Բոդե թանգարան
Բոդե թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Գերմանիա[1] |
Տեղագրություն | Միտտե |
Վայր | Թանգարանների կղզի |
Կազմված է | Raum 141-Romanik? |
Մասն է | Բեռլինի պետական թանգարաներ |
Հասցե | Am Kupfergraben? (1) |
Հիմնադրվել է | 1904 |
Հիմնադիր | Ֆրիդրիխ III (Գերմանիայի կայսր) |
Այցելուներ | 233 000 մարդ (2017) |
Տնօրեն | Max Jakob Friedländer?[2] |
Կայք | smb.museum/museen-und-einrichtungen/bode-museum/home.html(գերմ.) |
Բոդե թանգարան (գերմ.՝ Bode-Museum), գեղարվեստական թանգարան Բեռլինում` Թանգարանային կղզում։ Ընդգրկում է քանդակների հավաքածու, բյուզանդական արվեստի թանգարանը և Գերմանիայում ամենամեծ դրամագիտական հավաքածուն[3]։ Թանգարանը բացվել է 2006 թվականի հոկտեմբերի 17-ին` վեցամյա վերանորոգումից հետո։ Մինչև 1945 թվականը թանգարանը կրել է Ֆրիդրիխ III-ի անունը։ 1956 թվականին ԳԴՀ մշակույթի նախարար Յոհանես Բեխերի առաջարկով թանգարանը վերանվանվել է գերմանացի պատմաբան, թանգարանային գործիչ Վիլհելմ ֆոն Բոդեի անունով։
Թանգարանի շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռլինում արվեստի թանգարան ստեղծելու գաղափարը ծագել է 1871 թվականին։ Գաղափարի հեղինակը Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ III-ն էր։ Հստակ առաջարկներ է ներկայացնում Վիլհելմ ֆոն Բոդեն։ Արքունի ճարտարապետ Էռնստ ֆոն Ինեի նախագծով 1897-1904 թվականներին կառուցվում է թանգարանի շենքը Բոդեի քանդակների և նկարների հավաքածուի համար։ Կայսրի անունը կրող թանգարանը բացվում է 1904 թվականի հոկտեմբերի 18-ին՝ 1888 թվականին մահացած կայսեր ծննդյան օրը։
Նեոբարոկկոյի ոճով կառուցված շենքը գտնվում է Թանգարանային կղզու հյուսիսարևելյան մասում՝ մոտ 6.000 մ² մակերեսով տարածքի վրա։ Ձևով հիշեցնում է անկանոն եռանկյուն։ Չնայած դրան՝ ճարտարապետին հաջողվել է մուտքի վերևում գմբեթ կառուցել, ինչը տպավորություն է թողնում, որ շենքը բացարձակ համաչափ է՝ հիշեցնելով կլորավուն գագաթով հավասարակողմ եռանկյուն։ Շպրեե գետի ափերի կողմից թանգարանի մուտքը կապվում է երկու կամուրջներով։ Թանգարանի վերին երկու հարկերը կարծես հառնում են գետի ջրերից։
Թանգարանի մի քանի մասնաշենքերը ձևավորել են ներքին հինգ բակեր։ Ֆոյեից սկսվում է թանգարանի առանցքը կազմող սրահների մուտքը։ Դրանք են գմբեթավոր մեծ սրահը՝ լայն փռված աստիճաններով, Մեծ կուրֆյուրստի քանդակով (քանդակագործ՝ Անդրեաս Շլյուտեր), Կամեկե սրահը՝ժամանակին Շլյուտերի կողմից կառուցված, սակայն չպահպանված Կամեկե վիլլայի տանիքին տեղադրված քանդակներով։ Այնուհետև իտալական Վերածննդի ոճով կառուցված բազիլիկն է՝ կրոնական թեմայով քանդակներով, որոնք եզրային կապելլաներում բազմագույն են, և Քրիստոսի հարության զոհասեղանը (Ֆլորենցիա)։ Շարքը փակում է գմբեթավոր փոքր սրահը՝ ռոկոկո ոճի աստիճաններով և Ֆրիդրիխ Մեծի ու նրա հինգ գեներալների մարմարե քանդակներով։ Այս անֆիլադում ժամանակին տեղի են ունեցել հանդիսավոր արարողություններ, որոնց մասնակցելու են հրավիրված եղել պալատականներ և մեծահարուստ դասից մեկենասներ։
Ցուցասրահներում Բոդեն ներկայացրել է քանդակներ, կտավներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, կահույքի տարրեր, ինչպես ընդունված էր խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչների տներում ու մասնավոր հավաքածուներում։ Այդ ամենը լրացվում է ճարտարապետական որոշ դետալներով՝ պորտալներ, մարմարե կամարներ, կեսոնի առաստաղներ, բուխարիներ, զոհասեղաններ, որոնք Բոդեն ձեռք էր բերել Իտալիայում թանգարանի նոր շենքի համար։ Սրահների նման ձևավորումը Բոդեի կարծիքով պետք է այցելուներին անցյալ դարաշրջանի շունչը հաղորդեր։
Ի հիշատակ Ֆրիդրիխ 3-րդի՝ թանգարանը ստացավ նրա անունը։ Թանգարանի շենքը խիստ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ 1945 թվականից Շպրեեի վտակի անունով այն կոչվեց Կուպֆերգրաբենի թանգարան։ 1956 թվականին թանգարանը ստացավ հիմնադրի և առաջին տնօրենի՝ Բոդեի անունը։ Այստեղ է գտնվում եգիպտական թանգարանը և պապիրուսների հավաքածուն, վաղ շրջանի պատմության թանգարանը, պատկերասրահը, քանդակների հավաքածուն և դրամագիտության սենյակը։
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ աշխարհամարտից հետո թանգարանը մասամբ գործել է 1950-1960 թվականներին։ Աստիճանական վերանորոգումը ձգձգվել է մինչև 1987 թվականը։ 1990-ական թվականներին շենքում ի հայտ եկան վերանորոգման բազմաթիվ թերություններ և լուրջ բացթողումներ։ Այդ պատճառով էլ որոշվել է 1997-1998 թվականներին հիմնանորոգում անցկացնել՝ պահպանելով հարյուրամյա շենքի պատմական տեսքն ու արժեքը։
Դեռևս 1904 թվականին այցելուների ուշադրությունը գրավում էր այսպես կոչված Տյեպոլոյի կաբինետը։ Այստեղ են գտնվել գրիզայլի մեթոդով կատարված 22 ֆրեսկոները, որոնք բարոկկոյի դարաշրջանի նկարիչ Ջովաննի Տյեպոլոն ստեղծել է 1759 թվականին Volpato Panigai պալացցոյի համար։ Վիլհելմ Բոդեն գնել է դրանք և 1899 թվականին բերելով Բեռլին՝ տեղադրել է իր թանգարանում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ այդ սրահն ամբողջությամբ ավերվել է, իսկ նկարները անվտանգության նկատառումներով տարհանվել են։ Երկար ժամանակ դրանք կորած են համարվել։ Վերանորոգման երկարատև աշխատանքների ընթացքում սրահը վերականգնվել է պահպանված ընդամենը մեկ սև-սպիտակ լուսանկարի հիման վրա։
Ներքին հինգ բակերից չորսը բաց են այցելության համար. այնտեղ քանդակների բացօթյա ցուցադրություն է կազմակերպված։ Թանգարանային կղզու զարգացման ծրագրի համաձայն՝ թանգարանը միացվել է Պերգամոնի թանգարանին։ Վերանորոգումը իրականցվել է նոր պահանջների համաձայն. բարձրացվել է տեխնիկական անվտանգության մակարդակը։ Թանգարանի մուտքը հնարավոր է դարձել սահմանափակ հնարավորությունների տեր մարդկանց համար։
Թանգարանի շինարարական աշխատանքները, շարունակվելով հինգ տարի, ավարտվել են 2005 թվականի նոյեմբերին։ 2006 թվականի հոկտեմբերին այն հանձնվել է հանրությանը։ Այդ ընթացքում ժամանակակից ոճով նախապատրաստվել են ցուցանմուշները, ինչը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Պատերն ու առաստաղը հիմնականում սպիտակ և բաց մոխրագույն են, արվեստի գործերը ներկայացված են ազատ, ոչ խիտ դասավորությամբ։ Քանդակները տեղադրված են սրահում՝ կենդանի տպավորություն թողնելով։ Սակայն Բոդեի մշակած սկզբունքի համաձայն՝ այս ամենը լրացվում է պատմական միջավայրի դետալներով՝ պատեր, առաստաղ, կահույքի տարրեր և գեղարվեստի մոտ 150 գործ։
Բոդե թանգարանի հիմնանորոգումը պետական բյուջեին արժեցել է 152 միլիոն եվրո[4]։ Թանգարանի ընդհանուր մակերեսը 25.000 կմ² է, որից 66 սրահների մակերեսը՝ 11.000 կմ²։ Թանգարանում գործում են նաև իտալական քանդակագործության տարբեր դպրոցներ, մանկական պատկերասրահ, խանութ, սրճարան։
Քանդակների հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակների հավաքածուն Գերմանիայում նմանատիպ հավաքածուներից ամենախոշորներից է։ Ինչպես բյուզանդական արվեստի թանգարանը, այն ևս Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բաժանվեց Արևելյան և Արևմտյան Բեռլինների միջև։ Վերամիավորված հավաքածուն իր պատմական տեղում՝ Բոդե թանգարանում, սկսվել է ցուցադրվել 2006 թվականից։ Արդեն վերամիավորված հավաքածուի խորհրրդանիշ դարձավ «Խաչի հաղթարշավ» քանդակախումբը գերմանական Նաումբուրգ քաղաքի Սուրբ Մորիցի եկեղեցուց։ Այն ցուցադրված է թանգարանի առաջին հարկում։ Վերջին մի քանի տասնամյակներում կաղնեփայտե երկու քանդակները, որոնք թվագրվում են 1220 թվականին, պահվել են տարբեր տեղերում. Մարիամի քանդակը պահվել է Դալեմի թանգարանում, իսկ Քրիստոսի քանդակը՝ Թանգարանային կղզում։
Քանդակների հավաքածուն ներառում է միջնադարյան շրջանից մինչև XVIII դարի գործեր ինչպես գերմանախոս երկրներից, այնպես էլ Ֆրանսիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Իսպանիայից։ Հավաքածուի հիմքը կազմում են իտալական Վերածննդի շրջանի գործերը։ Այստեղ ցուցադրված են Դոնատելլոյի, Ֆրանչեսկո Լաուրանայի, Մինո դե Ֆյեզոլեի գործերը։ Լայնորեն ներկայացված են գոթիկայի շրջանի գերմանացի քանդակագործներ Տիլման Ռիմենշնայդերի, Հանս Բրյուգեմանի, Նիկլաուս Լեյդենսկու աշխատանքները։
Բյուզանդական արվեստի թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ներառում է Արևմտյան Հռոմեական կայսրության և Բյուզանդական կայսրության շրջանին վերաբերող արվեստի և կենցաղի իրեր, որոնք թվագրվում են III-XV դարերին։ Առավել արժեքավոր են ուշ անտիկ ժամանակաշրջանի հռոմեական սարկոֆագները, Արևելյան Հռոմեական կայսրության դեկորատիվ նշանակության քանդակները, փղոսկրե իրերը, սրբապատկերներն ու խճանկարները։
Դրամական հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական հավաքածուն Պրուսական մշակութային ժառանգության ֆոնդի հնագույն հավաքածուներից է։ Այն սկզբնավորվել է 16-րդ դարում։ 1868 թվականին հավաքածուն առանձին թանգարանի կարգավիճակ է ստացել, իսկ 1904 թվականին տեղափոխվել է Բոդե թանգարան՝ առաջին հարկում հատուկ իր համար առանձնացված մաս։
Դրամական հավաքածուն դրամագիտության խոշորագույն հավաքածուներից է։ Մեծ արժեք են ներկայացնում Ք. ա. 7-րդ դարից մինչև մերօրյա փակ թողարկության դրամները։ Ավելի քան 500.000 նմուշներից ցուցադրության է ներկայացված մի փոքր մասը միայն։ Պերգամոնի թանգարանում ներկայացված են մոտ 1.500 հազվագյուտ դրամներ։ Բոդե թանգարանի չորս սրահներում ցուցադրված են մոտ 4.000 դրամներ ու շքանշաններ։ Հավաքածուի՝ առաջին հարկում գտնվող մնացած նմուշները կարելի է դիտել հատուկ թույլտվությամբ միայն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Փոքր գմբեթ
-
Խճանկարից սրբապատկեր, մոտ 1100-1150
-
Գրեգորիո դի Լորենցո, Հովհաննես Մկրտիչ, մոտ 1480
-
Բրյուսելյան խորան, մոտ 1480
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Dictionary of Art Historians
- ↑ History – Sculpture Collection and Museum of Byzantine Art.
- ↑ "Teuer, billig, im Plan: Berliner Kulturbauten und was sie kosten". Der Tagesspiegel. 17 October 2013
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեռլինի պետական թանգարաններ Արխիվացված 2010-11-28 Wayback Machine
- Բյուզանդական արվեստի թանգարանի քանդակների հավաքածու
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոդե թանգարան» հոդվածին։ |
|