Դերինքույու (ստորգետնյա քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստորգետնյա քաղաք
Դերինքույու
Կոորդինատներ: 38°22′53″ հս․ լ. 34°44′10″ ավ. ե. / 38.38139° հս․. լ. 34.73611° ավ. ե. / 38.38139; 34.73611
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես0,25 հեկտար
##Դերինքույու (ստորգետնյա քաղաք) (Թուրքիա)
Red pog.png

Դերինկույու (թուրք.` Derinkuyu, «խոր ջրհոր»), հինավուրց ստորգետնյա բազմահարկ քաղաք Կապադովկիայում, խոշորագույն քարանձավային բնակավայր: Այն գտնվում է ժամանակակից Թուրքիայում, Դերինկույու ավանի ներքո, խոշորագույն ստորգետնյա Նևշեհիր քաղաքից 29 կմ հեռավորության վրա: Հարևանությամբ գտնվող Քայմաքլու ստորգետնյա քաղաքի հետ միասին, Դերինկույուն համարվում է ստորերկրյա բնակելի շինությունների լավագույն օրինակներից մեկը:

Քաղաքը կառուցվել է մթա II-I հազարամյակներում և հայտնաբերվել է 1963 թվականին, իսկ երկու տարի անց` արդեն այն բաց էր զբոսաշրջիկների համար: Այստեղ մարդիկ դարեր շարունակ թաքնվել են քոչվորների ասպատակություններից, կրոնական հետապնդումներից և այլ վտանգներից: Հասնելով մինչև 60 մ խորության (ութ հարկաշարք), հին ժամանակներում քաղաքն օթևան է եղել մինչև 20 հազար մարդու` ընտանի կենդանիների և սննդամթերքի պաշարի հետ միասին: Քաղաքի մակերեսի չափսերը դեռևս չեն կոնկրետացվել, այն մոտավորապես կազմում է 1,5-2,5 կմ² կամ 4×4 կմ: Գիտնականների կարծիքով, ներկայումս հետազոտվել է քաղաքի ամբողջ տարածության միայն 10-15%-ը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերինկույու ստորգետնյա քաղաքը փորվել է Կապադովկիային հատուկ, հրաբխային ծագում ունեցող փափուկ տուֆի մեջ: Քաղաքի ծագման վերաբերյալ մինչ օրս ընթանում են բանավեճեր: Համաձայն Թուրքիայի մշակույթի նախարարության, քաղաքը հիմնադրվել է մթա 8-7-րդ դարերում, այստեղ տեղափոխված փռյուգիական ցեղերի կողմից: Այլ վարկածի համաձայն, Դերինկույուն կառուցվել է ավելի վաղ` մթա 1900-1200 թվականներին, երբ այս հողերը բնակեցված են եղել խեթերով: Մինչ խեթերի գալուստը, այս հողերը բնակեցված են եղել խաթերով, որոնք բնակվել են Անատոլիայի կենտրոնական և հարավարևելյան մասերում ` մթա 2500-2000/1700 թվականներին, վաղ և միջին բրոնզե դարի ժամանակաշրջանում: Նշված երկրի և այնտեղ ապրող ժողովրդի անվանումը հետագայում ժառանգել են երկիրը նվաճած խեթերը, որոնք պատկանում էին բոլորովին այլ լեզվաընտանիքի: Խաթերի թագավորությունը` մինչ նվաճվելն ու խեթերի հետ բնիկների միախառնվելը, գոյություն է ունեցել շուրջ հազար տարի, այնպես որ, առավել հավանական է, որ ստորգետնյա քաղաքները կառուցվել են խաթերի կողմից, այս տարածքներում խեթերի բնակություն հաստատելուց առաջ:

Միջանցք՝ ստորգետնյա քաղաքում:

Ըստ որոշ կարծիքների, քարանձավային քաղաքի ծագումը կապված է զրադաշտականության հետ: Ավեստայի Վենդիդադ բաժնի երկրորդ գլխում հիշատակություն կա ստորգետնյա ապաստարանների մասին, որոնք նմանություն ունեն Դերինկույու և հարևան այլ ստորգետնյա քաղաքների հետ: Համաձայն լեգենդի, այդ քաղաքները կառուցվել են պարսից առասպելական արքա Ջամշիդի կողմից` գերագույն աստված Ահուրամազդայի ցուցումով: Ելնելով նշվածից, շատ գիտնականներ կարծում են, որ Դերինկույու քաղաքը կառուցվել է մարերի կամ պարսիկների կողմից:

Մթա 6-4-րդ դարերում, պարսիկների տիրապետության ժամանակաշրջանում, քաղաքն առաջին անգամ դարձավ փախստականների օթևան: Բյուզանդական կայսրության ժամանակներում քաղաքն հունարեն անվանվում էր Μαλακοπαία, իսկ մոտավորապես 5-րդ դարում, այստեղ բնակություն հաստատեցին քրիստոնյաները` լայնացնելով և մեծացնելով ստորգետնյա շինությունները: Քրիստոնյաների բնակության մասին է խոսում ստորգետնյա դպրոցների, եկեղեցիների և գինու մառանների առկայությունը: Այստեղ նրանք թաքնվել են քոչվորների ասպատակություններից, ինչպես նաև Օմայանների և Աբբասյանների մուսուլմանական պետությունների հետապնդումներից: Դերինկույու քաղաքում ակտիվ կյանքը տևել է մինչև 8-րդ դարը, սակայն որոշ գտածոներ վերաբերում են 10-րդ դարին:

Երկար ժամանակ քաղաքը գտնվել է մոռացության մեջ: Ժամանակի ընթացքում տեղի գյուղացիները սկսեցին քաղաքի բավականին լավ օդափոխվող և զով սրահները օգտագործել որպես պահեստներ: 1963 թվականին քաղաքը բացվել է հնագետների կողմից, երբ տեղի բնակիչներից մեկը պատահականորեն, իր տան պատից այն կողմ հայտնաբերել է գաղտնի սենյակ: 1965 թվականին քաղաքի քարանձավները մաքրվեցին և բացվեցին զբոսաշրջիկների համար:

Կենսապայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորգետնյա քաղաքի դպրոցը:

Կապադովկիայի երկրաբանական առանձնահատկություններից մեկը հանդիսանում է փափուկ հրաբխային տուֆը, որը հիանալի ապար է ստորգետնյա քաղաքներ կառուցելու համար, քանի որ բավականին հեշտությամբ է մշակվում և օդի ազդեցությունից արագորեն պնդանում է: Մարդիկ գետնի տակ բնակություն են հաստատել ընտանիքներով: Ժամանակին Դերինկույուն կարողացել է տեղավորել 20 հազար մարդու` ընտանի կենդանիների և ուտելիքի պաշարների հետ միասին: Այստեղ ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ հարմարությունները` բնակելի սենյակներ, օդափոխության հորաններ, ջրհորներ, փարախներ, ախոռներ, խոհանոցներ, ճաշասենյակներ, փռեր, ամբարներ, գինու մառաններ, եկեղեցիներ և ժամատներ, ինչպես նաև արհեստանոցներ, որտեղ պատրաստվում էին անհրաժեշտ պարագաներ: Տեղեկություններ կան, որ ստորգետնյա քաղաքում եղել են նաև գերեզմանոցներ:

Դերինկույուն իրենից ներկայացնում է օդափոխության համակարգի, սենյակների, սրահների, թունելների և ջրհորների, ներքև, վերև և բոլոր չորս կողմերը տանող ուղիների բավականին բարդ կառուցվածք: Քաղաքը կառուցված է այնպես, որ անհնար է այն նվաճել: Հաշվի են առնված անվտանգության բոլոր կանոնները: Վտանգի դեպքում բոլոր մուտքերը փակվել են հսկայական գլաքարերով և նույնիսկ եթե հակառակորդը հաղթահարեր դրանք, դժվար թե հետո կարողանար ետ վերադառնալ երկրի մակերևույթ, եթե չիմանար գաղտնի անցուղիների և լաբիրինթոսի բոլոր մանրամասները: Քաղաքը կառուցված էր այնպես, որ նրա անցուղիներում կարողանում էին կողմնորոշվել միայն նրա բնակիչները, իսկ թշնամիները կարող էին պարզապես մոլորվել այնտեղ:

Այն հարցի վերաբերյալ, թե մարդիկ այդ քաղաքում բնակվել են մշտապես, թե ժամանակ առ ժամանակ ապրել են նաև դրսում, միասնական որևէ կարծիք չկա: Ըստ որոշ կարծիքների, Դերինկույու քաղաքի բնակիչները դուրս են եկել միայն դաշտերը մշակելու համար, իսկ մյուսների կարծիքով, նրանք ապրել են դրսում, սակայն ասպատակությունների և հարձակումների ժամանակ թաքնվել են ստորգետնյա քաղաքում ` արագորեն վերացնելով իրենց հետքերը արտաքին աշխարհում:

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն սենյակը, որտեղ գտնվել է գինու մամլիչը:

Դերինկույու ստորգետնյա քաղաքը տեղակայված է ութ հարկաշարքում, հասնելով մինչև 55-60 մ խորության: Նրա չափսերը դեռևս վերջնականապես որոշված չեն: Քաղաքի մակերեսը տատանվում է 1,5-2,5 կմ²-ի միջև (այլ տվյալներով 4×4 կմ): Ներքևի հարկը գլխավոր մուտքի մակարդակից գտնվում է 54 մ խորության վրա: Գիտնականների կարծիքով, ներկա պահին բացվել է միայն քաղաքի տարածքի 10-15%-ը: Ենթադրվում է, որ քաղաքը կազմված է ոչ թե ութ, այլ 12 հարկից, չնայած ըստ որոշ կարծիքների, հնարավոր է, որ լինեն ևս 20 չբացված հարկեր:

Ստորգետնյա քաղաքի նեղ միջանցքներից մեկը՝ գլորվող քարե դռնով (ձախից):

Ստորգետնյա քաղաքի մուտքը գտնվում է Դերինկույու գյուղի միահարկ տներից մեկում, որը տեղակայված է ծովի մակարդակից 1355 մ բարձրության վրա գտնվող սարահարթում: Ներսում ջերմաստիճանը տատանվում է 13-15 °C-ի միջև: Շատ տեղերում, գետնի վրա, հարկերի միջև կապը պահպանելու նպատակով կան ոչ մեծ բացվածքներ: Առաջին մակարդակում գտնվել են ախոռները, խաղող ճզմելու մամլիչները և այլն: Ավելի ներքևում բնակելի սենյակներն էին, խոհանոցները և եկեղեցիները: Ամենաներքևի հարկերում առաստաղը սկսում է աստիճանաբար ավելի ցածրանալ, իսկ միջանցքներն ու թունելները ավելի են նեղանում: Ամենաներքևի` ութերորդ հարկում գտնվում է բավականին ընդարձակ սրահ, որը հավանաբար նախատեսված է եղել հավաքների համար:

Ներսի կողմից քաղաքը փակվել է հսկայական քարե դռներով, որոնցով փակվել են նաև առանձին սենյակներ և նույնիսկ ամբողջ հարկաբաժիններ: Ամեն մի դուռ իրենից ներկայացնում է հսկա քարե սկավառակ` 1-1,5 մ բարձրությամբ, 30-35 սմ հաստությամբ և 200-500 կգ զանգվածով: Դռները բացվում էին ներսի մասում գտնվող բացվածքների օգնությամբ` միայն ներսի կողմից և առնվազն երկու մարդու ջանքերով: Այդ բացվածքները կարող էին ծառայել նաև որպես դիտանցք:

Ուղղահայաց օդափոխության հորանները ներքևում հասնում էին մինչև ստորգետնյա ջրերին և միաժամանակ ծառայում էին որպես ջրհորներ: Քաղաքի փառքը հանդիսանում է օդափոխության և ջրամատակարարման բարդ համակարգը, որը անհավանական է այդ վաղ պատմական ժամանակաշրջանի համար: Թշնամիների հարձակման ժամանակ` ջրի թունավորման դեպքերից խուսափելու համար, որոշ ջրհորների ելքային մակերևույթները ջանասիրաբար ծածկվել են և քողարկվել: Դրան զուգահեռ, առկա էին հատուկ օդափոխության հորաններ, որոնք վարպետորեն թաքցված էին ժայռերի մեջ: Հաճախ ջրհորների ներքնամասում քողարկված էին գաղտնի անցուղիներ, որոնցից ներկայումս հայտնաբերվել է մոտ 600-ը:

Այլ ստորգետնյա քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևշեհիրի նահանգում առկա են նաև այլ ստորգետնյա քաղաքներ, որոնք միմյանց հետ կապված են բազմակիլոմետրանոց թունելներով: Նրանցից մեկը` Քայմաքլուն, Դերինկույու քաղաքի հետ կապված է 9 կմ երկարություն ունեցող թունելով: Կայսերի և Նևշեհիր քաղաքների միջև գտնվող տարածքում բացվել են ավելի քան 200 քարանձավային քաղաքներ, որոնցից յուրաքանչյուրը գետնի տակ խորանում է ամենաքիչը երկու հարկ:

Ներկայումս Կապադովկիայի ստորգետնյա քաղաքները դեպի իրենց են գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների, սակայն ներսում դրանք մեծամասամբ դատարկ են:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dorn Wolfgang. Zentralanatolien. — Քյոլն. DuMont Verlag, 1997. — ISBN 3-7701-2885-0. (գերմ.)
  • Kostof Spiro. Caves of God: Cappadocia and its Churches. — Oxford University Press, 1989. — ISBN 0-19-506000-8 978-0195060003. (անգլ.)