Դժոխքի դարպասներ (քանդակ)
տեսակ | group of casts? |
---|---|
քանդակագործ | Օգյուստ Ռոդեն |
տարի | 1880-1917 |
բարձրություն | 600 |
ուղղություն | իմպրեսիոնիզմ[1] |
նյութ | ոսկի և արծաթ |
գտնվելու վայր | Ֆրանսիա, Փարիզ |
հավաքածու | Օրսե թանգարան և Սումայա թանգարան |
հատվածն է | Fugitive Love motive? և The Three Shades? |
պատկերված են
| |
La Porte de l'enfer Վիքիպահեստում |
Դժոխքի դարպասներ (ֆր.՝ Les portes de l'Enfer), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի մոնումենտալ քանդակ։ Պատկերում է դժոխքի տեսարանը` ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին մասի։ Քանդակի բարձրությունը 6 մ է, լայնությունը` 4 մ, խորությունը` 1 մ (19.7×13.1×3.3 ոտնաչափ)։ Քանդակում ներկայացված է 180 կերպար, որոնց չափերը տատանվում են 15 սմ-ից (6 մատնաչափ) մինչև 1 մ (3 ոտնաչափ)։ Որոշ կերպարներ Ռոդենը վերածել է առանձին քանդակների։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը 1880 թվականին պատվիրել էր Գեղարվեստի վարչությունը։ Այն պետք է պատրաստ լիներ 1885 թվականին, սակայն Ռոդենը շարունակել է քանդակի վրա աշխատել 37 տարի` ընդհուպ մինչև իր մահը (1917)։ Դարպասները պետք է տեղադրվեին նոր կառուցվելիք Գեղարվեստի թանգարանի մուտքում։ Թեման թողնված էր Ռոդենի ընտրությանը։ Դեռևս մինչև հանձնաժողովը Ռոդենը մշակել էր էսքիզներ Դանթեի որոշ կերպարների թեմաներով, ուր արտահայտված էր նրա հիացմունքը Դանթեի դժոխքով[2]։
Գեղարվեստի թանգարանն այդպես էլ չկառուցվեց։ Ռոդենն աշխատել է այս քանդակի շուրջ «Բիրոն» հյուրանոցի առաջին հարկում։ Իր կյանքի վերջում Ռոդենը ֆրանսիական կառավարությանն է հանձնել քանդակը, դրա թեմայով էսքիզները և քանդակը վերարտադրելու իրավունքը։ 1919 թվականին՝ Ռոդենի մահից երկու տարի անց, «Բիրոն» հյուրանոցը դարձել է Ռոդենի թանգարանը, որտեղ էլ պահվում են «Դժոխքի դարպասները» և դրա հետ կապված աշխատանքները։
Ներշնչանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դժոխքի դարպասները» մինչ օրս էլ վերջնականապես ավարտին չեն հասցված։ Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են ծառայել Լորենցո Գիբերտիի հեղինակած «Դրախտի դարպասները» Ֆլորենցիայի Սան Ջովանի բապտիստերիայում։ 15-րդ դարի բրոնզե դարպասները պատկերում են Հին կտակարանի կերպարները։
Քանդակագործը ներշնչվել է միջնադարյան տաճարներով, որոնցից մի քանիսում համադրված են բարձր և ցածր ռելիեֆները։ Ռոդենի համար ոգեշնչման աղբյուր են եղել նաև Միքելանջելոյի «Ահեղ դատաստան» ֆրեսկոն, Էժեն Դելակրուայի «Դանթեի նավակը» նկարը, Բալզակի «Մարդկային կատակերգություն» և Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» ժողովածուները[3][4]։
Սերժ Բասետի հոդվածում, որ 1890 թվականին տպագրվել է «Le Matin» թերթում, Ռոդենն ասել է. «Մի ամբողջ տարի ես ապրել եմ միայն Դանթեի հետ` նկարելով նրա դժոխքի շրջանները։ Այս տարվա վերջում ես հասկացա, որ քանի իմ նկարները պատկերում էին Դանթեի տեսիլը, նրանք իրականությունից շատ հեռացան։ Այդ պատճառով ես ամեն ինչ սկսեցի նորից` աշխատելով բնության ու իմ բնորդների հետ»։
Ուշագրավ կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մտածողը» (ֆր.՝ Le Penseur) կոչվում է նաև «Բանաստեղծ» - գտնվում է դարպասների վերևում։ Ամենայն հավանականությամբ, այն ներկայացնում է Դանթեին, ով նայում է դժոխքի կերպարներին։ Մեկ այլ վարկածով Մտածողը ինքը Ռոդենն է։ Կա նաև կարծիք, որի համաձայն կերպարը մարմնավորում է Ադամին, ով զննում է ավերածությունը, որ սկիզբ է առել իր կատարած մեղքից։
- «Համբույր» (ֆր.՝ Le Baiser) - ի սկզբանե «Դժոխքի դարպասներում» եղել է այլ կերպարների` Պաոլոյի և Ֆրանչեսկա դա Ռիմինիի հետ։ Ռոդենն ուզում էր ներկայացնել նախասկզբնական ուրախությունը, ինչպես նաև դրան հետևած անեծքը։ Նա հետագայում հեռացրել է կերպարը, որ հայտնի դարձավ «Համբույր» անունով, քանի որ, թվում է, այն հակասում էր մնացած կերպարների տառապանքին։
- «Ուգոլինոն և նրա զավակները» (ֆր.՝ Ugolin et ses enfants) - պատկերված է Պիզայի կառավարիչ կոմս Ուգոլինոն, ով, Դանթեի «Աստվածային կատակերգության» համաձայն, կերել է իր սովամահ եղած զավակների դիակները։ Քանդակախումբը հետագայում առանձին ձուլվել է բրոնզից (1882)։
- «Նրբագեղություն» կամ «Երեք գրացիաներ» (ֆր.՝ Les Trois Ombres) - նախնական շրջանում բարձրությունը եղել է 98 սմ։ 1899 թվականին խմբաքանդակը բաղկացած է եղել առանձին երեք քանդակներից։ Հետագայում Ռոդենը, փոխելով քանդակներից մեկի ձեռքի դիրքը, միավորել է դրանք` փոքրացնելով նաև չափերը։ Կերպարները սկզբում մատնանշում էին «Lasciate ogne speranza, voi ch'intrate» («Մտնելով այստեղ` հրաժարվիր բոլոր հույսերից») արտահայտությունը, որ վերցված է «Աստվածային կատակերգության» 3-րդ երգից[5]։
- «Թռչող սեր» (ֆր.՝ Fugit Amor) - տեղադրված է դռան աջ փեղկին։ Սիրեկանների մի քանի կերպարներից մեկն է, որոնց ներկայացնում են Պաոլոն ու Ֆրանչեսկա դա Ռիմինին։ Տղամարդու կերպարը կոչվում է նաև «Անառակը»։
- «Պաոլո և Ֆրանչեսկա» - ներկայացված են դռան ձախ փեղկին։ Պաոլոն ձգտում է հասնել Ֆրանչեսկային, ով, կարծես, սահում է նրա ձեռքերի միջից։
- «Մեդիտացիա» - ներկայացված է ճակտոնի ներքին հատվածում` տիմպանում։ 1896 թվականին ներկայացվել է մեծացված տարբերակը։
- «Ծեր կուրտիզանուհին» - ներկայացնում է ծերացող մերկ կնոջ մարմին։ Քանդակն ունի մեկ այլ անվանում ևս` «Նա, ով եղել է ասպետի երբեմնի հիասքանչ կինը» (ֆր.՝ Celle qui fut la belle heaulmière): Այս անվանումն ընտրված է Ֆրանսուա Վիյոնի բանաստեղծությունից։
- «Ես գեղեցիկ եմ» (ֆր.՝ Je suis belle) - ստեղծվել է 1882 թվականին։ Մտնում է կերպարների երկրորդ խմբաքանակի մեջ, դռան աջ փեղկին է։
- «Հավերժական գարուն» (ֆր.՝ L'Éternel printemps) - կերտվել է 1884 թվականին։ Գոյություն ունի մի քանի տարբերակ` ինչպես մարմարե, այնպես էլ բրոնզե։
- «Ադամ և Եվա» - Ռոդենը լրացուցիչ միջոցներ է խնդրել վարչությունից քանդակի առանձին տարբերակի համար։ Սակայն քանդակագործը շուտով հասկացել է, որ չի կարողանում ճիշտ ըմբռնել Եվայի կերպարը։ Հետևաբար կերտել է Եվայի մի քանի կերպար, որոնցից և ոչ մեկից չի օգտվել, և արդյունքում դրանք բոլորն էլ վաճառվել են։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակի ծեփածո բնօրինակը վերականգնվել է 1917 թվականին և գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[6]։ Գիպսե ծեփածոների զգալի մասը, աշխատանքի ընթացքում արված էսքիզները գտնվում են Ռոդենի թանգարանում։ 1917 թվականին բնօրինակը օգտագործվել է բրոնզե երեք քանդակները պատրաստելու համար, որոնք գտնվում են
- Ռոդենի թանգարանում, Փարիզ[7]
- Ռոդենի թանգարանում, Ֆիլադելֆիա
- Արևմտյան արվեստի ազգային թանգարանում, Տոկիո[8]։
Հետագայում բրոնզե տարբերակները Ռոդենի թանգարանը տարածել է այլ տեղերում.
- Կունստհաուս, Ցյուրիխ
- Տեսողական արվեստների թանգարան, Սթենֆորդի համալսարան
- Պլատո, Սեուլ
- Սումայա թանգարան, Մեխիկո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Elsen, Albert E. (1963). Rodin. New York: Museum of Modern Art. p. 35.
- ↑ Musée Rodin, La Porte de l'Enfer (French)
- ↑ Musée Rodin
- ↑ Le Normand-Romain, Antoinette (1999). Rodin:The Gates of Hell. Paris: Musée Rodin. ISBN 2-901428-69-X.
- ↑ "Rodin's The Gates of Hell". Smarthistory at Khan Academy. Retrieved March 13, 2013.
- ↑ "The Gates of Hell". Musée Rodin. Retrieved January 27, 2012.
- ↑ "The Gates of Hell". The National Museum of Western Art. Retrieved January 27, 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժոխքի դարպասներ (քանդակ)» հոդվածին։ |
|