Գլեյշեր (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Գլեյշեր
Glacier National Park
Glacier np canada.JPG
ՏեսակNational Park of Canada
ԵրկիրCanadian Red Ensign (1868–1921).svg Կանադա
ՎարչատարածքColumbia-Shuswap Regional District
Հիմնվել էհոկտեմբերի 10, 1886
Մակերես1349 կմ²[1]
Կոորդինատներ: 51°18′9.9989768184605e-08″ հս․ լ. 117°31′8.4000001000196″ ամ. ե. / 51.30000000002777227336991928° հս․. լ. 117.519000000027787678° ավ. ե. / 51.30000000002777227336991928; 117.519000000027787678
Գլեյշեր (ազգային պարկ)ը գտնվում է Կանադաում
Գլեյշեր (ազգային պարկ)
Գլեյշեր (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Գլեյշեր (ազգային պարկ)

Գլեյշեր ազգային պարկ (անգլ.՝ Glacier National Park, МФА: [ˈɡleɪ.si.ɚ ˈnæʃ.nəl pɑːɹk]), տեղակայված է Ժայռոտ լեռներում, ԱՄՆ Մոնտանա նահանգի տարածքում, Կանադայի Ալբերտա և Բրիտանական Կոլումբիա նահանգների հետ սահմանին։ Պարկի մակերեսը կազմում է 4101 կմ²[2]։

Առաջին մարդիկ սկսել են ապրել ազգային պարկի ներկայիս տարածքում դեռևս 10.000 տարի առաջ։ Այս տարածքներ եվրոպացիների գալուց պահին, մայրցամաքային ջրբաժանից արևմուտք ընկած տարածքները պատկանում էին սալիշներին (անգլ.՝ Salish peoples), իսկ արևելք ընկածները՝ սև ոտավորներին (անգլ.՝ Blackfoot Confederacy, Niitsitapi or Siksikaitsitapi)։ Ազգային պարկը հիմնադրվել է 1910 թվականի մայիսի 11-ին։ Գրեթե պարկի ստեղծումից անմիջապես հետո սկսեցին ակտիվորեն զարգանալ նաև ենթակառուցվածքները՝ այդ թվում հյուրանոցները, շալեները, ավտոճանապարհները և այլն։ Գլեյշեր ազգային պարկն ունի ավելի քան 130 լճեր, որոնք ունեն անուններ. նրանցից ամենախոշորը Մաքդոնալդ լիճն է։ Երկրաբանական տեսանկյունից պարկի տարածքի զգալի մասը գտնվում է Լյուիսի շերտային վերաշարժի վրա։ 2010 թվականի տվյալներով Գլեյշեր պարկում կար 37 սառցադաշտ։ Գիտնականները պնդում են, որ եթե հալոցքների ներկայիս միտումը պահպանվի, ուրեմն արդեն 2020 թվականին դրանք ամբողջությամբ հալված կլինեն։ Հյուսիսում Գլեյշերը սահմանակից է կանադական Ուոթերթոն Լեյքս ազգային պարկին. այս երկու բնապահպանական տարածքները միասին հայտնի են, որպես Ուոթերթոն-Գլեյշեր աշխարհի պարկ։ 1976 թվականին Գլեյշերը ճանաչվեց կենսոլորտային արգելավայր, իսկ 1995 թվականին երկու պարկերը միասին ճանաչվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ[3][4]։

Ազգային պարկի տարածքում աճում են բույսերի 1132 տեսակ։ Այստեղ ապրում են կաթնասունների 62, թռչունների 260, երկկենցաղների 6, սողունների 3 և քաղցրահամ ջրերում ապրող ձկների 23 տեսակներ։ Շատ տարածված են այնպիսի խոշոր կաթնասուններ, ինչպիսին են գրիզլին, ամերիկյան սև արջը, կանադական լուսանը, որմզդեղնը, կուղխը, ձյունե այծը, հաստակոտոշը և այլն։ 2003 թվականի անտառային հրդեհներից տուժել էր պարկի տարածքի 10 %-ը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսում Գլեյշեր ազգային պարկը սահմանակից է Կանադայի Ուոթերթոն Լեյքս ազգային պարկին, որը տեղակայված է Ալբերտա նահանգում, ինչպես նաև Բրիտանական Կոլումբիա նահանգում գտնվող Ֆլադհեդ և Ակամինա Քիշինենա նահանգային անտառներին[5]։ Պարկի արևմտյան սահմանը ձևավորում է Նորթ Ֆորք Ֆլադհեդ գետը, իսկ հարավային սահմանի մի մասը՝ Միդլ Ֆորք Ֆլադհեդ գետը։ Հնդկացիական Բլեքֆիտ արգելաբնակավայրը ձևավորում է ազգային պարկի արևելյան սահմանի մեծ մասը, բացի դրանից, պարկը հարավում սահմանակից է Լյուիս ազգային անտառի և արևմուտքում Ֆլատհեդ ազգային անտառի հետ[6]։

Գլեյշեր ազգային պարկի գծագիր

Գլեյշեր ազգային պարկի տարածքում կան 10-ից ավել խոշոր և մոտավորապես 700 մանր լճեր, սակայն սրանցից միայն 131-ը ունեն անուններ[7]։ Մաքդունալդ լիճը, որը տեղակայված է պարկի արևմտյան մասում, ազգային պարկի ամենաերկար (երկարություն-15,1 կմ), ամենախոշոր (մակերես-27,61 կմ²) և ամենախորը (խորություն-141 մ) լիճն է։ Փոքր լճերը տեղակայված են ռելիեֆի՝ թասի ձև ունեցող խորացումներում, սառցադաշտերի քայքայիչ աշխատանքների արդյունքում ձևավորված գոգավոր տարածքներում։ Որոշ լճեր, օրինակ՝ Ավալանչին և Քրեքերը, ունեն պղտոր, ոչ թափանցիկ փիրուզագույն ջուր, որը պայմանավորված է սառցադաշտային բերուկներով։ Այս նույն պատճառով պարկի որոշ առուներ ունեն կաթնասպիտակավուն գույնի ջուր։ Ազգային պարկի լճերի ջրերը ամբողջ տարվա ընթացքում սառն են լինում. ջրի ջերմաստիճանը հազվադեպ է անցնում 10 °С-ը, այն էլ ջրի մակերևույթին մոտ միայն[7]։

Թու Մեդիսոն լիճը

Լճերի ջրերը ընդհանուր առմամբ շատ մաքուր են, ընդ որում պլանկտոնի բացակայությունը զգալիորեն նվազեցնում է լճերի ինքնամաքրման ունակությունը, սրա հետևանքով ջրի յուրաքանչյուր աղտոտում սովորականից ավելի երկար է պահպանվում։ Այստեղից կարելի է ենթադրել, որ աղտոտող նյութերի նույնիսկ քիչ քանակությունը կարող է զգալիորեն ազդել ջրի որակի վրա[8]։

Ազգային պարկի տարածքում կա մոտավորապես 200 ջրվեժ, սակայն չորային սեզոնին դրանց մեծ մասը փաստացի չորանում են։ Առավել նշանավոր են Թու Մեդիսայն շրջանի ջրվեժները, Մաքդոնալդ ջրվեժը, որը գտնվում է նույնանուն հովտում, և Մեյնի Գլեյշեր շրջանում գտնվող Սվիֆթքարենթ ջրվեժը։ Այս բոլոր ջրվեժները գտնվում են Մեյնի Գլեյշեր հյուրանոցից ոչ հեռու, և պարկի այցելուները կարող են դրանք տեսնել։ Գլեշերի բարձր ջրվեժներից է Բյորդ Վումենը, որի բարձրությունը 150 մետր է. այն Օբերլին լեռան հյուսիսային լանջից թափվում է հովիտ[9]։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիֆ լեռ

Պարկի տարածքը առավելապես ներկայացված է նստվածքային լեռնային ապարներով, որոնք ձևավորվել են ծանծաղ ծովի պայմաններում, 1,6 միլիարդից 800 միլիոն տարի առաջ։ Մոտավորապես 170 մլն տարի առաջ՝ Ժայռոտ լեռների ձևավորման ժամանակ, զգալի տարածությունում լեռնային ապարները գրեթե 80 կմ տեղաշարժվել են դեպի արևելք։ Այս երկրաբանական կառուցվածքը, որը հայտնի է Լյուիսի շերտային վերաշարժ անունով, ունի մոտավորապես 5 կմ հզորություն և մի քանի հարյուր կիլոմետր երկարություն[10]։ Շերտային վերաշարժի ավելի հին ժայռերը՝ ավելի քան 1,4-1,5 միլիարդ տարի առաջ, տեղաշարժվել են նորերի վրա, դրա համար վերին շերտի ապարները ավելի հին են, իսկ ներքևի շերտերը ներկայացված են համեմատաբար երիտասարդ, կավճային ապարներով[10][11]։ Շերտային վերաշարժի առավել արտահայտիչ ապացույցներից է Չիֆ լեռը, որն իրենից ներկայացնում է պարկի արևելյան սահմանին, Մեծ Հարթավայրերի նկատմամբ 800 մետր վեր սլացող, առանձնացված սրածայր գագաթ[11][12]։ Պարկի տարածքում 3000 մետրից ավելի բարձրություն ունեցող 6 գագաթ կա, որոնցից ամենաբարձրը 3190 մ բարձրություն ունեցող Քլևելենդ գագաթն է։ Գլեյշեր ազգային պարկում գտնվող Թրիփլ Դիվայդ Պիկ լեռը, չնայած ոչ այնքան մեծ բարձրությանը (2444 մ), հանդիսանում է կարևոր ջրբաժան ամբողջ Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի համար։ Այստեղից գետերով ջուրը հոսում է միաժամանակ 3 ուղղություններով՝ դեպի Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Հուդզոնի ծոց և դեպի Ատլանտյան օվկիանոսում գտնվող Մեքսիկական ծոց։

Ստրոմատոլիթներ

Գլեյշեր ազգային պարկի պրոտերոզոյան նստվածքային ապարները շատ լավ պահպանվել են քարացածություններում։ Այս ապարները հանդիսանում են՝ այդ ժամանակաշրջանները ներկայացնող, աշխարհում լավ և առավել ամբողջական տեղեկություն տվող աղբյուրներ։ Երկրագնդի այլ հատվածների նույն հասակի նստվածքային ապարները սովորաբար քանդված են, կամ լեռնակազմական գործընթացների հետևանքով խիստ փոփոխվել են և համապատասխան չեն օրգանիզմների ուսումնասիրության համար[13]։ Պարկի լեռնային ապարները պարունակում են ծակոտիներ, չորացման ճաքեր, անձրևի կաթիլների և այլ բնական երևույթների հետքեր։ Այստեղ հայտնաբերված ստրոմատոլիթների (ջրիմուռների կենսագործունեության հետևանքով գոյացած կրային առաջացումներ) 6 տեսակները նկարագրվում և թվագրվում են 1 միլիարդ տարի առաջվան։ Ազգային պարկի տարածքում, նոր տեսակների հայտնաբերումը թույլ տվեց այս տարիքը գրեթե 1 միլիարդ տարի տեղափոխել, ինչը էականորեն փոխեց առաջին բազմաբջիջ օրգանիզմների առաջացման վերաբերյալ գիտնականների կարծիքը[12]։

Սառցադաշտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկի ռելիեֆը իր ներկայիս կառուցվածքը մեծ մասամբ ձեռք է բերել վերջին սառցե դարաշրջանի արդյունքում, որն ավարտվել է 12 000 տարի առաջ[14]։ Սառցադաշտերի քայքայիչ աշխատանքների ապացույցն են հանդիսանում տրոգները, կարերը, մերձսառցադաշտյա լճերը և այլն[15]։ Սառցե դարաշրջանի ավարտից հետո, նկատվել են կլիմայի ոչ մեծ փոփոխություններ, որոնք արտահայտվել են իրար հաջորդող սառեցումներով և տաքացումներով։ Վերջին ցրտեցումը, որը հայտնի է փոքր սառցե դարաշրջան անունով, շարունակվել է մոտավորապես 1550 թվականից մինչև 1850 թվականը[16]։ Այս ժամանակաշրջանի ընթացքում պարկի տարածքում սառցադաշտերի թիվը բավականին մեծացավ, սակայն ոչ այնքան ինչքան բուն սառցե դարաշրջանի ընթացքում էր[14]։

20-րդ դարի կեսերին սառցադաշտերի քարտեզների և լուսանկարների վերլուծությունը, որոնք արվել էին տարբեր տարիներին, հաստատեցին, որ պարկում հայտնի գրեթե 150 սառցադաշտերը 100 տարվա ընթացքում զգալիորեն նահանջել են, իսկ դրանցից որոշները նույնիսկ վերացել են [17]։ Այս պնդման պարզ ապացույցն է Գրիննել սառցադաշտի 1938 թվականից 2009 թվականների նկարների շարքը (տես ներքևում)։

Grinnell Glacier 1938.jpg
Grinnell Glacier 1981.jpg
Grinnell Glacier 1998.jpg
Grinnell Glacier 2009.jpg
1938 թվական 1981 թվական 1998 թվական 2009 թվական

ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը 1980-ական թվականներին, սկսեց պարկի սառցադաշտերի առավել պարբերական ուսումնասիրություններ, որը շարունակվում է մինչև այսօր։ 2010 թվականին Գլեյշերի տարածքում մնացել էին արդեն 37 սառցադաշտեր, ընդ որում՝ դրանցից միայն 25-ն են ճանաչվել «ակտիվ» և ունեն ավելի քան 0,10 կմ² մակերես[17]։ Եթե տաքացման այս միտումները շարունակվեն, ապա հավանականությունը մեծ է, որ արդեն 2020 թվականին Գլեյշիրի բոլոր սառցադաշտերը ամբողջությամբ կվերենան[18]։

Սառցադաշտերի նահանջի գրաֆիկը՝ փոքր սառցե դարաշրջանի ավարտից հետո, 1850 թվականին

Սառցադաշտերի նման նահանջ նկատվում է երկրագնդի ամբողջ տարածքում, և 1980 թվականից սկսած այս երևույթը գնալով ավելի է ուժգնանում։ Սառցադաշտերի վերականգնման համար անհրաժեշտ է ավելի սառը և ավելի խոնավ կլիմա, որը հնարավորություն կտա հավասարակշռություն ստեղծել կոշտ տեղումների կուտակման մակարդակի և սառցադաշտերի հալման մակարդակի միջև։ Հալման մակարդակի բարձրացումը կոշտ տեղումների կուտակման մակարդակի նկատմամբ, միանշանակ կբերի սառցադաշտի նահանջի, դրա մակերեսը և ծավալը աստիճանաբար կփոքրանան, մինչև վերջնական կվերանա այն[18]։

1850 թվականին՝ փոքր սառցե դարաշրջանի ավարտից հետո, սառցադաշտերը պարբերաբար նահանջում էին մինչև 1910-ական թվականները։ 1917 թվականից 1941 թվականների ընթացքում, սառցադաշտերի նահանջը զգալիորեն ուժեղացավ և որոշ սառցադաշտերի դեպքում կազմեց մինչև 100 մետր տարվա ընթացքում[17]։ 1940 թվականից 1979 թվականների միջև ընկած հատվածում, կլիմայի ոչ մեծ սառեցման հետևանքով սառցադաշտերի նահանջի արագությունը նվազեց, իսկ որոշ սառցադաշտեր նույնիսկ հակառակը՝ սկսեցին մի քանի տասնյակ մետր մեծանալ իրենց մակերեսով։ Սակայն 1980 թվականից սկսած նահանջի արագությունը նորից զգալիորեն ուժեղացավ։ 1850 թվականին սառցադաշտածածկ տարածքի մակերեսը Բլեքֆուտ և Ջեքսոն սառցադաշտերի շրջանում կազմում էր մոտավորապես 21,6 կմ², սակայն 1979 թվականի տվյալների համաձայն, այդ մակերեսը ընդամենը 7,4 կմ² էր։ 1850 թվականից 1979 թվականների միջև ընկած ժամանակահատվածում պարկի բոլոր սառցադաշտերից 73 %-ը հալվեցին[19]։ Պարկի ստեղծման ժամանակ Ջեքսոն սառցադաշտը դեռ Բլեքֆուդի մի մասն էր, սակայն այսօր դրանք առանձին 2 սառցադաշտեր են[20]։

Սառցադաշտերի նահանջի ազդեցությունը ազգային պարկի էկոհամակարգի վրա ամբողջովին հայտնի չեն, բայց կարելի է ենթադրել, որ բույսերի և կենդանիների այն տեսակները, որոնք կախված են սառը ջրի առկայությունից, կտուժեն իրենց բնակության վայրի բացակայության պատճառով։ Սառցադաշտային սառույցի սեզոնային հալքի քանակի նվազումն իր հերթին, գարնանային և աշնանային սեզոններին, կազդի գետերի և առուների հոսքի վրա։ Բացի սրանից դա նաև կնվազեցնի ստորերկրյա ջրերի մակարդակը և կմեծացնի անտառային հրդեհների առաջացման հավանականությունը։ Սառցադաշտերի կորուստը կնվազեցնի նաև պարկի գրավչությունը այցելուների համար[19]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեյշեր ազգային պարկի տարածքը ներառում է մայրցամաքային ջրբաժան և բարձրությունների 2100 մետր տարբերություններ։ Այս գործոնները ստեղծում են կլիմաների և միկրոկլիմաների բազմազանություն։ Ինչպես մյուս բարձր լայնություններում, այստեղ էլ օդի միջին ջերմաստիճանը նվազում է բարձրության հետ[21]։ Պարկի արևմտյան մասը, որը տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ավազանում, ունի ավելի մեղմ և խոնավ կլիմա։ Տեղումների առավելագույն քանակը թափվում է ձմռանը և գարնանը, ամսական մոտավորապես 50-80 մմ։ Ձյուն գալիս է տարվա բոլոր եղանակներին, այդ թվում նաև ամռանը, ինչը եզակի չէ մեծ բարձրություններում։ Ձմռանը այստեղ կարող են ներթափանցել երկարատև սառնամանիքներ ստեղծող սառը օդային զանգվածները, ինչը աառավել տարածված է մայրցամաքային ջրբաժանից արևելք ընկած հատվածներում: Առավել շատ ձյուն գալիս է արևմուտքում։ Զբոսաշրջային սեզոնի ընթացքում, ցերեկային առավելագույն ջերմաստիճանները հասնում են 15-20°С-ի, իսկ գիշերային նվազագույն ջերմաստիճանները՝ մինչև 5 °С-ի։ Մեծ բարձրություններում, միջին ջերմաստիճանները ավելի ցածր են։ Պարկի առավել ցածրադիր հովիտներում, ցերեկային առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 30 °С[22]։

Բռոունին փոքրիկ քաղաքում, որը տեղակայված է պարկից արևելք, Բլեքֆուտ արգելաբնակավայրում, գրանցվում են ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններ։ 24 ժամվա ընթացքում ջերմաստիճանային կտրուկ փոփոխությունների ռեկորդը (56 °C) պատկանում է այս վայրին. 1916 թվականի հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը օդի ջերմաստիճանը 7 °C-ից իջել է մինչև - 49 °C[23]։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, որը տեղակայված է պարկի արևմուտքում, սկսած 1992 թվականից իրականացնում է կլիմայի փոփոխության հետազոտություններ։ Բացի սառցադաշտերի նահանջի ուսումնասիրությունից, հետազոտությունները ներառում են նաև այլ ցուցանիշներ, այդ թվում անտառային հրդեհների էկոլոգիական և տարբեր տեսակների բնակության վայրի փոփոխության ուսումնասիրություններ։ Բացի սրանից ուսումնասիրվում են նաև լեռնային բուսականության առանձնահատկությունները, ինչպես նաև դեբիտը (աղբյուրից դուրս հոսող հեղուկի կամ գազի քանակությունը որոշ ժամանակամիջոցում) և պարկի մակերեսային ջրերի ջերմաստիճանը (սովորաբար դա արվում է մշտական տեղակայված ջրաչափական կայաններում)։ Կատարվում են օդի բաղադրության տարբեր տարրերի չափումներ և հետազոտություններ։ Այս բոլոր հետազոտությունների արդյունքում հավաքված տվյալները օգնում են հասկանալ պարկի տարածքի կլիմայական փոփոխությունները։ Ստացված տվյալների համեմատումը երկրագնդի այլ հատվածներից ստացված տվյալների հետ հնարավորություն է տալիս հասկանալ կլիմայի փոփոխության առանձնահատկությունները երկրագնդի, ընդհանուր մասշտաբով[26][27]։

Գլեյշեր ազգային պարկը բնորոշվում է օդի և ջրի լավ որակով։ Պարկի շրջակայքում բացակայում են խոշոր բնակության վայրերը։ Գործարանների, ֆաբրիկաների և այլ պոտենցիալ աղտոտող կառույցների բացակայության շնորհիվ, այս տարածքների մարդածին աղտոտումը նվազագույն է [28]։ Այնուամենայնիվ պարկի լճերը հեշտ աղտոտվում են մթնոլորտային տարբեր նյութերից, որը ավելի նկատելի է դառնում մթնոլորտային տեղումներից հետո։ Սակայն այս տարածքների աղտոտման աստիճանը գնահատվում է աննշան, իսկ պարկի լճերն ու գետերը ունեն ջրի A-1 որակ, որը Մոնտանա նահանգի ջրի որակի առավելագույն աստիճանն է[29]։

Վարչություն և զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլեյշեր ազգային պարկը գտնվում է ԱՄՆ ազգային պարկերի ծառայության հսկողության տակ։ Բնության պահպանվող այս տարածքում արգելված են որսը, փայտամթերումները և օգտակար հանածոների արդյունահանումը, ինչպես նաև նավթի և գազի հանքավայրերի հետախուզումը։ Պարկի շտաբ-շինությունը գտնվում է Մոնտանա նահանգում՝ Ուեսթ Գլեյշեր թաղամասում։ Տարեկան Գլեյշեր ազգային պարկ են այցելում մոտավորապես 2 միլիոն զբոսաշրջիկ։ Պարկի բյուջեն 2008 թվականին կազմել է 13․190․000 ամերիկյան դոլար[30]։ 2010 թվականին՝ պարկի հարյուրամյակի շեմին, իրականացվեց նրա տարածքում գտնվող ճանապարհի վերակառուցումը (անգլ.՝ Going-to-the-Sun Road)[31]։

Գլեյշեր ազգային պարկի զբոսաշրջային ավտոբուսը
Գլեյշեր ազգային պարկի հետիոտն ուղիներից մեկը

Ազգային պարկի տարածքում տարածված է հետիոտն տուրիզմը։ Բոլոր հետիոտն ուղիների ընդհանուր երկարությունը, միասին վերցրած կազմում է 1127 կմ[32]։ «Continental Divide National Scenic» արահետը պարկը հատում է հյուսիսից հարավ, սակայն այստեղ կան նաև այլընտրանքային ուրիշ ուղիներ, որոնք հիմնականում օգտագործվում են բարձրլեռնային ճանապարհների ձնաբուքերից փակվելու դեպքում։ «Pacific Northwest National Scenic» արահետը պարկը հատում է արևմուտքից արևելք։ Հետիոտն ճանապարհներին շների մուտքն արգելվում են, քանի որ այստեղ կան արջեր և այլ խոշոր կաթնասուններ, սակայն դրանք թույլատրվում են քեմփինգների (վրաններով տեղակայում) և ասֆալտապատ ճանապարհների մոտակայքում գտնվող տարածքներում։ Գլեյշերը մեկ օրվա համար առաջարկում է բազմաթիվ ուղիներ։ Վրաններ խփել և խարույկ վառել թույլ է տրվում միայն ամրագրված՝ կոնկրետ տարածքներում, որոնք գտնվում են ճանապարհներին մոտ, սակայն միայն թույլտվություն ունենալու դեպքում, որը տրվում է տեղեկատվական կենտրոններում կամ նախապես պատվիրելու դեպքում։ Ուղիների զգալի մասը, ձյան կուտակումների և ձնահյուսերի վտանգի պատճառով, անհասանելի է մինչև հունիսի սկիզբը[33]։ Բազմաթիվ բարձրլեռնային ուղիներ մինչև հուլիսի սկիզբը թաղված են ձյան մեջ։ Բացի հետիոտն ուղիների մոտ գտնվող վրանային ճամբարների տարածքներից, կան նաև տրանսպորտային ճամբարների համար նախատեսված տարածքներ։ Սենթ Մերիի և Ափգատեի ճամբարները գործում են ամբողջ տարվա ընթացքում, սակայն ոչ նպատակահարմար սեզոնին դրանց հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Տրանսպորտային միջոցների համար հասանելի, բոլոր ճամբարների տարածքները, սովորաբար գործում են հունիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը[34]։

Տարածված հանգստի տեսակ է նաև ձկնորսությունը։ Գոյություն ունեն ազգային պարկի տարածքում ձկնորսությունը կարգավորող սահմանված կանոններ, սակայն ձկնորսության համար հատուկ թույլտվություն չի պահանջվում[35]։ Ձմեռային հանգիստը Գլեյշեր ազգային պարկում խիստ սահմանափակ է։ Ձնագնացներ քշելը պարկի ամբողջ տարածքում արգելված է։ Դահուկներ քշել թույլ է տրվում միային հովիտներում, ոչ մեծ բարձրություններում, որտեղ չկա ձնահյուսերի վտանգ[36]։

Պարկի խոշոր լճերում զբոսաշրջիկները հաճախ օգտագործում են նավակներ։ Մի քանի ավանդական, փայտե, զբոսաշրջային նավակներր, որոնք տեղավորում են մինչև 80 մարդ, շահագործվում են 1927 թվականից սկսած։ Պարկի հիմնական ճանապարհներով տեղափոխություններ են կատարվում ավանդական կարմիր պարկային ավտոբուսներով, որոնք հայտնի են «Red Jammers» անունով։ 2001 թվականին բոլոր ավտոբուսները ձևափոխվեցին «Ford Motor» ընկերության կողմից, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը նվազեցնելու նպատակով վերափոխվեցին պրոպանով աշխատող շարժիչներով[37]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Database on Protected Areas — 1981.
  2. «Welcome to the Crown of the Continent Ecosystem»։ Crown of the Continent Ecosystem Education Consortium։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  3. «Biosphere Reserve Information»։ United Nations Educational Scientific and Cultural Organization։ 2005-03-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  4. «Historical Overview,»։ National Park Service, U.S. Department of the Interior։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  5. [http: //www.env.gov.bc.ca/bcparks/explore/parkpgs/akamina/ «Akamina-Kishinena Provincial Park»]։ BC Parks։ Վերցված է 2013-03-02 
  6. «Nearby Attractions»։ National Park Service։ 2010-01-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  7. 7,0 7,1 «Lakes and Ponds»։ Nature and Science։ National Park Service։ 2008-03-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  8. «WACAP – Western Airborne Contaminants Assessment Project»։ National Park Service։ 2010-02-25։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  9. «Bird Woman Falls»։ World Waterfall Database։ 2005-09-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  10. 10,0 10,1 «Lewis Overthrust Fault»։ National Park Service, U.S. Department of the Interior։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  11. 11,0 11,1 «Park Geology»։ Geology Fieldnotes։ National Park Service, U.S. Department of the Interior։ 2005-01-04։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-21 
  12. 12,0 12,1 «Geologic Formations»։ Nature and Science։ National Park Service։ 2008-03-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  13. «Exposed Rocks within the Park»։ America's Volcanic Past: Montana։ United States Geological Survey։ 2003-06-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  14. 14,0 14,1 «History of Glaciers in Glacier National Park»։ Northern Rocky Mountain Science Center, United States Geological Survey։ 2010-04-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  15. «Glaciers / Glacial Features»։ National Park Service։ 2009-09-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  16. «Was there a Little Ice Age and a Medieval Warm Period?»։ Intergovernmental Panel on Climate Change, United Nations Environment Programme։ 2003։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  17. 17,0 17,1 17,2 «Retreat of Glaciers in Glacier National Park»։ Northern Rocky Mountain Science Center, United States Geological Survey։ 2010-04-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  18. 18,0 18,1 «Monitoring and Assessing Glacier Changes and Their Associated Hydrologic and Ecologic Effects in Glacier National Park»։ Glacier Monitoring Research։ Northern Rocky Mountain Science Center, United States Geological Survey։ 2010-04-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  19. 19,0 19,1 Hall Myrna; Daniel Fagre (February 2003)։ «Modeled Climate-Induced glacier change in Glacier National Park, 1850–2100» 53 (2)։ Bioscience։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-05-27-ին։ Վերցված է 2013-03-02 
  20. «Blackfoot-Jackson Glacier Complex 1914–2009»։ Northern Rocky Mountain Science Center, United States Geological Survey։ 2010-04-13։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2013-03-02 
  21. «Montane Forest Ecotype»։ State of Montana։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  22. «Weather»։ National Park Service։ 2006-12-21։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  23. «Top Ten Montana Weather Events of the 20th Century»։ National Weather Service Unveils Montana's Top Ten Weather/Water/Climate Events of the 20th Century։ National Weather Service։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  24. «MT West Glacier»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է July 9, 2013 
  25. «West Glacier, Montana»։ Western Regional Climate Center։ Վերցված է July 9, 2013 
  26. Fagre Daniel (2010-04-13)։ «Global Change Research A Focus on Mountain Ecosystems»։ U.S. Geological Survey, Northern Rocky Mountain Science Center։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  27. «Response of Western Mountain Ecosystems to Climatic Variability and Change: The Western Mountain Initiative»։ U.S. Geological Survey, Northern Rocky Mountain Science Center։ 2009-02-11։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  28. «Air Quality»։ National Park Service։ 2008-03-29։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  29. «Water Quality»։ National Park Service։ 2008-03-27։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-14 
  30. «2008 Budget for Glacier National Park»։ National Park Service։ 2008-03-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-14 
  31. «Going-to-the-Sun Road project»։ U.S. Department of Transportation։ 2010-04-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-14 
  32. Hayden, Bill (2008-10-01)։ «Hiking the Trails»։ National Park Service։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  33. «Winter Hiking in Glacier National Park, Montana»։ Youtube։ Վերցված է 2011-07-08 
  34. «Backcountry Guide 2006» (PDF)։ National Park Service։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-12-30-ին։ Վերցված է 2010-04-18 
  35. «Fishing Regulations 2008–2009» (PDF)։ National Park Service։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  36. «Operating Hours & Seasons»։ National Park Service։ 2010-01-05։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18 
  37. Vanderbilt, Amy M (2002)։ «On the Road Again: Glacier National Park's Red Buses» (PDF)։ National Park Service։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-13-ին։ Վերցված է 2010-04-18