Գլխավոր շուկա (Կրակովի հրապարակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլխավոր շուկա
Գլխավոր Շուկայի տեսարան Սբ. Մարիամի Եկեղեցուց, կենտրոնում ծածկոցաշարքերը, որոնց հետևում քաղաքապետարանի աշտարակը,
առաջին պլանում ձախից` Ադամ Միցկևիչի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակmarket square? և հրապարակ
Ստեղծում1257
Երկիր Լեհաստան
ԲնակավայրԿրակով
 Old Town Market Square in Kraków Վիքիպահեստում

Գլխավոր շուկա (լեհ.՝ Rynek Główny), Լեհաստանի կրակովյան հին քաղաքի կենտրոնն է ստեղծման օրվանից առ այսօր։ Այն ստեղծվել է 13-րդ դարում՝ 1257 թվականին Բոլեսլավ V-ի օրոք Մագդեբուրգյան իրավունք ստանալով։

Միջնադարյան Եվրոպայի խոշորագույն հրապարակներից մեկն է[1]։ Զբաղեցնում է մոտ 40 000 մ² տարածք. քառակուսաձև է մոտ 200×200 մ² չափերով։ Տարիների ընթացքում հրապարակի շինությունները փոփոխվել են։ Դրանց մեծ մասը նեոդասական ոճի են, սակայն հիմնական կառույցներն ավելի հին են և դա երևում է ճարտարապետական դետալներից, ներքին հարդարանքից, շքամուտքերից։ Նկուղները միջնադարին են թվագրվում[2][3][4]։

Գլխավոր Շուկայական հրապարակում տեղակայված են պալատներ, եկեղեցիներ, սրճարաններ։ Հրապարակում առևտրային ծածկոցաշարքեր կան, որոնք եղել են ի սկզբանե, սակայն 1555 թվականին վերակառուցվել են իտալական վերածննդի ոճով։ Ծածկոցաշարքերի մի կողմում կանգնած է գրեթե հազարամյա ռոմանական ոճով կառուցված Սուրբ Վոյցեխի եկեղեցին և 1898 թվականին կառուցած Ադամ Միցկևիչի հուշարձանը, մյուս կողմում պահպանվել է Կրակովի հին քաղաքի քաղաքապետարանի միայն աշտարակը (1820 թվականին նոր հրապարակի կառուցման շրջանակներում քաղաքապետարանի շենքը քանդվել է, որի նկուղներում ժամանակին տեղակայված են եղել քաղաքային բանտը` միջնադարյան խոշտանգումների խցերով)։ Հրապարակում է գտնվում գոթական ոճով կառուցված Սուրբ Մարիամի եկեղեցին (Kościół Mariacki)։

Առևտրային կենտրոն ծառայելուց բացի հրապարակը բազում պետական իրադարձությունների կենտրոն է եղել և շարունակում է լինել։ Այդտեղ կազմակերպվել են թագավորների երդման արարողություններ[5] և մահապատիժներ։ 1794 թվականին Կոստյուշկոն ապստամբությունը սկսելու մասին հայտարարությունն ու երդումն այստեղ է տվել։

Գերմանական օկուպացիայի ժամանակ հրապարակը վերանվանվել է Ադոլֆ-Հիտլերի հրապարակ։ 1945 թվականի հունվարի 18-ին Կրակովի ազատագրումից հետո կրկին վերանվանվել է Գլխավոր Շուկա։

1978 թվականին հրապարակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 2005 թվականին Եվրոպայի հանրային լավագույն տարածքների շարքն է դասվել[6][7]։ Ամբողջ աշխարհում ուշադրության արժանի այցելության 13 լավագույն վայրերից 9-րդն է ճանաչվել[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրուսական տուրք, նկարիչ` Մատեյկո

Կրակովի Գլխավոր Շուկայական հրապարակը հիմնականում առևտրային հրապարակ է ծառայել։ 1241 թվականին Ոսկե Հորդայի կողմից Կրակովն ավերվել է։ 1257 թվականին, Բոլեսլավ V-ի օրոք Կրակովը Մագդեբուրգյան իրավունք է ստացել։ Ինչի արդյունքում նրա առևտրային նշանակությունն աճել է։ Այդ ժամանակ հրապարակը ձեռք է բերել իր ներկայիս ուրվագծերը։ Հրապարակում ի սկզբանե գտնվել են բազմաթիվ ցածրակարգ շուկայական տաղավարներ, հրապարակը օղակված է եղել վարչական շենքերով և օղակաձև ճանապարհով։ Կազիմիր Մեծընախ հրամայել է կառուցել գոթական ոճով ծածկաշարքերը և քաղաքապետարանը։ Սակայն քաղաքապետարանի շենքը հրապարակի մոտավորապես քառորդն էր զբաղեցնում և 1820 թվականին քանդվել է նոր հրապարակը կառուցելու նպատակով, թողնելով միայն քաղաքապետարանի աշտարակը։ Կրակովն այն ժամանակ Լեհական Թագավորության մայրաքաղաքն է եղել, 1387 թվականին դարձել է Հանզայի անդամ և ծաղկում ապրող եվրոպական առևտրի կենտրոն[9]։

Նշանակալից իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստյուշկոն երդվում է Գլխավոր Շուկայի հրապարակում, 1797 թվական, նկարիչ` Ֆրանցիսկոս Սմուգլևիչ

Առևտրային գործառույթներից բացի, Գլխավոր Շուկան ինչպես բազմաթիվ պատմական իրադարձությունների, այնպես էլ քաղաքապետարանի բանտում պահվող բանտարկյալների նկատմամբ հանրային մահապատիժների իրականացման հարթակ է եղել։ Թագավորական ճանապարհի (Droga Królewska) վրա իր դիրքի շնորհիվ այստեղ անցկացվել են հանդիսավոր արարողություններ, որոնց մասնակցել են Վավելի ամրոց մեկնող դիվանագետներն ու բարձրաստիճան օտարերկրյա հյուրերը։

Կազիմիր Մեծը 1364 թվականին Կրակովի համաեվրոպական համագումարն այստեղ է անցկացրել, որտեղ հավաքվել էին ողջ Եվրոպայի ազնվականները։ Մոսկվայի մեծ իշխանության դեմ 1514 թվականի մարտերում տարած հաղթանակների կապակցությամբ լիտվայի իշխան Կոնստանտին Օստրոժսկին հաղթանակի շքերթ է այստեղ անցկացրել։ Նաև 1531 թվականին լեհ ազնվական Տարնովսկին հրապարակում նշել է իր հաղթանակը։

1525 թվականի ապրիլի 10-ին դուքս Ալբրեխտը Սիգիզմունդ I լեհական թագավորին իր վասալական երդումը տվել է հենց այս հրապարակում, որը պատկերված է Յան Մատեյկոյի «Պրուսական տուրք» կտավի վրա։ Լիտվական մեծ իշխան և Լեհաստանի թագավոր Յան III Սոբեսկին 1683 թվականին Վիեննայի ճակատամարտում Օսմանյան կայսրության նկատմամբ տարած իր հաղթանակն այստեղ է տոնել։

Սիգիզմունդ III-ը, որը Վասա շվեդական թագավորական դինաստիայից էր, 1596 թվականին Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական մայրաքաղաքը Կրակովից Վարշավա տեղափոխեց։ Կրակովը նախկինի պես շարունակեց մնալ թագավորական թագադրումների և թաղման արարողությունների անցկացման վայր։

1794 թվականի մարտի 24-ին Թադեուշ Կոստյուշկոն Գլխավոր Շուկայում Լեհաստանի ազատագրման և անկախության վերականգնման երդում է տվել և իր վրա է վերցրել լեհական զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը, որով էլ է Կոստյուշկոյի ապստամբությունը։ Աշտարակի դիմաց մի ցուցանակ է տեղադրված, որտեղ նշված է Կոկլյուշկոյի ապստամբություն հայտարալելու օրը` «24/3/1794» և նույն այդ տեղում, հետագայում՝ 1918 թվականին որպես անկախության խորհրդանիշ կիտվել են ավստրիական արծիվները։

Գլխավոր Շուկան 1930 թվականին

Հրեաները հրապարակում առևտուր են արել դեռևս 15 -րդ դարում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում Լեհաստանի գերմանական օկուպացիայի ժամանակ հրապարակը վերանվանվել է Ադոլֆ-Հիտլերի հրապարակ։ 1945 թվականի հունվարի 18-ին Կրակովի ազատագրումից հետո կրկին վերանվանվել է Գլխավոր Շուկա (ինչպես նաև բոլոր փողոցներն ու հրապարակները Կրակովի, որոնք վերանվանվել էին օկուպանտի անունով)։ Ադամ Միցկևիչի հուշարձանը, որը ավերվել էր պատերազմի ժամանակ, պատերազմից հետո վերականգնվել է։

1980 թվականի մարտի 21 - ին, Լեհաստանում քաղաքական լարվածության ժամանակ պաշտոնաթող հացթուխ և Լեհաստանի ընդհատակյա բանակի վետերան Վալենտին Բադիլակը հրապարակի կենտրոնում ինքնահրկիզում է կատարել։ Նա բողոքում էր, որ Լեհաստանի կոմունիստական կառավարությունը հրաժարվում է Կատինում կատարվածը ռազմական հանցագործություն ճանաչել։ Բացի այդ, Գլխավոր Շուկա հրապարակը եղել է Համերաշխություն շարժման կազմակերպած զանգվածային ցույցերի կենտրոնական վայր։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայկոնիկ Սուրբ Մարիամի եկեղեցու առաջ
  • Կրակովի Գլխավոր Շուկայական հրապարակը գտնվում է Թագավորական ճանապարհի (Droga Królewska) վրա և համարվում է միջնադարյան Եվրոպայի խոշորագույն հրապարակներից մեկը։
  • 1978 թվականին հրապարակը որպես հին քաղաքի մաս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ըստ IV չափանիշի
  • 2005 թվականին Եվրոպայի հանրային լավագույն տարածքների շարքն է դասվել`շնորհիվ հրապարակում տիրող փողոցային կյանքի աշխուժության (ըստ Հանրային տարածքների նախագիծ շահույթ չհետապնդող կազմակերպության)[6][7]
  • 2013 թվականին Lonely Planet ճամփորդական գործակալությունն իր ուղեցույցներում Կրակովի Գլխավոր Շուկայական հրապարակը գնահատել է ամենագեղեցիկը աշխարհում
  • 2016 թվականին howitravel.co կայքը հրապարակը դասել է ամբողջ աշխարհում ուշադրության արժանի թոփ 13 լավագույն վայրերից 9-րդ տեղում[8]
  • 2010 թվականին հրապարակում ստորգետնյա թանգարան է բացվել, որը հագեցած է 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներով և որը կառաջնորդի այցելուներին գեղատեսիլ միջնադարյան քաղաքի պատմության էջերով[10][11]։

Հրապարակն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր հրապարակում բազմաթիվ ռեստորաններ և սրճարաններ կան։ Սուրբ Ադալբերտի եկեղեցու նկուղում գործում է փոքր հնագիտական թանգարան։ Նաև շենքի նկուղում, որը կոչվում էր «Ոչխարների տակի պալատ», այժմ գործում է կաբարե «Ոչխաների տակի նկուղ» անվամբ։ Անտոն Խավելկան 1876 թվականին բացել է «Արմավենու տակ» անունով սրճարան, որը գործում է առ այսօր։

Գլխավոր Շուկան շարունակում է բազմաթիվ հասարակական միջոցառումների և հանդիսությունների թատերաբեմ լինել։ Դրանք ներառում են ամենամյա կրակովյան ամանորյա մսուրներ, Լայկոնիկի պարեր, Տոնական օգնության Մեծ Նվագախմբի գալա համերգներ և Նոր տարվա մեծ տոնակատարությունները, փառատոններ։

Երթևեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականի հունվար 4-ին Գլխավոր Շուկայական հրապարակում ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցվել է։ Երթևեկության համար հրապարակում ձիակառքեր կան։

Գերժամանակակից ստորգետնյա թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին հրապարակում գեր ժամանակակից ստորգետնյա թանգարան է բացվել, որը հագեցած է 21-րդ դարի նորագույն տեխնոլոգիաներով և որը կառաջնորդի այցելուներին գեղատեսիլ միջնադարյան քաղաքի պատմության էջերով[10][11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rick Steves (2005). «Rick Steves' 2006 Europe Through the Back Door: The Travel Skills Handbook». ISBN 978-1-56691-721-6.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. Hsyjr и его окрестности Արխիվացված 2008-07-24 Wayback Machine(անգլերեն)
  3. Brian Walters, Fallen: My travels in Ireland and eastern Europe, p.199
  4. «The Rynek and its Environs». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  5. Ներառյալ 1525 թվականին Պրուսիան որպես դքսություն հռչակելու կապակցությամբ Ալբրեխտին Պրուսիայի առաջին դուքս հռչակելու ժամանակ Սիգիզմունդ I լեհական թագավորին տված վասսալության երդումը։
  6. 6,0 6,1 «Project for Public Spaces (PPS) Պաշտոնական կայք».
  7. 7,0 7,1 Alex White, Kathy Madden,. «The World's Best Squares. 1. Rynek Glowny, Krakow, Poland». PPS կայք. անգլերեն. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. 8,0 8,1 «13 Off The Beaten Path Destinations You MUST Visit This Summer». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին.
  9. Breslau und Krakau im Hoch- und Spätmittelalter, S. 243
  10. 10,0 10,1 «Թանգարանի կայք».
  11. 11,0 11,1 «Ultramodern múzeum kelti életre a középkori Krakkó városát».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլխավոր շուկա (Կրակովի հրապարակ)» հոդվածին։