Երկկենցաղ մարդը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկկենցաղ մարդը
ռուս.՝ Человек-амфибия
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա և արկածային
Ձևվեպ
ՀեղինակԱլեքսանդր Բելյաև
Երկիր Ռուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1927
ՏեսարանԱրգենտինա
Հրատարակվել է1928
 Amphibian Man

«Երկկենցաղ մարդը», Ալ. Բելյաևի 1927 թվականին գրած գիտաֆանտաստիկ վեպ մի մարդու մասին, ով կարող է ապրել ջրի տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երկկենցաղ մարդը» վեպն առաջին անգամ տպագրվել է 1928 թվականին մոսկովյան «Вокруг света»[1] ամսագրում (թիվ 1-13)[2]։ Եվ մինչև օրս հրատարակվում է, ամեն տարի, տասնյակ հազարներով ամբողջ Ռուսաստանում[3]։

Սյուժեի աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքը՝ Բելյաևը, բազմիցս պնդել է, որ իր գաղափարի համար պարտական է «Իզվեստիա» թերթի հոդվածին, որը պատմում էր արգենտինացի պրոֆեսորի դատավարության մասին, ով վիրահատական ճանապարհով ամեն կերպ բարելավում է մարդու մարմինը։ Միայն թե նրան դատում են ոչ թե անմարդկային փորձերի, այլ հպարտության համար, որ «նա որոշեց, ասում են, մրցել հենց Արարչի հետ»[3]։

Քչերին է հայտնի, որ Ալեքսանդր Բելյաևի «Երկկենցաղ մարդը» վեպի առաջին տարբերակը կոչվում էր «Երկաթե խռիկներով մարդը», հերոսի անունը ոչ թե Իխտիանդր էր, այլ Պրոխոր, և այս վեպը պատմվում էր Յալթայի ստորջրյա դիվերսանտ-հետախույզների ուսումնական բազայի մասին։ Ձեռագիրը հրատարակչություն հանձնելու հաջորդ օրը Բելյաևին կանչել են ուր որ պետքն է և խստորեն խորհուրդ են տվել երկաթե խռիկները փոխարինել երիտասարդ շնաձկան խռիկներով, բացառել ԽՍՀՄ-ի մասին որևէ հիշատակում և, ընդհանրապես, գործողությունը ինչ-որ հեռու տեղ տեղափոխել։ Ինչն էլ հեղինակն արել է, բարեբախտաբար[3]։

1909 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ֆրանսիական «Le Matin» (Փարիզ) թերթում տպագրվել է Ժան դե Լա Հիրի (Jean de La Hire) «Մարդը, ով կարող է ապրել ջրի մեջ» ֆելիետոնային վեպը։ Գլխավոր հերոսը` ճիզվիտ Ֆուլբերը, ով երազում է աշխարհին իշխելու մասին, փոքրիկ Գիքթաներին փոխպատվաստում է երիտասարդ շնաձկան խռիկներ` թոքերից մեկի փոխարեն և ատելություն է ներշնչում ողջ մարդկային ցեղի հանդեպ։ Մեծացած Գիքթաները խորտակում է ամբողջ էսկադրաներ, իսկ նրա խնամակալը վերջնագրեր է ներկայացնում համաշխարհային հանրությանը։ Այսպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև Գիքթաները սիրահարվում է Մոիզետին, ով բացահայտում է նրան Աստծո գոյությունը։ Գիքթաները դադարում է ենթարկվել Ֆուլբերին, Փարիզում վիրահատություն է կատարում` հեռացնելով խռիկները և տեղափոխվում է Թաիթի` Մոիզետի հետ ապրելու։

1909 թվականի աշնանը Սանկտ Պետերբուրգի հակահրեական «Զեմշչինա» թերթը հրատարակեց անանուն հեղինակի «Ձուկ մարդը» վեպը` հիմնված Ժան դե Լա Հիրի տեքստի վրա։ Ռուսական վերափոխված տարբերակում պահպանվել են ֆրանսիական բնագրի հիմնական սյուժեները, սակայն Ֆուլբերը դարձել է հրեա և փորձում է աշխարհը ենթարկել միջազգային հրեականությանը, որպեսզի «ստրկացնի մարդկությանը»։

Գրականագետ Միխայիլ Զոլոտոնոսովը, ով մատնանշել է այդ աղբյուրները 2003 թվականին, կարծում է, որ «Ձուկ-մարդը» վեպը անմիջական օրինակ է դարձել Բելյաևի համար. այն վերամշակվել է «խորհրդային ձևով» և հակասեմականության փոխարեն հումանիստական երանգ է ստացել[3][4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինացի վիրաբույժ Սալվատորը զբաղվում է կենսաբանական հետազոտություններով. նրանց հիմնական թեմաներից մեկը օրգանների փոխպատվաստումն է, ներառյալ տեսակների միջև փոխպատվաստումը։ Զուգահետաբար նա բժշկական օգնություն է ցուցաբերում այն հնդկացիներին, ովքեր իր մոտ են գալիս ամբողջ Հարավային Ամերիկայից։ Հնդիկները մեծարում են Սալվատորին որպես աստված, քանի որ նա կարողանում է բուժել անհույս համարվող հիվանդություններն ու վնասվածքները։ Մի անգամ Սալվատորի մոտ են բերում երեխայի, որի մահն անխուսափելի էր, քանի որ նրա թոքերը չափազանց թույլ էին։ Պայքարելով երեխայի կյանքի համար` վիրաբույժը նրա մեջ փոխպատվաստում է երիտասարդ շնաձկան խռիկներ, ինչի շնորհիվ երեխան ողջ է մնում և ջրի տակ ապրելու կարողություն է ձեռք բերում։ Բայց նա պետք է մշտապես պահպանի ռեժիմ` ժամանակի մի մասն անցկացնի ջրում, մյուս մասը` ցամաքում, հակառակ դեպքում վիճակը կտրուկ կվատթարանա։ Հասկանալով, որ փրկված երեխան աղքատ հնդկացիների մեջ միևնույն է չի կարողանա ողջ մնալ, Սալվատորը երեխայի ծնողներին ասում է, որ նա մահացել է, տղային թողնում է իր տանը և ինքն է մեծացնում նրան։ Այսպես առաջանում է իխտիանդրը` երկկենցաղ մարդը։

Գրքի իրադարձությունները սկսվում են շատ տարիներ անց, երբ Իխտյանդրն արդեն մեծացել է։ Նա ապրում է Սալվատորի հետ, լողում է օվկիանոսում, որտեղ հասնում է Սալվատորի վիլլան օվկիանոսի հետ կապող ստորջրյա թունելի միջով։ Բելյաևը նշում է, որ Իխտյանդրը «լողում է այնպես, ինչպես գորտերն են լողում»[5], այսինքն` գորտանման լող` բրաս։ Իխտյանդերն աննկատ չի մնում` մեկ նա կտրում է ձկնորսական ցանցերը, մեկ նրան նկատում են ձկնորսները կամ մարգարիտ ոսացող սուզորդները, երբ նա դելֆինին հեծնած քշում է կամ փողհարում է խեցիով։

Ափի երկայնքով սկսում են լուրեր պտտվել օվկիանոսում ապրող «Ծովային սատանայի» մասին, մարգարիտ որսացող սուզորդները վախենում են սուզվել, իսկ ձկնորսները` ձկնորսության գնալ։ Կապիտան Պեդրո Զուրիտան, ով մարգարիտների առևտուր է անում, զայրանում է իրեն վնաս պատճառող խոսակցություններից, բայց շատ արագ հասկանում է, որ դրանց հետևում իրական բան է թաքնված։ Նա որոշում է, որ «Ծովային սատանան» խելացի կենդանի է, որին լավ կլիներ բռնել և օգտագործել իր օգտին։ Ցանցերով «սատանային» բռնելու փորձերը ձախողվում են. Զուրիտան, Բալտազարից իմանալով, որ «Ծովային սատանայի» որջի մուտքը տանում է դոկտոր Սալվատորի վիլլա, որոշում է ներթափանցել նրա տիրույթներ, բայց փորձը ձախողվում է։ Դրանից հետո, որպես հիվանդ հնդկացի աղջկա պապ` Սալվատորի վիլլա է ներթափանցում Կրիստոն` Զուրիտայի ագենտը։ Նա շահում է Սալվատորի վստահությունը և ի վերջո իմանում է Իխտիանդրի մասին։

Այդ ընթացքում Իխտիանդրը փրկում է ծովում խեղդվող Գուտիերեին, որը Զուրիտայի կամակատարներից Բալտազարի որդեգրած աղջկիկն է։ Զուրիտան պատահաբար ափի մոտ լինելով` գտնում է Գուտիերեին և աղջկան հավաստիացնում է, որ ինքն է փրկել նրան։ Գուտիերեի գեղեցկությամբ հմայված Իխտյանդրը ցանկանում է նորից տեսնել նրան, բայց նա բոլորովին անծանոթ է ափի կյանքի առանձնահատկություններին։ Կրիստոյի օգնությամբ նա մի քանի անգամ քաղաք է գնում, գտնում է Գուտիերեին և հանդիպում նրա հետ։ Գուտիերեն Օլսեն անունով սիրեկան ունի, բայց նա համակրանք է զգում Իխտյանդրի նկատմամբ։ Բայց ավելի հարուստ և հզոր Զուրիտան Գուտիերեին վերցնում է որպես իր կին և տանում իր կալվածքը։ Իխտիանդրը, իմանալով Օլսենից կատարվածի մասին, գնում է աղջկա հետևից, բայց արդյունքում հայտնվում է հենց Զուրիտայի ձեռքում։ Նրան սկզբում ստիպում են մարգարիտներ որսալ, շղթայելով երկար շղթայով, իսկ հետո ուղարկում են (իբր Գուտիերեի խնդրանքով) «Մաֆալդու» վերջերս խորտակված շոգենավից թանկարժեք իրեր հավաքելու։ Գուտիերեին հաջողվում է Իխտյանդերին ասել, որ Զուրիտան ստում է, և որ իրեն վտանգ է սպառնում։ Իխտյանդրը փախչում է։

Կրիստոն Բալտազարին հայտնում է իր ենթադրության մասին, որ Իխտիանդրը Բալտազարի որդին է, ով տարիներ առաջ տեղափոխվել էր Սալվատորի մոտ` բուժման համար. Նա այս կարծիքին է գալիս Իխտյանդրի պարանոցի վրա պատահաբար տեսած ծննդյան նշանից ելնելով. ճիշտ նույնպիսին էր Բալտազարի երեխայի մոտ, երբ նա նրան տարան Սալվատորի մոտ։ Բալտազարը ցանկանում է որդուն վերադարձնել և բողոք է ներկայացնում դատախազին. Զուրիտան նույնպես դիմում է դատախազին։ Տեղի եպիսկոպոսը նույնպես հակադրվում է Սալվատորին` մեղադրելով նրան «աստվածանարգող» փորձարկումների մեջ։ Ոստիկանությունը բերման է ենթարկում Սալվատորին և Իխտիանդրին։

Ցամաքում շատ մնալու հետևանքով Իխտյանդրի վիճակը փոխվում է. օդ շնչելուց ծանրացել են նրա թոքերը, մարմնի հավասարակշռությունը խախտվել է, և ժամանակի մեծ մասը նա պետք է անցկացնի ջրի մեջ։ Ըստ Սալվատորի` Իխտիանդրը երկկենցաղ մարդուց վերածվում է մարդ-ձկան. գրեթե ամբողջ ժամանակը նա պետք է անցկացնի ջրի մեջ։

Դատարանում Սալվատորը պատմում է Իխտիանդրի պատմությունը և ելույթ ունենում օվկիանոսի միջավայրում մարդկանց բնակեցման մասին։ Նա դատապարտվում է ազատազրկման, իսկ Զուրիտան ստանում է խնամակալություն Իխտիանդրի նկատմամբ, քանի որ Իխտիանդրը ճանաչվում է (կյանքի իրողություններին անծանոթ լինելու պատճառով) անգործունակ։ Բանտի հսկիչը, ում կնոջը փրկել էր Սալվատորը, գալիս է Սալվատորի մոտ և նրան առաջակում է փախչել` միաժամանակ պատմելով, որ եպիսկոպոսի պնդմամբ իրեն հրամայել են թունավորել Իխտյանդրին կալիումի ցիանիդով։

Սալվատորը հսկիչին կարգադրում է փրկել Իխտիանդրին. ինքը` աշխարհահռչակ գիտնականը, չի վախենում բանտից և կարծում է, որ իր ազատազրկման ժամկետը կարճ է լինելու. նա բազմաթիվ ազդեցիկ ընկերներ ունի, ովքեր կվերադարձնեն իր ազատությունը։ Բանտի հսկիչը և Օլսենը կազմակերպում են Իխտիանդրի փախուստը։ Սալվատորը նրան ուղարկում է իր գիտնական ընկեր Արման Վիլբուայի մոտ, որը բնակվում է Խաղաղ օվկիանոսի հեռավոր Տուամոտու արշիպելագի կղզիներից մեկում։ Երկու երթուղիներն էլ` հյուսիսային (Պանամայի ջրանցքով) և հարավային (Հոռն հրվանդանի շուրջ), ունեն իրենց առավելություններն ու վտանգները։ Իխտիանդրը որոշում է իր հետ տանել իր վարժեցրած դելֆին Լիդինգին։ Բաժանվելիս նա կանչում է Գուտիերեին` չիմանալով, որ նա, նախազգուշացված է Օլսենի կողմից, գտնվում է ժայռի հետևում և լսում է նրան։

Գուտիերեն բաժանվում է Զուրիտայից և ամուսնանում Օլսենի հետ։ Նրանք մեկնում են Նյու Յորք։ Սալվատորը, կրելով բանտային պատիժը, վերադառնում է գիտական աշխատանքի և աստիճանաբար պատրաստվում երկար ճանապարհորդության։ Կրիստոն շարունակում է ծառայել նրան։ Զուրիտան դեռ մարգարիտ է որսում։ Բալտասարը որդու կորստի պատճառով խելագարվում է և դառնում մուրացկան, փոթորիկների ժամանակ նա գալիս է ծով և կանչում Իխտիանդրին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իխտիանդր — երկկենցաղ մարդ
  • Բալտազար — հնդկացի, որը երիտասարդ հասակում մարգարտի որսով է զբաղվել և հավանաբար Իխտիանդրի հայրն է
  • Գուտիերե — Բակտազարի որդեգրած դուստրը
  • Սալվատոր — բժիշկ, վիրաբույժ և հմաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, Իխտիանդրին որդեգչած հայրը
  • Զիմ — սևամորթ, Սալվատորի ծառա
  • Պոդրո Զուրիտա — մարգարիտ որսացող, «Մեդուզա» երկկայմ առագաստանավի տերը
  • Կրիստո (Քրիստոֆեր) — Բալտազարի ավագ եղբայրը, հետագայում Սալվատորի օգնականը
  • Օլսեն — ֆաբրիկայի բանվոր, Գուտիերի ընկերը
  • Դոլորես — Պեդրո Զուրիտայի մայրը
  • Դոն Ֆլորես դե Լարրա — դատական գործերի հավատարմատար
  • Աուգուստո դե …[6] — դատախազ
  • Խուան դե Գարսիլասսո — եպիսկոպոս
  • Շտեյն — պրոֆեսոր, դատական էքսպերտ
  • Բատի հսկիչ — մարդ, որի կնոջը մահից փրկել էր Սալվատորը
  • Արման Վուլբուա — գիտնական-օվկիանոսագետ, Սալվատորի ընկերը
  • Լիդինգ — դելֆին, Իխտիանդրի ընկերը։

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին է միայն պարզվել, որ Ալեքսանդր Բելյաևի «Երկկենցաղ մարդը» գիտական ֆանտաստիկայի համաշխարհային գլուխգործոցը ռուսերենից հայերեն թարգմանել է Գուրգեն Մահարին աքսորում եղած ժամանակ[7][8]։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1961 թվականին ԽՍՀՄ-ում Լենֆիլմ կինոստուդիան նկարահանվել է «Երկկենցաղ մարդ» ֆիլմը, որը վեպից մի քանի տարբերություն ունի։ Մասնավորապես, Օլսենը դառնում է լրագրող և Սալվատորի ընկերը։ Կրիստոն հայտնվում է միայն դրվագներից մեկում և ոչ մի դեր չի խաղում։ Գուտիերի փրկության հանգամանքները և Զուրիտայի հետագա ճակատագիրը փոխված են. եթե վեպում նա շարունակում է մարգարիտ որսալ, ապա ֆիլմում նրան սպանում է Բալտազարը։ Որոշ կերպարներ, հիմնականում երկրորդական կերպարներ, ընդհանրապես բացակայում են. Չի նշվում նաև Բալտազարի հնարավոր ազգակցության մասին Իխտյանդրի հետ[9]։
  2. 2004 - Երկկենցաղ մարդ։ Ծովային սատանան (հեռուստասերիալ)
  3. 2009 - Երկկենցաղ մարդ (հեռուստասերիալ)

Ամերիկացի կինոգործիչները «Երկկենցաղ մարդը» ֆիլմ նկարահանելու մտադրություն առաջին անգամ ունեցել են 1940-ականներին[10]։ Սակայն ստորջրյա նկարահանումների վտանգն ու բարդությունն այնպիսին էր, որ ֆիլմի ադապտացիան անհնար են համարել նույնիսկ հոլիվուդյան լավագույն վարպետները մինչ 1961 թվականին խորհրդային ֆիլմի թողարկումը։

2016 թվականի դեկտեմբերին «Գլավկինո» ընկերությունը, «Լենֆիլմ» կինոստուդիան և «Մշակույթի և կրթության զարգացման ռուս-չինական հիմնադրամը» համաձայնություն ձեռք բերեցին Չինաստանի համար 1962 թվականի ֆիլմի ռեմեյքը նկարահանելու և 3 տարում թողարկելու մասին։ Նշվում է, որ Չինաստանում Իխտիանդրը աղջիկ է լինելու, իսկ Գուտիերը` տղամարդ[11][12]։

Շարունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բելյաևի ընկերների և ծանոթների, նա չէր սիրում գրել իր ստեղծագործությունների շարունակությունները. «... երբ վեպը գրված է, նրա կերպարներն ինձ այլևս չեն հետաքրքրում…»: Այնուամենայնիվ, Իխտիանդերը նրա սիրելի հերոսն էր։ Իխտյանդրի մասին պատմվածքի շարունակությունը Բելյաևը պատմել է իր ընկերներին ու ծանոթներին, բայց վեպի շարունակությունն այդպես էլ չի ստացվել[13]։

Գրող Ալեքսանդր Կլիմայը 1993 թվականին գրել է «Իխտիանդր» վեպի շարունակությունը։ 2008 թվականին իր իսկ հեղինակությամբ լույս է տեսել երրորդ գիրքը` «Ծովային սատանա» վերնագրով[14][15]։

2020 թվականին լույս է տեսել Եվգենի Կոնստանտինովի «Ծովային սատանայի վերադարձը» չորրորդ գիրքը։ Սյուժեով այն Բելյաևի բնօրինակ վեպի շարունակությունն է` անտեսելով Կլիմայի գրքերը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այդ տարիներին լույս են տեսել նույնանուն երկու ամսագրեր՝ Մոսկվայում և Լենինգրադում։
  2. Библиографии советской фантастики.
  3. 3,0 3,1 3,2 3,3 slovar06: Иктанэр vs Ихтиандр — 2 (ռուսերեն). 11 октября 2015 г.
  4. Золотоносов Михаил. «Приключения человека-амфибии» // Московские новости, 2003, № 6
  5. Беляев А. Человек-амфибия. Человек, нашедший свое лицо. — СПб.: Азбука, Азбука-Аттикус, 2018. — С. 63. — (Азбука-классика). — 3000 экз. — ISBN 978-5-389-12591-9
  6. Այս կերպարի անունը վեպում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ դատավարության ժամանակ Սալվատորի ելույթում, բայց ոչ ամբողջությամբ։
  7. «Երկկենցաղ մարդը | Zangak Bookstore». zangakbookstore.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
  8. Беляев, Александр (2020). Երկկենցաղ մարդը. Darak Hratarakchʻutʻyun. ISBN 978-9939-9225-9-1.
  9. «Ихтиандр, сын адмирала». EG.RU (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. ««Человек-амфибия» и другие: 5 экранизаций романов Александра Беляева, Вечерняя Москва». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  11. «Владислав Мельников: песню про морского дъявола переведут на китайский». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  12. Анастасия Папандина, Ирина Парфентьева (2016 թ․ դեկտեմբերի 1). ««Главкино» переснимет легендарный фильм «Человек-амфибия» для Китая». РБК. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  13. Երկերի ժողովածու 8 հատորով, հատոր 8, Ալեքսանդր Բելյաև, էջեր 497-516, ռուսերեն
  14. "Ихтиандр" и "Морской дьявол" Александра Климая
  15. антология "Человек-амфибия". "Ихтиандр". "Морской дьявол" Фантлаб կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկկենցաղ մարդը (վեպ)» հոդվածին։