Տիգրան Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տիգրան Օսիկի Ադամյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 8, 1938
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Մահացել էնոյեմբերի 20, 2018
(80 տարեկան)
Գյումրի, Հայաստան
Մասնագիտությունթավջութակահար
Գործիքներթավջութակ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Տիգրան Օսիկի Ադամյան (նոյեմբերի 8, 1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 20, 2018, Գյումրի, Հայաստան), հայ թավջութակահար, Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտ։

Ծնողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Իշխան Մուրադյանը եղել է 1918 թվականին Հայաստանի թուրքահպատակ հատվածից Գյումրի փախած գաղթական մոր զավակ։ Կարսի մարզի Ուզունքիլիսա գյուղում թուրքերը կոտորում են տղամարդկանց, այդ թվում Իշխանի 22-ամյա հորը՝ Ծառուկին, իսկ մայրը՝ Հռիփսիմեն, երկու որդիների՝ չորս տարեկան Աղասիի և երկու տարեկան Իշխանի հետ փախչում է Գյումրի։ Գյումրիում Հռիփսիմեն սկսում է հարուստ ընտանիքների համար լվացարարություն անել և վաստակած չնչին գումարով հոգալ երկու որդիների կարիքները։ Մեկ օր էլ վերադառնալով տուն, տեսնում է, որ փոքր տղան՝ Իշխանը չկա։ Չորսամյա Աղասիի թոթովանքից մի կերպ իմանում է, որ մի կին եկել, եղբորը տարել է, երբ իրենք միասին խաղալիս են եղել դրսում։ Երկար հարցուփորձերից հետո իմանում է, որ Իշխանին տարել է քաղաքի Սլաբոդկա թաղամասում բնակվող Տիգրան Ադամովի կինը՝ Հայաստանը։ Հռիփսիմեն գտնում է նրանց տունը և մտնելով պահանջում իր որդուն։ Սակայն Հայաստանը սկսում է համոզել, ասելով. «Դու երկու երեխայի հոգսը քաշել չես կարող, թող այս մեկը մեզ մնա, մենք զավակ չունենք, մեր երեխայի պես կպահենք, իսկ դու էլ մյուս որդուդ ավելի հեշտ կմեծացնես»։ Երկար համոզելուց հետո Հռիփսիմեն ի վերջո տեղի է տալիս և արցունքն աչքերին հեռանում։ Ադամով Տիգրանն իր որդեգրյալին տալիս է իր ազգանունը և նոր անուն, և Իշխան Մուրադյանը դառնում է Օսիկ (Հովսեփ) Ադամյան։

Կյանքի վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

թավջութակահար Տիգրան Ադամյանի, ալտահար Հրաչյա Բադալյանի և ջութակահարներ Էմմա Մելքոնյանի ու Ռուդիկ Հովհաննիսյանի հիմնած լարային քառյակը

Տիգրան Ադամյանը ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի) 1938 թվականի նոյեմբերի 8-ին զինվորական երաժիշտ Օսիկ (Հովսեփ) Ադամյանի ընտանիքում։ Սամվել Ադամյանի ավագ եղբայրը։ Հաճախել է տեղի թիվ 1 հանրակրթական դպրոց, որին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում, ապա երաժշտական կրթությունը շարունակել է երաժշտական ուսումնարանում։ Ավարտելուց հետո դասավանդել է Սպիտակի երաժշտական դպրոցում։ 1960-65 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ ստանալով թավջութակի դասատուի և նվագախմբի մենակատար որակավորում։

1967 թվականին Ազատ Շիշյանի առաջարկությամբ Օդեսայից հրավիրվեց Սերգեյ Մացոյանը՝ ղեկավարելու համար Գյումրիի երաժշտական ուսումնարանը, որի սանն էր եղել վերջինս։ Այդ տարի ամբողջ ԽՍՀՄ-ում նշվում էր Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը, որի առթիվ որոշվեց Լենինականում հիմնել սիմֆոնիկ նվագախումբ։ Նորաստեղծ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր նշանակվեց Սերգեյ Մացոյանը, թավջութակահար Տիգրան Ադամյանն ընդգրկվեց նվագախմբի կազմում։

Սիմֆոնիկ նվագախմբի առաջին ելույթը կայացավ ֆիլհարմոնիայի դահլիճում, հնչեցին Վագների «Ռիենցի» օպերայի նախերգանքը, Չայկովսկու «Փոթորիկը», Բեթհովենի «Կորիոլան» և Ազատ Շիշյանի «Ուվերտյուրա» ստեղծագործությունները։ Դա Լենինականի համար նշանավոր իրադարձություն էր, և քաղաքի ամբողջ բնակչությունը ցնծության մեջ էր։ Սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումից երկու տարի անց՝ 1969 թվականին, Տիգրան Ադամյանը, ալտահար Հրաչյա Բադալյանը և ջութակահարներ Էմմա Մելքոնյանն ու Ռուդիկ Հովհաննիսյանը հիմնեցին լարային քառյակ և Կոմիտասի ծննդյան 100-ամյակի առթիվ հաճախակի ելույթներ ունեցան տարբեր բեմերում՝ կատարելով Սարգիս Ասլամազյանի մշակումները։

Տիգրան Ադամյանը նաև 14 տարի աշխատել է Լենինականի Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում, որից հետո մեկ տարի (1971-1972 թթ.) եղել է նույն դպրոցի տնօրենը։

Երաժշտական կրթօջախների ղեկավարը[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1975 թթ. եղել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը, իսկ 1976-1988 թթ.՝ Ազատ Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրենը։ 1972 և 1973 թվականներին համերգային շրջագայությամբ Հայաստան է գալիս Մստիսլավ Ռոստրոպովիչը՝ այցելելով Լենինական (Գյումրի) և Կիրովական (Վանաձոր) քաղաքները։ Որպես երաժշտական ուսումնարանի տնօրեն, Տիգրան Ադամյանը հանդիպում է մեծանուն թավջութակահարին, ծանոթություն և մտերմություն հաստատում նրա հետ։ Գյումրեցի թավջութակահարը մեծ հուզումով առաջարկում է Ռոստրոպովիչին՝ վարպետության որոշ դասեր տալ իրեն՝ Լենինականում եղած ընթացքում։ «Երբ գործիքս ձեռքս վերցրի և նստեցի նրա առջև, հուզմունքից ձեռքերս դողում էին, - հիշում է Տիգրան Ադամյանը, - դա տեսնելով նա ժպտաց և ասաց, որ նույն հուզմունքն ի՛նքն է ապրել, երբ Իսպանիայում հանդիպել է Պաբլո Կասալսին և նրանից վարպետության դասեր քաղել։ Ուժերս հավաքելով նվագեցի Պյոտր Չայկովսկու «Ռափսոդիան» թավջութակի համար։ Ընթացքում մեկ-երկու անգամ ընդհատեց, ցուցումներ տվեց, իսկ վերջում ասաց, որ լավ ուսուցիչ եմ ունեցել և առաջարկեց կարիերաս շարունակել Մոսկվայում՝ առավել առաջ գնալու համար։ Բայց կյանքն այլ ուղղությամբ ընթացավ, և չկարողացա նրա խորհրդին հետևել»։
Դրանից հետո հանդիպումներ է ունեցել այնպիսի մեծ երաժիշտների հետ, ինչպիսիք են թավջութակահար Դանիիլ Շաֆրանը, ջութակահարներ Լեոնիդ Կոգանը և Էդվարդ Գրաչը, դաշնակահար Յակով Ֆլիերը և երգչուհի Զարուհի Դոլուխանյանը։

Համերգային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ համերգներով հաճախ ելույթներ է ունեցել վաստակաշատ մանկավարժ-դաշնակահարուհիներ Դելլի Մելիքյանի, Մարիամ Մխիթարյանի հետ։ Որպես մենակատար հանդես է եկել Լենինականի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժորներ՝ Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ), Սերգեյ Մացոյան, Սամվել Ադամյան, Ռոբերտ Մլքեյան
Տարբեր նվագախմբերի կազմում եղել է Ֆրանսիայում (դիրիժոր՝ Ջիվան Խաչատրյան), Լիբանանում, Կիպրոսում, ՌԴ-ում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում (դիրիժոր՝ Սեպուհ Աբգարյան), Էստոնիայում (ղեկավար՝ Էդվարդ Եսաջանյան), Վրաստանում, ինչպես նաև ՀՀ տարբեր քաղաքներում։
Բազմիցս ելույթներ է ունեցել զորամասերում, գրական-երաժշտական երեկոներին, հանդես է եկել կամերային երաժշտության ժանրում (կվարտետ, տրիո)։ 55 տարի աշխատել է Գյումրիի տարբեր երաժշտական հաստատություններում։ Այդ տարիների ընթացքում ունեցել է բազմաթիվ շնորհալի աշակերտներ, որոնցից Հրաչյա Վարդանյանը 1969 թվականին Կոմիտասի 100-ամյակին նվիրված հանրապետական փառատոնին նվաճել է առաջին մրցանակը։ Նրա նախկին շրջանավարտներն այժմ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում՝ որպես դասատուներ և նվագախմբի երաժիշտներ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Վարդանյան, «Գյումրի», գիրք առաջին, Երևան, 2006 թ., էջ 556-557։
  • Տիգրան Ադամյանի անձնական արխիվի նյութեր։