Դետեկտիվ գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դետեկտիվ գրականություն (լատ.՝ detectio - բացահայտում), ժամանակակից արկածային գրականության տեսակ, որտեղ նկարագրվում է խորհրդավոր հանցագործությունների բացահայտումը՝ փաստերի տրամաբանական վերլուծությամբ։ Դետեկտիվ ժանրի երկերն աչքի են ընկնում սյուժետային բազմազան գծերով, սուր հակասություններով ու բախումներով, սրընթաց դեպքերով, որոնք ավարտվում են խճճված հանգույցների լուծմամբ (օրինակ, Ա․ Կոնան Դոյլի «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գիրքը)։ Դետեկտիվ գրականության հիմնադիրն է ամերիկյան գրող Պոն՝ «Սպանություն Մորգ փողոցում» (1841) ստեղծագործությամբ։ Սյուժետային առումով տարբերում են երկու տիպի դետեկտիվ գրականություններ՝ ինտելեկտուալ և արկածային։ Առաջինը զարգանում է հետաքննությունների պրոցեսի հիման վրա, երկրորդը՝ դրամատիկական նոր Էպիզոդների, նոր հանցագործությունների նկարագրությամբ։ Դետեկտիվ գրականության զարգացման գործում մեծ դեր են խաղացել Է․ Ուոլեսը, Դ․ Լ․ Սեյերեսը, Գ․ Կ․ Չեստերտոնը, Ա․ Քրիստին (Անգլիա), Ժ․ Սիմենոնը (Ֆրանսիա) և ուրիշներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո լայնորեն տարածվել է հակաինտելեկտուալ դետեկտիվ, որը զուրկ է սոցիալական պրոբլեմատիկայից (Մ․ Սպիլեյն, Ս․ Ադամս, Յա․ Ֆլեմինգ)։ 20-րդ դարի կեսերին լայն տարածում գտան դետեկտիվ գրականության վերափոխված տեսակները, քրեական (Ֆ․ Այլս, Դ․ Սիմսոն, Անգլիա, Պ․ Տայսմիտ, ԱՄՆ), լրտեսական (Է․ Էմբլեր, Լ․ Կարրե, Անգլիա), ոստիկանական ( Մակ-Բեյն, ԱՄՆ) վեպերը, ինչպես նաև գիտաֆանտաստիկ գաղափարի վրա հիմևված դետեկտիվ սյուժեները (Ա․ Ազիմով, ԱՄՆ)։ Խորհրդային դետեկտիվ գրականության սկզբնավորողներն են Մ․ Շահինյանը («Մես-Մենդ») և Ա․ Ն․ Տոլստոյը («Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը»)։ Արդի կապիտալիստական երկրներում տարածված են, այսպես կոչված, «սուպերմենների» (գերմարդ անհատներ) մասին պատմող գրքերը։ Դետեկտիվ ժանրը մեծ տարածում ունի նաև ժամանակակից կինոարվեստում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 355 CC-BY-SA-icon-80x15.png