Լևոն Զուրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զուրաբյան Լևոն Արամիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Զուրաբյան
Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող
 
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան, Երևանի պետական համալսարան և Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 9, 1964(1964-03-09) (60 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Լևոն Արամի Զուրաբյան (մարտի 9, 1964(1964-03-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, հինգերորդ գումարման ՀՀ Ազգային Ժողովում նախկին «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խորհրդարանական նախկին խմբակցության նախկին ղեկավար, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող։ 2007 թվականից Հայաստանում սկիզբ առած ընդդիմադիր շարժման առաջնորդներից։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականին կենսաբան Արամ Զուրաբյանի և կինոսցենարիստ Ագնեսա Սևունցի ընտանիքում։ Արձակագիր Գարեգին Սևունցի և բանաստեղծ Շողիկ Սաֆյանի թոռն է։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև եղել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում ասպիրանտ։ 1989-1991 թթ. նույն ինստիտուտում անցել է աշխատանքի՝ որպես լարերի դաշտի քվանտային տեսության ոլորտի գիտաշխատող։ 1988 թվականին սկիզբ առած շարժման ակտիվիստներից է, ներգրավված է եղել սահմանադրական խմբերում։ 1998-2000 թթ. ուսանել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Պետական կառավարման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով Միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։

Աշխատանքը նախագահականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991-1998 թթ աշխատել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի գրասենյակում՝ որպես նախագահի օգնական, ներքին՝ Հայաստանի տարբեր պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ հարաբերությունների, ինչպես նաև արտաքին՝ ԱՊՀ ուղղությամբ քաղաքական կապերի հարցերով։ 1994 թվականից` զբաղեցրել է նաև մամլո խոսնակի պաշտոնը։ Հրաժարական է տվել 1998 թվականին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին։

Փորձագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2004 թթ. աշխատել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ԱյԲիԷմ բիզնես քոնսալթինգ (Փրայսվոթերհաուսքուփերս) ընկերությունում որպես հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար։ 2005-2007 թթ. եղել է հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող և դրանց կարգավորման ուղղությամբ խորհդակցություն տրամադրող հեղինակավոր համաշխարհային փորձագիտական կառույցներից մեկի` «Միջազգային ճգնաժամային խմբի» վերլուծաբան։ Իր այդ պաշտոնում Լևոն Զուրաբյանը ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիաի հակամարտությունների շուրջ Միջազգային ճգնաժամային խմբի կողմից լույս ընծայված զեկույցներին, ինչպես նաև զբաղվել է Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի փոքրամասնությունների հիմնահարցերով։

2008 թվականի Նախագահական ընտրությունները և մարտի 1-ին հաջորդող շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Զուրաբյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի ինը անդամներից մեկը և զբաղվել է հիմնականում արտաքին հարաբերությունների, ինչպես նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցերով։ Առավել ակտիվ հրապարակային քաղաքական գործունեությունը սկսվել է մարտի 1-ից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի մի մասը ձերբակալված էր։ 2008 թ. օգոստոսի 1-ից՝ Հայ ազգային կոնգրեսի` որպես քաղաքական ուժի և կառույցի հռչակումից ի վեր, վերջինիս կենտրոնական դերակատարներից է։

2012 Խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ. Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնող թեկնածու, ինչպես նաև մեծամասնական կարգով առաջադրել է իր թեկնածությունը թիվ 9 ընտրատարածքում։ 2012 թ. հունիսի 1-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Կինը` Շողեր Մաթևոսյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիրն է, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի դուստրը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]