժամանակի մեծ մասը նվիրել է ամուսնու արվեստի հանրայնացմանը՝ ողջ ԱՄՆ-ի տարածքում Արվեստի ամերիկյան ֆեդերացիայի (անգլ.՝ American Federation of Arts) հովանավորությամբ դասախոսություններ է կարդացել նրա աշխատանքների մասին։

1949 թվականից Էթելը թոշակի է անցել՝ մինչև 1959 թվականը լինելով Նյու Յորքի Christodora House-ի գեղեցիկ արվեստների և խեցեգործության բաժնի արտ տնօրենը[5][6]։

Մահացել է 1960 թվականի մայիսի 24-ին Կորնուոլ քաղաքում, Նյու Յորք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Spanierman Gallery, Artist Biography of Ethel K. Myers
  2. «Show of the Late Ethel Myers' Work». The Villager. New York. 1963 թ․ մարտի 18.(անգլ.)
  3. 1 2 «Jerome Myers Papers». Helen Farr Sloan Library, Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  4. Myers, Ethel. «Notes on the start of war and the trials of getting back to America». Ethel Myers Estate. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.(անգլ.)
  5. National Cyclopedia of American Biography
  6. New York Sun, January 18, 1913

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Մայերս» հոդվածին։