Լևոն Զուրաբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զուրաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Լևոն Զուրաբյան | ||
| ||
|---|---|---|
| Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարան, Երևանի պետական համալսարան և Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց | |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
| Ծննդյան օր | մարտի 9, 1964 (61 տարեկան) | |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
| Քաղաքացիություն | ||
| Ամուսին | Շողեր Մաթևոսյան | |
| Զավակներ | Մարիամ Զուրաբյան, Վահրամ Զուրաբյան | |
Լևոն Արամի Զուրաբյան (մարտի 9, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ, հինգերորդ գումարման ՀՀ Ազգային Ժողովում նախկին «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խորհրդարանական նախկին խմբակցության նախկին ղեկավար, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող։ 2007 թվականից Հայաստանում սկիզբ առած ընդդիմադիր շարժման ազդեցիկ առաջնորդներից։ 2025 թվականի դեկտեմբերին «Հայ Ազգային Կոնգրես»-ը հայտարարեց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է՝ Լևոն Զուրաբյանին առաջադրելով որպես կուսակցության վարչապետի թեկնածու։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1964 թվականին կենսաբան Արամ Զուրաբյանի և կինոսցենարիստ Ագնեսա Սևունցի ընտանիքում։ Արձակագիր Գարեգին Սևունցի և բանաստեղծ Շողիկ Սաֆյանի թոռն է։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև եղել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում ասպիրանտ։ 1989-1991 թթ. նույն ինստիտուտում անցել է աշխատանքի՝ որպես լարերի դաշտի քվանտային տեսության ոլորտի գիտաշխատող։ 1988 թվականին սկիզբ առած շարժման ակտիվիստներից է, ներգրավված է եղել սահմանադրական խմբերում։ 1998-2000 թթ. ուսանել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Պետական կառավարման և միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով Միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում։
Աշխատանքը նախագահականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1991-1998 թթ աշխատել է Հայաստանի առաջին նախագահի գրասենյակում՝ որպես նախագահի օգնական, ներքին՝ Հայաստանի տարբեր պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ հարաբերությունների, ինչպես նաև արտաքին՝ ԱՊՀ ուղղությամբ քաղաքական կապերի հարցերով։ 1994 թվականից` զբաղեցրել է նաև մամլո խոսնակի պաշտոնը։ Հրաժարական է տվել 1998 թվականին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին։
Փորձագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-2004 թթ. աշխատել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման ԱյԲիԷմ բիզնես քոնսալթինգ (Փրայսվոթերհաուսքուփերս) ընկերությունում որպես հասարակայնության հետ կապերի թիմի ղեկավար։ 2005-2007 թթ. եղել է հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող և դրանց կարգավորման ուղղությամբ խորհդակցություն տրամադրող հեղինակավոր համաշխարհային փորձագիտական կառույցներից մեկի` «Միջազգային ճգնաժամային խմբի» վերլուծաբան։ Իր այդ պաշտոնում Լևոն Զուրաբյանը ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիաի հակամարտությունների շուրջ Միջազգային ճգնաժամային խմբի կողմից լույս ընծայված զեկույցներին, ինչպես նաև զբաղվել է Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի փոքրամասնությունների հիմնահարցերով։
2008 թվականի Նախագահական ընտրությունները և մարտի 1-ին հաջորդող շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նախագահական ընտրություններին Լևոն Զուրաբյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի ինը անդամներից մեկը և զբաղվել է հիմնականում արտաքին հարաբերությունների, ինչպես նաև այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցերով։ Առավել ակտիվ հրապարակային քաղաքական գործունեությունը սկսվել է մարտի 1-ից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի մի մասը ձերբակալված էր։ 2008 թ. օգոստոսի 1-ից՝ Հայ ազգային կոնգրեսի` որպես քաղաքական ուժի և կառույցի հռչակումից ի վեր, վերջինիս կենտրոնական դերակատարներից է։
2012 Խորհրդարանական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թ. Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակում հինգերորդ տեղը զբաղեցնող թեկնածու, ինչպես նաև մեծամասնական կարգով առաջադրել է իր թեկնածությունը թիվ 9 ընտրատարածքում։ 2012 թ. հունիսի 1-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար։
2021 Խորհրդարանական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին Լևոն Զուրաբյանը մասնակցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համապետական ցուցակով՝ զբաղեցնելով ցուցակի երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև հանդես է եկել որպես կուսակցության նախընտրական շտաբի պետ։ Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած վերջնական արդյունքների՝ «Հայ ազգային կոնգրես»-ը ստացել է 19 691 ձայն (1.54%)։[1] Քանի որ կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը, այն չի ներկայացվել 8-րդ գումարման Ազգային ժողովում։[2]
2026 Խորհրդարանական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2025 թ. դեկտեմբերի 26-ին «Հայ ազգային կոնգրես»-ը հայտարարեց, որ կմասնակցի 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին (նախատեսված 2026 թ. հունիսի սկզբին) և կուսակցության վարչապետի թեկնածու է առաջադրում Լևոն Զուրաբյանին։[3] Զուրաբյանը նույն օրն ասուլիսում ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական շեշտադրումները՝ առաջնահերթ համարելով անվտանգությունը, ապա՝ մասնավոր հատվածի խրախուսման վրա հիմնված տնտեսական զարգացման մոտեցումները։ Կուսակցությունը նաև հայտարարել է, որ ընտրություններին մասնակցում է հնարավորինս լայն համագործակցություն/դաշինք ձևավորելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ-ը չի ձևավորի ընտրական դաշինք նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ առնչվող քաղաքական ուժերի հետ։[4][5][6]
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Կինը` Շողեր Մաթևոսյանը, «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիրն է, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի դուստրը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարցազրույց Հ2-ի եթերում
- ՀԱԿ-ի առաջարկը «միայն ԲՀԿ-ին ուղղված չէ»
- ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել` չհավակնելով հատուկ դերի
- Levon Zurabyan: "Every nation which respects itself must struggle for democracy" (անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների վերջնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.22%». ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն. 2021-06-27. Վերցված է 2026-01-11-ին.
- ↑ «Հայ ազգային կոնգրեսի համար արտահերթ ընտրություններին մասնակցությունը «պետությունը փրկելու հատուկ օպերացիա է»». Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան (Azatutyun). 2021-05-27. Վերցված է 2026-01-20-ին.
- ↑ «ՀԱԿ-ը կմասնակցի 2026-ի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է». CivilNet. 2025-12-26. Վերցված է 2026-01-20-ին.
- ↑ «ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին, վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է». Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան (Azatutyun). 2025-12-26. Վերցված է 2026-01-20-ին.
- ↑ «Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու». Հետաքննող լրագրողներ (Hetq). 2025-12-26. Վերցված է 2026-01-20-ին.
- ↑ «ANC won't form coalition with ex-presidents' parties» (անգլերեն). PanARMENIAN.Net. 2025-12-26. Վերցված է 2026-01-20-ին.
| ||||||
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Մարտի 9 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտներ
- Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցի շրջանավարտներ
- ՀԱԿ անդամներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներ
- Հայ քաղաքական գործիչներ
