Ավստրո-թուրքական պատերազմ (1540-1547)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրո-թուրքական պատերազմ 1540-1547
Թվական Օգոստոսի 30, 1540թ. - հունիսի 19, 1547թ.
Վայր Արևելա-Հունգարական թագավորություն, Թագավորական Հունգարիա
Արդյունք Ադրիանապոլսկյան (Ստամբուլյան) համաձայնագիր՝
  • Կենտրոնական Հունգարիան մտավ Օսմանյան կայսրության կազմ,
  • Արևելա-Հունգարական թագավորությունը դարձավ Օսմանյան կայսրության վասալ,
  • Կարպատյան Ռուսիան մտավ ավստրիական Հաբսբուրգների կայսրության մեջ,
Հակառակորդներ
* Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն

Աջակցությամբ՝

* Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Հրամանատարներ
* Օսմանյան կայսրություն Սուլեյման I * Flag of the Habsburg Monarchy.svg Ֆերդինանդ I

Ավստրո-թուրքական պատերազմ 1540-1547, Ավստրիական և Օսմանյան կայսրությունների միջև երկարատև ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմների շարքի երկրորդ պատերազմը, որը տեղի է ունեցել Հունգարիայում գերիշխանություն հաստատելու համար[1]:

Քաղաքացիական պատերազմի վերսկսում[խմբագրել | խմբագրել կոդը]

1538 թվականին կնքված Նադվարյան համաձայնագիրը կանգնեցրեց քաղաքացիական պատերազմը, որը շարունակվում էր ավելի քան 10 տարի: Այդ համաձայնագիրը, որն ուղղված էր օսմանների դեմ, գաղտնի էր, սակայն արդեն հաջորդ տարի Ֆերդինանդ I կայսեր ներկայացուցիչ Լասկի Իերոնիան դավաճանում է իր առաջնորդին և սուլթանին հայտնում համաձայնագրի բովանդակությունը[2]: Նույն թվականին Յոհան Զապոլիաիան ամուսնանում է Սիգիզմունդ I Ծերի դուստր Իզաբելա Յագելոնկեի հետ: 1540 թվականի հուլիսի 7-ին ծնվում է նրա որդին՝ Յանոշ Ժիգմոնդը: Զապոլիայի կասկածելի մահը գրանցվեց հուլիսի 22-ին, սակայն նա մինչ այդ հասցրեց կալվածատերերից երդում ստանալ, որ նրանք չեն կատարի Ֆերդինանդ I-ի հետ կնքած պայմանագիրը[1][3]:

Զապոլիայի իշխանների նախաձեռնությամբ եպիսկոպոս Դյորդ Մարտինուցին Շեգվեշերում տեղի ունեցած պետական ժողովի ժամանակ ՅանոշԺիգմոնդին հռչակում է Հունգարիայի թագավոր, ստեղծում ռեգենետյան խորհուրդ և սեպտեմբերին դիմում սուլթանին օգնության խնդրանքով[4]: Ֆերդինանդը նույնպես դիմում է սուլթանին՝ առաջարկելով Զապոլյանիի կալվածքների տնօրինման դիմաց տարեկան վճարել 30.000 ոսկի: 1540 թվականի նոյեմբերին Հաբսբուրգը Լեոնարդ ֆոն Ֆելսի հրամանատարությամբ Հունգարիա է ուղարկում ոչ մեծ քանակությամբ զորք: Ավստրիացիները անհաջող պաշարում են Բուդան, այնուհետև նվաճում Պեշտը, Վացը, Վիշեգրադը և Սեկեշֆեհերվարը, որոնք նրանց հանձնում են Ֆերդինանդի կողմն անցած կալվածատերերը[1][2][3]:

Սուլեյման I-ը հոկտեմբերին Յանոշ Ժիգմոնդին ճանաչում է որպես Հունգարիայի թագավոր, իսկ արդեն նոյեմբերին պատերազմ է հայտարարում Ֆերդինանդին[1][3]:

Սուլեյմանի հինգերորդ արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1541 թվականի ապրիլին աուգսբուրգյան բանկիրների գումարներով կազմված 20 հազարանոց գերմանական բանակը Վիլհեյմ ֆոն Ռեգերդորֆի հրամանատարությամբ պաշարում է Բուդան Պետեր Պերենիի հունգարական զորքերի հետ միասին: Հունիսի 23-ին Սուլեյմանը սկսում է իր ավստրիական հինգերորդ արշավանքը: Բոսնիական և սմեդերյան փաշաները պաշարյալներին օգնության են գալիս, միանում Վալենտինա Տյորյոկի ու թագուհի Իզաբելայի զորքերին և օգոստոսի 21-ին Բուդայի պարիսպների մոտ ջախջախում ավստրիական բանակը: 16.000 գերմանացի զինվորներ զոհվեցին և մնացին գետնին, 800-ը գերեվարվեցին ու հետագայում սուլթանի հրամանով սպանվեցին: Թուրքական նավատորմը գրավում է Պեշտը: Ռոգենդորֆը թաքնվում է Դանուբյան կղզիներից մեկում, որտեղ որոշ ժամանակ անց ստացված վնասվածքներից մահանում է: Պերենին նահանջում է Էգեր[1][5][6][7]:

Օգոստոսի 29-ին սուլթանական զորքերը մտնում են Բուդա: Սուլթանը որոշում է ընդունում կազմալուծել Զապոլիայի հունգարական թագավորությունը: Տիսա և Դանուբ գետերի միջև ընկած տարածքը հայտարարվում է Օսմանյան կայսրության տարածքներ՝ ստեղծելով Բուդա կենտրոնով վիլայեթ: Երկու օր անց Իզաբելան որդու հետ ուղարկվում են Լիպու: Թուրքերը նրանց են թողնում Զատիսյա շրջանն ու Տրանսիլվանյան վոյեվոդությունը՝ ձևավորելով Տրանսիլվանիայի կախյալ իշխանությունը: Մարտինուցին դառնում է իշխանի տեղակալ, ով այսուհետ ոչ թե սուլթանի դաշնակիցն էր, այլ վասալը՝ պարտավորված լինելով տարեկան վճարել 10 հազար ոսկի[1][6][7]:

Սեպտեմբերի 2-ին Սուլեյմանը հաղթանակած մտնում է նախկին Հունգարիայի մայրաքաղաք: Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարը վերաձևափոխվում և վերածվում է մզկիթի: Բուդայի փոխանորդ է նշանակվում Սուլթան փաշան, ով մինչ այդ ղեկավարում էր Բաղդադը: Սեպտեմբերին թուրքական ճամբար են գալիս Ֆերդինանդի սուրհանդակներ Նիկլասը ֆոն Զալմը (Կրտսեր) և Սիգիզմունդ Գերբերշտեյնը: Նրանք առաջարկում են Զապոլիայի թագավորության Հաբսբուրգներին հանձնելու դիմաց տարեկան 100.000 ֆլորին կամ վատագույն դեպքում խաղաղության վերականգնման դիմաց տարեկան 40.000 դուկատ: Սուլեյմանը հայտնում է, որ Հունգարիան վերցրել է զենքի ուժով և որպես խաղաղության գին ներկայացնում է Էսթերհոմ, Տատա, Վիշեգրադ և Սեկեշֆեհերվար քաղաքների հանձնումը թուրքերին[1][7][8]:

1542 թվականի արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալվածատերերի ճնշման հետևանքով 1541 թվականի հոկտեմբերին Մատինուցին բանակցություններ է սկսում Ֆերդինանդի հետ: 1541 թվականի դեկտեմբերի 29-ին Տրանսիլվանիան Ֆերդինանդին հանձնելու պայմանագիր է կնքվում: Ֆերդինանդն իր հերթին խոստանում է թուրքերից ազատագրել Բուդան: Շպայերում գտնվող Ռեյխսթագը միջոցներ է հատկացնում, որը հնարավորություն կտա Յոահիմ II Հեկտորի հրամանատարությամբ Հունգարիա ուղարկել 60 հազարանոց բանակ: Միանալով Կասպար Սերեդիի և Պետեր Պերենիի 20 հազարանոց հունգարական բանակին՝ 1542 թվականի սեպտեմբերի 2-ից 28-ը գերմանացիները պաշարում են Պեշտը, սակայն ստիպված էին դադարեցնել պաշարումը զորքի շրջանում տիֆ հիվանդության տարածման պատճառով: Կառլոս V կայսրԸը չի կարողանում օգնություն ցույց տալ, քանի որ հուլիսին սկսվել էր նոր իտալական պատերազմ[7][9]:

Տեսնելով գերմանացիների՝ իրավիճակը շտկելու անհաջող փորձերը՝ Տրանսիլվանիայի պետական ժողովը դեկտեմբերի 20-ին չեղյալ է հայտարարում Ֆերդինանդի հետ կնքած պայմանագիրը, իշխան է ճանաչում Յանոշ Ժիգմոնդին և պարտավորվում սուլթանին տարեկան վճարել 10.000 ոսկի[7]:

Սուլեյմանի վեցերորդ արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1543 թվականի ապրիլի 23-ին սուլթանը 200 հազարանոց բանակով սկսում է դեպի Հունգարիա նոր արշավանք: Այդ բանակին ուղեկցում էր 370 նավերից կազմված նավատորմը Ալի Բեգ և Սինան փաշայի հրամանատարությամբ: Այս արշավանքի շրջանակներում հունիսի 23-ին թուրքերը գրավում են Վալպոն, իսկ հուլիսին՝ Ֆյունֆկիրխենը (Պեչ) և Շիկլոշը: Օգոստոսի 10-ին՝ երեքշաբաթյա պաշարումից հետո, հանձնվում է Էստերգոմը: Օգոստոսի 17-ին օսմանները գրավում են Տատուն և սեպտեմբերի 4-ին Սեկեշֆեհերվարը: Սուլթանի մոտ ժամանած քաղաքի պատգամավորությունը, որը եկել էր նրան հպատակություն հայտնելու, սպանվում է բնակիչներին ահաբեկելու նպատակով: Թաթարների ջոկատները, որոնք թալանի համար ցրվել էին, ջախջախվում են Միկլոշ Զրինի և Ֆերենց Կապոլնայի կողմից[1][10][11][12]:

1544 թվականի արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

1544 թվականին Հունգարիայում, Սլավոնիայում և Խորվաթիայում պատերազմը շարունակվում էր: Բուդայի Մուհամեդ փաշան ապրիլի վերջին գրավում է Վիշեգրադը, ինչը թուրքերին հնարավորություն է տալիս վերահսկել Դանուբի նավագնացությունը: Այնուհետև գրավվում են Նոգրադը, Հաթվանը, Դեբրեկեզը և Շիմոնտորնիան: Խորվաթիայում Միկլոշ Զրինին և Բիլդերշտեյնը մեծ դժվարույամբ էին դիմադրում [11][13]: 1543-1544 թվականների նվաճումների արդյունքում թուրքերը Հաբսբուրգների հետ ունեցած շփման գիծը Բուդայից զգալիորեն առաջ են տանում, մայրաքաղաքը շրջապատում ամրոցների ցանցով և ապահովում Ստամբուլ-Բուդա ռազմավարական ճանապարհ, որը անցնում էր Դանուբի ձախ ափով: Այսպիսով թուրքերը գրավում են 50-ից 100 կիլոմետր լայնությամբ գիծ: Դունայի ափին՝ Էստերգոմի դիմաց, ստեղծվում է Ջենգերդելեն Պարկան պաշտպանական հարթակը, որը դառնում է Վերին Հունգարիայի առաջին թուրքական ամրոցը և դեպի սլովակյան հողեր հետագա առաջխաղացման հենակետ[1][11][12][14]:

Խաղաղություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1544 թվականի վերջում Հաբսբուրգները ստիպված էին խաղաղության բանակցություններ սկսել թուրքերի հետ: 1545 թվականի նոյեմբերի 10-ին կնքվում է զինադադար կես տարի ժամկետով, իսկ 1547 թվականի հունիսի 19-ին՝ Կոնստանտինյան համաձայնությունը հինգ տարի ժամկետով Կառլոս V-ի ու Ֆերդինանդի (մի կողմից) և Սուլթան I-ինի (մյուս կողմից) միջև: Սուլթանը պատրաստվում էր Իրանի հետ պատերազմին և իրեն անհրաժեշտ էր արևմուտքում փոքր-ինչ դադար տար ու ուժերը կենտրոնացներ նոր պատերազմում: Պայմանագիրը հաստատում էր Հունգարիայի բաժանումը երեք մասի: Ֆերդինանդը իր հունգարական տիրույթների համար պարտավոր էր վճարել տարեկան 30 հազար ոսկի տուրք[15][16]: Հունգարական կալվածատերերը, որոնք Հաբսբուրգների կողմնակիցն էին, դժգոհ էին սուլթանին հողեր զիջելուց, քանի որ այն այնտեղ գտնվում էին իրենց տիրույթները, սակայն համակերպվում են և 1547 թվականի նոյեմբերի 25-ին Կոնստանտինոպոլսկյան պայմանագիրը ներառում են թագավորության սահմանադրության մեջ[12][17]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hammer-Purgstall J. von. Histoire de l'empire ottoman. T. II. — P.: Bethune et Plon, 1844.(ֆր.)
  • История Венгрии. Т. I. — М.: Наука, 1971.(ռուս.)
  • История Словакии. — М.: Институт славяноведения РАН, 2003. — ISBN 5-93442-005-0.(ռուս.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Габсбурги, Венгрия, Трансильванское княжество и Османская империя в XVI в. // Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV—XVI вв. — М.: Наука, 1984.(ռուս.)
  2. 2,0 2,1 Hammer-Purgstall, p. 49.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 1533-1540-IG TARTÓ KORSZAK ESEMÉNYEI MAGYARORSZÁGON.(հունգարերեն)
  4. История Венгрии, с. 242.(ռուս.)
  5. Hammer-Purgstall, p. 50—51.(անգլ.)
  6. 6,0 6,1 История Венгрии, с. 306.(ռուս.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 1541-1542-IG TARTÓ KORSZAK ESEMÉNYEI MAGYARORSZÁGON.(հունգարերեն)
  8. Hammer-Purgstall, p. 53—55.(անգլ.)
  9. Hammer-Purgstall, p. 58—59.(անգլ.)
  10. Hammer-Purgstall, p. 59—62.(անգլ.)
  11. 11,0 11,1 11,2 История Венгрии, с. 329.(ռուս.)
  12. 12,0 12,1 12,2 1544-1549-IG TARTÓ KORSZAK FONTOSABB ESEMÉNYEI MAGYARORSZÁGON.(հունգարերեն)
  13. Hammer-Purgstall, p. 63—65.(անգլ.)
  14. История Словакии, с. 147.(ռուս.)
  15. Hammer-Purgstall, p. 65—68.(անգլ.)
  16. История Венгрии, с. 329—330.(ռուս.)
  17. Csaba Csorba, János Estók, Salamon Konrád. Hungary is capable of history . Hungarian Book Club, 76 (1999). ISBN 963-548-961-7(անգլ.)