Օշականի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օշականի ճակատամարտ
Ռուս պարսկական/ Կովկասյան ճակատ
Օշականի ճակատամարտի հուշակոթողը.jpeg
Օշականի ճակատամարտի հուշակոթողը
Թվական 1827 թվականի օգոստոսի 17
Վայր Օշական-Էջմիածին, Արևելյան Հայաստան
Արդյունք Հայ-ռուսական զորքերի հաղթանակ
Հակառակորդներ
Flag of Persia (1910-1925).svg Պարսկաստան Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Հրամանատարներ
Flag of Persia (1910-1925).svg Աբաս-Միրզա
Flag of Eriwan Khanate.JPG Հուսեյն խան
Ռուսական կայսրություն Կրասովսկի
Կողմերի ուժեր
30000

24 թնդանոթ

2800-3000

12 թնդանոթ

Կորուստներ
3000 ավելի զոհվել են`

2 անձնակազմի աշխատակից

4 սպա

679 զինվոր

վիրավորվել են

Կրասովսկի` հրամանատար

1 գնդի հրամանատար

13 սպա

318 զինվոր

Անհայտ կորած

134 զինվոր


Օշականի ճակատամարտ, ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ տեղի է ունեցել 1827 թ-ի օգոստոսի 17-ին։ Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով։

Նախադրյալներ[խմբագրել]

1827 թ. գարնանը Երմոլովին փոխարինած գեներալ Պասկևիչի գլխավորությամբ վերսկսվեցին պատերազմական գործողությունները։ Ապրիլի սկզբին ռուսական բանակի առաջապահ զորամասը շարժվեց դեպի Երևան և նույն ամսվա կեսերին առանց դիմադրության գրավեց Էջմիածինը։ Շուտով անձնատուր եղավ նաև Նախիջևանի խանը։ Արաքսի ափին գտնվող Աբասաբադ բերդը գրավելու համար մղված կատաղի մարտերում պարսիկները ջախջախիչ պարտություն կրեցին։

Ճակատամարտը[խմբագրել]

Խախտելով զինադադարը, պարսկական զորքերը թագաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ օգոստոսի 4-ին գետանցել են Արաքսը` նպատակ ունենալով գրավել Էջմիածինը, ոչնչացնել գեներալ-լեյտենանտ Ա. Կրասովսկու զորամասը,հարձակվել Թիֆլիս-Ելիզավետպոլ-Ղարաբաղ ուղղությամբ՝ կանխելով գեներալ Պասկևիչի առաջխաղացումը Թավրիզ։ Օգոստոսի 6-ին պարսկական բանակը գրավում է Աշտարակը, բանակում Քասաղ գետի ափերին։ Օգոստոսի 15-ին` պաշարում և հրետակոծում են Էջմիածինը։ Օգոստոսի 16-ի երեկոյան Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով և 12 թնդանոթով Ապարանի սարահարթից շարժվում է դեպի Էջմիածին։ Ճակատամարտը սկսվել է առավոտյան ժամը 8-ին Օշականից 2 վերստ հեռավորության վրա, էջմիածին տանող ճանապարհի վրա՝ Քասաղի կիրճում։ Օգտվելով ուժերի նպաստավոր դասավորությունից, Աբաս-Միրզան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուսական զորախումբը։ Սակայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատնեշը, ռուսական զորքը դուրս է գալիս Քասաղի կիրճից և շարժվում դեպի Էջմիածին։ Սկսված սվինամարտի ժամանակ ռուսական զորքին օգնության են հասել Էջմիածնի գումարտակը և հայ կամավորները։ Մարտում իրենց մեծ ավանդով նշանավորվել են 39-րդ և 40-րդ եգերական գնդերը։

Ճակատամարտի վճռական պահին հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանը, որին բռնի զորակոչել էին պարսիկները, անգլիական ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկական դիրքերը։ Ռուսական զորախումբը, օգտվելով թշնամու ճակատում առաջացած խուապից, ճեղքել է պարսկական զորաշղթան և մտել Էջմիածին։ Ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին։ Հակոբ Հարությունյանը փորձել է փախչել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթարկել. հանել են աչքերը, կտրել են ականջները, կրունկները, շրթունքները և նետել դիակներ մեջ։ Հերոսը ուշքի գալով կարողացել է հասնել Էջմիածին։

Ճակատամարտի հետևանքները և հաջորդող իրադարձությունները[խմբագրել]

Ռուս զինվորները և նրանց շարքերում մարտնչող հայ կամավորները բացառիկ խիզախության և ծանր կորուստների գնով կարողացան փրկել Էջմիածինը թշնամու ձեռքն ընկնելուց և ավերումից, թիֆլիսի վրա հարձակվելուց։

Ռուսներին հաջողվեց առանց կորուստների գրավել պարսկական կարևոր ամրություններից մեկը՝ Սարդարապատը։ Դրանից հետո ռուսական զորքը շարժվեց և պաշարեց Երևանը։ Երևանի բերդը կառուցված էր քաղաքի հարավային ծայրամասում՝ Հրազդան գետի բարձր ու ժայռոտ ափին։ Այն երեք կողմից շրջափակված էր երկշարք պարիսպներով։ Բերդի շուրջը փորված էին մեծ փոսեր, որոնք լցված էին ջրով։ Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ։ Հասան խանը այս անգամ ևս հրաժարվում է հանձնել բերդը։ Պասկևիչը հրամայում է գրոհով վերցնել այն։ Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը։ «Հինգ օր, հինգ գիշեր, սար ու ձոր դմբում, դմբդմբում էր։ Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել»,- գրում է այդ դեպքերի ժամանակակից Խ. Աբովյանը։ 1827թ. հոկտեմբերի 1-ին ռուսական զորքը մտավ բերդ։ Ընկավ պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում։ Գերի վերցվեցին բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը։ Գրավվեցին 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։

Երևանի գրավման համար Պասկևիչը

Իվան Պասկևիչ, հեղինակ՝ Ջորջ Դեյվ, Ռազմական պատկերասրահ

ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը։ Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով։ Երևանի գրավումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական խոշոր նշանակության իրադարձություն էր։ Դրա հետ էր կապում հայ ժողովուրդը իր լավ ապագայի հույսերը։ Երևանի գրավումը ուրախությամբ ընդունեց ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական գաղութների բնակչությունը։ Հայ նշանավոր գրողներ Հ. Ալամդարյանը Թիֆլիսից, Մ. Թաղիադյանը Հնդկաստանից, Նոր Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայությունը Ռուսաստանից «հայրենիքի փրկության առթիվ» շնորհավորական ջերմ ուղերձներ առաքեցին Հայաստան։

Ներսես Աշտարակեցի

Պատերազմում մեծ էր ժամանակի նշանավոր գործիչ, վրացահայության հոգևոր առաջնորդ Ներսես Աշտարակեցու դերը, որը սրտառուչ կոչերով ոգեշնչում էր հայրենակիցներին։ «Հասավ ժամը,- գրում էր նա,- երբ աչքով պիտի տեսնեք Արարատյան աշխարհի և հայոց ազգի ազատագրությունը..., ոտքի՛ կանգնեք, հայո՛ց քաջեր, թոթափեցեք պարսից լուծը, ուրախացրե՛ք ալեզարդ Մասիսին, մի անգամ արյունով ներկեցե՛ք հայրենի հողը և ապա ապրեցե՛ք ազատ»։ Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցան հայ կամավորները և դեկաբրիստները։ 1827թ. գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին։ 1827թ. մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը։ Մայիս ամսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 կամավորներ։ Երևանյան արշավանքի ժամանակ կամավորների շարքերը համալրվեցին՝ հասնելով ավելի քան 1000 հոգու։ Պատերազմական գործողություններին գործուն մասնակցություն ունեցան Կովկաս աքսորված դեկաբրիստները։ Նրանցից 70 սպաներ և 3000 շարքայիններ մասնակցեցին ռազմական գործողություններին։ Աչքի ընկնող դեկաբրիստներից էին Ե. Լաչինովը, Մ. Պուշչինը, Դ. Դավիդովը, Ի. Բուրցովը, Ն. Օրժիցկին և շատ ուրիշներ։ Դեկաբրիստ սպաների ռազմական խոր գիտելիքները, շարքայինների փորձն ու մարտունակությունը էական նշանակություն ունեցան հաղթանակի գործում։

Հուշակոթողը[խմբագրել]

Ճակատամարտում զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար Օշականից Էջմիածին տանող ճանապարհի վրա 1833-1834 թվականներին, ինժեներ-պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով ճակատամարտի վայրում հուշարձան կառուցվեց, որը կանգուն է մինչև օրս։ Ամեն տարի օգոստոսի 17-ին օշականցիները, ռուսաստանից ժամանած հյուրերի հետ այցելում են հուշակոթող և իրենց հարգանքի տուրքն են մատուցում զոհվածների հիշատակին։

Պարգևներ[խմբագրել]

  • Հակոբ Հարությունյանին իր սխրանքի համար Ռուսական կայսրությունը սահմանել է ցմահ կենսաթոշակ։
  • Գեներալ Կրասովսկին հմուտ ռազմավարության համար պարգևատրվել է Ս. Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշանով։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրք (լույս 2000 թվական,խմբագիր` Բարխուդարյան)
  • Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագիրք (լույս 2007 թվական,խմբագիր` Բարխուդարյան)
  • Հայկական սովետական հանրագիտարան հատոր 12