Ալեքսանոր առագաստաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանոր առագաստաթիթեռ
Ալեքսանոր առագաստաթիթեռ
Ալեքսանոր առագաստաթիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Առագաստավորներ (Papilionidae)
Ցեղ Papilio
Տեսակ Ալեքսանոր առագաստաթիթեռ (P. alexanor)
Միջազգային անվանում
Papilio alexanor

Ալեքսանոր առագաստաթիթեռ (լատ.՝ Papilio alexanor), առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր չափի թիթեռ է, որին բնորոշ է սեռական երկձևություն: Էգերի թևերի ընդհանուր գուներանգը բաց դեղին է, արուներինը՝ օքրադեղնավուն: 35-58 մմ երկարությամբ առջևի թևերի վրա կան ծայրային և 2 լայնակի սև զոլեր, ինչպես նաև սկավառակային (դիսկալ) և կենտրոնական (մեդիալ) գծեր: Հետին թևերն ունեն վերևից դեղին և երկնագույն թեփուկներով ծածկված լայն արտաքին լայնակի և նեղ հիմնային զոլեր, իսկ նեղ և երկար ելուստներով եզրը բնահատուկ կտրտված է[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայում, Փոքր և Միջին Ասիայում, Իրանում, Աֆղանստանում և Հայաստանում (Արագած, Հատիս և Արայի լեռների հարավային լանջեր, «Խոսրովի անտառ» պետական արգելոց), Կոտայքի (Արզական, Գառնի, Գեղադիր, Ջրվեժ), Վայոց ձորի (Վայք, Գնիշիկ) և Սյունիքի (Մեղրի) մարզերի մի շարք վայրեր[1]:

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում է ծովի մակարդակից 1000-2000 մ բարձրություններում, կիսաանապատներում, քսերոֆիտներում և անտառի վերին եզրի քարքարոտ հատվածներում, հանդիպում՝ մայիսի կեսից մինչև հուլիսի կեսը[1]։

Տարվա ընթացքում տալիս են մեկ սերունդ։ Ձվադրում են Ferula orientalis, F․ rigidula բույսերի կոկոնների և ծաղիկների վրա։ Բարձր հասակի թրթուրները սնվում են հիմնականում գիշերը, իսկ ցերեկը թաքնվում են բույսի տերևանութային կամ ստորին մասերում։ Ձմեռում են հարսնյակները։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։ Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։

Թվաքանակը բավական բարձր է, իսկ վիճակը մարդու գործունեությամբ չվնասված վայրերում բավականաչափ բարվոք է։ Կերաբույսի վեգետացիոն շրջանի տևողությամբ պայմանավորված նկատվում են թվաքանակի խիստ տատանումներ։

Սպառնացող վտանգներից է անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում և «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6