Jump to content

Ալեքսանդր Պեչերսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պեչերսկի
իդիշ՝ אלכסנדר ארונוביץ' פצ'רסקי
փետրվարի 22, 1909(1909-02-22)[1] - հունվարի 19, 1990(1990-01-19)[1] (80 տարեկան)
ԾննդավայրԿրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մահվան վայրԴոնի Ռոստով, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԴոնի Ռոստովի հյուսիսային գերեզման
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումլեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Արիության շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և Knight of the Order of Merit of the Republic of Poland

Ալեքսանդր Արոնովիչ Պեչերսկի (ռուս.՝ Александр Аронович Печерский, Պեչյորսկի (Печёрский), փետրվարի 22, 1909(1909-02-22)[1], Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 19, 1990(1990-01-19)[1], Դոնի Ռոստով, ԽՍՀՄ[2]), խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մահվան ճամբարներում տեղի ունեցած այն միակ ապստամբության ղեկավարը, որ ավարտվել է հաջողությամբ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պեչերսկին ծնվել է 1909 թվականի փետրվարի 22-ին Կրեմենչուգում, հրեայի ընտանիքում։ Եղել է փաստաբանի որդի։ 1915 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Որպես էլեկտրիկ աշխատել է շոգեքարշների նորոգման գործարանում[4], ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը, ղեկավարել է գեղարվեստական ինքնագործունեության խումբ[5]։

Պատերազմի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսի 22-ին՝ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրը, Ալեքսանդր Պեչերսկին զորակոչվել է բանակ և մասնակցել ռազմական գործողություններին։ Նույն թվականի սեպտեմբերին ատեստավորվել է երկրորդ կարգի տեխնիկ-ինտենդանտի զինվորական աստիճանի համար, որ համապատասխանում է հրամանատարական կազմի «լեյտենանտ» զինվորական կոչմանը։ Որպես գործավար ծառայել է 19-րդ բանակի 596-րդ կորպուսային հրետանային գնդում[5][6]։ Որոշ տվյալներով՝ շրջապատումից դուրս է բերել վիրավոր հրամանատարին[4]։

1941 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Պեչերսկին շրջապատման մեջ է ընկել Վյազմայի մոտ, վիրավորվել և գերի ընկել գերմանացիների մոտ։ Գերության ընթացքում հիվանդացել է տիֆով, սակայն ապաքինվել է։

1942 թվականի մայիսին չորս այլ կալանավորների հետ փորձել է փախչել գերությունից։ Փախուստը ձախողվել է, և նրանց ուղարկել են Բորիսովում գտնվող տուգանային ճամբար, ապա Մինսկ։

Սկզբում Պեչերսկին հայտնվել է այսպես կոչված «Անտառային ճամբարում», որ գտնվում էր քաղաքից դուրս[7]։ Սակայն բժշկական զննության ժամանակ պահակներն իմացել են Պեչերսկու հրեական ծագման մասին[5][6], ինչի հետո նա հրեա այլ ռազմագերիների հետ փակվել է նկուղում, որ կոչվում էր «հրեական մառան»։ Այնտեղ նրանք տասը օր մնացել են լիակատար մթության մեջ։

1942 թվականի օգոստոսի 20-ին Պեչերսկին ուղարկվել է Մինսկում գտնվող ՍՍ «աշխատանքային ճամբար», որտեղ գտնվում էին շուրջ 500 հրեաներ Մինսկի գետտոյից, ինչպես նաև հրեա ռազմագերիներ[5]։

1943 թվականի սեպտեմբերի 18-ին հրեա կալանավորների խմբի հետ Ալեքսանդր Պեչերսկին ուղարկվել է Սոբիբոր մահվան ճամբար, ուր հասել է սեպտեմբերի 23-ին[7]։ Այնտեղ նա նախապատրաստել է կալանավորների ապստամբություն։

Ապստամբություն Սոբիբորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականի հոկտեմբերի 14-ին Սոբիբոր մահվան ճամբարի կալանավորներն ապստամբություն են բարձրացրել։ Պեչերսկու պլանի համաձայն՝ կալանավորները պետք է մեկ-մեկ լիկվիդացնեին ճամբարի անձնակազմին, ապա վերցնեն պահեստում պահվող զենքերն ու կոտորեին պահակախմբին։ Պլանը հաջողվել է իրականացնել միայն մասամբ. կալանավորները կարողացել են սպանել 12 էսէսականի ճամբարի անձնակազմից, սակայն զենքի պահեստին տիրանալ չի հաջողվել։ Պահակախումբը կրակ է բացել, և կալանավորներն ստիպված են եղել ճամբարից փախչել ականապատված տարածքով։ Նրանց հաջողվել է հեռանալ անտառ[5]։

Աշխատանքային ճամբարի գրեթե 550 կալանավորներից 130-ը չեն մասնակցել ապստամբությանը (մնացել են ճամբարում), շուրջ 80 կալանավոր զոհվել են ականապատված դաշտում, իսկ 170-ը բռնվել են գերմանացիների կողմից լայնամասշտաբ որոնումների արդյունքում։ Ճամբարումն մնացածներն ու բռնվածները սպանվել են գերմանացների կողմից։

Պատերազմի ավարտին կենդանի էր ապստամբության 53 մասնակից։

Ապստամբությունից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Պեչերսկու պարգևատրման թուղթը (դիմերես)

Խորհրդային նախկին ռազմագերիներից ութ հրեայի Պեչերսկին տարել է Բելառուսիա, որտեղ նրանք միացել են պարտիզանական ջոկատներին։ 1943 թվականի հոկտեմբերի 22-ին Ալեքսանդր Պեչերսկին իր մի քանի ընկերների հետ միացել է Շորսի անվան պարտիզանական ջոկատին։ Այնտեղ նա եղել է ականահատ, մինչ խորհրդային զորքերն ազատագրել են Բելառուսիան[7]։ Մյուսները միացել են Ֆրունզեի անվան ջոկատին։ Պարտիզանական ջոկատի կազմում Ալեքսանդր Պեչերսկին խորտակել է գերմանական երկու էշելոն։

Կարմիր բանակին միանալուց հետո Պեչերսկին ձերբակալվել է և ուղարկվել գրոհային հրաձգային գումարտակ, որ տուգանային գումարտակի տարատեսակ էր[8][7]։

Գումարտակի հրամանատար մայոր Անդրեևը այնքան է ազդվել Սոբիբորի մասին Պեչերսկու պատմությունից, որ հակառակ գումարտակի տարածքից դուրս գալու արգելքին Պեչերսկուն թույլ է տվել մեկնել Մոսկվա՝ դիմելու «Գերմանաֆաշիստական նվաճողների ու նրանց օգնողների չարագործությունների քննման հանձնաժողովին»։

Հանձնաժողովում Պեչերսկու պատմությունը լսել են գրողներ Պավել Անտոկոլսկին և Վենիամին Կավերինը, որոնք դրա հիման վրա հրատարակել են «Ապստամբություն Սոբիբորում» ակնարկը[9]։ Պատերազմից հետո ակնարկն ընդգրկվել է «Սև գիրքը» հայտնի ժողովածուում[10], որն տպագրությունը ԽՍՀՄ-ում արգելվել է 1947 թվականին[6][11] (Ռուսաստանում առաջին անգամ տպագրվել է 2015 թվականին[12][13]):

Կռվելով Մերձբալթյան առաջին ճակատի 15-րդ գրոհային գումարտակի շարքերում՝ Ալեքսանդր Պեչերսկին ստացել է կապիտանի կոչում։ 1944 թվականի օգոստոսի 20-ին՝ Բաուցկ քաղաքի վրա հարձակման ժամանակ, ականի բեկորներից վիրավորվել է ազդրի շրջանում և չորս ամիս բուժվելուց հետո ճանաչվել հաշմանդամ։ Մարտում ցուցաբերած արիության համար 1949 թվականին ներկայացվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի, սակայն պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով[14]։ Մերձմոսկովյան հոսպիտալում Ալեքսանդր Պեչերսկին ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Օլգա Կոտովայի հետ[4][5][6]։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Պեչերսկու պարգևատրման թուղթը (դարձերես) գեներալ-մայոր Գ. Սաֆոնովի մակագրությամբ

Պատերազմի ավարտից հետո Ալեքսանդր Պեչերսկին վերադարձել է Դոնի Ռոստով, որտեղ բնակվում էր պատերազմից առաջ։ Որպես ադմինիստրատոր աշխատել է Երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1945 թվականին գրել է հուշեր Սոբիբորի ապստամբության մասին։ 1948 թվականին այսպես կոչված «անտոհմիկ աշխարհաքաղաքացիների» քաղաքական հետապնդումների ժամանակ Պեչերսկին կորցրել է աշխատանքը։ Դրանից հետո նա մոտ հինգ տարի չի կարողացել աշխատանք գտնել, և ընտանիքի համար ապրուստի միջոցներ վաստակել է կինը։ 1949 թվականի մայիսի 19-ին Ալեքսանդր Պեչերսկին ներկայացվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանի, սակայն նույն թվականի հունիսի 10-ին Դոնի Ռոստովի մարզինկոմ գեներալ-մայոր Գեորգի Սաֆոնովը փոխել է պարգևը «Մարտական ծառայությունների համար» մեդալով։

Ստալինի մահից հետո Պեչերսկին աշխատանքի է ընդունվել «Ростсельмаш» մեքենաշինական գործարանում[6]։

Այլ տվյալներով՝ մինչև 1955 թվականը Պեչերսկին ապրել է Մոսկվայում, որտեղ աշխատել է որպես կինոթատրոնի տնօրեն, ապա տեղափոխվել է Դոնի Ռոստավ[7]։

1963 թվականին Ալեքսանդր Պեչերսկին Սոբիբոր ճամբարի տասնմեկ պահակների դատավարության ժամանակ հանդես է եկել որպես վկա[7]։

Ալեքսանդր Պեչերսկին մահացել է 1990 թվականի հունվարի 19-ին։ Թաղվել է Դոնի Ռոստովի Հյուսիսային գերեզմանատանը։

Արիության շքանշանի հանձնումը Ա. Պեչերսկու թոռնուհուն, Մոսկվա, Կրեմլ, 10 մարտի, 2016 թվական
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ (30 մայիսի, 1951 թվական)[14][15]
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար» մեդալ
  • Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան (2013 թվական)[16]
  • Արիության շքանշան (2016 թվական)[17]

Սոբիբորի ճամբարի ոչնչացման պատմությունը դարձել է Նյուրնբերգի դատավարության մի մասը։ Միջազգային դատարանը Պեչերսկուն հրավիրել է որպես վկա, սակայն խորհրդային իշխանությունները նրան թույլ չեն տվել մեկնել Գերմանիա։

Սոբիբոր ճամբարի ու այնտեղ կատարված ապստամբության մասին գրվել են մի շարք գրքեր, որոնցից են՝

  • Միշա Լև, «Երկար ստվերներ»,
  • Միշա Լև, «Սոբիբոր» (վեպ), «Սոբիբոր։ Վեն Նիտ Դի Ֆրայնդ Մայնե» գրքում, Իսրոել բուխ հրատ., Թել Ավիվ, 2002,
  • Թոմաս Բլատ, «Սոբիբորի մոխրից» (անգլերեն),
  • Ռիչարդ Ռաշկե, «Փախուստ Սոբիբորից» (անգլերեն, թարգմանվել է մի շարք լեզուներով),
  • Իցհակ Արադ, «Բելզեց, Սոբիբոր, Տրեբլինկա» (եբրայերեն),
  • «Վերադարձը ցանկալի չէ», Վ. Տոմին, Ա. Սինելնիկով (Մոսկվա, 1964, ռուսերեն)։

Ալեքսանդր Պեչերսկին 1946 թվականին հրատարակել է իդիշով «Դեր ուֆշտանդ ին Սոբիբուր» («Ապստամբություն Սոբիբորում») հուշերի գիրքը։ Նրա հուշերը տպագրվել են նաև մոսկովյան «Սովետիշ գեյմլանդ» ամսագրում (№ 12, 1973)[7]:

1987 թվականին Հոլիվուդում ռեժիսոր Ջեք Գոլդը նկարահանել է «Փախուստ Սոբիբորից» ֆիլմը Ռիչարդ Ռաշկեի համանուն գրքի հիման վրա։ Ալեքսանդր Պեչերսկու դերը ֆիլմում կատարում է Ռուտգեր Հաուերը, ով իր դերակատարման համար արժանացել է «Ոսկե գլոբուսի»։ Ֆիլմի պրեմիերային Պեչերսկին ներկա չի եղել։ Հետագայում նրա այրին ասել է, թե իշխանությունները չեն ցանկացել ձևակերպել ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն[4]։

Հուշատախտակ այն տան պատին, որտեղ ապրել է Ալեքսանդր Պեչերսկին
  • 2007 թվականին հուշատախտակ է տեղադրվել այն տան պատին, որտեղ ապրել է Պեչերսկին[4], իսկ 2015 թվականին նրա անունով է կոչվել Դոնի Ռոստովի փողոցներից մեկը[18]։
  • Ալեքսանդր Պեչերսկու անունն է կրում Իսրայելի Ցֆատ քաղաքի փողոցներից մեկը[6]։
  • 2012 թվականին ստեղծվել է Ալեքսանդր Պեչերսկու հիշատակի հավերժացման նախաձեռնողական խումբ ռուս-իսրայելցի քաղաքագետ Իլյա Վասիլևի գլխավորությամբ[19]։ Խումբը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրելով Ալեքսանդր Պեչերսկուն շնորհել պետական պարգև (հետմահու)[20]։ 2012 թվականի հոկտեմբերի 16-ին խմբի ջանքերով Թել Ավիվում խմբի բացվել է Պեչերսկու հուշարձանը[21]։
  • 2013 թվականին Դոնի Ռոստովի բնակիչներն առաջարկել են Ալեքսանդր Պեչերսկուն շնորհել Ռուսաստանի հերոսի կոչում, ինչպես արվել է Սուրեն Տաշչիևի դեպքում[22]։
  • 2014 թվականի մայիսի 25-ին Դոնի Ռոստովի աստղերի ծառուղում տեղի է ունեցել Ալեքսանդր Պեչերսկու աստղի բացման հանդիսավոր արարողությունը[23]։
  • 2014 թվականի ամռանը՝ Ռուսաստանի պատմական միության ղեկավար և ՌԴ Պետդումայի խոսնակ Ս․ Նարիշկինին դիմելուց հետո Ալեքսանդր Պեչերսկու անունը ներառվել է պատմության դասագրքերում, իսկ նույն թվականի վերջին Ռուսաստանի փոստը թողարկել է ապստամբության թեմային նվիրված նամականիշ[24]։
  • 2016 թվականի հունվարին Ալեքսանդր Պեչերսկու հիշատակի հավերժացման նախաձեռնողական խմբի դիմումը հավանության է արժանացել և Վլադիմիր Պուտինի հրամանով Ալեքսանդր Պեչերսկին հետմահու պարգևատրվել է Արիության շքանշանով[25]։
  • 1987 թվականի «Փախուստ Սոբիբորից» հեռուստաֆիլմում Ալեքսանդր Պեչերսկու դերը կատարում է Ռուտգեր Հաուերը։
  • 2018 թվականին կթողարկվի «Սոբիբոր» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Կոնստանտին Խաբենսկին է։

Վավերագրական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1989 – «Ապստոմբություն Սոբիբորում», խորհրդա-հոլանդական համատեղ ֆիլմ՝ նկարահանված Սանկտ Պետերբուրգի վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ Համառեժիսորներ՝ Պավել Կոգան և Լիլի Վան դեն Բերգ (վերջինիս ծնողները զոհվել են Սոբիբորում)։ Ամստերդամի միջազգային կինոփառատոնում ֆիլմն ստացել է Յ․ Իվենսի անվան մրցանակ։
  • 2001 – «Սոբիբոր, 1943 թվականի 14 հոկտեմբերի, 16 ժամ», ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լանցմանի ֆիլմը, ներկայացվել է Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում։
Արտաքին տեսաֆայլեր
Լեյտենանտ Պեչերսկին Սոբիբորից, Լեոնիդ Մլեչինի ֆիլմը ՅուԹյուբում
  • 2013 – «Լեյտենանտ Պեչերսկին Սոբիբորից», Լեոնիդ Մլեչինի վավերագրական ֆիլմը՝ նվիրված կալանավորների ապստամբության 70-ամյա տարելիցին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին ТВ Центр ալիքով։ Ֆիլմը նկարահանել է Սերգեյ Պեշկովը[26][27][28][29][30]։
  • 2013 – «Սոբիբոր։ Չհնազանդեցվածները», ВГТРК ընկերության վավերագրական ֆիլմը Россия հեռուստաալիքի համար։ Պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 16-ին, նվիրված է ապստամբության 70-ամյա տարելիցին։ Նկարահանել է Սերգեյ Պեշկովը[31]։
  • 2014 – «Փախուստ նացիստական մահվան ճամբարից», Darlow Smithson Productions ընկերության վավերագրական ֆիլմը National Geographic ալիքի համար։ Պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսին ԱՄՆ-ում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 TracesOfWar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1043511180 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Собибор, 2008, էջ 5
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Петров А. Побег из Собибора // «АиФ на Дону» : газета. — Аргументы и факты, 8 октября 2008. — № 41 (753). Архивировано из первоисточника 17 փետրվարի 2012.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Илья Эренбург, Василий Гроссман. Восстание в Собиборе
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Виктор Жук. Забытый подвиг, «Совершенно секретно», № 11/234 от 10/2008
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Պեչերսկի Ալեքսանդր՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  8. Собибор, 2008, էջ 138
  9. Журнал «Знамя», 1945, № 4.
  10. Черная Книга. Под ред. В. Гроссмана и И. Эренбурга. МИП «Обериг» Киев.- 1991
  11. Побег из Собибора: забытый подвиг. Единственное восстание в концлагере, закончившееся успехом
  12. «"Чёрная книга" В. Гроссмана и И. Эренбурга». Planeta. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  13. Эренбург Илья Григорьевич, Алигер(Зейлигер) Маргарита Иосифовна, Гроссман Василий Семенович. Черная книга. — М.: Corpus, 2015. — 768 с. — ISBN 978-5-17-085233-8
  14. 14,0 14,1 «Общедоступный электронный банк документов «Подвиг Народа в Великой Отечественной войне 1941-1945 гг.»». Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.
  15. Указ Президиума Верховного Совета №: 209/845 от: 30.05.1951 (Издан: Президиум ВС СССР; Архив: ЦАМО, фонд: 33, опись: 744809, ед.хранения: 15, № записи: 80688601
  16. «Эсесоповал». Совершенно секретно. 7 октября 2014.
  17. «Орденом Мужества награждён (посмертно) за организацию восстания в 1943 году в концлагере Собибор капитан Александр Печерский. Награда передана внучке – Наталье Ладыченко» (ռուսերեն). Euronews. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  18. А. Колесниченко (№ 4, 27/01/2016). «Выживший в аду. Советский офицер награждён орденом Мужества спустя 72 года». АиФ.
  19. Визит Владимира Путина в Израиль обещает пройти без проблем
  20. Александр Печерский: возвращение подвига
  21. «В Израиле открыт памятник офицеру Красной армии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  22. Общественники предлагают присвоить ростовчанину звание Героя России
  23. На сайте проекта «Проспект звёзд»
  24. Памяти героев Собибора
  25. Офицера-еврея Александра Печерского посмертно наградили орденом
  26. «Лейтенант Печерский из Собибора // tvc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  27. Леонид Млечин снял фильм о побеге из концлагеря Собибор // rg.ru (11 октября 2013 года)
  28. Забытый подвиг лейтенанта Печерского // mk.ru (11 октября 2013 года)
  29. «Собибор. Забытый подвиг. 70 лет назад вспыхнуло восстание в лагере смерти // novayagazeta.ru (11 октября 2013 года)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  30. Лейтенант Печерский из Собибора ՅուԹյուբում
  31. «На экраны вышел фильм «Собибор. Непокорённые»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Собибор / Сост. С. С. Виленский, Г. Б. Горбовицкий, Л. А. Терушкин. — М.: Возвращение, 2008. — 264 с. — ISBN 978-5-7157-0165-1
  • Печерский А. А. Восстание в Собибуровском лагере. — Ростов-на-Дону: Ростиздат, 1945. — 64 с. — 5000 экз. (Репринт: М.; Иерусалим: Мосты культуры/Гешарим, 2012)
  • אַלעקסאַנדער פּעטשאָרסקי. דער אופֿשטאַנד אינ סאָביבור (Александер Печёрский дэр уфштанд ин собибур — восстание в Собиборе, идиш). Москва: издательство «Дэр эмэс» (правда), 1947. Тираж 12 тысяч экземпляров. [1]
  • Печерский А. А., Гейликман М. И. Александр Печерский. Прорыв в бессмертие — М.: Время, 2013. — 160 с. — ISBN 978-5-9691-0846-2.
  • Симкин Л. С. Полтора часа возмездия. — М.: Зебра Е, 2013. — 352 с. — ISBN 978-5-905629-27-0
  • Светлана Богданова, Юлия Макарова Герои Собибора. Фотолетопись. — М.: Мосты культуры, 2013.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պեչերսկի» հոդվածին։