Անդրկովկասյան սահնօձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրկովկասյան մագլցող սահնօձ
Անդրկովկասյան մագլցող սահնօձ
Անդրկովկասյան մագլցող սահնօձ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Լորտուներ (Colubridae)
Ցեղ Zamenis
Տեսակ Անդրկովկասյան մագլցող սահնօձ (Z. hohenackeri)
Միջազգային անվանում
Zamenis hohenackeri
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Անդրկովկասյան սահնօձ (լատ.՝ Zamenis hohenackeri), հոհենակերի մագլցող սահնօձ, անդրկովկասյան մագլցող սահնօձ, լորտուների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի օձ, որը գրանցված է Հայաստանի Հնարապետության Կարմիր գրքում։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է Elaphe կամ Zamenis ցեղերին։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը բարեկազմ է, երկարությունը 24-85 սմ է, իսկ պոչը 4-5 անգամ կարճ է։ էգերը խոշոր են արուներից։ Գլուխը թույլ է տարանջատված մարմնից և ծածկված է խոշոր, փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են՝ դեղնավուն ծիածանաթաղանթով, իսկ բիբը կլոր է։ Գլխի վրա (աչքերից դեպի ներքև և հետ) ձգվում են մուգ զոլեր։ Մարմնի առջևի մասի թեփուկները հարթ են ու փայլուն, հետևի մասինը՝ թեթևակի կատարավոր։ Մեջքը մոխրագույն է կամ գորշավուն, մեջքի երկարությամբ՝ ծոծրակից մինչև պոչը, անցնում են մուգ շեկից սև խալերի 2 բավական նեղ շարքեր, որոնք տարանջատված են բարակ սպիտակավուն գծով։ Երբեմն 2 շարքի զույգ խալերը, ձուլվելով միմյանց, ձևավորում են լայնակի խալեր։ Գլուխը վերևից ծածկված է մանր սև կետիկներով, ծոծրակային հատվածում առկա են իրար հետ V-աձև ձուլված զույգ՝ մուգ երկարավուն զոլեր։ Մուգ խալերի մեկական շարք է ձգվում նաև մարմնի կողմնային մակերեսներով։ Որովայնային մակերեսը մոխրագույն է կամ գրեթե սև՝ բազմաթիվ սև կետիկների միաձուլման հաշվին։ Սև գունավորում ունեն նաև ներքին ծնոտի առջևի վահանիկները։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր ողնաշարավորներով (մողեսներ, կրծողներ, թռչուններ և նրանց ձվերը)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից մինչև գարնան սկիզբը։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը սկսվում է ապրիլ-մայիսին։ Հունիսի 2-րդ կեսից մինչև հուլիսի սկիզբ էգը դնում է 3-7 խոշոր ձու (47-52 X 10-16 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի վերջից։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Շիրակի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի նախալեռներում ու լեռներում, Երևանի շրջակայքում։ Տարածված է չոր կիսաանապատային, չոր տափաստանային, լեռնատափաստանային, թփուտային ու չոր նոսրանտառային, գետամերձ անտառային բուսականությամբ և ժայռոտ ու քարքարոտ վայրերի տնկարկներում։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանության նպատակով, նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։ Կծածը մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր չէ։ Օգտակար է. կրծողների թվաքանակի կարգավորող է։

Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի, Վրաստանի և Ադրբեջանի Կարմիր գրքերում: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Գարնանը «Խոսրովի անտառ» արգելոցում 5-ժամյա երթի ընթացքում (6-7 կմ) հանդիպում է 1-2 առանձնյակ: Թվաքանակը խիստ կրճատվել է անօրինական որսի, բնորոշ ապրելավայրերի քանդման հետևանքով և հատկապես Երևան քաղաքի շրջակայքում։

Վտանգման հիմնական գործոններն են ապօրինի որսը և բնորոշ ապրելավայրերի քայքայումը:

Պահպանվում է «Խոսրովի անտառ», «Շիկահող» արգելոցներում և «Արևիկ» ազգային պարկում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png