Ավետիս Շահինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետիս Շահինյան
Ավետիս Շահինյան.tif
Ծնվել էհունվարի 6, 1913(1913-01-06)
ԾննդավայրՄարաշ, Քահրամանմարաշի մարզ
Մահացել էնոյեմբերի 27, 1988(1988-11-27) (75 տարեկանում)
Մահվան վայրՍան Պաուլո, Բրազիլիա
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ

Ավետիս Փանոսի Շահինյան (հունվարի 6, 1913(1913-01-06), Մարաշ, Քահրամանմարաշի մարզ - նոյեմբերի 27, 1988(1988-11-27), Սան Պաուլո, Բրազիլիա), հայ լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիս Շահինյանը ծնվել է 1913 թվականին Մարաշում: 1922 թվականին Շահինյան ընտանիքը մեծ եղեռնից մազապուրծ հաստատվել է Հալեպում: 1930 թվականին Ավետիսը զբաղվել է լուսանկարչական աշխատանքով, Վ. Տերունյանի լուսանկարչատանն աշխատել է որպես շրջիկ թղթակից: Լուսանկարել է սիրիական խրոնիկան, որտեղ կան բազմաթիվ լուսանկարներ կոտորածներից փրկված հայերի կյանքից[1]: 1940-1950 թվականներին բազմաթիվ ռեպորտաժային լուսանկարներ է կատարել բանակի կյանքից: 1940-1960 թվականներին եղել է ՀԲԸՄ մասնակից: 1944 թվականին բացել է «Շահինյան» լուսանկարչատունը, որտեղ լուսանկարվել են Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա վեհափառը, Հակոբ Օշականը, Արշակ Չոպանյանը, Աշոտ Զորյանը, Սարուխանը[1]: Բրազիլիա տեղափոխվելուց հետո նա շարունակել է «Շահինյան» անունը կրող լուսանկարչատան գործունեությունը մինչև 1980-ական թվականները:

1950-1960 թվականներին լուսանկարել է Սիրիայի պաշտոնատար անձանց` Շոքրի Քութալիին, Հուսնի Զայիմին, Չիչեքլիին, Գամալ Աբդուլ Նասերին և այլոց, լուսանկարել է արաբ արվեստագետների` երգչուհի Ֆեյրուզին, արձանագործ Ֆաթհի Մուհամմեդին:

Համագործակցել է Հալեպի Սենտ Լուիս հիվանդանոցի առաջատար ֆրանսիացի վիրաբույժ Ֆրիշոյի հետ, պատրաստել լուսանկարներ բժշկական գրքի համար, ստեղծել վիրահատական գործողություններին նվիրված կինոժապավեն: Աշխատակցել է եվրոպական հնագիտական արշավախմբերի, Սիրիայի անապատներում կատարած հնագիտական պեղումների հարուստ նյութերից պատրաստել բազմաթիվ լուսանկարներ և կինոժապավեններ:

1955 թվականին Հալեպում բացվել է «Սարյան» ակադեմիան, որի հիմնադիրներն են եղել Ռոբերտ Ճեպեճյանը, Զարեհ Կարապետյանը, Անահիտ և Ավետիս Շահինյան ամուսինները[1]:

1962 թվականին Ավետիսը որդու՝ Հրայրի հետ այցելել է Հայաստան, Երևանում հյուրընկալվել եղբոր՝ Գեղամ Շահինյանի մոտ, որը Երևանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական բաժնի ֆրանսիական ամբիոնի վարիչն էր: Այդ ընթացքում լուսանկարել է Հարություն Կալենցին, Հովհաննես Շիրազին, Երվանդ Քոչարին, Հովհաննես Բադալյանին, Նար Հովհաննիսյանին և այլ հայ արվեստագետների[1]:

1963 թվականին ընտանիքով տեղափոխվել է Բրազիլիա, հաստատվել Սան Պաուլո քաղաքում, որտեղ շարունակել է ստեղծել վավերագրական լուսանկարներ: Բրազիլիայում հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միության բաժանմունքը, 1981 թվականին՝ Թեքեյան մշակութային միության մասնաճյուղը Սան Պաուլոյում[1]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայում կայացած լուսանկարչական ցուցահանդեսում արժանացել է մրցանակի, 1937[1]
  • Ալեք Մանուկյանից ստացել է ՀԲԸՄ վետերանի անդամի շքանշան

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Ավետիսն ամուսնացել է Անահիտ Տեր-Պետրոսյանի հետ: 1947 թվականին ծնվել է նրանց առաջին որդին Հրայրը, այնուհետև լույս աշխարհ են եկել Կատրինը և Նաիրին[2]: Տղան՝ Հրայրը և թոռը՝ Նորայրը, ճարտարապետներ են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Վահան Քոչար, «Հայ լուսանկարիչներ», Երևան, Հեղինակային հրատարակություն, 2007
  2. «Նորայր Շահինյան – Կյանքի պատմություն, որն արժե կարդալ»։ AURORA PRIZE։ Վերցված է 2017-03-20