Jump to content

Արգանդի հավելումների բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգանդի հավելումների բորբոքում
Սուր և քրոնիկական սալիպինգիտի միկրոլուսանկար (H&E ներկում).
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Վնասում էԱրգանդափողեր
Բժշկական մասնագիտությունգինեկոլոգիա
ՀՄԴ-9614.2
 Salpingitis Վիքիպահեստում

Արգանդի հավելումների բորբոքում, ադնեքսիտ, արգանդափողերի և ձվարանների բորբոքում։ Հիվանդության հարուցիչներն են ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, աղիքային ցուպիկը, գոնոկոկերը, տուբերկուլոզի ցուպիկը և այլն։

Առաջանում է հղիությունն ընդհատելու նպատակով արգանդի խոռոչ տարբեր քիմիական նյութեր (օրինակ՝ յոդ, սպիրտ) ներմուծելիս։ Մանրէները կարող են արգանդի հավելումներ ընկնել հեշտոցից և արգանդից՝ արհեստական վիժման (հատկապես արտահիվանդանոցային պայմաններում), ծննդաբերության, սեռական հարաբերությունների, ինչպես նաև արյան և ավշային անոթներով՝ տուբերկուլոզի, անգինայի և ներքին օրգանների բորբոքումների ժամանակ։ Արգանդի հավելումների բորբոքումն առաջացմանը նպաստում են օրգանիզմի պաշտպան ֆունկցիաները թուլացնող գործոնները (գերսառեցումը, գերհոգնածությունը, նյարդահոգեկան լարումները), ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների խախտումները։

Արգանդափողի լուսանցքում շճային հեղուկի կուտակումը կոչվում է ֆալոպյան փողի ջրակալում (հիդրասալպինքս), իսկ թարախի կուտակումը՝ ֆալոպյան փողի թարախակալում (պիոսալպինքս)։ Սովորաբար պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև ձվարանները (սալպինգոօֆորիտ)։ Ընթացքը սուր է, ենթասուր կամ քրոնիկական՝ կրկնությունների հակումով։ Սուր ընթացքի ժամանակ լինում են որովայնի ստորին հատվածի ցավեր, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի բարձրանում՝ 38 - 38, 5 °C, որովայնի լարվածություն։

Ախտորոշվում է անամնեզի (վիժումների կամ ծննդաբերությունների բարդ ընթացք, անկանոն սեռական կյանք, թոքերի տուբերկուլոզ ևն), կլինիկական պատկերի առանձնահատկությունների և գործիքա-լաբորատոր հետազոտությունների տվյալների հիման վրա։

Արգանդի հավելումների բորբոքման սուր ձևը բնորոշվում է պոչուկի և որովայնի ստորին շրջանների ուժեղ ցավերով, որոնք սաստկանում են աղիքները դատարկվելիս, միզելիս և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39 °C։ Ծանր դեպքերում կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, որովայնի փքվածություն, ընդհանուր վիճակի կտրուկ վատացում։

Ժամանակին և ճիշտ բուժման, ինչպես նաև ռեժիմի պահպանման դեպքերում հիվանդը լրիվ ապաքինվում է։ Սովորաբար բուժումն անցկացնում են հիվանդանոցում, երբեմն՝ լուսնը (բժշկի թույլտվությամբ)՝ խստորեն կատարելով բժշկի նշանակումները։ Չի թույլատրվում որովայնին ջեռակ դնել, քանի որ այն կարող է նպաստել բորբոքման տարածմանը։ Անհրաժեշտ է հետևել աղիքների ամենօրյա դատարկմանը, բացառել սուր, գրգռիչ սնունդը։ Սեռական հարաբերությունները կտրականապես արգելվում են։ Ջերմաստիճանի իջեցումը, ցավերի մեղմանալը և ինքնազգացողության լավացումը դեռևս հիվանդի ապաքինման նշաններ չեն։ Բորբոքային գործընթացը կարող է ձգձգվել և դառնալ քրոնիկական։

Քրոնիկական ձև

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կնոջ արգանդափող

Քրոնիկ, ձևի ժամանակ սրացումները սովորաբար առաջանում են օրգանիզմի մրսածության, գերհոգնածության՝ դաշտանի, վիրաբուժական միջամտության (արգանդի մարմնի լորձաթաղանթի քերում) հետևանքով։ Նման դեպքերում ցավերն ուժեղանում են, ջերմաստիճանը բարձրանում, դաշտանն առատանում է, դառնում տևական, երբեմն՝ խիստ ցավոտ։ Դա հանգեցնում է ինքնազգացողության վատացման և անաշխատունակության (երբեմն՝ երկարատև)։

Բորբոքման ընթացքում առաջացած կպումները խախտում են արգանդափողերի անցանելիությունը, որը կարող է հետագայում արտարգանդային հղիության և անպտղության պատճառ դառնալ։ Հիվանդության երկարատև (սովորաբար 2-3 տարուց ավելի) ընթացքը կարող է առաջացնել նյարդաներզատական խանգարումներ, որոնք արտահայտվում են գերլարվածությամբ, դյուրագրգռելիությամբ, արագ հոգնելիությամբ, ճարպակալմամբ կամ խիստ նիհարելով, ինչպես նաև ձվարանների գործունեության խանգարումով։ Վերջինս հանգեցնում է դաշտանային ցիկլի խանգարման և անպտղության։

Կայուն առողջացումը և բազմաթիվ խանգարումների կանխումը հնարավոր է միայն երկարատև և կանոնավոր բուժմամբ, որը հիվանդից պահանջում է մեծ համբերություն և տոկունություն։

Քրոնիկական ձևի բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանդի հավելումների քրոնիկ, բորբոքման բուժման համար օգտագործում են դեղանյութեր, արդյունավետ են ֆիզիոթերապևտիկական բուժարարողությունները՝ առողջարանային բուժում, բուժական մարմնամարզություն և այլն։ Օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների ուժեղացմանը նպաստում են ֆիզիկական թեթև վարժությունները, մաքուր օդում զբոսանքը, լիարժեք, վիտամիններով հարուստ սնունդը։ Հիվանդության սրացումների ժամանակ (որովայնի ստորին շրջանի ցավեր, ինքնազգացողության վատացում և այլն) հարկավոր է անհապաղ դիմել բժշկի և խստորեն կատարել նրա հանձնարարականները։ Բժշկի նշանակած բուժման ընթացաշրջանը չի կարելի ընդհատել և ինքնուրույն դեղորայք ընդունել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։