Ալ-Տայիբ Սալիհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աթ-Թայիբ Սալիհից)
ալ-Տայիբ Սալիհ (արաբ․՝ الطيب صالح‎‎)
արաբ․՝ الطيب صالح‎‎
Ծնվել է1929(1929)
ԾննդավայրԿարմակոլ
Վախճանվել է2009(2009)
Վախճանի վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
Մասնագիտությունգրող, լրագրող
Լեզուարաբերեն
ՔաղաքացիությունՍուդան Սուդան
ԿրթությունԽարթումի համալսարան, Լոնդոնի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՈւխտագնացության սեզոն դեպի Հյուսիս և The Wedding of Zein?
 Al-Tayeb Salih Վիքիպահեստում

Ալ-Տայիբ Սալիհ (արաբ․՝ الطيب صالح‎‎, Հուլիսի 12, 1929, Կարմակոլ, Սուդանփետրվարի 18 , 2009, Լոնդոն) — Սուդանցի գրող, ստեղծագործել է արաբերեն։ Սովորել է Խարթումի համալսարանում, այնուհետև՝ Լոնդոնի համալսարանում։ Աշխատել է ՝ «Բի-բի-սի»-ի արաբական խմբագրական կազմում։ Եղել է Կատարի տեղեկատվական նախարարության գլխավոր տնօրեն։ 10 տարի աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, եղել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը Պարսից ծոցի արաբական պետություններում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տայիբ Սալիհը Աֆրիկայի ամենահայտնի գրողներից մեկն է, բայց նրա գործերն աշխարհում քիչ հայտնի են։ Նա գրող է, որն ապրել է արևելյան և արևմտյան մշակույթների միջև։ Աջակցել է արաբական գրականությանը, արաբ գրողների ճանաչմանն ու ստեղծագործությունների թարգմանությանը։ Գրողը ծնվել է 1929 թվականին Սուդանի հյուսիսային նահանգում՝ Ադ-Դաբբա գյուղին մոտ Կարմակոլ քաղաքում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է հայրենիքի սահմաններից դուրս։ Երեխա ժամանակ նա հաճախել է կրոնական դպրոց։ Դպրոցից հետո սովորել է Խարթումի համալսարանում։ Քանի որ նա ֆերմերների և կրոնական ուսուցիչների ընտանիքից էր, նա սկզբում որոշել էր աշխատել գյուղատնտեսության ոլորտում։ Բայց երկար ժամանակ ուսուցիչ աշխատելով ՝ տեղափոխվեց Լոնդոն, որտեղ աշխատեց համալսարանում և «Բի-բի-սի» բրիտանական հեռուստառադիոընկերությունում։ Այս փորձը նրան թույլ տվեց աշխատել որպես Սուդանի ռադիոյի ղեկավար, բայց հետո արտագաղթեց Կատար։ Պաշտպանել է Սուդանում իսլամական ռեժիմի տակ գտնվող մարդկանց իրավունքները և Ղուրանը քաղաքական նպատակներով օգտագործելը։ Ավելի քան տասը տարի ղեկավարել է Al Majalla (անգլ.՝ المجلة) արաբերեն ամսագրի մի բաժինը։ Նա իր գրական կարիերան սկսեց 1953 թվականին լույս տեսած «Փյունիկյան արմավենին գետափին» պատմվածքով։ 1960 թվականին հրատարակեց «Վադ Համիդի արմավենին» ժողովածուն։ Գրողը մահացել է լուսաբացին Լոնդոնում, երիկամների հիվանդությունից, 79 տարեկանում։

Ստեղծագործությունը և ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալիհի արձակից համաշխարհային ճանաչում ունի «Հյուսիսային ուխտագնացության ժամանակը» վեպը՝ (1966) թարգմանված աշխարհի ավելի քան 20 լեզուներով։ Այն 2001 թվականին Արաբական գրականության ակադեմիայի կողմից անվանվել է 20-րդ դարի կարևոր արաբական վեպ, նաև 20-րդ դարի աֆրիկյան լավագույն 100 գրքրերի ցանկում է։

Սալիհը 4 վեպերի և հեքիաթների ժողովածուի հեղինակ է։ Սալիհն ավելի հայտնի է որպես «քաղաքական» գրող, ով իր աշխատություններում ուսումնասիրում է արևելք-արևմուտք , գաղթյալ-գաղութատիրություն հակամարտությունը։ Այս հեղինակը հայտնի է նաև իր հոգեբանությամբ, որով գրված են իր գործերը։ Հեղինակը շեշտը դրել է ռեալիստական ճշգրտությամբ տեղանքների բնութագրական նկարագրերի վրա ՝ տալով նրանց զգայական նկարագրություն։ Սուդանը կանգնած է մեր առջև ՝ ամենափոքր մանրամասներով. իր բույրերով, բնությամբ ու մարդկանցով։ Եվ, առաջին հերթին, ոչ թե քաղաքական դրդապատճառներն են, որ ցնցող են, այլ մարդկանց հանգիստ կյանքի զգայուն տեսարանները Նեղոսի ափերին։ Սալիհի գործերը հագեցած են բազմաթիվ պատկերներով, նրա լեզուն բանաստեղծական է։ Ստեղծագործությունների հերոսները խոսում են արաբերենի հյուսիսային սուդանական բարբառով, բայց օգտագործվում են նաև բառեր, որոնք հասկանալի են արաբալեզու բոլոր ժողովուրդների համար։

Իր առաջին պատմվածքների ժողովածուում ՝ «Վադ Համիդի արմավենին» (1960), որը գրվել է դրամատիկ մենախոսության տեսքով, Սալիհն ուսումնասիրում է ներքին և ժամանակակից ազդեցությունները Սուդանի գյուղերի վրա։ Նրա հերոսները պայքարում են կամքի հալածման և կաշառակերության դեմ, ինչպես գյուղի համայնքում, այնպես էլ ընտանիքում։

«Մի քանի ամսաթվեր» պատմվածքում երիտասարդը սկսում է հասկանալ իր սիրելի պապի դաժանությունը։ Պապի կերպարը, որպես մշակույթի կրող, որը միաժամանակ հիվանդության կրող է, և Սուդանի գյուղի գեղեցկությունը ծանրաբեռնում են թոռանը պատասխանատվության բեռով, և սա Սալիհի ստեղծագործության մշտական մոտիվն է։ Հանգույցում պապի և թոռան հարաբերությունների միջև առկա մշտական թեման իրականում հնի և նորի, ավանդույթի և արդիականության միջև առկա կոնֆլիկտի պատկերն է։

Գրողի ամենահայտնի վեպը, որը նրան համաշխարհային համբավ բերեց, «Հյուսիսային ուխտագնացության ժամանակը» վեպն էր։ Բայց միևնույն ժամանակ հարկ է նշել, գրողի ևս երկու հիմնական գործ. «Զեյնի հարսանիքը» պատմվածքը և «Բենդեր-Շահ» վեպը, որոնք միմյանց թեմատիկորեն լրացնում են և կազմում են թեմատիկ եռապատում։

«Զեյնի հարսանիքը» պատմվածքն առաջին անգամ հայտնվեց Բեյրութի «Խիվար» ամսագրում 1964 թվականին, բայց ամբողջությամբ տպագրվեց միայն 1966 թվականին Սուդանում ՝ «Ալ-Խարթում» ամսագրում։ Այն անմիջապես հայտնի դարձավ արաբական երկրներում։ Այս պատմության մեջ Սալիհը փորձեց համատեղել Սուդանի բանահյուսությունը արևմտյան մշակույթի դասական կանոնների հետ։ Գլխավոր հերոսը մի տեսակ շեքսպիրյան «խելացի ապուշ» է։ Զեյնը լրացնում է այս կերպարը խիստ զգայունությամբ։ Այս զգայունության պատճառով է, որ իրենց գյուղի ամենագեղեցիկ աղջիկը նրան է ընտրում որպես ամուսին։ Պատմության մյուս բոլոր կերպարներն արտացոլում են Հյուսիսային Սուդանի վառ մշակույթը։ Հարսանիքը հեղինակի համար խորհրդանշում է սերը, խաղաղությունը, ջերմությունն ու ներդաշնակությունը աշխարհում։ Բայց այս բոլոր ներդաշնակությունները խախտվել են վերջին տարիներին։

Թեմատիկ եռապատման հաջորդ վեպը լույս է տեսել 1966 թվականին Բեյրութի նույն «Խիվար» ամսագրում։ Սա գրողի ամենահայտնի վեպն է։ 2001 թվականին Արաբական գրականության ակադեմիան այն անվանեց 20-րդ դարի արաբական լավագույն վեպերից մեկը։ Սկզբում հեղինակն այն մտածել էր որպես թրիլլեր (սպանության պատմություն), բայց հետո վեպի գաղափարը շրջվեց հակառակ ուղղությամբ։ Այստեղ հեղինակը կենտրոնանում է Եվրոպայի և արաբ-աֆրիկյան երկրների մշակույթների պայքարի վրա։ Գլխավոր հերոսը՝ Մուստաֆա Սայիդը իսկական հրեշ է, որը չգիտի՝ ինչ է սերը և նվաստացնում է այն կանանց, ովքեր խենթանում են իր համար։ Եգիպտոսում և Սուդանում վեպն արգելված էր սեռական թեմաների և իսլամի ուղղակի քննարկումների պատճառով։ Վեպում հեղինակը շեշտը դնում է արևելքի և արևմուտքի, տղամարդկանց և կանանց, քրիստոնյաների և մուսուլմանների, էրոսի և թանատոսի, ավանդույթների և արդիականության, քաղաքի և գյուղի հակամարտության վրա։

«Բենդեր-Շահ»-ը ռոմանտիկ վեպ է՝ կազմված 2 մասից՝ «Դուալ-Բեյթ»(1971 թվական) և «Մերիուդ», (1977 թվական)։ Բենդեր Շահը կենտրոնանում է նորի և հնի պայքարի վրա։ Գրողը վստահ է, որ մշակույթը պետք է համապատասխանի հասարակության բնավորությանը, և վեպը ցույց է տալիս գինը, որը վճարում են սուդանցիները՝ նոր մշակույթի ձևավորման համար:Վեպի կազմը պատմությունների համադրություն է (այն միահյուսում է ներկան և անցյալը, իրականությունն ու առասպելը)։ Նման կառույցը ցույց է տալիս կյանքի ինքնին անկայունությունը։

Սալիհի ստեղծագործության մեջ կարևոր է նշել գրողի բարձր վարպետությունը և գրեթե էպիկական կերպարները։ Ընթերցողին ստեղծագործություններում գրավում են Սուդանի գյուղի պատկերը, հավերժական Նեղոսը, հսկայական անապատները և հանգիստ ռոմանտիկ գիշերները։ Սուդանում ստեղծվել են Թեյիբ Սալիհի անունով մի քանի գրական մրցանակներ։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փյունիկյան արմավենին գետափին» (1960, պատմվածք)
  • «Վադ Համիդի արմավենին» (1960, պատմվածքների ժողովածու)
  • «Հյուսիսային ուխտագնացության ժամանակը» / Mawsim al-Hijra ila al-Shamal (1966, վեպ)
  • «Զեյնի հարսանիքը» / Urs' al-Zayn (1969, պատմվածք, էկրանավորվել է 1976 թվականին, [1])
  • «Բենդեր-Շահ» / Bandarschâh (1978, վեպ)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ayyildiz, Esat (2018 թ․ հոկտեմբերի 5). «Et-Tayyib Sâlih'in "Mevsimu'l-Hicre İle'ş-Şemâl" Adlı Romanının Tahlili». Ankara Üniversitesi Dil ve Tarih-Coğrafya Fakültesi Dergisi (թուրքերեն). 58 (1): 662–689. doi:10.33171/dtcfjournal.2018.58.1.31. ISSN 2459-0150. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ալ-Տայիբ Սալիհ, Գաղափարախոսություն և գեղարվեստական վիպագրություն, Սիրակոզա, Սիրակոզա համալսարանական մամուլ, 2003։
  • ալ-Տայիբ Սալիհ, Զեյնի հարսանիքը, Հյուսիսային ուխտագնացության ժամանակը, Բենդեր-Շահ, Ծիածան (Радуга), 1982:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]