Դանիել Բեկ-Փիրումյան
Դանիել Բեկ-Փիրումյան | |
---|---|
նոյեմբերի 22, 1861 - 1921 | |
Ծննդավայր | Նախիջևանիկ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Ղարաքիլիսա, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վաղարշապատ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հայաստան |
Կոչում | գեներալ և գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Սարդարապատի ճակատամարտ, Կովկասյան արշավանք և Կարսի անկում |
Պարգևներ |
Դանիել Աբիսողոմի Բեկ-Փիրումյան (նոյեմբերի 22, 1861, Նախիջևանիկ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1921, Ղարաքիլիսա, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նշանավոր ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի գլխավոր հրամանատար, ազգային հերոս, ռուսական բանակի գնդապետ (1915), հայկական բանակի գեներալ-լեյտենանտ։
Պողոս Բեկ Փիրումյանի հորեղբոր որդին։
Ծառայությունը Ռուսական բանակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանիել Բեկ-Փիրումյանը ծնվել է 1861 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում։ Ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը։ Զինվորական ծառայությունը սկսել է 1881 թվականից՝ Երևանյան գնդում։ 1881-1883 թվականներին սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարանում։ 1890 թվականին Դանիել Բեկ-Փիրումյանին շնորհվել է կապիտանի կոչում։ 1913 թվականին Դանիել Բեկ-Փիրումյանը փոխգնդապետի կոչումով ավարտել է Օրանիենբաումի սպայական հրաձգային դպրոցի դասընթացները։ Եղել է վաշտի, գումարտակի, գնդի հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականներ) ժամանակ կռվել է Կովկասյան ռազմաճակատում, աչքի ընկել քաջությամբ, ստացել ռուսական բանակի գնդապետի կոչում, պարգևատրվել Գեորգիևյան և այլ շքանշաններով ու անվանական զենքով։
Սարդարապատի հերոսամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թվականի մայիսին թուրքական առաջապահ ջոկատները հասել էին Սարդարապատ կայարան՝ ընդհուպ մոտենալով Էջմիածնին։ Հայության համար այդ օրհասական պահին վճռական դեր են խաղացել Դանիել Բեկ-Փիրումյանի ռազմաճակատային մեծ փորձը և ուժեղ կամային հատկանիշները։ Բացառիկ է եղել Դանիել Բեկ-Փիրումյանի դերակատարումը Սարդարապատի ճակատամարտի հաղթանակում, որտեղ նա փաստացի հանդիսացել է այդ ուղղության հայկական զորաջոկատների ընդհանուր հրամանատարը։ Հենց Դանիել Բեկ-Փիրումյանի անմիջական ջանքերով հնարավոր եղավ կազմակերպել Սարդարապատի ռազմաճակատի գիծը և արժանի հակահարված տալ թուրք զավթիչներին։
Սարդարապատի ճակատամարտի վճռական պահին, մարտի հետագա ղեկավարությունը հանձնելով Ալեքսանդր Շնեուրին, նետվել է կռվի դաշտ։ Ցուցադրելով զինվորական հմտություն և արիություն՝ իր գլխավորած ուժերով ռազմաճակատի կենտրոնական մասում ջախջախել ու հետ է շպրտել թուրք զավթիչներին։
57-ամյա Դանիել Բեկ-Փիրումյանին 1918 թվականին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Նորանկախ Հայաստանի հանրապետության օրոք նա առաջիններից մեկն էր, ով պաշտոնապես ստացավ այդ կոչումը։ Նշենք, որ Սարդարապատի հերոսամարտին մասնակցել և մարտական իսկական սխրանքներ է գործել նաև Դանիել Բեկ-Փիրումյանի հորեղբորորդի Պողոս Բեկ-Փիրումյանը՝ որպես Ղարաբաղի 5-րդ (մահապարտների) գնդի հրամանատար։
Կյանքի վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի առաջին հանրապետության տարիներին Դանիել Բեկ-Փիրումյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ռազմական գերատեսչությունում։ 1919 թվականի վերջին նա ստացել է գեներալ-լեյտենանտի կոչում և նշանակվել Կարսի բերդի պարետ։ Ցավոք, ավտովթարի պատճառով նա կոտրել է ոտքը, որի պատճառով էլ չի կարողացել պատշաճ ձևով կազմակերպել Կարսի բերդի և Կարսի ճակատի ինքնապաշտպանությունը 1920 թվականի աշնանը կայացած թուրք-հայկական պատերազմի ժամանակ։ Իսկ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին թուրքերի կողմից Կարսի անառիկ բերդի գրավման ժամանակ գերի է ընկել։ 1921 թվականի հունվարին նրան տեղափոխել են Ալեքսանդրապոլ, ապա հանձնել ռուսական 11-րդ Կարմիր բանակի ներկայացուցիչներին։
Խորհրդայնացված Հայաստանում մոլեգնում էր բոլշևիկյան տեռորը, և թուրքական գերությունից ազատվելուց անմիջապես հետո Սարդարապատի հերոսամարտի պանծալի հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը հայ բարձրաստիճան այլ սպաների հետ բոլշևիկների կողմից գնդակահարվել է Ղարաքիալիսա-Դիլիջան ճանապարհին։ Հայտնի է, որ գեներալի դին հնարավոր է եղել գաղտնի տեղափոխել Էջմիածին և թաղել Սուրբ Գայանեի վանքին կից գերեզմանատանը։ Նույն 1921 թվականին, այլևս չդիմանալով բոլշևիկյան արհավիրքին, Երևանում ինքնասպան է եղել Սարդարապատի մեկ այլ հերոս՝ Պողոս Բեկ-Փիրումյանը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեկ-Փիրումյանի զինվորական համազգեստի աստառը կարմիր էր։ Մարտի դուրս գալուց առաջ նա շրջում էր համազգեստը և կարմիր կողմը դեպի դուրս էր հագնում համազգեստը։ Նրան անվանում էին «Կարմիր Վարդան»՝ զուգահեռ անցկացնելով Ավարայրի հերոս Վարդան Մամիկոնյանի հետ։ Կարմիր աստառով մարտին դուրս գալու մասին երկու վարկած կա։ Ըստ առաջին վարկածի՝ զորքի մարտական ոգին չկոտրելու համար նա չէր ուզում, որ մարտի դաշտում վիրավորվելու դեպքում որևէ մեկը տեսներ իր արյունը։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Փահլևանյանի կարծիքով երկրորդ վարկածն ավելի հավանական է՝ Փիրումյանը ցանկանում էր թաքցնել զինվորական ուսադիրներն ու տարբերանշանները, որ թշնամին չիմանա, թե ով է մարտի դաշտում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երվանդ Սարգսյան, «Թուրքիան և նրա նվաճողական քաղաքականությունը Անդրկովկասում (1914–1918 թվականներ)», Երևան, 1964, 528 էջ։
- Աշոտ Հարությունյան, «Թուրքական ինտերվենցիան Անդրկովկաս և ինքնապաշտպանական կռիվները 1918 թվականին», Երևան, 1984, 356 էջ։
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 12, Երևան, 1986, էջ 343–344:
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 454։
- Տէրտէրեան Գ., «Սարդարապատի անգին համահայկական գոյամարտի երեք ջոկատները», Պէյրութ, 1996։
- Հրանտ Ավետիսյան, «Հայկական հարցը 1918 թվականին», Երևան, 1997, 436 էջ։
- Հրանտ Ավետիսյան, «Հայոց ազգային միասնությունը (1918 թվական, մայիս)», Երևան, 1998, 302 էջ։
- Մհեր Կարապետյան, «Հայաստանը 1912–1920 թվականներին», Երևան, 2003, էջ 210–224:
- Հովհաննիսյան Ռիչարդ, «Հայաստանի հանրապետություն», հատ. 1. (1918–1919 թթ.), Երևան, 2005, 604 էջ։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 640։
- Մուրադ Կարապետյան, «Հայազգի զինվորականները ռուսական բանակում (XIX դարի վերջ - XX դարի սկիզբ)», Երևան, 2008, 160 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բեկ-Փիրումյան» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1861 ծնունդներ
- 1921 մահեր
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Վանաձոր քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած հայեր
- ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտներ
- Հայ ռազմական գործիչներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Հայ գնդապետներ