Համբույր (Ռոդեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Համբույր
ֆր.՝ Le Baiser և անգլ.՝ The Kiss[1]
Rodin - Le Baiser 06.jpg
տեսակքանդակ
քանդակագործՕգյուստ Ռոդեն[1]
տարի1886 և 1889[1]
ուղղությունիմպրեսիոնիզմ[2]
ժանրարձանախումբ
նյութմարմար
գտնվելու վայրՌոդենի թանգարան (Փարիզ), Լյուքսեմբուրգի թանգարան և Ֆրանսիա[1]
հավաքածուՌոդենի թանգարան (Փարիզ)
սեփականատերՖրանսիա
պատվիրատուՖրանսիա
The Kiss by Auguste Rodin Վիքիպահեստում


Համբույր (ֆր.՝ Le Baiser), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի մարմարյա քանդակը։ Աշխատանքը ներկայացվել է 1889 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ Ի սկզբանե պատկերված գրկախառնված զույգը ռելիեֆային խմբի մաս էր կազմում, որը զարդարում էր Ռոդենին ավելի վաղ պատվիրված մեծ բրոնզե դարպասները։ Հետագայում զույգի քանդակը հեռացվեց այդտեղից և փոխարինվեց սիրահար այլ զույգով։

Aquote1.png Չկա և չի լինի մեկ այլ վարպետ, ով կկարողանա կավի, բրոնզի ու մարմարի մեջ այնպիսի խորն ու լարված պոռթկում առաջացնել, ինչպես դա անում է Ռոդենը։
- Է․Ա․ Բուրդել
Aquote2.png


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համբույր» քանդակն ի սկզբանե կոչվում էր Ֆրանչեսկա դը Ռիմինիի, ի պատիվ այնտեղ պատկերված 13-րդ դարում ապրած իտալացի տիկնոջ, ում անունն անմահացրել է Դանթեի «Աստվածային կատակերգությունը»։ Տիկինը սիրահարված էր իր ամուսնու՝ Ջովաննի Մալատեստի փոքր եղբորը՝ Պաուլոյին։ Նրանք սիրահարվում են միմյանց Լանցելոտի ու Գվինեվրայի պատմության ընթերցանության ժամանակ։ Նրանց սերը հայտնի է դառնում Ջովանիին, ով էլ սպանում է նրանց։ Արձանում Պաուլոն պատկերված է գիրքը ձեռքին։ Սիրահարներն իրականում միմյանց չեն հպվում շուրթերով, կարծես թե ակնարկելով, որ իրենք սպանվել են՝ առանց մեղք գործելու։ Քանդակը «Համբույր» վերանվանվեց քննադատների կողմից, ովքեր այն առաջին անգամ տեսան 1887 թվականին։ Ռոդենը յուրավի է պատկերում կանացի մարմինները՝ հարգանքի տուրք մատուցելով իր հերոսուհիներին։ Ռոդենի կանայք հավասար են իրենց տղամարդկանց։ Քանդակի ակնհայտ էրոտիզմը մեծ քննարկումների տեղիք տվեց։ «Համբույր»-ի բրոնզաձույլ պատճենը (74 սմ բարձրությամբ) 1983 թվականին ուղարկվեց Չիկագո, Համաշխարհային ցուցահանդեսին։ Պատճենն անպատշաճ գնահատվեց համընդհանուր ցուցադրության համար և տեղափոխվեց առանձին փոքրիկ սենյակ, որտեղ կարելի էր մուտք գործել միայն անձնական դիմումով։

Փոքր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ քանդակներ ստեղծելիս Ռոդենն օգնականներ էր վարձում, ովքեր քանդակի փոքր տարբերակներն էին ստեղծում մարմարից ավելի փափուկ նյութերից։ Երբ այս տարբերակները պատրաստ էին լինում, Ռոդենը քանդակի մեծ տարբերակին վերջին շտրիխներն էր ավելացնում։ Նախքան «Համբույր»-ի մարմարե տարբերակն ստեղծելը, Ռոդենը մի քանի փոքր տարբերակներ էր քանդակել գիպսից, բրոնզից։

Մեծ մարմարե քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատվեր Ֆրանսիայի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին Ֆրանսիայի կառավարությունն առաջին անգամ Ռոդենին պատվիրեց «Համբույր»-ի մարմարե տարբերակը՝ Համաշխարհային ցուցահանդեսի համար, բայց այն հանրությանը ներկայացվեց միայն 1898 թվականին Փարիզյան սալոնում։ Քանդակն այնքան հայտնի դարձավ, որ Բարբեդիննի ընկերությունը Ռոդենին պայմանագիր առաջարկեց՝ սահմանափակ քանակությամբ բրոնզե պատճեններ ստեղծելու համար։ 1900 թվականին արձանը տեղափոխվեց Լյուքսեմբուրգյան այգու թանգարան, իսկ 1918 թվականին տեղափոխվեց Ռոդենի թանգարան, որտեղ էլ պահվում է մինչև հիմա։

Պատվեր Ուորրենի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թ․ Ռոդենն արձանի պատճենն ստեղծեց ամերիկացի էքսցենտրիկ կոլեկցիոներ Էդվարդ Պերրի Ուորրենի համար։ Վերջինս հին հունական արվեստի հավաքածու ուներ։ Տեսնելով «Համբույր»-ը Փարիզյան սալոնում՝ նկարիչ Վիլյամ Ռոտենշտեյնը խորհուրդ տվեց Ուորրենին ձեռք բերել քանդակը, սակայն այն ֆրանսիական կառավարության պատվերն էր և չէր վաճառվում։ Օրիգինալ քանդակի փոխարեն Ռոդենն առաջարկեց պատճեն ստեղծել, ինչի համար Ուորրենն առաջարկեց նախնական գնի կեսը՝ 20000 ֆրանկ։ Բայց հեղինակը չէր զիջում։ Երբ քանդակը 1904 թվականին հասավ Լյուիս, Ուորրենն այն տեղավորեց իր տան հետևի ձիանոցում, որտեղ էլ այն մնաց 10 տարի։ Հայտնի չէ, թե ինչու էր Ուորենն այդ տեղն ընտրել քանդակի համար․ միգուցե պատճառը դրա մեծ չափն էր։ Հնարավոր է, որ այն այդպես էլ չարդարացրեց նրա սպասելիքները։ 1914 թվականին քանդակը փոխառնվեց տեղի ղեկավարության կողմից ու այն ցուցադրվեց հանրությանը՝ քաղաքապետարանի շենքում։ Պուրիտանական տրամադրությամբ շատ բնակիչներ դժգոհ էին քանդակից։ Ի վերջո, քանդակը հեռացվեց հանրային վայրից։ Ուորրենը հետ ստացավ քանդակը 1917 թվականին։ Այն պահվեց ձիանոցում ևս 12 տարի, մինչև 1929 թվականը, կոլեկցիոների մահը։ Ուորրենի ժառանգն այն աճուրդի հանեց․ սակայն գնորդ չհայտվեց, և այն հանվեց վաճառքից։ Մի քանի տարի անց քանդակը տրամադրվեց Լոնդոնի Տեյտ պատկերասրահին։ 1955 թվականին պատկերասրահը գնեց քանդակը 7․500 ֆունտով։ Քանդակը հիմնականում պահվում է Տեյտ Մոդեռնում, սակայն երբեմն տարվում է տարբեր քաղաքներ՝ ժամանակավոր ցուցադրության համար։

Պատվեր Յակոբսենի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի երրորդ պատճենը պատվիրվեց 1900 թվականին։ Պատվիրատուն Կառլ Յակոբսենն էր, պատվերը Կոպենհագենում կառուցվելիք նրա թանգարանի համար էր։ Պատճենն ստեղծվեց 1903 թվականին և Կարլսբերգի սկզբնական հավաքածուի մաս դարձավ[3]։

Այլ տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի մարմարե երեք մեծ տարբերակներ ներկայացվեցին Օրսի թանգարանում 1995 թվականին։ Չորրորդ, փոքր պատճենը, գրեթե 90 սմ բարձրությամբ, ստեղծվել է Ռոդենի մահից հետո քանդակագործ Անրի-Լեոն Գրեբի կողմից, Ֆիլադելֆիայում Ռոդենի թանգարանի համար։ Քանդակի գիպսե կաղապարը կարելի է գտնել Բուենոս Այրեսի Գեղեցիկ Արվեստների Ազգային թանգարանում[4]։ Քանդակը բրոնզե շատ պատճենների նախատիպ է դարձել։ Ըստ Ռոդենի թանգարանի տվյալների, Բարբեդիննիի ընկերության գործարաններում ստեղծվել է դրա 319 օրինակ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Make Lists, Not War — 2013.
  2. Make Lists, Not War — 2013.
  3. Inventory Number MIN 609
  4. MNBA - Museo Nacional de Bellas Artes - Argentina(անգլ.)
  5. Rodin-web.org(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]