Զարդարվեստ

Զարդարվեստ, կերպարվեստի բնագավառ․ ծառայում է մարդուն շրջապատող միջավայրը զարդարելուն։ Սկզբնավորվել և զարգացել է շատ հնուց։ Օգտագործվել են կայուն նյութեր (փայտ, կավ, խեցի, ոսկոր, քար, մետաղ, ապակի, գործվածք, թել, թուղթ, մագաղաթ և այլն)։ Ըստ այդմ, ստեղծվել են հատուկ գործիքներ՝ մուրճ, հատիչ, փորագրիչ, հղկիչ, ասեղ, հելուն, գրիչ, վրձին և այլն, որոնցից էլ՝ համապատասխան զարդատեսակների անունները․ զարդաքանդակ կամ քանդակազարդ, դրվագազարդ, կոստղազարդ, ակնազարդ, փորագրազարդ, ասեղնազարդ, գորգազարդ, խճազարդ, նկարազարդ (ծաղկազարդ), դրոշմազարդ և այլն։ Զարդարվել են մարդկանց և կենդանիների մարմինները, մարդու մաշկը (վիտում), վարսերը, հագուստը, տնային կահկարասին, գործիքները, զենքերը, նվագարանները, խաղալիքները, գերեզմանները, աշխարհիկ ու կրոնական կառույցները, պաշտամունքային առարկաները, գրքերը և այլն։ Հաճախ որպես զարդ օգտագործվել են զանազան իրեր (ատամներ, փետուրներ, ակնունք, հասարակ քարեր)։ Զարդերը լինում են գունավոր և անգույն, բնական տեսքով կամ ոճավորված։ Հատուկ նշանակություն է տրվել զուգակշռությանը (սիմետրիա) և ռիթմին։ Պատկերվել են իրական և երևակայական ձևեր։
Զարդամոտիվներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զարդամոտիվները հանդիպում են ինչպես առանձին միավորներով, այնպես էլ պարզ կամ բարդ հարակցումներով, միահյուսումներով։ Անցյալում զարդապատումը իրականացվել է միմիայն ձեռքի աշխատանքով, հետագայում, կաղապարների և տեխնիկայի օգնությամբ, մշակվել բազմաքանակ արտադրության եղանակը։ Զարդարվեստը հայտնի է սկսած քարի դարից։ Այն ժողովրդական արվեստ է։ Զարդաձևերն անանուն են։ Չնայած ազդեցություններին ու փոխազդեցություններին, մարդկային յուրաքանչյուր խմբավորում, ցեղ, ժողովուրդ զարդարվել է ինքնուրույնաբար։ Զարդարվնստը միջազգային արվեստ է ոչ միայն տարածմամբ, այլև մոտիվների նմանությամբ։ Գոյություն ունեն ոճով միմյանցից տարբերվող մի շարք զարդաշխարհներ՝ հնդկական, չինական, եգիպտական, հին արևելյան, կովկասյան, հունա-հռոմեական, սլավոնական, միջինասիական, սկանդինավյան և այլն։ Զարդարվեստի մոտիվները բաժանվում են աշխարհիկ և կրոնական զարդախմբերի։ Առաջինները կապվում են բնական իրողություննևրի, առօրյա զբաղմունքի և կենցաղի հետ։ Երկրորդների վրա նկատելի են անիմիստական, տոտեմական պատկերացումների ազդեցություններ։ Հետագայում նրանց փոխարինել են կենդանակերպ, ապա՝ մարդակերպ աստվածությունների գաղափարները։ Նշված խմբերը ոչ միշտ են որոշակիորեն տարբերվում միմյանցից։
Զարդարվեստը այլ քաղաքներում
[խմբագրել | խմբագրել կոդը]

- կրծքազարդ, կիսաթանկարժեք քարերով ընդելուզված ոսկի (Եգիպտոս, 12-րդ դինաստիա, մեր թվարկությունից առաջ 19-րդ դար, Եգիպտական թանգարան, Կահիրե),
- զարդապատ խեցեղեն անոթ (Շոշ, Իրան, մեր թվարկությունից առաջ 15-րդ հազարամյակի վերջ, Լուվր, Փարիզ),
- գարդապատ նախաատտիկյան անոթ ՝(Ատտիկա, մեր թվարկությունից առաջ 700—680, Լուվր, Փարիզ),
- գավաթ, ապակի, վենետիկյան վարպետի գործ (16-րդ դար վերջ, Ապակեղենի թանգարան, Կոռնինգ, ԱՄՆ),
- խորան «Սմբատ Սպարապետի Ավետարան»-ից (13-րդ դարի կես, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան),
- քանդակազարդ գրակալ, փայտ (1273, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան),
- զարդաքանդակներ Ուկանտնց իշխանների դամբարանի վրա (13-րդ դար Հաղպատ),
- արծաթյա մանյակ, վելիկոուստյագյան արծն (17-րդ դար 2-րդ կես, Պատմության թանգարան, Մոսկվա),
- «Մայր Հայաստան» կոթողի (Հաղթանակի հուշարձանի) պատվանդանի շքամուտքը Երևանի Հաղթանակի զբոսայգում։
Տարբերում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- մակերեսադիր (ցայտազարդ, խորազարդ, գծազարդ, դրոշմազարդ),
- ներհյուսվածքային (ասեղնազարդ, գորգազարդ, զամբյուղազարդ) և առարկայական ձևերով (ամրացված կամ շարժական) զարդեր։
Տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- ա․ կենդանական
- բ․ երկրաչափական,
- գ․ բուսական
- դ․ այլ բնույթի՝ երկնային լուսատուների (արև, լուսին, աստղեր), երկրային տեսարանների (լեռներ, ջրեր), աշխատանքային-իրողությունների (կառույցներ, կարասիներ, գործիքներ) հետ կապված գարդախմբերի
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մնացականյան Ա․ Շ․, Հայկական զարդարվեստ,
- 1955։ Стасов В, В․, Славянский и восточный орнамент по рукописям древнего и нового времени, СПБ,
- 1887; Encyclopedia of World Art, X, N․ Y—Toronto—L․, 1965
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 666)։ ![]() |