Ավստրո-թուրքական պատերազմ (1552-1559)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրո-թուրքական պատերազմ 1552-1559
Vízkelety Béla Eger vár ostroma 1552-ben.jpg
Էգերի պաշարում
Թվական 1552-1559 , 1551-1562
Վայր Արևելահունգարական թագավորություն
Օսմանյան Հունգարիա
Թագավորական Հունգարիա
Արդյունք Ստամբուլի հաշտություն
Հակառակորդներ
* Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն * Սրբազան Հռոմեական կայսրություն Սրբազան Հռոմեական կայսրություն
Հրամանատարներ
* Օսմանյան կայսրություն Սուլեյման I
  • Օսմանյան կայսրություն Կարա Ահմեդ փաշա
  • Օսմանյան կայսրություն Սոկոլու Մահմեդ փաշա
* Flag of the Habsburg Monarchy.svg Ֆերդինանդ I

Ավստրո-թուրքական պատերազմ 1552-1559, պատերազմ Ավստրիայի և Օսմանյան կայսրության միջև:

Պայքար Տրանսիլվանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1547 թվականի Կոստանդինապոլսի հաշտությամբ Հունգարական թագավորությունը բաժանվեց երեք մասի` Բուդայական էյալեթ, Հաբսբուրգյան Հունգարիա ևՏրանսիլվանիայի իշխանություն, որը թուրքական վասալ էր: Օգտվելով այն հանգամանքից, որ Սուլեյման I-ը զբաղված էր պարսիկների դեմ պատերազմով` Ֆերդինանդ I Հաբսբուրգը փորձում էր տիրել Տրանսիլվանիային: 1549 թվականի սեպտեմբերին նրա ներկայացուցիչները պայմանավորություն են ձեռք բերել իշխանության տեղապահ Դյորդ Մարտինուցիի հետ Յանոշ Ժիգմոնդի ունեցվածքը Ֆերդինանդին տալու մասին, իսկ նա որպես փոխհատուցում ստանալու էր Օպելն և Ռատիբոր հերցոգությունները Սիլեզիայում: Արդեն 1550 թվականին սուլթանն իմանում է այդ համաձայնության մասին Վիեննայի իր ներկայացուցչից` գերմանացի ռենեգատ Ահմեդից, ում ուղարկել էին Ֆերդինանդի մոտ` հաղորդելու Սուլեյմանի` Իրանում տարած հաղթանակների մասին[1][2]:

Հունգարիայում խաղաղությունը նույնպես հաստատուն չէր. Վելիդ շահը 4-հազարանոց ջոկատով Սեկեշֆեհերվար է արշավում` թալանելով Ռաբա գետի և Պապի մեջ եղած տարածքները: Պալա Ռատկայի և Իմրե Տելեկի հունգարական ջոկատները ջարդում են այն Վեսպրեմի մոտ` հետ մղելով նրանց և գերի վերցնելով 600 մարդու[1]:

Իմանալով ավստրիացիների խարդավանքի մասին` սուլթանը 1551 թվականին Ռումելիայի բեյլերբեյ Մուհամեդ Սոկոլին, բոսնիական փաշաներին, մոլդավներին ու Ղրիմի թաթարներին հրամայում է ներխուժել Տրանսիլվանիա: Ֆերդինանդը տրանսիլվանյան վարձու ջոկատը` գեներալ Ջամբատիստա Կաստալդոյի ղեկավարությամբ, ուղղում է Իշտվան Լաշոնցի հունգարական դասակի դեմ: Հուլիսի 19-ին Իզաբելա Յագելոնկան իր որդու անունից հրաժարվում է գահից և օգոստոսի 8-ին նրա հետ լքում երկիրը: Սեպտեմբերի 7-ին 80-հազարանոց բանակը 50 միավոր զենքի հետ Դանուբով ուղղվում է Պետրովարադին, գրավում Բեչեյը, որի կայազորը` մոտ 200 մարդ, ոչնչացվում է, և ևս մոտ մի տասնյակ ամրոցներ, որոնք հանձնվում են առանց դիմադրության: Լիպան ուներ լավ ամրություններ (ժամանակին դրանք կառուցել էր մարկգրաֆ Գեորգ Բրանդենբուրգցին), սակայն բնակիչները մահվան սպառնալիքով ստիպում են կայազորի ղեկավարին հանձնել քաղաքը: Փչացնելով զենքը և պայթեցնելով վառոդի պահեստը` նա լքում է ամրոցը: Լիպա են մտնում 5.000 սիպահները և բոսնիական փաշայի 200 ենիչերիները[3]:

Տեմեշվարը պաշարվում է: Այն պաշտպանում էր Լոշոնցին իսպանացի և իտալացի կապիտանների հետ: Ֆերդինանդը օգնության է ուղարկում 5-հազարանոց վարձու ջոկատին: Մարտինուցին, ով ավստրիացիներին դիմադրելու համար ստացել էր կարդինալի պաշտոն, տեսնելով հաբսբուրգյան ուժերի թուլությունը, նամակագրություն է սկսում Մուհամեդ Սոկոլի հետ և սուլթանին կաշառք է ուղարկում: Կաստալդոն և Մարտունիցին մեծ ուժերով նոյեմբերի 4-ին պաշարում են Լիպան, իսկ 7-ին սկսում են գրոհը: Առաջինը գրոհի ն նետվում իսպանացիները, այնուհետև գերմանացիները` Արկոյի գլխավորությամբ, իտալացիները` Պալավիչինիի գլախավորությամբ և Նադաշդի հունգարացիները: Քաղաքը թալանվում է, փաշան 1500 մարտիկներով թաքնվում է աշտարակում: Նոյեմբերի 16-ին բեյլերբեյը դադարեցնում է Տեմեշվարի պաշարումը և զորքերը տանում Դանուբից այն կողմ: Այդ նույն օրը Մարտինուցին բոսնիացի փաշայի հետ հասնում է 20-օրյա հաշտության, իսկ դեկտեմբերի 5-ին թույլ է տալիս թուրքերին լքել Լիպայի աշտարակը` նրանց մթերքով ապահովելով: Ֆերենց Խորվաթի և Մելխիոր Բալաշի զորքերը հասնում են օսմաններին և ջարդում նրանց դաժան կռվում: Վիրավոր փաշային հազիվ է հաջողվում 300 մարդկանցով փախչել Բելգրադ[4]:

Մատրինուցիին կասկածելով Տրանսիլվանիայի իշխան դառնալու հավակնության մեջ` Ֆերդինանդը հրամայում է Կաստալդոյին դադարեցնել կարդինալի լիազորությունը: Դեկտեմբերի 18-ին վարձկանները Սֆորցա Պալավաչինիի գլխավորությամբ սպանում են Մարտունիցիին Ալվինց ամրոցում` նրան հասցնելով 63 վերք[5]:

1552 թվականի արշավը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգեդի ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական գործողությունները սկսվում են Միկլոշ Տոնի` հայդուկների 5-հազարանոց ջոկատի հարձակումով Սեգեդի վրա: Միանալով իսպանական, սիլեզիական և հունգարական ջոկատներին` նրանք փետրվարի 24-ին գրոհում են քաղաքի վրա: Թուրքական Միխալօղլի Խիզր Բեկ փաշան անակնկալի է գալիս և գրեթե կիսամերկ կայազորից փախչում է աշտարակ: Հայդուկները թալանում են քաղաքը: Ամրոցին տիրանալ չի հաջողվում, քանի որ թուրքերը հաջողությամբ ճաղոպրում են, իսկ Խիզր Բեկը աղավնիների օգնությամբ Բուդայի փաշային հաղորդում է իր աննախանձելի վիճակի մասին: Բուդայի Ալի փաշան միանում է Սմեդեևսկի փաշա Ռուստեմ Բեկին և պատուհասում քրիստոնյաներին Սեգեդի սահմանի մոտ: Միկլոշ Տոտին հաջողվում է փախչել 80 մարդկանցով, վարձկանները նահանջում են Լիպա: Թուրքերը 40 նշանավոր մարդկանց վերցնում են գերի և ուղարկում Ստամբուլ 5.000 կտրած քթերի հետ[6]:

Թուրքական արշավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ հնգամյա խաղաղության ավարտը սուլթանը խոշոր արշավանք է ծրագրում միջինդանուբյան տարածք: Եվրոպայում իրավիճակը նպաստում էր թուրքական արշավանքին, քանի որ Կարլ V-ը զբաղված էր Մորից Սաքսոնացու և ֆրանսիացիների դեմ պայքարով: Սուլեյմանը նույնիսկ պատվիրակություն է ուղարկում Գերմանիայի բողոքական իշխաններին, որով առաջարկում էր Հենրի II-ին միասին պայքարել Հաբսբուրգների դեմ: Բայց արշավանքի սկզբին իրադրությունը պահանջում էր սուլթանի ներկայությունը, այդ պատճառով հրամանատարությունը հանձնվում է երկրորդ վեզիր Ահմեդ փաշային: Ապրիլի վերջին զորքերը մտնում են Ադրիանապոլիս, հունիսին Բելգրադում միանում Մուհամեդ Սոկոլի զորքերին, ինչից հետո ներխուժում են Տրանսիլվանիայի հարավային շրջաններ: Թաթարները, մոլդովները և վալախները իշխանության վրա են հարձակվում արևելքից: Հաբսբուրգների տնօրինման տակ կային միայն վարձու ջոկատներ, այնպես որ համընդհանուր դիմադրություն ցույց տալը դառնում է անհնար. հունգարական օրենքներով բանակը կարող էր գլխավորել միայն արքան կամ արքայազնը, իսկ Ֆերդինանդը և նրա ժառանգորդը զբաղված էին Գերմանիայում պատերազմով[2][7]:

Տեմեշվարի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 28-ին օսմանները պաշարում են Տեմեշվարը: Պաշտպանությունը ղեկավարում էր Լոշոնցին: Հեծելազորը ճեղքում է կատարում, և թուրքերն առանց հրամանի նետվում են գրոհի, սակայն հետ են շպտվում` կորցնելով 2 հազար մարդ: Կրակը կենտրոնացնելով ջրմուղ աշտարակի վրա` օսմանցիները հուլիսի 25-ին նախաձեռնում են առաջին ընդհանուր գրոհը, որի արդյունում 3.000 մարդ են կորցնում: Հունգարացիները կորցնում են 1.300 մարդ: Հաջորդ օրը գրոհը կրկնվում է: Ջրմուղ աշտարակը գրավվում է: Ամրոցում չեն բավարարում մթերքն ու ռազմական միավորները, իսկ գերմանացի և իսպանացի վարձկանները սպառնում են հանձնվել, եթե հրամանատարը բանակցությունների չգնա: Լոշոնցին ստիպված էր հանձնել Տեմեշվարը ամրոցից ազատ ելքի պայմանով: Ինչպես միշտ թուրքերը խախտում են պայմանավորվածությունը: Երբ զորքերը լքում էին ամրոցը և անցնում էին ենիչերիների շարքերի միջով, նրանք սկսում են գերել գեղեցիկ երիտասարդներին: Տեղի է ունենում ծեծկռտուք, որի ժամանակ սպանվում են հունգարների ու վարձկանների հրամանատարները: Լոշոնցին գերվում է թուրքերի կողմից: Նա մեղադրում է վեզիրին պայմանը դրժելու մեջ, իսկ Ահմադը նրան հիշեցնում է Լիպայի կայազորի մասին և հրամայում կտրել նրա գլուխը[8]: Զարգացնելով հաջողությունը` թուրքերը հուլիսի 30-ին գրավում են Լիպան, իսկ օգոստոսի 11-ին` Կարանշեբեշը[9]:

Վերին Հունգարիա ներխուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսին Բուդայի փաշան վերցնում է Վեսպրեմը, իսկ հուլիս-օգոստոսին ներխուժում է Վերին Հունգարիա, որտեղ հուլիսի 9-ին գրոհով վերցնում է Դրեգեյը` հաղթահարելով Դյորդ Սոնդիի կայազորի համառ դիմադրությունը: Դրանից հետո գրավվում են Շագը, Դյարմատը, Հոլոկեն, Բույակը և Սեչենը: Օգոստոսի 11-ին Ֆեդինանդի զորքերը, որոնք բաղկացած էին 10-12 հազար վարձկաններից և 8 հազար հունգարացիներից` Գունդերսդորֆի բարոն Էրազմ Թեյֆելի հրամանատարությամբ, ջախջախիչ պարտություն են կրում Պալաշտում: Տեյֆելն ու Պալավիչինին մոտ 4.000 զինվորի հետ գերի են ընկնում[10][11]:

Սոլնոկի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալի և Ահմեդ փաշաները գրոհում են Սոլնոկի ուղղությամբ: Այդ կարևոր ամրոցը լավ էր պատրաստվել պաշտպանությանը, ուներ 24 միավոր խոշոր զենք և վառոդի մեծ պաշար: Կայազորը բաղկացած էր 11.000 հետևակից և 3.000 հուսարներից, բայց նրա ղեկավարը` Լորենց Նյարին, փորձում է իր մարդկանց հետ փախչել և հենց դարպասների մոտ սեպտեմբերի 4-ին գերվում է թուրքերի կողմից: Նա գնում է իր ազատությունը` իր աղջկան տալով թիկնապահներից մեկին և վերադառնալով Հունգարիա` արդարացվում է ռազմական խորհրդի կողմից, որի անդաներին նույնպես կաշառում է[11][12]:

Էգերի պաշարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրանալով Սոլնիկին` թուրքերը շարժվում են Էգեր, որտեղ պաշտպանությունը ղեկավարում էր Իշտվան Դոբոն: Իր տրամադրության տակ ունենալով ընդամենը 2.000 զինվոր` նա բնակիչների աջակցությամբ մեկ ամսից ավել (սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 18-ը) պաշարում է քաղաքը 150.000-ոց բանակով` կազմակերպելով երեք գրոհ: Թուրքերը ստիպված նահանջում են:

Արշավանքների արդյունքում թուրքերը գրավում են Բանատը և ձևավորում են Տեմեշվարի էյալեթը` իրենց տարածքներն ընդարձակելով Հունգարիայում և թուլացնելով Հաբսբուրգների իշխանությունը Տրանսիլվաիայում:

Հաբսբուրգների կողմից Տրանսիլվանիայի կորուստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա մի քանի տարիներին սուլթանը զբաղված էր Իրանի դեմ պատերազմով և ներքին կարգավորումներով և չի կարողանում խոշոր արշավանք նախաձեռնել Հունգարիա` սահմանափակվելով փոքր գործողություններով և դիվանագիտական ճնշմամբ: Տրանսիլվանիայում ազնվականության թուրքամետ խմբավորումները 1552 թվականի ամռանը կայացած Պետական հավաքում հասնում են այն բանին, որ շարունակում են հարկերի վճարումը: Աշնանը նրանք պատվիրակություն են ուղարկում Ստամբուլ` խոստանալով հեռացնել գերմանական զորքերը, եթե սուլթանը վերադարձնի Տեմեշվարի իշխանությունը: 1553 թվականի ամռանը մի խումբ ազնվականներ կողմ են արտահայտվում Յանոշ Ժիգմոնդի վերադարձին` խնդրելով Բուդայի փաշայի օգնությունը: Հունիսի վերջին Դեբրեցեն են ժամանում սուլթանի և Իզաբելա Յագելոնկայի ներկայացուցիչները վոևոդ Պետեր Պետրովիչի և 500 զինվորների հետ: Սեպտեմբերին Կաստալդոն ստիպված էր լքել իշխանությունը, սակայն նույն աշնանը ավստրիացիներին հաջողվում է ճնշել օսմանամետ շարժումը[2][13]:

1554 թվականին օսմանների ուժերն ամրապնդվում են: Մարտի 6-ին սուլթանը պահանջում է վերադարձնել Յանոշ Ժիգմոնդին: Զգուշանալով թուրքական ներխուժումից` հունիսին հավաքում են աշխարհազոր, սակայն շուտով այն ցրվում է` չակնկալելով Ֆերդինանդի օգնությունը: Էրցհերցոգն ինքն է 1555 թվականի ապրիլին իր անունից իշխանության հարկերը վճարում սուլթանին` փորձելով հասնել խաղաղության և առաջարկում է ամեն տարի 150.000 դուկատ տալ Զապոլիեի իր տարածքների և 40.000 դուկատ, եթե սուլթանը իրեն հանձնի Տրանսիլվանիան և Վերին Հունգարիան: Ի պատասխան` սուլթանը պահանջում է նրանից մինչև նոյեմբեր զորքերը հանել Տրանսիլվանիայից: Հոկտեմբերի 7-ին իշխանության վերնախավը պահանջում է վերադարձնել Յանոշ Ժիգմոնդին, հակառակ դեպքում Սուլեյմանը սպառնում էր ջնջել այդ պետությունը երկրի երեսից: Մոլդավ ու վալախ տերերը արշավանքին պատրաստվելու հրաման են ստանում: 1555 թվականի դեկտեմբերի 23-ին Ֆերդինանդի ներկայացուցիչը Տրանսիլվանիայի պետական խորհրդին հայտնում է, որ Հաբսբուրգները չեն կարող օգնություն տալ: 1556 թվականի հունվարին Յանոշ Ժիգմոնդը կանչվում է Տրանսիլվանիա: Հունիսի 14-ին Ֆերդինանդը սուլթանին գրում է, որ հրաժարվում է իշխանությունից, իսկ հոկտեմբերի 22-ին Յանոշն ու Իզաբելան վերադառնում են իրենց տարածքներ[2][9]:

Հաբսբուրգների` Յանոշից և Իզաբելայից այդքան հեշտ հրաժարումը բացատրվում է նրանով, որ 1556 թվականին թուրքերն արդեն նահանջել էին մերձդանուբյան տարածք և սպառնում էին Վերին Հունգարիայի լեռնային քաղաքներին: Տրանսիլվանիան ավստրիացիների համար կորցնում է իր ռազմավարական նշանակությունը, իսկ Ֆերդինանդը պատրաստվում է իր եղբորից հետո կայսր դառնալ[2][9]:

Պատերազմի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1553-1555 թվականներին օսմաններն աստիճանաբար շարժվում են Վերին Հունգարիայի հարավ, որտեղ 1554 թվականին տիրում են Ֆիլյակովոյ ամրոցին, որ դառնում է Ֆիլյակովոյի սանջակի կենտրոնը: 1556 թվականի հունիսի 13-ին Ալի փաշան պաշարում է Սիգետվարը: Ամրոցի պաշտպանները համառորեն դիմադրում են` հետ մղելով նրանց չորս գրոհները: Նադոր Տամաշ Նադաշդին և Խորվաթիայի բան Միկլոշ Զրինյան դիվերսիա են կազմակերպում`10.000-ոց ջոկատով գրոհելով Բաբոչա ամրոցի վրա: Ալի փաշայի կողմից նրան օգնության ուղարկված ջոկատը ջախջախվում է հուլիսի 22-ին, ինչից հետո օսմանցիները դադարեցնում են Սինետվարի պաշարումը:

Փոփոխական հաջողություններով ռազմական գործողությունները շարունակվում են մինչև 1559 թվականի սկիզբը: 1559 թվականի հունվարի 31-ին խաղաղության դաշինք է կնքվում, որը 1562 թվականի օգոստոսի 17-ին երկարացվում է 8 տարով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hammer-Purgstall, p. 73
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Габсбурги...
  3. Hammer-Purgstall, p. 74
  4. Hammer-Purgstall, p. 75
  5. Hammer-Purgstall, p. 76
  6. Hammer-Purgstall, p. 76—77
  7. Hammer-Purgstall, p. 77
  8. Hammer-Purgstall, p. 77—78
  9. 9,0 9,1 9,2 История Венгрии, с. 366
  10. Hammer-Purgstall, p. 78—79
  11. 11,0 11,1 История Венгрии, с. 330
  12. Hammer-Purgstall, p. 79
  13. Hammer-Purgstall, p. 88

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hammer-Purgstall J. von. Histoire de l'empire ottoman. T. II. — P.: Bethune et Plon, 1844
  • Габсбурги, Венгрия, Трансильванское княжество и Османская империя в XVI в. // Османская империя и страны Центральной, Восточной и Юго-Восточной Европы в XV—XVI вв. — М.: Наука, 1984
  • История Венгрии. Т. I. — М.: Наука, 1971