Ազատ Շիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ Շիշյան
Ազատ Շիշյանի երաժշտական ստեղծագործությունների ժողովածուի կազմը՝ տպագրված Մարիամ Մխիթարյանի ջանքերով, 2023 թվական։
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 24, 1912(1912-04-24)
Բաբերդ, Թուրքիա
Երկիր Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 7, 1988(1988-12-07) (76 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրԳյումրու երաժշտական ուսումնարան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Ազատ Շիշյան (ապրիլի 24, 1912(1912-04-24), Բաբերդ, Թուրքիա - դեկտեմբերի 7, 1988(1988-12-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, Հայաստանի երգչախմբային ընկերության Լենինականի բաժանմունքի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Շիշյանը ծնվել է Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայկական Բաբերդ քաղաքում։ 1915 թվականին Հայոց ցեղասպանության պատճառով երեքամյա տղան կորցրել է ծնողներին և բոլոր հարազատներին, որից հետո հայտնվել է որբանոցում, որտեղ անցկացրել է մի քանի տարի։ Որբանոցից տեղափոխվել է Հունաստան, որտեղ ստացել է նախնական կրթությունը։ Շուտով Կիպրոսում բացվում է Մելքոնյան վարժարանը, և Ազատ Շիշյանը մեկնում է Նիկոսիա՝ սովորելու։ Այստեղ, ընդհանուր կրթական ծրագրերին զուգահեռ, նա ստանում է նաև երաժշտական նախնական կրթություն՝ դասավանդելու հրավիրված Բարսեղ Կանաչյանի դասարանում։ Երաժշտական տարրական գիտելիքներ ձեռք բերելու հետ միաժամանակ մասնակցում է վարժարանի երգչախմբի փորձերին և նվագում մի քանի փողային նվագարան։ Կանաչյանը, նկատելով Ազատ Շիշյանի առաջադիմությունը, խորհուրդ է տալիս և ապա աջակցում, որպեսզի նա վարժարանի մի խումբ շնորհալի շրջանավարտների հետ (թվով տասը հոգի) ՀԲԸՄ օգնությամբ 1930 թվականին մեկնի Երևան՝ բարձրագույն կրթությունը հայրենիքում ստանալու։ Պատանիներից յուրաքանչյուրն ընտրում է իր նախասիրած մասնագիտությունը և ընդունվում համապատասխան ԲՈՒՀ։ Շիշյանը ցանկանում էր կոնսերվատորիա ընդունվել, սակայն անհրաժեշտ էր նախ բավարար գիտելիքներ ամբարել, որի նպատակով ընդունվում է երաժշտական ուսումնարանի (հետագայում կոչված Ռոմանոս Մելիքյանի անունով) հոբոյի բաժին՝ միաժամանակ անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելով երաժշտական մի շարք տեսական և պատմական առարկաներից և կոմպոզիցիայից։

Ավարտելուց հետո 1934 թվականին ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի՝ Վարդգես Տալյանի ղեկավարած դասարանը, իսկ նրա անժամանակ մահից հետո կրթությունը շարունակում է Սարգիս Բարխուդարյանի և Հարո Ստեփանյանի մոտ։ Այս տարիներին Շիշյանի ակնառու նվաճումն է հանդիսանում իր Առաջին սիմֆոնիայի կատարումը Թիֆլիսում` Ադրկովկասյան Առաջին Փառատոնի շրձանակում, որը ղեկավարում է այդ տարիներին Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր, մեծանուն դիրիժոր Կոնստանտին Սարաջևը։ Փաստորեն, Արամ Խաչատրյանի առաջին սիմֆոնիայից հետո, Հայաստանում գրված առաջին սիմֆոնիայի հեղինակն Ազատ Շիշյանն է։

Կոնսերվատորիան գերազանցությամբ ավարտելուց հետո, արդեն Հայաստանի քաղաքացի դարձած Ազատ Շիսյանը, նշանակվում է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի ուսմասվար՝ այս պաշտոնում փոխարինելով Մոսկվայից կարճ ժամանակով այստեղ եկած կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանին[1]։ 1939-40 թվականներին աշխատելու տարիներին ամուսնանում է իր ուսանողուհիներից Արաքսյա Մեքինյանի հետ։

Աքսորի տարիներ և հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին Շիշյանը դառնում է մատնության զոհ և աքսորվում Ալթայի երկրամաս` միայնակ թողնելով հղի կնոջը։ Գրեթե նույն բախտին են արժանանում նաև նրա համարյա բոլոր այն ընկերները, որոնք եկել էին Կիպրոսից։ Ավելի քան 14 տարի անցկացնելով տաժանակրության մեջ (աշխատել է նաև ոսկու հանքերում) Ստալինի մահից հետո`1954 թվականին, վերադառնում է Հայաստան և շարունակում զբաղվել ստեղծագործական-մանկավարժական գործունեությամբ։ Որպես տեսական առարկաների, կոմպոզիցիայի ուսուցիչ՝ աշխատանքը շարունակում է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում։ Այս տարիներին նրան աշակերտել են հայտնի երաժիշտներ, կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը, Գեղունի Չթչյանը, Երվանդ Երկանյանը, Մարտուն Իսրայելյանը, Ալիկ Խաչատրյանը, Ռուզան Կորկոտյանը, Անդրանիկ Ներսիսյանը, Պետրոս Շուժունյանը, Արշակ Իկիլիկյանը, Հայկուհի Հակոբյանը, Ծովինար Հովհաննիսյանը և ուրիշներ, ինչպես նաև Գյումրիի երաժշտական համույթների կատարող երաժիշտներ և ուսումնական հաստատությունների մանկավարժներ[1]։

Ազատ Շիշյանը ժամանակին ընտրվել է նաև Լենինականի քաղսովետի պատգամավոր, ինչպես նաև ՍՍՀՄ կոմպոզիտորների միության համագումարի պատգամավոր՝ Հայաստանից։ Արժանացել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի Պատվոգրի, դարձել Լենինականի քաղսովետի գործադիր կոմիտեի պատգամավոր։ Մի քանի անգամ դարձել է Հանրապետական մրցույթների դափնեկիր, գործուն մասնակցություն ունեցել հանրապետությունում անցկացվող Երգի Փառատոների կազմակերպման աշխատանքներին։ Ունեցել է երկու զավակ`Վազգեն և Թագուհի անուններով։

Ստեղծագործական ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Շիշյանը հեղինակ է բազմաթիվ ստեղծագործությունների. գրել է «Վահագն» բալետը, «Հուշեր» պիեսը՝ ջութակի համար, «Տոնական» նախերգանքը, կոնցերտներ տարբեր նվագարանների համար, հինգ սիմֆոնիա, բազմաթիվ վոկալ շարքեր և երգչախմբային գործեր։ Դրանց մի մասը հնչել է Հայաստանի տարբեր նվագախմբերի ու երգչախմբերի կատարմամբ, իսկ մի մասը՝ ձայնագրվել ու ընդգրկվել ուսումնական ծրագրերում[1]։

Մահ և հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատ Շիշյանը և նրա կինը՝ երաժշտագետ Արաքսյա Մեքինյանը, զոհվել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ[1]։

1992 թվականին, ի պատիվ տաղանդավոր երաժշտի ու մանկավարժի, Ազատ Շիշյանի անվամբ կոչվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցը, որը հիմնադրվել է 1976 թվականին՝ թավջութակահար Տիգրան Ադամյանի կողմից[1]։ 2012 թվականին, Ազատ Շիշյանի ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ առաջին անգամ լույս է տեսել նրա երկերի ժողովածուն՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի անմիջական ջանքերով և խմբագրությամբ։ Նույն թվականին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նշվել է նրա հոբելյանը՝ Երևանի և Գյումրիի երաժիշտների մասնակցությամբ։ 2023 թվականին Գյումրիում հրատարակվել է Շիշյանի ստեղծագործությունների ևս մեկ ժողովածու՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի պրոֆեսոր Մարիամ Մխիթարյան-Մարգարյանի ջանքերով։ Այն ներառում է կոմպոզիտորի դաշնամուրային, վոկալ, խմբերգային ստեղծագործությունները, «Հուշեր» պիեսը՝ գրված ջութակի համար և շեփորի կոնցերտի կլավիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Վարդանյան, Գագիկ Հովհաննեսի (2006). Գյումրի. Երևան: Տիգրան Մեծ. էջ 554.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գագիկ Վարդանյան, «Գյումրի», Երևան, 2006 թ․, էջ 554։