Jump to content

Գայոս Սալլուստիոս Կրիսպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայոս Սալլուստիոս Կրիսպոս
լատին․՝ C. Sallustius Qui. Crispus
Ծնվել էհոկտեմբերի 1, մ. թ. ա. 86[1]
Ամիտերնում, Լ'Աքվիլա, Իտալիա
Մահացել էմայիսի 13, մ. թ. ա. 35[1] (50 տարեկան)
Հռոմ, Հռոմեական Հանրապետություն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունպատմաբան, գրող, բանաստեղծ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Պաշտոն(ներ)Ժողովրդական տրիբուն
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2]
ԿուսակցությունՊոպուլյարներ
Ամուսին(ներ)Տերենտիա
Երեխա(ներ)Gaius Sallustius Crispus?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Sallust Վիքիպահեստում

Գայոս Սալլուստիոս Կրիսպոս (լատին․՝ Gaius Sallustius Crispus, հոկտեմբերի 1, մ. թ. ա. 86[1], Ամիտերնում, Լ'Աքվիլա, Իտալիա - մայիսի 13, մ. թ. ա. 35[1], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), հին հռոմեական պատմագիր և քաղաքական գործիչ։ Նրանից ամբողջությամբ մեզ են հասել ծավալով ոչ մեծ երկու աշխատություն՝ «Կատիլինայի դավադրության մասին» («Catilina», «De coniuratione Catilinae», «Bellum Catilinarium») և «Յուգուրթական պատերազմի մասին» («Jugurtha», «Bellum Jugurthinum») երկերը։ Սալլուստիոսի մի այլ գործից՝ «Պատմություններ»-ից պահպանվել են պատառիկներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլուստիոսը ծնվել է Ամիտերնում քաղաքում և հավանաբար պատկանել է տեղական ազնվականությանը։ Ազգությամբ սաբին էր։ Մ.թ.ա. 52 թվականին զբաղեցրել է ժողովրդական տրիբունի պաշտոնը և գործել Կիկերոնի և Տիտոս Աննիոս Միլոնի դեմ։ Հավանաբար հենց այս պատճառով մ.թ.ա 50 թվականին հեռացվել է հռոմեական սենատից[3]։

Մասնակցել է մ․թ․ա․ 49 թվականից մինչև մ․թ․ա․ 45 թվականը քաղաքացիական պատերազմներին՝ Հուլիոս Կեսարի կողմում։ Իլլիրիկում պրովինցիայում նշանակվել է լեգեոնի հրամանատար։ Ձախողել է Կուրիկտա կղզում պաշարված լեգեոնին օգնություն հասցնելու գործողությունը։ Մ.թ.ա. 47 թվականին նրան է հանձնարարվել ճնշել Կամպանիայում զինվորների խռովությունը։ Սալլուստիոսն այստեղ ևս ձախողվել է և մազապուրծ փախել։ Մ.թ.ա. 46 թվականին եղել է պրետորի պաշտոնում, Կեսարի աֆրիկյան արշավի ժամանակ հանձնարարվել է Կերկինա կղզու մատակարարմամբ։ Որպես պրետոր նրա անդամակցությունը սենատում պետք է վերականգված լիներ։ Այնուհետև եղել է պրոկոնսուլ (կառավարիչ) Նոր Աֆրիկա հռոմեական պրովինցիայում։ Աֆրիկայում մեծ հարստություն հայթայթած լինելով՝ Հռոմ է վերադարձել մ.թ.ա. 45 թվականին։ Այնուհետև դատվել է շորթման համար, սակայն արդարացվել է[4] (ինչպես պնդում են՝ Կեսարի միջամտության արդյունքում)[3]։ Կեսարի մահից (44) հետո նվիրվել է գրական գործունեության։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալլուստիոսի աշխատություններից պահպանվել են Կեսարին գրած նամակներ (մոտ 50 թվականին և 46 թվականին), որոնցում առաջարկել է պետության բարեփոխման նախագիծ, և երկու ոչ մեծ աշխատություն՝ «Կատիլինայի դավադրության մասին» (մոտ 43 կամ 41 թվականին) և «Յուգուրթական պատերազմը» (մոտ 41 կամ 39-ից 36 թվականին)։

Սալլուստիոսի մի այլ գործից՝ «Պատմություններ»-ից (5 գիրք, ընդգրկել է մ․ թ․ ա․ 78-ից 66 թվականների իրադարձությունները, գրել է 36-ից 35 թվականներին) պահպանվել են պատառիկներ։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ անորոշ պատառիկների մի մասը վերաբերում են Տիգրան Բ Մեծի օրոք տեղի ունեցած հայ-հռոմեական պատերազմի իրադարձությունների նկարագրությանը։ Սակայն որոշ պատառիկներ պարզորոշ տեղեկություններ են հաղորդում հայ-հռոմեական պատերազմի և Հայաստանի վերաբերյալ։

Սալլուստիոսն իր բոլոր աշխատություններում անդրադառնում է Հռոմեական հանրապետության քաղաքական և բարոյական անկմանը, ինչի սկիզբը նա համարում է մ.թ.ա 146 թվականին Կարթագենի վերացումը։ Նրա կարծիքով արտաքին թշնամու ոչնչացումից հետո հռոմեացիներին հնարավոր է դարձել հետապնդել իրենց անձնական հավակնությունները և հաշվեհարդարները։ Պետական հաստատությունների ձախողումը նա բացատրում է պետական այրերի բարոյական թերացումներով[4]։

Սալլուստիոսի ոճին բնորոշ է սեղմ արտահայտության ձևը։ Ոճաբանության մեջ հետևել է հույն պատմագիր Թուկիդիդեսին և Մարկոս Պորկիոս Ավագին (հատկապես հնաբանությունների գործածությամբ)։ Սալլուստիոսի ոճն առանձնապես ազդեցություն է ունեցել հետագա հռոմեացի պատմագիր Կոռնելիոս Տակիտոսի վրա[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Любкер Ф. Sallustii (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1180—1181.
  2. CONOR.Sl
  3. 3,0 3,1 Pelling, C. (2016-03-07). «Sallust, Roman historian, c. 86–35 BCE». Oxford Classical Dictionary. Վերցված է 2025-11-19-ին.
  4. 4,0 4,1 4,2 Sallust (2010-04-15). «Introduction». In Batstone, William W. (ed.). Oxford World Classics: Catiline's Conspiracy; The Jugurthine War; Histories. Oxford University Press. էջեր vii, xvii–xviii, ix–x, xxxiii–xxxvii. ISBN 9780192823458.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Սալլուստիոս Կրիսպոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գայոս Սալլուստիոս Կրիսպոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 118